×


Մանե Մխոյան. «Ծատուրյանն ասում էր՝ երբեք դերասանուհի չեմ դառնա, որովհետեւ շատ խեղճ էի»

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, հաղորդավար Մանե Մխոյանի հետ զրույցն անցնում է թռչունների ծլվլոցի ու մեղմ քամու ներքո: Դրամատիկականում միայն մենք ենք, ամենուր լռություն է տիրում, երբ սկսում ենք BRAVO.am-ի համար զրուցել դերասանուհու մանկության, Գյումրիում պապիկի հետ անցկացրած անմոռանալի օրերի, դերասանուհի դառնալու եւ կյանքը գնահատելու մասին:

- Մանե, բարի լույս, թեեւ երեկոյան ժամը 19:00-ն է:

- Բարի լույս, մեր բախտից լուսավոր է ու արեւոտ:

- Ինչպե՞ս են սկսվում առավոտները:

- Առանց սուրճի օրվա սկիզբը պատկերացնել անհնար է: Երբ աշխատանքի եմ, ամեն ինչ արագ է լինում, բայց ազատ օրերին էլ վաղ եմ արթնանում ու շներիս հետ գնում զբոսանքի:

- Առավոտյան վաղ աշխատանքի գնացող մարդիկ տեսնում են քաղաքի մի ուրիշ դեմքը: Ինչպիսի՞ն է առավոտյան Երեւանը, երբ չկան մարդիկ, մեքենաներ ու աղմուկ:

- Սովորաբար, արթնանում եմ ժամը 6:30-7:00-ին, օդը մաքուր է լինում, քաղաքն այնքան սիրելու արժանի: Երբեմն դրսում են լինում մաքրող մեքենաներն ու մարդիկ, թռչունների ձայնն է լսվում, չնայած՝ հիմա մենք էլ լսում ենք, որովհետեւ թատրոնի տարածքում շատ ծառեր կան: Առավոտյան պետք է շուտ արթնանալ ու վայելել այդ ամենը: Ձմռանն այնպիսի շրջան է լինում, որ դեռ մութ է, իսկ մենք եթերում «բարի լույս» ենք ասում: Արեւը մեզ հետ արթնանում է ու մտնում մարդկանց տները:


- Խոսենք շներից, քանի որ Ձեր օրվա սկիզբը նաեւ նրանցով է պայմանավորված, ի՞նչ քմահաճույքներ ունեն:

- Նաեւ ավարտը (ծիծաղում է,-հեղ.): Միշտ տարբեր կենդանիներ ենք պահել՝ սկյուռ, կատու, թութակներ, նապաստակ, գերմանամուկ, ձուկ: Ապա մեր տուն եկավ Կոկին, ու կյանքը լրիվ փոխվեց: Հասկացանք, որ փոքր երեխա ունենք, որն ունի իր կարիքներն ու պահանջները: Երբեմն ալարում եմ պատրաստել, բայց դա չի վերաբերում Կոկիի սիրելի ուտելիքներին՝ խելագարվում է հավի համար. հատուկ մաքրում եմ ոսկորներից ու խաշած տալիս, որ հանկարծ խոլեստերինի խնդիր չունենա (ծիծաղում ենք,-հեղ.):

Էջմիածնում անօթեւան շուն կար, նրա նկարները հրապարակել էի, բայց ոչ ոք չէր ուզում վերցնել, որոշեցի ինքս որդեգրել: Հաջորդ օրը տեր գտնվեց, իսկ ինձ Մալիին նվիրեցին: Նա էլ լրիվ այլ մոլորակ է, իմ անունով է գրանցված, ու մաման մեկ-մեկ կատակով ասում է. «Քո աղջիկն է, գնա, տիրություն արա»: Անհատական խնամք է պահանջում՝ մազերը սանրել, հավաքել: «Ում ընտելացրել ես, պատասխանատու ես» սկզբունքը գործում է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ ծառերի, ծաղիկների ու կենդանիների դեպքում:

- Քանի որ երկար տարիներ կենդանիներ եք պահել, նրանցից ի՞նչ եք սովորել:

- Այն, ինչ ուզում եմ բոլորս սովորենք. ընկերներս երբեմն ասում են, որ բոլորի համար փորձում եմ մայր լինել ու չափից շատ հոգ տանել: Հետո եմ հասկանում, որ գուցե դա ճնշող է: Էքսկուրսիա էինք գնացել, ու երբ հարթաշուրթ էր պետք, պայուսակիս մեջ կար: Հուսալի եմ. մարդիկ գիտեն, որ 911-ն իրենց կողքին է (ծիծաղում ենք,-հեղ.):

- Տեղափոխվենք Գյումրի, որտեղ ծնվել եք, ապա եկել Երեւան ու նորից հետ գնացել: Քանդենք այդ պատմության կծիկն ու փորձենք հասկանալ, թե դեպքերն ինչո՞ւ նման կերպ զարգացան:

- Որեւէ հարցազրույցի ժամանակ այդ կծիկը չի քանդվել, որովհետեւ շատ խառն է (ծիծաղում է,-հեղ.): Գյումրիում եմ ծնվել, հաճախել մանկապարտեզ ու դպրոց, իսկ հետո ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան: Բայց տատիկս հիվանդ էր, ու նրա կողքին պետք է լիներ մեկը, ով կզանգեր շտապ օգնություն. 10 տարեկանում գնացի այն նպատակով, որ նա կբուժվի, ու արագ կվերադառնամ, բայց մնացի: Հետո անվճար ընդունվեցի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, իսկ Երեւանում նույն հիմունքներով սովորել չէի կարող. վարձը թանկ էր, մենք էլ լիքը խնդիրներ ունեինք ու վճարել չէինք կարող:


- Իսկ ինչպիսի՞ն էր դերասանուհի դառնալու ընթացքը:

- Այդ տարիներին շատ խեղճ եմ եղել, չեմ երեւացել ու առանձնացել: Սովորելու ժամանակ այնպես ստացվեց, որ աղջիկներից մեկը հիվանդացել էր, ու ինձ առաջարկեցին նրան փոխարինել կուրսային աշխատանքում: Պետք է սպասուհու դեր խաղայի, բայց հղի կնոջ մարմնավորեցի, որովհետեւ ակրոբատիկ հնարավոր ու անհնար շարժումները լավ էին ստացվում: Գյումրու թատրոնում «Գոյ»-ից Արթուր Սահակյանը «Լիր արքա» էր բեմադրել, որի զանգվածային տեսարաններում էի պարում: Մի օր էլ առաջարկ ստացա խաղալ ներկայացման մեջ. Ասպրամ Բաղդասարյանը Կոբո Աբեի «Բարեկամներ»-ն էր բեմադրել, հետաքրքիր գծեր չունեցող կերպար էի մարմնավորում ու որեւէ մեկին չտպավորեցի: Դրանից հետո Լյուդվիգ Հարությունյանն առաջարկեց մարմնավաճառի կերպար խաղալ «Խելահեղ պատմություն», իսկ հետո «Bye-bye լեդի» դարձած ներկայացման մեջ: Այդ ժամանակ Նիկոլայ Ծատուրյանն ինձ ասաց. «Դու երբեք դերասանուհի չես դառնա, շատ խեղճ ես ու ասես ուսուցչուհի լինես»:

- Դե, եթե հաշվի առնենք, որ Ձեր մայրն էլ ուսուցչուհի է, երեւի, նրանից եք որակներ փոխառել:

- Տատիկս էլ, մայրիկիս տատիկն էլ են ուսուցչուհի եղել(ժպտում է,-հեղ.): Երվանդիչի խոսքերից հետո որոշել էի, որ հաջորդ օրը կգնամ թատրոն ու կհրաժարվեմ դերից, բայց Հարությունյանը պնդեց, որ փորձեմ: Պրեմիերայից հետո հարդասենյակի դուռը ջարդում էին. Ծատուրյանը թատերականի իր խմբին Երեւանից բերել էր ներկայացումը նայելու: «Նրա նման երբեք չպիտի հանձնվեք»,- ասաց ուսանողներին: Ինձ հավանել էր: Սկզբում, երեւի, իսկապես անպիտան եմ եղել, բայց աշխատանքի ընթացքում փոխվել եմ: Ու դրանից հետո իմ կյանքում դերերի տեղատարափ սկսվեց:

- Ի՞նչ կերպարներ էին դրանք ու ինչպե՞ս օգնեցին դրսեւորվել:

- «Տարբեր նվագներ»-ում Զարուհի էի, հետո եղավ «Հարսանիք թիկունքում»-ը, որով սկսվեց Գյումրու թատրոնի ոսկե շրջանը: Ներկայացման ստեղծման գործում դերասաններից ու ռեժիսորից բացի, մեծ էր Հայկոյի դերը: Նա ֆանտաստիկ երաժշտություն գրեց, Քեշիշյանը տեսահոլովակն ու հետագայում ֆիլմը նկարեց, իսկ Աննա Աղասարյանը գրեց պիեսը: Ներկայացումն ապրեց, քանի որ դրա կարիքը կար:

- Իսկ ինչո՞ւ էիք որոշել ռեժիսոր դառնալ ու այդպես էլ որեւէ բան չբեմադրեցի՞ք:

- Ռեժիսուրան հետաքրքրեց, քանի որ մասնագիտական առարկաներն ավելի շատ էին: Սովորելու ընթացքում 3 աշխատանք եմ բեմադրել ու բավական լավ արձագանքներ ստացել: Հետո սկսեցի թատրոնում աշխատել ռեկվիզիտի բաժնում:


- Ինչպե՞ս է թատրոնը բացահայտվում, երբ այլ կողմից ես մոտենում:

- Յուրաքանչյուր ուսանող իր գործը թատրոնում պետք է սկսի այլ աշխատանքից, հետո նոր հասնի բեմ: Միշտ տարօրինակ իրերով բաներ եմ ստացել, ու երբ «3 խոզուկ» ներկայացման համար բարձրախոս ուզեցին, ձեռքիս տակ ընկած իրերով սարքեցի ու տվեցի (ծիծաղում է,-հեղ.): Առանց այդ մարդկանց թատրոնը չի կարող լինել: Հիմա հաճախ են ներկայացման ավարտին դերասանները ծափահարում կուլիսներում կանգնած մարդկանց, որոնք թիկունքն են պահում:

- Ձեր պապիկը նկարիչ ու քանդակագործ Սուրեն Կուրազյանն է, որի գործերը Գյումրիի մի մասն են կազմում, Ձեզ վրա թողած նրա ազդեցությունից պատմեք:

- Վայ, պապին (հուզվում է,-հեղ.), չլացես, չի կարելի: Պապիկս ինձնից մեծ էր կես դարից ավելի, բայց երբեք դա չեմ նկատել, մեր մեջ սերունդների բախում չի եղել: Պապիկն է ինձ թեւեր տվել, որ ընդունվեմ Թատերական ինստիտուտ, ու հավատացել, որ կստացվի: Գալյա Նովենցի պես ասում էր. «Տաղանդավոր դերասանուհու պապիկ եմ, այնքան եմ ասելու, մինչեւ նորմալ մարդ դառնաս»: Հույս ունեմ՝ մի օր կդառնամ: 11 տարեկանից ապրել եմ մի ընտանիքում, որտեղ հյուր են եղել նկարիչներ, քանդակագործներ, արվեստի մարդիկ, քննարկվող թեմաները միշտ հետաքրքիր էին: Բարձ էի վերցնում ու անկյունում նստած լսում նրանց: Հիմա նորաձեւ են դարձել վինիլները, մենք միշտ դրանցով ենք երաժշտություն լսել, այդ թվում՝ Մանսուրյանի գործերը: Պապիկիս ազդեցությունն անգնահատելի է. այն, ինչ հիմա կամ, նաեւ իր շնորհիվ է:

- Իսկ երբ Գյումրիում տեսնում եք նրա հեղինակած փողոցներն ու հուշարձանները, ի՞նչ եք զգում:

- Հպարտությամբ եմ ասում, որ քաղաքի կենտրոնի լուսավոր ու շքեղ փողոցները պապիկի ձեռքի գործն են: Հետեւում էր, որ մինչեւ վերջին սալիկը ճիշտ տեղում լինի, սարսափելի զայրանում էր, երբ փորձում էին նոր շունչ տալ քաղաքին եւ սխալ էր ստացվում: Մի օր եկավ տուն ու ասաց. «Այսպես ո՞նց կլինի, մարդ էլ իր սարքած փողոցում տեղ չունենա նստելու»: Աբովյան փողոցը նկատի ուներ, որը միշտ լեփ-լեցուն է: Ափսոսում էր, որ մի նստարան ավելի չի դրել, որ ինքն էլ նստելու տեղ ունենա (ծիծաղում ենք,-հեղ.): Գյումրու թատերական փառատոնի վերջին օրը Խամաճիկների թատրոնի ներկայացումը հենց Աբովյանում էր, ինձ այնքան լավ էի զգում: Ամեն անգամ իր ներկայությունը քաղաքում զգում եմ, ու դա ինձ թեւ է տալիս:

- Կորուստը ո՞նց տարաք ու առհասարակ կարողանում եք բաց թողնել մարդկանց:

- Կորուստներ իմ կյանքում շատ են եղել. ինչ-որ պահի մարդիկ հայտնվել են ու գնացել: Բայց երբեք չեմ հասկացել՝ ինչ է նշանակում հարազատի կորցնել, այդ մեկը հենց այդպիսին էր:

- Ընտանիքից բաժանումն ինչպե՞ս եք տարել ու արդյո՞ք դա որոշակի սահման չի գծել ձեր միջեւ:

- Գրեթե բոլոր հանգստյան օրերին միասին էինք: Հեռու ապրելն ինձ ինքնուրույնություն է տվել: 12 տարեկանում կարողանում էի ուտելիք պատրաստել ու տնային գործեր անել: Կարողանում եմ նաեւ տարօրինակ գործեր անել՝ խոհանոցի եւ լոգարանի ծորակի ներքեւի համակարգը փոխել, վերանորոգել դռների փականները, վարդակները փոխել: Մեկ-մեկ նույնիսկ զարմանում եմ, որ բոլորը չեն կարողանում:


Երբ եկա մերոնց հետ ապրելու, մայրիկն ինձ երբեք չէր զանգում՝ իմանալու, թե որտեղ եմ, գիտեր՝ իմ հարցերն ինքնուրույն կարող եմ լուծել: Եղբորս հետ իրենց կապն ավելի ամուր է, մեկ-մեկ կատակում եմ. «Խանդե՞մ, թե՞ թողնեմ, գնամ»: Բայց իմ կապն էլ պապիի հետ էր ավելի ամուր. նա ինձ համար ամեն ինչ է եղել: Կարող էինք որոշել, որ դասի չեմ գնալու ու փոխարենը մի բան ուտելով գիշերը ժամը 3:00-ին Մոդիլիանիի մասին վավերագրական ֆիլմ ենք նայելու:

- Ինչո՞ւ այնտեղ ամեն ինչ թողեցիք եւ վերադարձաք Երեւան, դժվա՞ր չէր այդ ամենը բաց թողնել:

- Հասունացել էր այն միտքը, որ որեւէ բան է պետք փոխել: Թատրոնը թողնելն ամենադժվարն էր ինձ համար, ամենածանր բաժանումը: Բայց գալիս է պահ, որ ինքդ քեզ նոր մարտահրավեր ես ուզում նետել: Դժվար եմ գալիս որեւէ որոշման, բայց արագ եմ ամեն ինչ անում: Այդպես իմ կյանքից մարդիկ են գնում. հենց որոշում եմ՝ միանգամից հեռախոսահամարը ջնջում եմ:

- Այստեղ ամեն ինչ զրոյի՞ց սկսեցիք, թե՞ հիմք ունեիք:

- Զրոյից էր, որովհետեւ գնացի Ազգային ժողով ու սկսեցի աշխատել իմ մասնագիտության հետ կապ չունեցող վայրում, չնայած՝ երբեմն կատակով ասում են, որ նույն թատրոնն է (ծիծաղում ենք,-հեղ.): Կուտակած գիտելիքներս այնտեղ պիտանի չէին:

- Իսկ այդ աշխատանքը ի՞նչ տվեց Ձեզ:

- Նոր մարդիկ ու գույներ գտա, երբեմն կերպարներ ստեղծելիս հիշում եմ այնտեղ ինձ հանդիպած մարդկանց: 

- Բայց նորից եկավ փոփոխություն անելու ժամանակը: Ինչպե՞ս Երեւանի դրամատիկական թատրոնը հայտնվեց Ձեր կյանքում:

- Դերասանը պիտի իր սրտին ու ձեռագրին մոտ թատրոն ունենա: Երբ իմացա, որ Դրամատիկականում երիտասարդ դերասանների ընդունելություն կա, այդ տարի ավարտած ուսանողների հետ եկա քասթինգի: Ինձ հարազատ մարդիկ էին նստած, բայց այլ կարգավիճակում՝ պարոն Ութմազյանը, Չոբանյանը, որին միշտ ընկեր Բաբկեն եմ ասել, քանի որ Գյումրիում նրան այդպես են դիմել: Ինձ ընդունեցին, բայց սկսվեց քովիդը, հետո պատերազմ եղավ, ու մեծ դադար ունեցանք: Առաջինը «Մեծ լռություն» ներկայացմումն էր, հիմա նոր ներկայացման փորձերի եմ, բայց դեռ չեմ մանրամասնի:


- Թատրոնի մասին «Կուլիսներ» ռեպորտաժների շարքն եք վարում: Որքանո՞վ է դա օգնում իմանալ տարբեր թատրոնների փոքրիկ գաղտնիքները:

- Շատ-շատ է օգնում. կողքից ես նայում ու տեսնում այլ հարաբերություններ, մարդիկ, ձեռագիր: «Կուլիսներն» ինձ նոր ընկերներ է տվել, դա ավելի ակնհայտ զգացի Գյումրու փառատոնի ժամանակ, երբ ամեն օր նոր թատրոնից էին գալիս, ու բոլորին ճանաչում էի: Այսօրվա թատրոնի մասին արխիվ եմ հավաքագրում, որն օգնելու է մարդկանց իմանալ, թե ինչ էր կատարվում մեր օրերում:

- Ասացիք, որ ընկերներ եք ձեռք բերել, իսկ ինչպե՞ս եք նրանց ասում Ձեր կարծիքն ու լսում, երբ խոսում են Ձեր գործերից:

- Ընկերներիցս շատերը գիտեն՝ եթե չեմ մեկնաբանում, ուրեմն՝ չեմ հավանել: Այս շրջանում շատ դժվար եմ ներկայացում նայում, նույնիսկ մի անգամ այնքան էի հոգնել, որ քունս սկսեց տանել: Աչքիս առաջ Նիկոլայ Ծատուրյանը եկավ (ծիծաղում ենք,-հեղ.): Կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ համար կարեւոր է, ու նրանք ճիշտն են ասում, նախ մայրիկս է. «Այսօր շատ վատն էիր եթերում, մազերդ այդ ի՞նչ էին, հյուրին ի՞նչ հարցեր տվեցիր»: Ընկերներ ունեմ, որ շատ անկեղծ են ու երբեմն «թաղում» են ինձ:

- Իսկ ինչպե՞ս էր աշխատանքը խցիկի հետ՝ Դուք 2 սերիալում եք նկարահանվել:

- Մի օր իմացանք, որ Հրաչ Քեշիշյանը Գյումրիում բեմադրելու է «Ոչինչ չի մնա» ներկայացումը, որում խաղացինք ես, Ջեմման (Ադամյան), Արսենն (Միքայելյան) ու Երեւանից մի տղա՝ Ներսես Ավետիսյանը, որը, պարզվեց, Գառնիից է: Ես Էլիզին մարմնավորեցի, ինչից հետո չորսս էլ նկարվեցինք նրա «Անատոլիական պատմություն»-ում: Ապա ինձ ասաց, որ ձմռանը ոչինչ չպլանավորեմ, քանի որ «Պատվի համար»-ում Մարգարիտն եմ լինելու: Գյումրիում էլ զուգահեռ «Հարսանիք թիկունքում»-ն էինք նկարում: «Անատոլիական»-ի փակ դիտումից հետո ինձ առաջարկեցին վարել առավոտյան ծրագիրը, սկզբում հրաժարվեցի, բայց հետո մտածեցի. «Սա էլ մի նոր նշաձող է»: Հիմա նաեւ կրկնօրինակման բաժնում եմ աշխատում:


- Մանե, ի՞նչ եք ուզում այստեղ ու հիմա:

- Ձեզ հետ մեծ սիրով սուրճ կխմեի, բայց թատրոնում մեզնից բացի ոչ ոք չկա (ծիծաղում ենք,-հեղ.): Պատերազմն ինձնից տարավ ամենամտերիմ ընկերներիցս մեկին, հետո էլ շատ անսպասելի եղավ Հայկոյի կորուստը: Նրանից հետո շատ բան եմ փոխել իմ կյանքում. փորձում եմ իր պես սիրել կյանքն ու վայելել ամեն վայրկյանը: Հաճախ էր ասում. «Ուրախացեք, վաղը կարող է չլինենք»: Իսկ պապիկից հետո «այստեղ ու հիմա»-ն ծայրահեղ կարեւոր է դարձել: Օրինակ՝ հիմա այստեղ լինել ու շփվել, վայելել արեւը, որը մեզ խանգարում է, բայց եւ ջերմացնում, զգալ մեղմ քամին. երջանկությունն աննշան փոքր բաների մեջ է:

- Առաջին տպավորությամբ ուրախ ու ժպտերես մարդ եք, իսկ ի՞նչ կա այդ ամենի հետեւում, երբ մնում եք ինքներդ Ձեզ հետ:

- Իմ նշած դեպքերից հետո փորձում եմ միայն այս Մանեի հետ ապրել: Կարեւոր է, որ հիմա մեծ սիրով եմ ընդունում որոշումներիս արդյունքները, անգամ, եթե սխալ եմ եղել: Եթե ճաշացանկից ամենաանհամ աղցանն եմ ընտրել, դրանում ոչ մեկը մեղավոր չէ: Նույնն էլ մարդկանց դեպքում է. եթե որոշել եմ՝ իմ ընկերն է լինելու, պետք է ընդունեմ՝ ինչպիսին կա: Օրինակ՝ Արսեն Միքայելյանի հիշողությունն անտանելի է. կարող է մոռանալ, որ ինձ հետ հանդիպման է ու միայն երկու օր հետո զանգել, բայց նրան հենց այդպիսին էլ ընդունում եմ:

- Մանե, նշեք 3 զրուցակից, որոնց հետ խոսելն իսկապես հաճույք է պարգեւել Ձեզ:

- Տիգրան Մանսուրյանը, Նարեկ Հախնազարյանն ու Բաբկեն Չոբանյանը:

- Ո՞ւմ հետ կուզեիք ջերմ գրկախառնվել:

- Պապիկի հետ կուզեի, բայց դե… Առաջինը Մալին է ինձ դիմավորում ու չի խելոքանում, մինչեւ իրեն ջերմ չեմ գրկում: Մամային կգրկեի, շատ սենտիմենտալ եմ, արեւից է (ծիծաղում ենք,-հեղ.):


- Ո՞ւմ հետ կուզեիք ճանապարհ գնալ:

-Շատ դժվար է ընտրել, շատ ընկերներ ունեմ, որ ճանապարհին եմ բացահայտել, բայց հիմա կգնայի Չոբանյանի հետ:

- Գաղտնիքները կվստահեիք:

- Իմ ընկերուհի Անահիտին, որը թատրոնում է աշխատում:

- Ո՞ւմ հետ կուզեիք ներկայացում խաղալ:

- Անհավանական երազանքներիցս Էդրիեն Բրոուդին է, բայց նորից կխաղայի Արսեն Միքայելյանի հետ:

- Ո՞ւմ պես կուզեիք սիրել:

- Իմ Էլիզի:

- Ո՞ւմ պես ապրել:

- Հայկոյի պես սիրել կյանքը:

- Ո՞ւմ պես մեծանալ:

- Մանսուրյանի:

- Ի՞նչ կասեիք Ձեզ 80 տարեկանում:

- Ինչ սիրուն ես ապրել այս կյանքը, գրողը տանի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW