×


Արմենուհի Սաղդասարյանի «Տառերի ճախրանքը» Գյումրիում

Ծաղկագրեր, թռչնագրեր, կենդանակերպ տառեր ու վարդյակներ. հայոց գրերի գեղարվեստական հմայքը, ավելի քան 4 տասնյակ կտավի տեսքով, ներկայացվել է Գյումրիում: «Տառերի ճախրանը» Լիբանանում ծնված եւ հայրենիքում ընտանիքով հաստատված Արմենուհի Սաղդասարյանի երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Գյումրեցիներն ու զբոսաշրջիկները 14 օր հնարավորություն կունենան բացահայտել հայկական մատենագրության, մանրանկարչության, զարդանկարչության եւ զարդագրության պատմությունը:

Հայոց տառերին նոր շունչ հաղորդելու Արմենուհու երեւակայության հիմքում երկրի, հայի ինքնության ու մեր մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ ունեցած սերն է: Որքան նուրբ է կտավի հիմք հանդիսացող մետաքսյա կտորը, նույնքան հեքիաթային՝ թռչնագրերի երկխոսությունը: «Սաղարթի» լուծումներն ինքնատիպ են, լի նոր շնչով ու գերղարվեստական յուրօրինակ լուծումներով: Հետաքրքիր են ոչ միայն տառերի ձեւն ու հորինվածքը, այլեւ ծաղկի, կենդանու, թռչունի վերածված տառի խորհուրդը:

Արմենուհի Սաղդասարյանը


«Պետք է գնահատել այն, ինչ ունենք՝ մեր մշակութային ժառանգությունը, տառն ու գիրը: Ես ընտրել եմ ոսկեղենիկ հայերենն ապրեցնելու իմ ճանապարհը: Ներկայացնում եմ թռչնագրերի երկխոսություն՝ ձգտելով գեղեցիկի կողքին արտացոլել նաեւ հոգեւորը: Ուզում եմ, որ այս կտավները դիտողը ցուցահանդեսից տանի մտորելու, ինքնաճանաչման, մերը գնահատելու, արժեւորելու լիցքեր: Այս ինքնատիպ տառերի մեջ նկատի ոչ միայն բնության չորս տարերքները, այլեւ կյանքի խորհրդանիշը. հողի մեջ պահ տված սերմը, ջրից ծլարձակվող սաղարթը, արեւից սնվող բնությունն ու օդի՝ շունչ տալու ուժը: Արարչագործական քառյակի այս շղթան համերաշխ երկխոսություն է: Իսկ կենաց ծառի արտահայտած հավերժությունը՝ կարեւոր խորհրդանիշ»,- համոզված է «Սաղարթի» հիմնադիր եւ ստեղծագործությունների հեղինակը:

Արմենուհի Սաղդասարյանի «Տառերի ճախրանքը» ցուցահանդեսին


Չորս ցուցահանդես, որից երկուսը՝ անհատական: Արմենուհին վստահ է, որ հավերժության տանող բանալին մեր ինքնությունը գնահատելն է: Գյումրիի Երիտասարդական պալատի ցուցասրահում ներկայացված հայկական տառերի տիեզերականությունն ու ոգեղենությունն այդ ուղղությամբ մտորելու նախաձեռնություններից հերթականն է:

Արմենուհի Սաղդասարյանի «Տառերի ճախրանք» բատիկի ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 16-ը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին