×


Քիմ Քարդաշյանը հայտնվել է Time-ի շապիկին

Քիմ Քարդաշյանն իր Skims ապրանքանիշի հաջողությունների շնորհիվ հայտնվել է ամերիկյան Time ամսագրի շապիկին: Skims-ն ընդգրկվել է ամսագրի կազմած 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում:

Ներքնազգեստի բրենդը Քարդաշյանը հիմնել է 2019 թվականին, հետագայում ընդլայնել է տեսականին՝ արտադրելով նաեւ լողազգեստ, տնային հագուստ, զգեստներ ու շապիկներ:


Նախորդ տարի Skims-ի եկամուտը կազմել է 500 մլն դոլար, ինչը նախատեսվածից 25%-ով ավելի է, 80%-ով էլ գերազանցում է 2021-ի ցուցանիշը: 2022 թվականին բրենդը գնահատվել է 3,2 մլրդ դոլար՝ 2 միլիարդով առաջ անցնելով Քարդաշյանի քույր Քայլի Ջենների Kylie Cosmetics-ին:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գտա կազմվածքը շտկող ներքնազգեստ, որը համապատասխանում է մաշկիս գույնին: Նախկինում իմ ներքնազգեստը լոգարանում ներկում էի թեյի գույնով ու սուրճով»,- պատմել է Քիմը:


Սա կատարյալ տարբերակ չէր, ու մի անգամ նա ստիպված է եղել Կաննում կրել նոր ներկած ու դեռ չչորացած ներքնազգեստ, ինչից հետո էլ մտածել է սեփական ապրանքանիշը հիմնելու մասին:

«Ակնկալում էի, որ Skims-ը հաջողություն կունենա, բայց այն, ինչ տեղի ունեցավ իրականում, գերազանցեց իմ սպասելիքները: Դեռ ինքնակոչի համախտանիշ ունեմ, բայց դրա շնորհիվ եմ կարողանում առաջընթաց ունենալ»,- նշել է նա:


Քարդաշյանը սեփական գումարներն է ներդրել ընկերությունը ստեղծելու համար ու ամենամեծ բաժնետերն է, ինքն էլ սիրում է հանդես գալ մոդելի դերում: Ընկերության ստեղծագործական տնօրենը լինելով՝ Քիմն է որոշում արտադրանքի տեսակը, ընտրում կտորները, մոդելներին ու լուսանկարիչներին:

«Հնարավոր է՝ 50 տարեկանում չցանկանամ լուսանկարվել ներքնազգեստով, ու ամեն տարի ավելի քիչ հայտնվեմ գովազդում: Բայց ամեն դեպքում փորձելու ենք ամեն ինչ անել, որ ավելի երիտասարդ մնանք»,- ասել է 42-ամյա Քարդաշյանը՝ նկատի ունենալով նաեւ բրենդի հաճախորդներին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW