«Ավելի քան տասը տարի առաջ հենց այս սենյակում Սոս Սարգսյանի հետ լուսանկարվեցի: Շատ անսպասելի հանդիպումն ընդամենը մի քանի րոպե տեւեց. զրուցեցինք, նկարվեցինք, ու մի փոքր թղթի վրա գրեց. «Ղուկասին շատ մեծ հաջողություններ բեմում, կյանքում։ Թող լինի իմ օրհնությամբ»։ Երբեք չէի մտածի, որ այսքան տարի անց կաշխատեմ այն սենյակում, որտեղ Սոս Սարգսյանն է եղել»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորանշանակ տնօրեն Ղուկաս Մադոյանը։
Լուսանկարը՝ Ղուկաս Մադոյանի արխիվից
Լուսանկարը՝ Ղուկաս Մադոյանի արխիվից
Նրա հետ հանդիպել ենք թատրոնի ներկայիս տարածքում, շրջել ենք նոր կառուցվող շենքում, զրուցել կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի, իր երաժշտական գործունեության եւ այլ թեմաների շուրջ։
Նոր շենքը
Համազգային թատրոնն իր հիմնադրման օրվանից գործել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տարածքում։ Իսկ նոր շենքը կառուցվում է լիովին նոր տեխնիկայով, ժամանակակից հնարավորություններով, նոր բեմով, լույսով, ձայնով, եւ մեր հիմնական գործողություններն ուղղված են դրան։
Աստղիկ Իսկանդարյանը եւ Ղուկաս Մադոյանը
Արտաքին շինաշխատանքներն ավարտել ենք, հիմա ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։ Թատրոնի նոր շենքի ինտերիերի դիզայնը նախագծելու ժամանակ ուսումնասիրել ենք միջազգային տարբեր օրինակներ ու հասկացել, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից թատրոնը, որպեսզի ներկայացման եկող մարդու փորձառության շղթան լավագույնս ամբողջանա՝ սկսած զանգերից, կայքէջ այցելությունից, սոցիալական ցանցերի էջերին հետեւելուց եւ այլն։ Ի դեպ, մենք շուտով կունենանք թատրոնի նոր կայքը։
Հպարտորեն շեշտում ենք, որ նոր կառուցվող շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար. թեքահարթակներից բացի, լինելու է վերելակ, իսկ դահլիճում՝ հատուկ նախատեսված տեղեր։
Համազգային թատրոնի նոր շենքը
Առաջին հարկում ունենալու ենք փոքր բեմ, որտեղ մեր փորձարարական ներկայացումներն ենք իրականացնելու։ Համազգայինն ունի թատերականացված ընթերցանությունների բաժին. տարբեր հին ու նոր ստեղծագործություններ ենք ներկայացնում եւ հանդիսատեսի արձագանքից հասկանում՝ այն տեղ կգտնի մեծ բեմում, թե՝ ոչ։
Երկրորդ հարկում արդեն մեծ դահլիճն է՝ նախատեսված 230 հանդիսականի համար: Բեմը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին, ձայնային եւ լուսային տեխնիկան եւս նոր են։ Համազգային թատրոնը կունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է ստեղծագործական մտքերն ու ամենայուրօրինակ բեմադրություններն իրականացնելու համար։
Համազգային թատրոնի նոր շենքը
Նախասրահում ունենալու ենք նաեւ Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված, որտեղ կներկայացվեն նրա տարբեր իրերը: Այս միտքը քննարկել ենք տիկին Նելլի Սարգսյանի հետ (Սոս Սարգսյանի կինը,- հեղ․) եւ միասին այդ ցուցադրությունները կպատրաստենք։
Նոր պաշտոնն ու երաժշտական գործունեությունը
Թատրոնի անձնակազմը մեզ շատ գրկաբաց ընդունեց։ Բոլորն աջակցում են նոր մտքերին, որ ուզում ենք միասին իրագործել։ Դա զգացվում է թե՛ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ համագործակցության, թե՛ դերասանների, եւ թե՛ ադմինիստրատիվ անձնակազմի հետ աշխատանքներում։
Ղուկաս Մադոյանը
Եթե մի փոքր պատմեմ իմ մասին, ապա 2010-ին ընդունվել եմ ԵԹԿՊԻ արվեստի կառավարման բաժին։ Այդ ընթացքում էլ ակտիվ ներգրավված եմ եղել մշակութային նախագծերում թե՛ որպես կազմակերպիչ, թե՛ որպես կամավոր։ Մագիստրատուրան ավարտելուց հետո դասավանդել եմ Թատերական ինստիտուտում։ Սովորելու տարիներից սկսել եմ աշխատել նաեւ «Maeutica» բրենդինգային գործակալությունում։ Արդեն 2022 թվականի դեկտեմբերից Համազգային թատրոնի տնօրենն եմ։
Այս ամենից բացի, բլյուզ, ռոքնռոլ ժանրերում հանդես եկող խումբ ունեմ՝ «Mad Blues Band»-ը: Ներկայացնում ենք թե՛ հեղինակային ստեղծագործություններ, թե՛ քավերներ: Հասցրել ենք մասնակցել տեղական ու միջազգային փառատոների, հանդես գալ անվանի մի շարք արտիստների հետ։
Համատեղելու հետ կապված, իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ խումբը շատ կարեւոր է ինձ համար (ժպտում է,- հեղ․). ազատ ժամանակս ամբողջությամբ օգտագործում եմ ստեղծագործելով։
Ղուկաս Մադոյանը
Մարզային ու միջազգային ծրագրեր
Այս պահին բավական ակտիվ աշխատում ենք մարզային ծրագրերի վրա. կարեւոր է՝ մարզերում նույնպես հասանելի լինեն քաղաքային թատրոնների ներկայացումները։ Այդ նպատակով մենք մեր լավագույն ներկայացումները ցուցադրելու ենք մարզերի մեր հանդիսատեսին։
Մեր դերասաններն ու ներկայացումները պահանջված են նաեւ արտերկրում։ Հնարավոր է՝ այս տարի էլ նոր փառատոներ լինեն, բայց 2024 թվականին ակտիվ փառատոնային գործունեություն կիրականացնենք:
Ղուկաս Մադոյանը
Համազգային թատրոնի նոր ներկայացումներից մեկը լինելու է Տաթեւ Մելքոնյանի «Շան սիրտը»։ Մյուս պրեմիերաների եւ նախագծերի մասին կպատմենք ճիշտ ժամանակին:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապես Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: