×


Հիշելով Ռոբերտ Սարգսյանին. Նոր Նորքի 12-րդ հարկի «Վերնատունը»

Ռոբերտ, Ռոբ, մեր Ռոբը, ախր Ռոբերտը՝ մի ուրիշ ժպիտ է հայտնվում Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանի ընկերների դեմքին, երբ հիշողություններն են այցելում։ Ինչպես իրենք են ասում, շատ բան ունեն պատմելու, որովհետեւ Ռոբերտն ապրեցնում էր ամեն միասին անցկացրած վայրկյան։ Ընկերներն անխտիր պատմում են իրենց հավաքույթների մասին, որ անցկացվում էին Ռոբերտի տանը․ «Ինքն ապրում էր Նորքի տասներկու հարկանի շենքի հենց տասներկուերորդ հարկում, շատ փոքրիկ բնակարան էր, բայց մենք բոլորս տեղավորվում էինք այդ ջերմ անկյունակում»։

        -  Զանգում էր, ասում՝ էսօր ղափամա փարթի ենք անում. ամեն ինչից էնքան շատ էր լցնում՝ չիր, չամիչ, մեղր, դե արի ու պատկերացրու՝ ի՜նչ համեղ էր ստացվում։

Գրիգոր Հակոբյանի մոտ 8-րդ համարի ավտոբուսը տխուր հիշողություններ է արթնացնում Ռոբերտի մասին․

        -  Հիվանդանոց տաքսիով էր գնում: Զանգում էր, միասին էինք գնում՝ ընկերներով, որ մենակ չտրտմի: Երբ պարզեց՝ 8-րդ համարի երթուղայինը հասնում է նաեւ «Հանրապետական» հիվանդանոց, ուրախացավ․ դրանից հետո ավտոբուսով սկսեցինք գնալ։


Ռոբերտը սիրում էր կապն ընկերների հետ, եւ եթե որեւէ մեկը հանդգներ ու չհիշեր զանգել, նեղսրտում էր ու ինքը զանգում, ջղային տոնով ասում՝ «Վի՜, բա ընչի՞ չեք զանգել»։

Գրիգորը, որի հետ տարիներ շարունակ մի բեմում տարբեր կերպարներ են կերտել, հիմա զգում է այդ զանգերի պակասը, վերցնում է հեռախոսն ու հիշում, որ իր զանգն անպատասխան կմնա։


Նա Դսեղից էր, իր ծննդավայրի մաքրությունը, պարզությունն ու անմիջականությունն իրեն էր փոխանցվել։ Փոքր ժամանակ հովվություն է արել, բանաստեղծություններ գրել, Աստծո հետ խոսել, օրերից մի օր վերցրել ու պատռել է գրվածքները․«Ի՞նչ բանաստեղծություն, հո դու քիքի՞ր չես»։

      -  Բնավորության մի գիծ էլ ուներ՝ ինչ մտածում, ասում էր մարդկանց ճակատին՝ առանց մտածելու, որ կարող է ճիշտը նաեւ վիրավորական լինել, պարզ ու անկեղծ էր, ամեն մեկը չէ, որ իրեն թույլ կտա նման բան (ծիծաղում է,-հեղ.):

Բեմում բծախնդիր էր, պահանջկոտ, պատշաճ տեսքով էր ներկայանում ու ընկերներից էլ պահանջում, որ կոկիկ լինեն, չէր թողնում «չարություն»՝ իմպրովիզ անեն․ «Էլի կենցաղ գնացի՞ր, էդ կենցաղը հանի էլի, սեւ նասկի հագե՞լ ես, էս ի՞նչ ա րեւըմ, մի հլա հվաքի քեզ», տեքստից շեղվելիս մի ջղային, սուր հայացք եւ «Վի՜, վի՜, վի՜»։

Նա անկեղծությամբ միաձուլվում էր իր կերտած ամեն կերպարի, ու դա ամենալավ տեսարանն էր երբեւէ։


Բոլոր ընկերները հիշում են առեղծվածային «Կապույտ գրքի» մասին. երգարան էր, որին այդ անվանումն էին տվել։ Ամեն հավաքույթի ժամանակ Ռոբերտը վերցնում էր գիրքն իր ձեռքն ու հետեւում, որ բոլորն իր հետ երգեն, երբ որեւէ մեկը հապաղում էր, խիստ հայացքով նայում էր ու ասում՝ «Ա՜ շաշ, ի՞նչ ես նստել, հլա երգի՜»։


«ՀՀ վաստակավորի կոչում էի ստացել,- պատմում է Արմեն Բարսեղյանը,- ինքը կոչում չուներ, մենք էլ ընկերներով իր հոգու հետ էինք խաղում, ասում էր՝ «Վի՜, ես վաղուցվանից վաստակավոր եմ, վաստակաշատ եմ, որովհետեւ ամբողջ Երեւանի, Հայաստանի երեխաներն են ճանաչում ինձ՝ «Քենդի փղիկին», ո՞ւր էր Արմեն Բարսեղյանը, որ ես վաստակավոր էի»»։

Երգարանի մասին Արմենը եւս հիշատակեց. «Բոլոր երգերը գիտեինք, միասին երգում էինք, միգուցե գիրքը կվերցնեմ ձեռքս, բայց չեմ երգի․․․»։


Ինգան՝ Ռոբերտի խաղընկերը, անկեղծացավ․

      -  Ռոբն ում հետ ծանոթանում էր, միշտ հարազատանում էր, բոլորի ընտանիքի անդամն էր: Մենք իրեն դասղեկ էինք ասում՝ ամեն բան ինքն էր կազմակերպում, միշտ իր զանգին էինք սպասում: Այդ սպասումը, որ կզանգի, հիմա էլ կա։

Հերթական արշավի ընթացքում մեքենայի անիվը վնասվում է, Ռոբերտի ընկերներից Գոռը Վերմիշյանը պատմում է, թե ինչ-որ սարի կորած հանքային ջրի մի աղբյուր պիտի գտնեին, հուսահատվում են, որովհետեւ չգիտեին՝ որ հատվածում են, հեռախոսի կապ էլ չկար՝զանգելու համար։ Իրերի միջից օղին հանում ու սկսում են խմել, աստիճանաբար տրամադրությունները փոխվում է, հուսահատության զգացումն էլ՝ կորչում։ Հրաշքով մի մարդ է անցնելիս լինում, բնականաբար, ուրախանում են, որ այդ հատվածում մարդ կա, սովորաբար, քիչ են այդ կողմերում լինում։ Այդ մարդու օգնությամբ էլ նորոգում են անիվն ու շարունակում ճանապարհը։


Ռոբերտն իր հարեւանուհու՝ Նաիրայի հետ մի ավանդույթ ուներ. առավոտյան մեկ բաժակ սուրճի շուրջ զրույց՝ համեմված արվեստի երանգներով։ Սա ամենանեղ շրջանակն էր, հետո օրվա ընթացքում այն ընդլայնվում էր իրեն հարազատ դարձած ընկերներին իր տուն քյալագյոշ ուտելու հրավերով։ Նա սիրում էր շրջապատված լինել իր ընկերներով ու սեր տալ նրանց։


Իր մոտ՝ հիվանդանոց, այցելության եկած ընկերներին Ռոբերտն ասպիրին է հյուրասիրում, երբ վերջիններս հրաժարվում են այն խմել, ասում է՝ «Վի՜, բա ի՞նչ հյուրասիրեմ»։

Նրա գեղանկարիչ ընկերներից մեկը՝ Աբգարը, թատրոնում բոլորին է ճանաչում, ընկերացել են Ռոբերտի միջոցով։  

     -  Երբ երեխաները ներկայացումից հետո դուրս էին գալիս, հայացքով իրեն էի փնտրում, թե երբ պիտի դուրս գա։

Մայիսի 13-ին «Հավերժության ակնթարթը» գրքի շնորհանդեսն էր: Գրքում Ռոբերտի ընկալումն է աշխարհի մասին, իր կյանքի մասին՝ մանկությունից, թատրոնից, ստեղծագործական կյանքից, գրված առաջին դեմքով։ Պատահածից դեռ ուշքի չեկած՝ Ռոբերտը միտք է հայտնում գիրք գրելու, ընկերները հավանություն են տալիս, համախմբվում ու իրենց միջոցները ներդնելով տպագրում գիրքը։


     -  Գերեզմանաքարն անշարժ վիճակ է, բովանդակություն չունի, ոչնչի մասին պատմող քար է, որտեղ պետք է այցելել եւ ուղղակի տեսնել իրեն, իսկ գիրքը՝ շարժուն, խոսուն, մեծ հիշատակ է, որը կարող է հավերժացնել, ապրեցնել։ Բոլորը Կոմիտասագետ, Նժդեհագետ են, իսկ ես՝ Ռոբագետ, իր յուրաքանչյուր բջիջ ճանաչողը ես եմ, եւ ինձ պարտավորված զգացի գիրք գրելու եւ գրեցի։


Շնորհանդեսին ներկա էին Ռոբերտ Սարգսյանի բոլոր ընկերները։ Հետաքրքիր կերպով իր ընկերները տարբեր մասնագիտությունների տեր անձինք են՝ դերասաններ, նկարիչներ, դեղագետներ, նրանք բոլորը հիմա ճանաչում են միմյանց եւ հարազատներ են Ռոբերտի շնորհիվ։ Գրիգոր Հակոբյանը նշում է, որ ամեն խումբ առանձին էր հավաքվում․

     -  Սկզբում չէի հասկանում՝ ինչն է պատճառը, հետո գլխի ընկա, որ ինչ-որ բան չփչանա հանկարծ, որովհետեւ ամեն մեկն իր քննարկելիքն ուներ, իր կարծիքն ուներ, իսկ Ռոբը դա շատ լավ էր հասկանում։

Անահիտ Ամիրխանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին