×


Սեւանի ափին կանցկացվի «Հուսո առագաստ 2023» հեղինակային երգի փառատոնը

«Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 20-ից 23-ը: Այն իրականացնում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ համատեղ:

Փառատոնը կընթանա 3 փուլով՝  նախընտրական, ընտրական եւ սեւանյան:

Հայտերը կընդունվեն մինչեւ հունիսի 20-ը։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։


Նախնական ընտրությունն անցած անձինք կմասնակցեն հունիսի 30-ին «Մետրո» թատրոնում կայանալիք ընտրական փուլին։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք եւ հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սեւանյան փուլին։ Մասնակիցների կացության եւ սննդի ծախսերը կապահովվեն փառատոնի կողմից։

Սեւանյան փուլը տեղի է ունենալու հուլիսի 20-ից 23-ը՝ Շորժա գյուղին հարակից  «WishUp» լողափում։ Կազմակերպվելու է հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի եւ խորհրդանշական նվերների հանձնման արարողությամբ եւ հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ մեծ գալա համերգով։ Ելույթ կունենան նաեւ արտերկրից ժամանած հյուրեր:


Փառատոնի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ BARD FEST Armenia ֆեսբուքյան էջից կամ զանգահարելով 099 94 20 22 հեռախոսահամարին։

Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Հիմնական նպատակներն են սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելը, բեմ տրամադրելը, ինչպես նաեւ մշակութային միջավայր ստեղծելը եւ հեղինակային երգի սիրահարների ու երգահանների միջեւ շփում ապահովելը։

Կարդալ ավելին

Quality Sign BW