×


Քվենտին Տարանտինոն՝ կնոջ հետ

Կաննի հաղթողները. գլխավոր մրցանակակրի բողոքը, միակ կատակն ու պատվավոր հյուրերը

Կաննում ավարտվել է կինոփառատոնն ու հայտնի են դարձել մրցանակակիրների անունները: Ոսկե արմավենու ճյուղին արժանացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստին Թրիեի «Անկման հետագիծը» դրաման, մրցանակը հանձնել է 85-ամյա դերասանուհի Ջեյն Ֆոնդան:

Նա մրցանակը ստանալիս օգտվել է առիթից ու դժգոհություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումների եւ մշակութային ծրագրերի կրճատման առնչությամբ, ինչից հետո շնորհակալություն է հայտնել գլխավոր մրցանակի համար ու սկսել հերթով գրկել ժյուրիի անդամներին:

«Այս մրցանակը նվիրում եմ երիտասարդ կին ու տղամարդ ռեժիսորներին, բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում այսօր ֆիլմ նկարել: Պետք է նրանց հնարավորություն տանք, ինչպիսին ես ստացել եմ 15 տարի առաջ, երբ կարող էիր սխալներ անել ու ամեն ինչ նորից սկսել», -ասել է նա:


Թրիեն 3-րդ կին ռեժիսորն է, որ արժանացել է գլխավոր մրցանակին, նրանից առաջ դա հաջողվել է Ջեյն Քեմպիոնին («Դաշնամուրը», 1993 թ.) եւ Ջուլի Դյուքորնոյին («Տիտան», 2021 թ.):

Գրան Պրին ստացել է Ջոնաթան Գլեյզերի «Հետաքրքրությունների գոտի» (Ֆրանսիա) ֆիլմը: Ընդ որում՝ այն հանձնել են միանգամից 2 լեգենդար ռեժիսորներ՝ Ռոջեր Կորմանն ու Քվենտին Տարանտինոն:


Ֆին ռեժիսոր Ակի Կաուրիսմակիի «Ընկած տերեւները» ստացել է ժյուրիի մրցանակը: Ռեժիսորը մրցանակաբաշխությանը չի եղել, եւ մրցանակն Օռլանդո Բլումը հանձնել է դերակատարներ Ալմա Պյովստիին ու Յուսի Վատանենին:

Չան Ան Հունգը «Դոդեն Բուֆֆանի ռագուն» ֆիլմի համար արժանացել է լավագույն ռեժիսորի մրցանակին: Նա շնորհակալություն է հայտնել իր կնոջը, ապա հստակեցրել՝ իր գլխավոր խոհարարին, ու այդկերպ եւս մեկ անգամ անդրադարձել ֆիլմի թեմային:

Չան Ան Հունգը


Միակը, ով կատակել է արարողության ժամանակ, դերասան Ջոն Ռայլին է եղել, որը ժյուրիի կազմում էր: Նա բեմ է բարձրացել հանձնելու լավագույն սցենարի մրցանակը, մի քանի րոպե չի խոսել ու միայն խոր հոգոց է հանել, ինչին դահլիճը ծիծաղով է արձագանքել: «Ահա այսպիսին է լինելու ֆիլմը, եթե լավ սցենար չունենա»,- ասել է նա: Մրցանակը հանձնել է Յուջի Սակամոտոյին («Հրեշը», Ճապոնիա):

Լավագույն դերասանները Կոջի Յակուսոն («Կատարյալ օրեր») ու Մերվե Դիզդարն («Չոր խոտերի մասին») են: Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղն էլ ստացել են դերասաններ Մայքլ Դուգլասը եւ Հարիսոն Ֆորդը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Կաննի կինոփառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին