×


«Անիին ասացի՝ կգամ, մտածել էր՝ չեմ գնա, ես, իհարկե, գնացի». Հայկ Պետրոսյանի եւ կնոջ բացառիկ հարցազրույցը

Երգիչ-երգահան, դերասան եւ հաղորդավար Հայկ Պետրոսյանն այն արտիստներից է, որը բացի իր հեղինակային երգերից, մշտապես ներկայացնում է լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը, մեծարում նրան եւ պատմում ֆրանսահայ արտիստի մասին՝ կազմակերպելով նրան նվիրված համերգներ։ Հայկը մայիսի 25-ին հանդես կգա իր «Մի ձայն» հեղինակային ծրագրով, բայց նրա հետ հանդիպելու առիթ դարձան այս տարվա նոյեմբերին սպասվող «Քեզ համար, Ազնավուր» համերգներն ԱՄՆ-ում։ Ազնավուրյան թեման ձգվեց մինչեւ արվեստ եւ ընտանիք՝ համեմված դերասանի կատակներով։ BRAVO.am-ի համար զրույցին միացավ նաեւ Հայկի կինը՝ Անի Թադեւոսյանը, եւ խոսեցինք նրանց սիրո տարբեր դրսեւորումների, ընտանիքի եւ, իհարկե, փոքրիկ դստեր՝ Արինէի մասին։

- Հայկ, մշտապես տարբեր ոճերում ներկայացնում եք մեծանուն արտիստի արվեստը: Ի՞նչ ծրագիր ունեք նրա 100-ամյակին ընդառաջ։

- «Քեզ համար, Ազնավուր» ծրագրով նոյեմբերի 17-ին եւ 18-ին հանդես կգանք Գլենդելի «Ալեքս» թատրոնում։ Մասնակցում են սիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Սրբուհի Սարգսյանը եւ բազմատաղանդ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Անանյանը։ Մեզ կմիանան նաեւ երաժիշտներ ԱՄՆ-ից։ Կարենի հետ միասին ենք սկսել այս «ազնավուրյան ճանապարհը»։ Ամեն ինչ սկսվեց մեր հանդիպումից, որը, վստահ եմ, պատահական չէր. մի երգից սկսվեց եւ զարգացավ։  

Լոս Անջելեսի հայերին ուզում եմ ասել, որ սրտանց սպասում ենք այս հանդիպմանը եւ բոլորին սիրով հրավիրում ենք յուրօրինակ երեկո անցկացնելու։ Կհնչեն Ազնավուրի ամենագեղեցիկ երգերը, կպատմեմ նրա կյանքի մասին, որովհետեւ նա կյանքի բացառիկ ուղի է ունեցել։ Մի քիչ ֆրանսիական շնչով, բայց հայկական ոգով համերգ է սպասվում։

Հայկ Պետրոսյանը


- Որ երկրում էլ լինի, եթե կա Ազնավուր անունը, հաջողությունն ապահովված է, բայց կարծում եմ՝ Ձեզ համար այս նախագիծը պարտավորեցնող է, պատասխանատու եք նաեւ մյուս արտիստների համար։ Կա՞ անհանգստություն։

- Իսկապես պատասխանատվությունը բավական մեծ է, բայց անհանգստություն չկա. այդ երգերն արդեն այնքա՜ն հարազատ են դարձել։ Ինձ հետ հանդես եկող արտիստներն այս ծրագրի մշտական մասնակիցներն են, նրանք շատ մեծ եւ լուրջ փորձ ունեցող ստեղծագործ անհատներ են։ Այդ իմաստով վստահ եմ, որ իրենք իրենց պատասխանատվությունը շատ լավ գիտակցում են։

- Ինչպե՞ս է ծնվել ծրագրի գաղափարը։

- 2016-ից ես սկսեցի Ազնավուրի երգերով համերգներ տալ։ Սկզբում երաժիշտ ընկերներիս հետ «Դասական Ազնավուր» երգացանկ հավաքեցինք եւ ելույթներ ունեցանք Տիկնիկային թատրոնում։ Փառք Աստծո, լավ ընդունելություն եղավ եւ շարունակական դարձավ։

«Քեզ համար, Ազնավուր» ծրագիրը մեկնարկել է 6 տարի առաջ, եղել ենք տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, սակայն ուզում եմ առանձնացնել այդ համերգներից հատկապես մեկը, որը տեղի ունեցավ 2017-ին՝ Երեւանում։ Հրաշալի ու կարեւոր օր էր բոլորիս համար՝ թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնակիցների, քանի որ ներկա էր մեծն Շառլ Ազնավուրը։

- Իր արձագանքի մասին կպատմե՞ք։

- Ճիշտն ասած՝ ամաչում էի մոտենալ իրեն: Շատ մարդիկ կային, բայց եկան ինձ քաշեցին տարան իր մոտ, խոսեցինք կարճ՝ մի երկու րոպե։ Շատ ջերմ խոսքեր ասաց, խորհուրդներ տվեց: Այդ օրը հավաքվել էին օպերային, էստրադային երգիչներ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ շատ լավ արտիստներ էին մեկ տեղում։ Վերջում էլ դահլիճը թնդում էր ծափահարություններից․ Ազնավուրի ներկայությունը հուզել էր բոլորին։ Կարեւոր էր, որ իր հայրենիքում կամ, կարելի է ասել, իր հայրենիքներից մեկում եւս մեկ անգամ այդքան գեղեցիկ հարգանքի տուրք մատուցվեց նրան։

Բոլորս սիրով եւ անշահախնդիր էինք այդ ամենի մեջ, սրտանց ուզում էինք մի լավ բան անել։ Դրանից հետո այս ծրագրով շատ ելույթներ ունեցանք։ Ես նաեւ առանձին ճյուղ զարգացրի՝ «Ջազնավուրը»։ Արդեն մի քանի տարի է՝ ելույթ ենք ունենում այդ ծրագրով։

- Ազնավուրի նման մեծությունների երգերը կատարելը ոչ բոլորին է հեշտ տրվում, ո՞րն է հաջողելու գաղտնիքը:

- Չեմ փորձում Ազնավուրին նման լինել՝ ինչպես զգում եմ, այդպես եմ երգում։ «Քո միջով պիտի անցկացնես» այդ երգերը, պիտի վերապրես ու հասկանաս։ Մայքլ Ջեքսոնի, Ռեյ Չարլզի, Ազնավուրի կամ հենց Կոմիտասի նման յուրօրինակ տաղանդով օժտված արվեստագետների ստեղծագործությունները կատարելիս, եթե նույնիսկ մի քիչ փոփոխում ես, մաքրությունը պետք է թողնես։ Այդ հարցում ես միշտ զգույշ եմ։


- Ձեր նախագծերի վրա աշխատում է նաեւ Ձեր կինը՝ Անին։

- Խոսեցինք բեմական մասից, բայց այսպիսի մեծ միջոցառումների հետեւում կանգնած են մարդիկ, ովքեր զբաղվում են կազմակերպչական աշխատանքներով։ Այդ ամենի մեջ արդեն ընդգրկված է նաեւ այս աղջիկը, որ կողքիս նստած է (ժպտում է եւ ցույց է տալիս կնոջը,- հեղ):

- Քանի որ այսօր միասին եք, եւ Ձեր կնոջ հետ նաեւ սկսել եք աշխատել, կուզեի մի փոքր պատմեք Ձեր համագործակցության, ինչու ոչ՝  նաեւ սիրո մասին։

- Ամուսնական կյանքը ինչ-որ իմաստով նաեւ համագործակցություն է։ Տղամարդ ու կին իրար հետ համագործակցում են տան, կենցաղի, երեխայի հետ կապված հարցերում։

- Կան զույգեր, որ իրար հետ սիրում են աշխատել, ոմանք էլ չեն սիրում, քանի որ ստացվում է՝ տանը միասին են, աշխատանքում միասին են եւ դադարի պահ չեն ունենում։

Անի. Եթե մենք նույն հիմնարկում աշխատեինք, գուցե ձանձրանայինք։

Հայկ. Անին ճարտարապետ է, բայց նաեւ ծրագրերի կառավարում է սովորել եւ հիմա, իր գործի հետ մեկտեղ, ինձ օգնում է շատ հարցերում։

Անի. Հայկի հետ աշխատելիս որպես իր կին էի օգնում իրեն, այդպես սկսեցի եւ հետո զգացի, որ շատ սահուն դա վերածվեց գործնականի։

Հայկ. Անին սկսեց օգնել տեխնիկական որոշ հարցերում, որոնք ես ուղղակի չէի կարողանա գլուխ բերել։

Անի. Հայկը չի սիրում սոցցանցերում սթորիներ անել եւ այլն։ Քանի որ իր հետ եմ առօրյայում, գտնում եմ պահեր նկարելու, հետո այդ ամենը մոնտաժում եմ, երգեր եմ ավելացնում եւ հրապարակում։ Պրոդյուսերությամբ չեմ զբաղվում, այլ, ավելի շատ, կազմակերպչական հարցերով։ Ունենք մարքեթինգային թիմ, որի հետ համագործակցում ենք։

Անի Թադեւոսյանը


- Իսկ ինչպե՞ս եք հանդիպել։

Անի. Մի քանի անգամ հանդիպել էինք տարբեր առիթների ժամանակ։

Հայկ․ Բայց հետո սոցցանցում ենք սկսել առաջին շփումները։

Անի․ Ես ընկերության հայտ եմ ստանում Հայկից, մտածում եմ՝ դե, Հայկն է Պետրոսյան, հաստատ հետին մտքով չի ուղարկել։ Մի քանի օր անց գրում է ինձ, էլի նույն կերպ մտածում եմ՝ դե, ընկերական է գրում։

Հայկ․ Վերջում պարզվեց՝ իրոք հետին միտք չունեի։ Եկեղեցով ամուսնացել ենք ու այսօր արդեն մեր աղջկան ենք մեծացնում։

Անի․ Անգամ դրա միտքը չունեի, մտածում էի՝ ընդհանուր ծանոթներ ունենք եւ այլն...

Հայկ․ Այդպես նա ընկավ թակարդը (ծիծաղում է,-հեղ․)։

Անի․ Չէ՛, այդտեղ չընկա թակարդը։ Դա ավելի ուշ տեղի ունեցավ՝ Հայկի բազում հետաքրքիր քայլերից հետո։ Իսկ առաջին անգամ շատ պատահական հանդիպեցինք, եւ հետո իրար խոստովանեցինք, որ դա մեր կյանքում երեւի ամենաանհարմար զրույցն էր․ շփոթվել էինք։

Հայկ․ Որովհետեւ անսպասելի տեսանք իրար նկարահանումների ժամանակ։ Մի ծրագրի ժյուրիի կազմում էի։ Եկա, նստեցի, եւ պարզվեց, որ Անին հենց կողքի աթոռին է, միանգամից տեսա, որ ինքն է, բայց սկզբից ձեւացրի՝ իբր չեմ նկատել։ Հետո մտածում էի, թե ծրագրի ավարտից հետո ի՞նչ պիտի խոսեմ։ Դուրս եկա, հուզմունքից մեքենաս վնասեցի։ Գիտեի՝ ուր պիտի գնան ընկերներով, ասացի՝ ես էլ եմ այդտեղ գնում։ Զանգեցի ընկերոջս, եւ միասին գնացինք։ Ամեն ինչ սկսեց մի քիչ ավելի լրջանալ Թբիլիսիից։ Անին իր ընկերուհիների հետ գնաց Թբիլիսի, ասացի՝ կգամ, մտածել էր՝ չեմ գնա։ Ես, իհարկե, գնացի։

Անի․ Ընկերներին հավաքեց ու եկավ (ժպտում է,-հեղ․)։

Հայկ․ Թբիլիսիից վերադառնալուց ընկերս էր մեքենան վարում, ես ու Անին էլ հետեւում էինք նստած։ Մի պահ Անիի քունը տարավ, գլուխը դրեց ուսիս ու քնեց։ Եվ այդտեղ իմ երկու ընկերները բազմանշանակ եւ խորիմաստ ժպտացին...

Անի․ Դրանից հետո եւս մեկ բան եղավ, որ շատ հիշարժան է ինձ համար։ Վալենիտինի տոնին Հայկը համերգ ուներ եւ ինձ հրավիրեց։ Ասաց՝ գիշերը մի երգ է գրել, իմ մասին է եւ առաջին անգամ է երգելու։ Հուզիչ երգ էր, որը կպավ իմ սրտին։ Եվ այդտեղ առաջին անգամ մտածեցի՝ մի րոպե, կարո՞ղ է․․․ (ժպտում է,-հեղ․): Անկեղծանամ՝ ինձ համար խանգարող հանգամանք էր Հայկի հայտնի լինելը։ Մտածում էի՝ դա շատ բարդությունների առջեւ է ինձ կանգնեցնելու։ Միայն դա էր պատճառը, որ խուսափում էի, թե չէ բնավորությունը, ինտելեկտը, այն թեմաները, որոնց մասին խոսում էինք, այն հումորները, որ անում էինք, այն ֆիլմերն ու երաժշտությունը, որ միասին քննարկում էինք, այդ ամենով զգում էի, որ «մի գծի վրա ենք»։ Իսկ իր հայտնի լինելու հետ կապված իմ մտավախությունն անցավ ժամանակի հետ, քանի որ Հայկն ինձ ցույց տվեց, որ դա բացարձակ կապ չունի մեզ հետ. այն, ինչ մերն է՝ մերն է։

Հայկ Պետրոսյանը եւ Անի Թադեւոսյանը


- Իսկ հիմա կա՞ ճանաչված լինելու հետ կապված որեւէ բան, որ Ձեզ խանգարում է։

Անի․ Բացասական առումով դեռ ոչինչ չեմ նկատել։ Մեր անձնականի շատ մեծ հատված միայն մերն է, բայց միասին որոշեցինք որոշ պահեր կիսել ավելի մեծ լսարանի հետ։ Եկանք այն որոշմանը, որ երբեմն անգամ մեր Արինէին ցույց կտանք, մեր ճանապարհորդություններից ցույց կտանք եւ այլն։

- Կնշե՞ք երեք հատկանիշ, որոնք շատ գնահատում եք մեկդ մյուսի մեջ։

Հայկ․ Ես սովորաբար դժվարանում եմ առանձնացնել, երկար ցանկ կարող է լինել։ Մեր հարաբերությունները եկան ու հասան մի կետի, որ մենք միասին գնացինք Սանահինի վանք՝ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը, եւ այնտեղ մեր ամենամտերիմների ներկայությամբ Աստծո առաջ միմյանց խոսք տվեցինք այս կյանքի ճանապարհը միասին անցնել, կրել դրանից բխող բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունները՝ հիմնվելով սիրո վրա։ Ինչից հետո մեր կյանքում եղավ ամենաերջանիկ իրադարձությունը՝ ծնող դարձանք։ Մեր չքնաղ բալիկը շուտով կդառնա մեկուկես տարեկան։ Նա ոչ միայն մեր, այլեւ մեր մեծ ընտանիքի, մեր ընկերների, մեր բակի ուրախությունն է, որովհետեւ շատ համով ճուտ է (ժպտում ենք բոլորով,-հեղ․)։

Մենք ամեն ինչում իրար հետ ապրող մարդիկ ենք, բոլոր հարցերի մեջ միշտ իրար հետ ենք։ Բնավորության գիծ առանձնացնելը մի քիչ դժվար է, պաստառային է դառնում, բայց իրականում շատ ավելի խորքային է ամեն ինչ։ Կան բաներ, որոնց մասին շատ չի խոսվում եւ պետք էլ չէ շատ խոսել, բայց ամեն դեպքում կարող եմ մի քանի բան առանձնացնել, որ ինձ համար ընդհանրապես մարդու մեջ սկզբունքային բաներ են՝ ազնվությունը, ինտելեկտը, դրանից բխող հումորի զգացումը, որովհետեւ մենք իրար հետ շատ ենք ծիծաղում։ Բայց այդ ամենը հետաքրքիր չի լինի, եթե չլինեն կանացի գեղեցկությունը, հմայքը, կախարդական շարժուձեւն ու հայացքները։

- Հասկանում եմ, որ չեք ցանկանում շատ հրապարակային դարձնել ամեն ինչ, բայց հիմնականում մարդկանց հետաքրքիր են նման զրույցները, քանի որ կարող են գեղեցիկ օրինակ դառնալ ընթերցողների համար, մոտիվացնել։

Անի․ Մեր զույգի մեջ ես կառանձնացնեմ բոլոր հարցերի շուրջ խոսելը, քննարկելը եւ դա կարող եմ համարել մեր ձեռքբերումը։ Դրա շնորհիվ բոլոր փոքր բարդություններից կարելի է հեշտ խուսափել։ Երբեմն թվում է, որ շատ մեծ խնդիր կա, բայց կարելի է ընդամենը կես կամ մեկ ժամ նստել խոսել եւ իրար լսելով այդ խնդիրը հեշտությամբ լուծել ու անցնել առաջ։ Իմ կարծիքով՝ մարդիկ պետք է ձգտեն դրան, եւ խնդիրների շատ մեծ մաս կսեղմվի։

Հայկ Պետրոսյանը


- Ասում են՝ զույգերի մեջ մեկը զանգակն է, մյուսը՝ բամբակը․ ձեր դեպքում ինչպե՞ս է։

Հայկ․ Ես կխնդրեի զույգերին նման բառեր չվերագրել (ծիծաղում է,-հեղ․)։

Անի․ Դրա մասին շատ մտածել եմ։ Լինում են փուլեր, երբ ես եմ անկումային տրամադրության մեջ որեւէ հարցի հետ կապված։ Օրինակ՝ բոլորս գիտենք, որ երեխայի ծնվելուց հետո կնոջ օրգանիզմը տակնուվրա է լինում, եւ այդ բարդ փուլերում միշտ Հայկն իր վրա է վերցրել շատ բաներ, ըմբռնումով էր մոտենում։ Լինում է եւ հակառակը, երբ Հայկը պասիվ շրջանում է, եւ ես եմ փորձում շատ բաներ ինձ վրա վերցնել։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ բալանսավորված է մեզ մոտ։

Հայկ Պետրոսյանը եւ Անի Թադեւոսյանը


- Արդյո՞ք ամուսնանալուց առաջ ձեր ունեցած պատկերացումներին մոտ է ձեր ամուսնական կյանքը։

Հայկ․ Գուցե որոշ զույգեր ուզենան ոգեշնչվել այս պատմությունից, բայց ես իրենց խորհուրդ կտամ՝ ուրիշ պատմություններից չազդվեն, այլ կերտեն իրենց պատմությունները։ Բայց նաեւ կասեմ, որ անիմաստ սպասումներ եւ պատկերացումներ պետք չէ փաթաթել մեկը մյուսի վրա։ Կարող է չլինել ձեր պատկերացրած որեւէ բան, բայց դրա փոխարեն լինել շատ ավելի հետաքրքիր մի ուրիշ երեւույթ։ Քանի որ Անին ճարտարապետ է, ասենք, որ դա մի շենք է, որ մենք միասին ենք կառուցում։

Անի․ Չեմ մտաբերի, թե ինչ էի պատկերացնում այն ժամանակ, բայց շատ լսել էի, որ կենցաղն ամեն ինչ փոխում է, կարող է փչացնել հարաբերությունները։ Հաճելիորեն զարմացա, որ մեր դեպքում նման բան չեղավ։ Կենցաղը երբեմն կարող է ավելի հետաքրքրացնել եւ ամրացնել, օրինակ՝ հումորներ կան, որ եթե կենցաղ չկիսեինք իրար հետ՝ երբեք չէինք կարողանա անել։

- Արդեն խոսեցինք ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերման՝ ձեր դստեր մասին, որի համար հետաքրքիր անուն եք ընտրել։ Ինչպե՞ս եք ընտրել անունը։

Անի․ Ես Արինէ անունով մի կուրսընկերուհի ունեի։ Այդ անունը մինչեւ այդ չէի հանդիպել։ Առաջին անգամ երբ լսեցի, շատ էմոցիոնալ կապ ստեղծվեց այդ անվան հետ։ Երբ արդեն անուն էինք փնտրում մեր ապագա բալիկի համար, հիշեցի այդ անունը, առաջարկեցի, եւ Հայկին էլ դուր եկավ։

Հայկ. Շատ էի ուզում, որ «ար» արմատը լինի անվան մեջ, որը նշանակում է արեւ, լույս։

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի, Հակոբ Քալաշյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին