×


Աննա եւ Լիլի Էլբակյանների նոր ներկայացումը՝ լուսահոգի Էդգար Էլբակյան կրտսերի 41-ամյակի առթիվ

Եթե մեկին այս ճահճից
Ես փրկել կարողանամ,
Ուրեմն ես կհաղթեմ
Ու հանգիստ կհեռանամ։

Ու թող այդժամ ինչ ուզե
Ճակատագիրը բերի,
Մեկ է հաղթել եմ արդեն
Կյանքի մարտում կատաղի։

Էդգար Էլբակյան կրտսերի բանաստեղծություններից է, որ զետեղված է նրա «Գծից այն կողմ» նոր լույս տեսած ժողովածուում։ Արձակ ու չափածո գործեր ընդգրկող այս գրքի առաջին ընթերցողներն Էդգարի ընկերներն ու հարազատներն էին, որոնք ներկա էին Երեւանի խամաճիկների պետական թատրոնում բեմադրված համանուն ներկայացման փակ ցուցադրությանը։ Պիեսի եւ բեմադրության հեղինակները նրա մայրն ու քույրն են՝ Աննա եւ Լիլի Էլբակյանները, որոնք փորձել են մի շրջանակի մեջ դնել Էդգարի երեք պատմվածքները՝ «Մետրո», «Գծից այն կողմ» եւ «Վերքը»։


Ներկայացման օրն էլ պատահական չէր ընտրված. Էդգար Էլբակյանը հունիսի 30-ին կդառնար 41 տարեկան, եւ ընտանիքի անդամները որոշել էին ամենամոտ ու գաղափարակից մարդկանց հետ հավաքվել հարազատ միջավայրում, կիսվել ջերմ հիշողություններով, ընթերցել, պատմել ու քննարկել։

«Վաղուց էի ուզում եղբորս նվիրված որեւէ գործ բեմադրել, բայց անընդհատ չէր ստացվում։ Հետո որոշեցինք՝ անպայման պիտի տոնենք նրա ծննդյան օրը, եւ այդպես հավաքեցի երեք պատմվածք, որոնց հիման վրա էլ գրեցի լրիվ ուրիշ՝ մի նոր պիես, որն Աննա Էլբակյանի հետ խմբագրեցինք, բեմականացրինք, ու դարձավ մի մեծ ներկայացում»,- պատմել է Լիլի Էլբակյանը։


Նրա խոսքով՝ Էդգարը շատ պատմվածքներ, երգեր ու բանաստեղծություններ ունի, հասցրել է գրական ժառանգություն թողնել։ Հիշում է՝ գրում էր նույնիսկ լուցկու եւ ծխախոտի տուփերի վրա։ Ամբողջը փորձել են հավաքել ու մաս-մաս հրատարակել․ «Երեսունից ավելի երգ ունի, որոնք ձայնագրել էր, որպեսզի ուղարկեր Ֆրանսիայում ապրող իր ընկերոջը։ Այդ ձայնագրություններն էլ են պահպանվել»։

«Գծից այն կողմ» ներկայացման դերերում մեծ մասամբ ընդգրկված են Խամաճիկների թատրոնի դերասանները, հրավիրվել է նաեւ դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը գլխավոր դերերից մեկի՝ մոր կերպարի համար։ Հատկանշական է, որ Լիլի Էլբակյանը մի քանի դերերում ընդգրկել է նաեւ ոչ դերասան մարդկանց, որոնց հանդիպել է տարբեր միջավայրերում ու որոշել հրավիրել՝ նրանց տեսնելով այս կամ այն կերպարում։ Չմոռանանք նշել նաեւ փոքրիկ ծովախոզուկին, որը ոչ պակաս կենտրոնական դերում է՝ խորհրդանշական կերպարում:


Խոսելով բեմադրական աշխատանքների ու փորձերի մասին՝ Աննա Էլբակյանն էլ նշել է, որ հիմնական դժվարությունը կապված է եղել տարածքի փոքր լինելու հետ․ «Քանի որ մենք օրական երեք ներկայացում ունենք երեխաների համար, պետք էր սպասել, որ բեմը դատարկվեր, եւ կարողանայինք մեր դեկորները դնել։ Այդ իսկ պատճառով փորձերի ընթացքը փոքր-ինչ երկարեց։ Ժամանակի ընթացքում այնքան շատացան մեր մանկական ներկայացումները, որ ո՛չ տիկնիկները կախելու տեղ ունենք, ո՛չ խաղացանկը մեծ ներկայացումներով համալրելու հնարավորություն։ Մեզ ուղղակի երկրորդ բեմ է պետք։ Հուսով եմ՝ մի օր դա կլինի, եւ նորից մեծերի համար ներկայացումներ կունենանք այստեղ»։


Դերասանուհին նաեւ հիշում է, որ թեեւ Էդգարն անընդհատ ստեղծագործական ընթացքի մեջ էր, այնուամենայնիվ լուրջ չէր վերաբերվում իր գրականությանը։ Հետո պիտի հայտնաբերեին, որ երիտասարդ հեղինակը գրական հարուստ ժառանգություն է թողել, որի շնորհիվ էլ պիտի դասվեր վաղամեռիկ գրողների շարքում. «Այն ժամանակ, երբ դեռ մեր թատրոնը Գրողների միության շենքում էր, նա շատ էր շփվում եւ ընկերություն անում նորահայտ ու մեծանուն գրողների հետ։ Այդ վատ տարիներին միջոցներ էր հայթայթում, վառելիք գտնում նրանց համար, գրողներն էլ իրենց հերթին մասնակից էին լինում նրա ստեղծագործական ընթացքին։ Այդպես, նրա գնալուց հետո բավական մեծ գրականություն հավաքվեց տարբեր մարդկանց օգնությամբ, որոնց իր բանաստեղծություններն էր նվիրել»։


Ֆիլմ-ներկայացում հիշեցնող բեմադրությունը միավորում է երեք տարբեր ստեղծագործություն, որոնք միմյանց կապվում են հոգեբանական ու փիլիսոփայական ընդհանուր թելերով։ Հետաքրքիր է տեսնել, թե ներկայացման հեղինակներն ինչպես են միավորել երեք սյուժեները մի նոր պիեսում, որ համեմված է նաեւ Էդգար Էլբակյանի գրած երգերով։ «Գծից այն կողմ» ներկայացումը Խամաճիկների թատրոնի խաղացանկում է եւ սպասում է իր նոր հանդիսատեսին՝ ծանոթացնելու երիտասարդ հեղինակի անկեղծ մտորումներին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW