×


Էմմա Մարաշլյանը

«Աշխատանքիս հիմքում մեկ բան է՝ սեր». Էմմա Մարաշլյանի լուսանկարներում՝ սերունդների պատմություն

«Մարաշլեան» ֆոտոատելիեն ունի ազգայինի պահպանման իր տարբերակը: Զրուցել ենք ֆոտոատելիեի հիմնադիր Էմմա Մարաշլյանի հետ՝ իր կերպարի, ստուդիայի աշխատանքի եւ զարգացման հեռանկարների մասին:

-  Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:

- Բավական բարդ է կերպարս, բայց հիմքում սերն է: Սերը դեպի հայրենիք, մարդը, բնությունն ու ստեղծագործելը: Այն գործունեությունը, որ այսքան ժամանակ ծավալել եմ, մեկ բանի մասին է՝ սեր: Առաջին մասնագիտությամբ դեղագետ եմ, ինչը նույնպես մարդասիրության մասին է: Եթե երկրում վատ է տնտեսական, քաղաքական վիճակը, մշակույթը միշտ տուժելու է, դրա համար 90-ականներին ծնողներս հորդորեցին ընտրել բժշկությունը: Իմիջիայլոց, Մոսկվայում աշխատել եմ որպես դեղագետ:

- Դեղագետից լուսանկարիչ անցումը հե՞շտ էր:

- Իրականում դա նաեւ կապված էր բնակության վայրի փոփոխության հետ, բայց ես գրեթե միշտ ապրել եմ արվեստի մեջ: Վստահ կարող եմ ասել, որ փոքրուց լուսանկարչությունն ինձ համար ուղղակի զբաղմունք չէր. ուրիշ վերաբերմունք ունեի այս ամենի հանդեպ: Ու ամեն անգամ այս թեմային անդրադառնալիս հիշում եմ Մոսկվայում անցած մանկությունիցս այս դրվագը. հայրս երբ ծառայում էր, մեզ միշտ լուսանկարներ էր ուղարկում, որոնցում ամեն ինչ պատված էր սպիտակ ձյունով, ինքն էլ ինչ-որ երեխաների հետ էր: Իմ մեջ փոքր երեխայի խանդն էր առաջանում: Մտածում էի՝ հայրս շատ հոգնած է, ու այդ նկարներն ինձ վրա բավականաչափ ազդում էին: Արդյունքն այն էր, որ նկարները պահում էի իմ դաշնամուրի հետեւում, իսկ երբ մայրս գտնում էր, չէր հասկանում՝ ինչու եմ թաքցնում, իսկ ես ամաչում էի, չէի ասում իրական պատճառը:


- Երկար տարիներ ապրել եք Մոսկվայում, ինչպե՞ս ստացվեց վերադարձը:

- Ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ 2010-ին արագ որոշում կայացրինք, որ պետք է վերադառնանք հայրենիք: Ունեի դեռ մեկ բալիկ, իսկ այժմ նրանք երեքն են: Մյուս տեսանկյունից՝ չէի ուզում ծնողներիս թողնել այնտեղ ու վերադառնալ: Դժվար էր այդ փուլը: Սակայն մեր վերադարձից հետո իրենք էլ էին ժամանակ առ ժամանակ գալիս, մի օր էլ եկան եւ որոշեցին, որ էլ չեն գնալու:

- Հայաստան եկաք 2010-ին, ե՞րբ հիմնադրվեց «Մարաշլեանը»:

- Ուղիղ 3 տարի անց: Գալուց հետո ինձ ժամանակ էր պետք հասկանալու՝ ով եմ ես, ինչով կարող եմ զբաղվել: 25 տարի ապրել էի Ռուսաստանում ու էլի հիշում եմ, որ ամառները միշտ գալիս էինք Հայաստան: Գնում էինք Արցախ, որտեղ եղել եմ բոլոր շրջաններում: Երբ վերադառնում էինք Ռուսաստան, նախ ես էի եւս մեկ անգամ նայում արածս լուսանկարները, հասկանում, թե ինչպիսին է իմ հայրենիքը, հետո ցույց տալիս իմ այլազգի ընկերներին՝ հատկապես մեր վանքերը, Ցեղասպանության տարելիցի օրերից լուսանկարներ: Այսինքն՝ այն ժամանակ, երբ դեռ ապրում էինք այնտեղ, ես, միեւնույն է, Հայաստանում արդեն ծավալում էի գործունեություն: Բայց կադրում մարդ տեսնելու ցանկությունը հաղթեց հետո:

- Ինչո՞ւ տարազ:

- Փոքրիկ Էմմայի երազանքն էր մոդելավորող լինելը: Իսկ ֆոտոատելիեն հիմնադրելուց ինձ հետաքրքիր էր մեր երկրի մշակույթը՝ ինչ հագուստ են կրել մարդիկ անցյալում: Սկսեցի ուսումնասիրել այս թեման, եւ բախվեցին հայկական մենթալիտետն ու իմ մտածմունքները: Այսօր արդեն նույնիսկ այլազգի զբոսաշրջիկները ցանկանում են մեզ մոտ հայկական տարազներով լուսանկարվել: Տարազն արդիական է, եւ շատ դիզայներներ տարազային դետալներ են օգտագործում իրենց հավաքածուներում:


- Տարազների ընտրությունն ինչպե՞ս է իրականացվում:

- Տարազներն, ըստ տարածաշրջանների, շատ տարբեր են, եւ եթե այցելուները հատուկ ընտրություն չեն ունենում, ես եմ առաջարկում: Վերջին շրջանում շատ են Արցախի տարազով նկարվել ցանկացողները:

-  Կպատմե՞ք ամենատպավորիչ լուսանկարահանումների մասին:

- Լինում են ե՛ւ զվարճալի, ե՛ւ արտասովոր, ե՛ւ տարօրինակ ու անհասկանալի միջադեպեր: Ընտանիքներ կան, որ գալիս են լուսանկարվելու ամեն նոր զավակի ծննդից հետո: Եղել են լուսանկարներ, որոնցում չորս սերունդ է: Ամենատպավորիչ դեպքերից մեկը պատմեմ. գեղեցիկ մի ընտանիք էր եկել Թուրքիայից: Նրանք ամբողջ կյանքում մտածել էին՝ թուրք են, հետո պարզել, որ հայ են: Իրենց այլեւս թուրք չէին համարում, ասում էին՝ համշենահայեր են, փորձում էին հայերեն սովորել: Մի անգամ էլ մտա ստուդիա եւ տեսա՝ 80-ից 90 տարեկան երկու տղամարդ եւ մեկ կին են նստած: Այնքան էլ լավ չէին լսում, իսկ նրանց ուղեկցող որեւէ մեկը չկար: Մանկության ընկերներ էին ու եկել էին լուսանկարվելու:


- Զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեք:

- Պատերազմից հետո Ստեփանակերտում բացեցինք լուսանկարչական տուն: Եվ հենց այնտեղ էլ որոշեցինք զբաղվել կրթական ծրագրերով: Մինչեւ շրջափակումը երկու անգամ մրցույթ կազմակերպեցինք, հաղթողներ ունեիք, մեծ ցուցահանդես պիտի կազմակերպեինք, բայց ստեղծված իրավիճակի պատճառով չկարողացանք: Չենք հանձնվում:

Էմմա Մարաշլյանը


- Հիշում եմ մի դեպք, երբ լուսանկարում, որը Դուք էիք արել, հայկական տարազով սեւամորթներ էին: Աղմուկ բարձրացավ սոցցանցերում, եւ նկարը հեռացվեց: Այս մասին չեք խոսել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Չեմ անդրադառնում այդ թեմային, որովհետեւ համարում եմ սեւ PR: Լուսանկարը հեռացնելը համարում էի հիմարություն. ինքս հաստատ չէի հեռացնի, բայց խնդրեցին հենց լուսանկարվողները, եւ իրենց որոշումը հարգեցինք:

Լուսանկարն արված են Արցախի ֆոտոստուդիայում


- Ի՞նչ նորություններ են սպասվում «Մարաշլեան»-ում:

- Ցուցադրությունների նպատակով մի քանի թանգարանների հետ ենք այս պահին համագործակցում, որոնցից ամենամեծն Ազգային պատկերասրահն է: Իմ հեղինակային Thinking Portraits ծրագիրն եմ զարգացնում. մտավորականների ենք լուսանկարում եւ հարցազրույցներ անում իրենց հետ: Վերջերս, օրինակ, Ալեքսանդր Քալանթարյանին ենք լուսանկարել:

Անի Հակոբյան
Լուսանկարները՝ «Մարաշլեան» ֆոտոատելիեի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին