×


Անապատի կարպետագործը

«Բնավորությանս գծերից մեկն անհարմարվողականությունն է. եթե ինձ որեւէ բան դուր չի գալիս, այդտեղից փախչում եմ: Այդպես մարդկանցից փախա ու անտառ եկա»։

Նարան է, իր ներկայությամբ գրեթե ամեն օր լրացնում է Աղավնավանքի Սուրբ Աստվածածին Անապատ եկեղեցու հմայքը։ Եկեղեցին իր խորհրդավորությամբ ընկեր է դառնում կարպետագործ աղջկան։ Գյուղացիները զարմանում են նրա համարձակության վրա եւ հաճախ են հարցնում՝ բա որ արջը հարձակվի, չես վախենո՞ւմ։

- Չեմ վախենում, ինձ դուր է գալիս էս միջավայրը։ Երբ անտառում եմ, ու մարդիկ չկան, օրս ավելի արդյունավետ է անցնում, կենտրոնանում եմ աշխատանքներիս վրա. մեկ օրում կարող եմ մեկ կարպետ ավարտին հասցնել, եթե շա՜տ ուզեմ (ծիծաղում է,-խմբ.)։


Նարան կարպետագործությամբ սկսել է զբաղվել դեռ փոքր տարիքից, երբ նկարչության խմբակ էր հաճախում․ ինչպես հիշում է, իր ուսուցչուհին բարեհոգի էր եւ նկարելուց բացի, կարպետ գործել եւս սովորեցնում էր։

- Փոքր ժամանակ, հիշում եմ, երբ մայրիկս ամռանը վերմակ ու ներքնակ էր կարում, ուշադիր հետեւում էի ընթացքին ու խնդրում, որ ես էլ կարեմ։ Ինձ այդ տարիքից դուր էր գալիս ձեռագործ աշխատանքը։ Իսկ նկարչության ուսուցչուհիս առիթ դարձավ, որ ճանապարհս էսպես գծեմ։

Մի էջանշանը՝ մոտիվացիայի աղբյուր

Կարպետագործն իր փոքրիկ բիզնեսը սկսում է էջանշաններ գործելով։ Որոշում է, որ անտառի խորքում գտնվող եկեղեցու բակում պիտի իր ողջ օրը գործելով անցկացնի։

- Մտածեցի մարդիկ կգան, կգնան, կծանոթանանք, կտեսնեն, որ գործում եմ, վաճառք կունենամ։


Մոտ 6 տարի առաջ, երբ դեռ նոր էր սկսել գործել, մի ընտանիքի հետ է ծանոթանում եկեղեցու բակում, ովքեր դառնում են իր առաջին գնորդները։

- Դա ինձ համար շատ մեծ բան էր. երբ երկար տանջվելուց հետո գումար ես վաստակում, ավելի ոգեւորվում ես։

Գյուղից եկեղեցի ճանապարհը Նարան հեծանվով էր անցնում:

- Այդ ժամանակ սեղանիկ էլ չունեի, պայուսակի մեջ հավաքում էի գործերս ու գալիս... Հիմա, երբ հետհայացք եմ գցում, ինձ հեքիաթի հերոս եմ զգում։


Ամեն բան՝ իր հունով

Նարան այսօր իր տնակն ունի:

- Ես դրա համար ջանք չեմ թափում, ինքնահոսի ստացվում է (ծիծաղում է,-խմբ.)։

Իր աշխատանքները մի տեղ հավաքելու եւ արեւից, անձրեւից պետք եղած ժամանակ պաշտպանվելու համար մի ծածկ էր հարկավոր։

- Քույրիկս դրամաշնորհային ծրագիր էր գտել, դիմեցի, ծրագրիս հավանություն տվեցին, սկսեցինք աշխատանքները։

Ծնողների ներդրումն էլ մեծ է եղել:

- Եթե ոչ կրկնապատիկ, ապա հաստատ եռապատիկ է եղել ընտանիքիս ներդրումը։

Պատերազմի սկսվելուն պես տնակի կառուցման աշխատանքը կիսատ է մնում։ Նարայի հայրը, հորեղբայրը եւ եղբայրը կամավորագրվում են, մեկնում ճակատ, իսկ Նարան իր մայրիկի եւ մյուս եղբոր հետ մնում է գյուղում։

- Այդ ընթացքում գյուղատնտեսության հետ կապված գրեթե ամեն ինչ սովորեցի․ գիտեի՝ որ կենդանուն ինչ կեր ու ինչքան տալ, որ ժամին տալ, երբ դիմավորել ու բերել անասնագոմ։ Միայն կով կթել չսովորեցի(ծիծաղում է,-խմբ.): Երբ բարեհաջող տուն վերադարձան, նույնիսկ այդ ժամանակ չէի համարձակվում մտածել կամ խոսել տնակի մասին։

Ամեն ինչ իր բնականոն ուղին է բռնում, երբ փոքր-ինչ խաղաղվում են։ Վերադառնում են կիսատ թողած գործին՝ տնակի կառուցմանն ու միահամուռ ջանքերով ավարտին հասցնում։ Մեկ ամիս առաջ բնակարանամուտն էր:

- Շատ էի մտահոգված, «բա որ»-ներն էլ մի կողմից հանգիստ չէին տալիս, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ, ինչի համար շնորհակալ եմ ընտանիքիս։


Շատ է պատահում, որ անցնող-դարձողները հետաքրքրվում են կարպետագործությամբ եւ ցանկություն են հայտնում գործել։

- Մի անգամ այսպիսի մի դեպք եղավ՝ զբոսաշրջիկների խումբ էր, շատ տարվեցին էս գործով, սովորեցրի՝ ինչպես գործեն։ Էդ մի կարպետն ամբողջությամբ այցելուների ձեռքի աշխատանքը դարձավ։

Իր հմտություններն ու արտադրությունը զարգացնելու նպատակով երկրորդ անգամ դրամաշնորհային ծրագրին դիմելու արդյունքում կարի մեքենա է գնում Նարան։

- Եթե ունես արտադրություն, մի տեղում մնալը սխալ է. պիտի պրպտել, հասկանալ՝ էլ ինչ կարող ես անել, որ ծաղկեցնես ստեղծածդ։ Միակ բանը, որ քեզ ուղեկցում է, համբերատար սպասելն է, եւ ամեն ինչ իր հերթականությամբ դասավորվում է։

Ապրանքանիշի անունն ինքն է որոշել. ընտանիքի անդամների առաջին տառերը դասավորել է տարբեր եղանակներով ու վերջում ստացել «ՇԱԼՆ»․ Ն տառն իր անվան առաջին տառն է, Լ-ն մայրիկի, Հ-ն հայրիկի, Ս եւ Ա տառերն էլ՝ եղբայրների։

View this post on Instagram

A post shared by Shaln (@shaln22)


Համբերատարությամբ եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնելով իր նպատակներին՝ Նարան օրինակ է ինչպես իր, այնպես էլ հարեւան գյուղերի աղջիկների, առհասարակ, երիտասարդների համար, ովքեր ունեն մտքեր, բայց նաեւ վախեր՝ դրանք իրագործելու։

Անահիտ Ամիրխանյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW