×


BelleAnge բրենդի 2023 գարուն-ամառ հավաքածուն ներկայացվել է բացառիկ ցուցադրությամբ

Դիզայներական ուրույն ձեռագրով, եթերային ու նորաձեւ գույներով, չկրկնվող մոդելներով «BelleAnge» մանկական հագուստի հայկական բրենդը, որն արդեն տասը տարվա պատմություն ունի, պրոֆեսիոնալ մեծ բեմում ներկայացրեց իր նոր՝ գարուն-ամառ հավաքածուն։ Ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Աստղիկ Դավթյանն իր թիմի հետ այս տարի էլ վառ ու տարբերվող միջոցառում էր կազմակերպել՝ իր մեծ ու փոքր հանդիսատեսին ներկայացնելու խանութ-սրահում առկա եւ դեռեւս չցուցադրված հագուստի մոդելները։

BRAVO.am-ը ներկա է եղել մանկական ֆեշն-շոուին, լուսանկարել է փոքրիկ մոդելներին պրոֆեսիոնալ պոդիումին, ետնաբեմում զրուցել Աստղիկի հետ ու կարեւոր մանրամասներ պարզել նոր հավաքածուի, դրա առանձնահատկությունների ու առավելությունների մասին։


«Սովորաբար, մենք երկու ցուցադրություն ենք կազմակերպում տարվա մեջ։ Այս տարի բաց թողեցինք աշուն-ձմեռը, բայց գարուն-ամառը չէինք կարող չանել, քանի որ  պահանջարկն այս միջոցառման շատ մեծ է. բոլորն անհամբերությամբ սպասում էին՝ ե՛ւ նախորդ տարիներին մասնակցած բալիկները, ե՛ւ նոր մոդելները, որոնք ցանկանում էին ներգրավված լինել ցուցադրություններին, ե՛ւ, իհարկե, մեր հավատարիմ դարձած հաճախորդները»,- նշեց Աստղիկ Դավթյանը։


Փոքրիկ մոդելները ցուցադրությանը մասնակցելու համար նախ քասթինգի փուլն են անցել, այնուհետեւ մասնակցել են դեֆիլեի դասընթացներին, իսկ նրանց հետ աշխատել է խորեոգրաֆ Սիրանուշ Դավթյանը․ «Մեր նպատակը բրենդը գեղեցիկ ներկայացնելն է եւ մոդելների ընտրության հարցում ավելի շատ հաշվի ենք առնում անկաշկանդությունը, որ կարողանանք նրանց հետ հեշտ աշխատել ետնաբեմում։ Սա արդեն մեր հինգերորդ ցուցադրությունն է եւ ունենք մոդելներ, որոնք առաջին տարվանից մեզ հետ են, կարելի է ասել՝ միասին մեծացել ենք»,- կեսկատակ նկատեց դիզայները։


BelleAnge-ի մեծ ցուցադրությանը ներկայացվեց քեժուալ առօրյա հագուստի 49 մոդել, ինչպես նաեւ տոնական, կոկտեյլային հագուստի 49 չկրկնվող մոդել, այսինքն՝ վերջիններից միայն մեկ օրինակ է կարված, ինչը նույնպես բրենդի կարեւոր առանձնահատկություններից մեկն է։ Հավաքածուում գերակշռում էին նուրբ եթերային, պաստելային երանգները, իհարկե, սեւ գույնի սիրահարների համար կային նաեւ ավելի մուգ տոների եւ հենց սեւ գույնի մոդելներ:


«BelleAnge-ը ստեղծելիս շեշտը դրել եմ տոնական զգեստների վրա, բայց տարեցտարի առօրյա հագուստի պահանջարկն է՛լ ավելի է մեծանում, եւ հաճախորդը մեզ ստիպեց ունենալ նաեւ առօրյա, կոկտեյլային մոդելներ, քանի որ վստահում են մեր որակին, ոճին, հավանում են գույները, ձեռագիրը: Այնպես որ, վերջին երկու-երեք տարիների ընթացքում նաեւ առօրյա ու կոկտեյլային մոդելների բավական մեծ տեսականի ունենք», - պատմեց Աստղիկ Դավթյանը։


Նշենք, որ բրենդի ներկայացրած ողջ տեսականին այժմ ցուցադրվում է Կոմիտաս 37 հասցեում գործող խանութ-սրահում, որտեղ ներկայացված է 3 ամսականից մինչեւ 13 տարեկան աղջիկների համար նախատեսված հագուստ․ «Շատ գեղեցիկ, լուսավոր ու ընդարձակ սրահ ունենք, որտեղ էսթետիկ հաճույք կստանաք։ Շատ ենք ունենում հաճախորդներ, որոնք նույնիսկ բալիկ չունեն, բայց մտնում են, հմայվում, ժպտում ու դուրս գալիս»,- ասաց դիզայները։


Թեեւ ցուցադրությունը բավական երկար ընթացք ունեցավ, փոքրիկ մոդելները վստահորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, իսկ հանդիսատեսի համար իսկական հաճույք էր նրանցից յուրաքանչյուրի ելույթին հետեւելը, հատկապես որ շոուն ընդմիջվում էր համերգային կատարումներով։ Իսկ ցուցադրության ավարտին թե՛ մոդելների, թե՛ հյուրերի ու հանդիսատեսի համար համեղ հյուրասիրություն էր կազմակերպված, ինչպես նաեւ գեղեցիկ լուսանկարներ ու տեսանյութեր ունենալու հնարավորություն։

«BelleAnge» ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Աստղիկ Դավթյանը


«Party 360 selfie video» ընկերության շնորհիվ ներկաները թրենդային 360 աստիճան վիդեոներ ունեցան․ «BelleAnge-ի հետ աշխատելու մեր առաջին փորձն է, շատ ոգեւորված ենք այդ առիթով։ Մեր սպասելիքները գերազանցել է կազմակերպված շոուն. Հայաստանում նման ձեւաչափ դեռ չէի տեսել։ Նորարարական հարթակ ենք ներկայացնում, որի միջոցով կարողանում ենք յուրօրինակ վիդեոներ նկարահանել տարբեր միջոցառումների ժամանակ»,- նշեց ընկերության հիմնադիր Ռաֆայել Հակոբյանը։


BelleAnge-ին ցուցադրության կազմակերպման հարցում աջակցել էին նաեւ այլ հովանավորներ ու գործընկերներ՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնը, որտեղ էլ ընթանում էր միջոցառումը, «Ani Resort Hankavan» հյուրանոցը, «Aga Kankanyan Image Studio»-ն, «Parizyan’s Jelly» դոնդողե տորթեր պատրաստող առաջին ընկերությունը Հայաստանում, «eve» ծաղկի սրահը, «Light Your Home» մոմերի և դեկորների մասնագիտացված ընկերությունը,«Happium» թանգարանը, «Party 360 selfie video» ընկերությունը եւ «AlMa event planning» ընկերությունները։


BelleAnge-ի նորություններին հետեւելու համար կարող եք միանալ վերջինիս ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերին, ինչպես նաեւ կայքին՝

https://belleange.com/

https://www.instagram.com/belleange_com/

https://www.facebook.com/BelleangeCouture

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW