×


Արսեն Սաղաթելյան. «Խոնարհման բարդույթ ունեմ․ շատ արագ եմ հետ գնում, որ չմտածեն՝ ուզում եմ երկար ծափահարեն»

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանի կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում հետաքրքիր ու տարբերվող դերեր են եղել, որոնք օգնել են նրա ստեղծագործական պոտենցիալը դրսեւորել նոր կողմից: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է իր մանկության, երկրաշարժի հետեւանքները հաղթահարող Գյումրիի, ծնողների ծանր կորստի, մենակ մնալու, ընկերների անհավանական օգնության ու, իհարկե, թատրոնի մասին:

- Արսեն, կարծում էի` իսկական գյումրեցի եք, բայց պարզել եմ, որ Երեւանում եք ծնվել:

- Ծնվել եմ 1989-ին՝ երկրաշարժի հաջորդ տարի: Ծնողներս 1 տարեկան քրոջս հետ ժամանակավոր տեղափոխվել էին Երեւան, որտեղ մնացին մինչեւ 1991 թվականը: Դա է եղել Երեւանում ծնվելուս պատճառը, ինձ բնիկ գյումրեցի եմ համարում, ծննդատունը բնավ էլ կարեւոր չէ: Մայրաքաղաքի հետ էլ շատ եմ կապված, հարազատ ու մոտ ընկերներ ունեմ, ամեն պատեհ առիթի դեպքում պատրաստ եմ գալ այստեղ:

- Ո՞վ էր Երեւանում Ձեզ հյուրընկալել ու ինչպե՞ս ստացվեց, որ նորից տեղափոխվեցիք Գյումրի:

- Ապրել ենք մորեղբորս տանը, հիմա էլ, երբ գալիս եմ Երեւան, ավանդույթը չեմ խախտում ու այնտեղ եմ մնում: Մեր բնակարանը կորցրել էինք, ու 1991թ. ծնողներս երկրաշարժից հետո կառուցված առաջին թաղամասերից մեկում՝ 58-ում տուն ստացան: Գյումրին հիշողությանս մեջ սկսել է տպավորվել նախադպրոցական տարիքում՝ 95-96 թթ. սկսած: Շինարարություն համարյա չէր ընթանում, կյանքը կանգնած էր, ով ինչպես հարմարվել, ապրում էր՝ անգամ վրաններում, նկուղներում կամ ավտոտնակներում: Հորեղբորս ընտանիքն էլ մի կարճ ժամանակ ավտոտնակում է մնացել, մինչեւ որ բնակարանային հարցերը կարգավորվել են: Գյումրին ինձ համար սկսեց գեղեցկանալ ու նմանվել քաղաքի վերջին 12 տարիների ընթացքում: Հասկացանք, որ մեր քաղաքով հետաքրքրված են, ու նորից սկսեց հույս արթնանալ:

Արսեն Սաղաթելյանը


- Իսկ ի՞նչն էր գյումրեցիներին այն ժամանակ օգնում չընկճվել ու շարունակել ապրել, թեեւ ամեն ինչ այդքան վատ էր:

- Որքան էլ զարմանալի թվա՝ գյումրեցու հումորը: Երկրաշարժից 1-2 տարի անց մեր հայտնի արտիստները, որոնց թվում եւ Սամվել Գրիգորյանը, «Ուրախ Գյումրի» նախագիծն արեցին ու այն բոլոր հնարավոր տեղերում խաղացին, որպեսզի ժողովրդին կտրեն ողբից, հոգսերից ու ավերածություններից: Սերն ու ջիգյարն են նաեւ բնակչությանը կապել քաղաքի հետ ու օգնել մինչեւ վերջ շարունակել ապրել այնտեղ:

- Ինչպե՞ս է թատրոնը հայտնվել Ձեր կյանքում եւ ո՞րն է նրա հետ ունեցած առաջին հիշողությունը:

- Առաջին անգամ թատրոն մուտք եմ գործել 1998 թ., Ալբերտ Մկրտչյանը պատրաստվում էր նկարահանել «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, եւ ծնողներս հեռուստացույցով հայտարարություն էին տեսել, որ Գագիկի դերակատարի համար երեխա են փնտրում: Ինձ որոշեցին տանել այդ քաստինգին, որը, բնականաբար, չեմ անցել (ծիծաղում ենք,-հեղ.): Մկրտչյանը դրամատիկականի գեղարվեստական ղեկավարն էր ու քաստինգն անցկացվում էր թատրոնում:

- Եվ ինչպիսի՞ առաջադրանք տվեցին, որն անցնել չկարողացաք:

- Միջին տարիքի տղամարդ մոտեցավ մեզ ու միասին գնացինք 2-րդ հարկի սրահ: Պետք է ինձ փողոցում թափառող երեխայի դերում պատկերացնեի, որը փող է մուրում, պարզապես նայել եմ դեմքին ու ոչինչ չեմ կարողացել խոսել: Իսկ թատերական ինստիտուտում հորս հորդորով եմ հայտնվել, դեռ դպրոցական տարիներին ծնողական ժողովներին ուսուցիչներս նրանց խորհուրդ էին տվել ուշադրություն դարձնել այդ տաղանդիս վրա: Դաս  պատմելու համար ինձ միշտ 2 գնահատական էին դնում՝ առարկայի եւ թատերային կամ հումորով պատմելու համար: Պետք է ընդունվեի Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետ, երբ հորս նկարիչ ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինձ տանել թատերականի դեկան Սամվել Գրիգորյանի մոտ: Մայրիկի հետ գնացինք, ինձ կարդալ ու երգել տվեցին եւ 10-րդ դասարանին զուգահեռ ընդունեցին 0 կուրս: Հոսանքի հետ ակամայից սկսեցի գնալ ու մի քանի ամիս անց ինձ միամիտ բռնացրի այն մտքի վրա, որ այդ ամենը սկսել է դուրս գալ: Թատերականի 1 կուրսի կեսից էլ նոր գիտակցեցի, որ փորձում եմ դերասան դառնալ:  
 
- Այդ գիտակցումից հետո ինչպիսի՞ն էր մասնագիտության մեջ հաստատվելու ընթացքը:

-Մեր թատրոնի դերասանակազմի ավելի տարեց ներկայացուցիչները նաեւ ինստիտուտում են դասավանդում եւ արագ են ընկալում այն ուսանողներին, ովքեր անելիք կունենան ու պիտանի կլինեն։ 2-րդ կուրսում կուրսղեկ նշանակեցին բանակից նոր վերադարձած Լյուդվիգ Հարությունյանին։ Ավարտելուց 3 տարի անց նա վերջապես որոշեց, որ արդեն ապացուցել եմ թատրոնի հանդեպ անսահման նվիրվածությունս ու 2013 թվականի մարտի 1-ին ինձ ընդունեց աշխատանքի:

Արսեն Սաղաթելյանը


- Արդեն 10 տարի է, որ Գյումրու թատրոնում եք, կայացման ու աճի տեսանկյունից ինչպիսի՞ ժամանակ էր այն:

- Սկզբնական շրջանում շատ բարդ էր, նույնիսկ մտածել եմ՝ սխալ ընտրություն եմ արել, այստեղ անելիք չունեմ ու միգուցե միջակություն կլինեմ։ Քրտնաջան աշխատել եմ, որպեսզի չմնամ նույն տեղում։ Փառք ու պատիվ այն բոլոր դերասաններին, որոնք ստեղծագործում են մեր թատրոնում, չեք պատկերացնի, թե ավագ սերնդի ներկայացուցիչներն ինչպես են ընդունում, տեղ տալիս ու օգնում երիտասարդներին: Եռանդիս ու աշխատասիրությանս շնորհիվ փորձեցի նրանց ապացուցել, որ թատրոնն առաջնային է ինձ համար:  

- Ստեղծագործական առումով ո՞ր շրջանն է ամենաբուռն ու արդյունավետը եղել Ձեզ համար։

- Երեւի թե վերջին մի քանի տարիները․ թատրոնում միանգամից չես կարող գլխավոր դերեր ստանալ, ու դա շատ ճիշտ է: Երբ միանգամից է լինում, նոր ավարտած ուսանողներին ամեն ինչ հեշտ ու հասանելի է թվում, սկսում են չկարեւորել ու ամեն ինչին մատների արանքով նայել: Ժամանակին Հարությունյանին մեղադրում էի դեր չտալու համար ու մտովի կռվում հետը, բայց հիմա հասկանում եմ, որ դա էր թատրոնին կապելու ճիշտ ուղին։ Դրա համար էլ ստեղծագործական աճի ու վերելքի առումով վերջին տարիներն են նշանակալից, համարյա բոլոր ներկայացումներում խաղացել եմ, բայց գլխավոր դերեր քիչ եմ ունեցել: Մի քանի տարի առաջ «Քեյս»-ում գլխավոր դեր ստացա, շատ սիրով ու նվիրումով խաղացի «Մաուգլի»-ում: Իմ կյանքում շատ բան փոխեց «Միզերի»-ն, որի շնորհիվ հանդիպեցի Գոռ Մարգարյանի եւ Տաթեւ Ղազարյանի հետ։ Կարեւոր ու սիրելի դեր ստացա երիտասարդ  ու տաղանդավոր ռեժիսոր Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանին» ներկայացման մեջ:

- «Միզերի»-ի մասին միշտ առանձնահատուկ եք խոսում, որը, թեեւ սկզբում բավական վախեր է առաջացրել, բայց հետո շրջադարձային դարձել Ձեզ համար:

- Միանգամից եմ համաձայնվել խաղալ, որովհետեւ հիմարություն կլիներ չցանկանալ աշխատել թատերական ոլորտի լեգենդներ Տաթեւի ու Գոռի պես տաղանդների հետ: Չափազանց լարված էի ու վախեցած, որովհետեւ այլ անձնակազմի հետ աշխատելու իմ առաջին փորձն էր, սեղանի շուրջ ընթերցումների ժամանակ նույնիսկ տեղափոխվել եմ Երեւան: Շատ արագ մտերմացանք ու դարձանք ընկերներ, առողջ մթնոլորտում ենք համագործակցել ու իրար կես բառից հասկացել: Հետո ինձ համար նույնիսկ ծիծաղելի էր, թե ինչու էի այդքան տառապում ու գիշերներն անքուն մնում։ Թվում էր՝ մի ամբողջ հավերժություն իրար գիտենք, ու երբ պրեմիերայից հետո վերադարձան Երեւան, այնքան անսովոր էր, շատ էի կապվել հետները: Իրենք էլ Գյումրին են սիրել, հաճախ են երեկոյան մի քանի ժամով գալիս, գրկում ենք իրար, կարոտներս առնում ու վերադառնում են։

Արսեն Սաղաթելյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ձեր մյուս կարեւոր ներկայացումը «Տունը սահմանինն» էր, այն հնարավոր չէ առանց հուզվելու նայել, ինքներդ ի՞նչ եք զգում մարդկանց մոտ նման ապրումներ առաջացնելիս:

- Այդ ներկայացումից հետո բնավորության մի վատ գիծ եմ ձեռք բերել՝ «Տունը սահմանին», «Միզերի»-ն ու «Մաուգլի»-ն ինձ համար հիվանդագին են դարձել: Գիտեմ, որ սխալ է, բայց եթե անգամ որեւէ մասնագետ դրանց ճիշտ ու դիպուկ նկատողության կամ քննադատության է արժանացնում, չափազանց ծանր եմ տանում եւ վատ արձագանքում։ Միգուցե նվիրումս է այլ, չգիտեմ։ «Տունը սահմանին» ներկայացմանը սկզբնական շրջանում գրեթե բոլորս թերահավատորեն ենք մոտեցել՝ վախով ու տատանվելով, բայց արդյունքը բոլորովին այլ ստացվեց: Այս շրջանում ունեցանք մեր թատրոնի լավագույն ներկայացումներից մեկը, եթե ոչ լավագույնը։

- Արտուշ Միքայելյանի հետ վաղուց ընկերներ եք, ինչպե՞ս իրար ավելի լավ ճանաչեցիք համատեղ աշխատելու արդյունքում ու ինչպիսի՞ ռեժիսոր է նա:

- Շատ տաղանդավոր է, վստահաբար եմ ասում, որ նրա մասին դեռ շատ ենք լսելու։ Եթե շարունակի նույն կերպ աշխատել, մեծ ասելիք ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս: Փայլուն երեւակայությամբ ու աշխատելաոճով է օժտված: Բայց միաժամանակ նաեւ հիստերիկ ռեժիսոր է, փորձը սկսվելու առաջին իսկ րոպեից մինչեւ ավարտը տարօրինակ նյարդ ու ագրեսիա է մտնում մեջը, հետո էլի նույն մարդն է դառնում: Արտուշը կարող էր ամբողջ թատրոնով մեկ գոռալ, երբ որեւէ բան մոռանում էի, այնպիսի հիստերիաների մեջ էր ընկնում, մտածում էի՝ կվատանա, ու երդվում էի էլ ոչինչ չմոռանալ (ծիծաղում ենք,-հեղ.): Նրա հետ չէինք զգում, թե ժամանակն ինչպես անցավ, դերասաններով իրար կես բառից զգում ու հասկանում էինք: Համոզվեցի՝ որտեղ նյարդ ու ստեղծագործական լարվածություն չկա, չի կարող լավ բան ծնվել։

- Արսեն, ինչպե՞ս է, երբ զբաղվում ես սիրված աշխատանքով:

- Մարդիկ կյանքի տարբեր շրջանում երջանկությունն այլ կերպ են պատկերացնում: Հիմա ինձ համար երջանկություն է զբաղվել սիրելի մասնագիտությամբ, լինել երկրի լավագույն թատրոններից մեկում, ստեղծագործել լավագույն արտիստների ու ռեժիսորների հետ եւ ապրել մեր երկրի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում։

- Կարո՞ղ է մեկ ներկայացումը կամ խաղընկերը շատ բան փոխել։ Ու Ձեզ հետ նման բան եղե՞լ է։

- Իմ բոլոր ներկայացումներում գործընկերներից ու ռեժիսորից բացի միշտ մոտիվացիա է պետք լինում: Լավ առումով եմ ասում`այդ փուլում կարող եմ սիրահարվել գործին, կամ դերակատարների լավ խաղը ոգեշնչի ձգտել ավելիին: Ոչ տարիքը կապ ունի, ոչ էլ սեռը, սխալ չհասկանաք, դա մասնագիտական սիրահարվածություն է, զուլալ ու պարզ իմաստով է եւ օգնում է ինձ ավելի լավը դառնալ:

Արսեն Սաղաթելյանը


- Իսկ իրական կյանքում կա՞ այդ սերն ու այն մեկը, ով օգնում է Ձեզ:

- Շատ վաղուց եմ այնպես սիրահարվել, որ ցանկացել եմ ամուսնանալ ու երեխաներ ունենալ: Հետո այդքան լուրջ եւ խորն այլեւս չեմ սիրել։ Կարծում եմ՝ դեռ նման մարդու չեմ հանդիպել, միանգամից կզգամ, մի կայծ կհուշի, որ հենց այդ դեպքն է: Կարեւոր չէ, թե որ տարիքում կլինի, պատրաստ եմ ընտանիք կազմել։ Միայն սարքովի չլինի, ինչ է թե ամուսնանալու ժամանակն է, ընտանեկան խաղաղությունը, ջերմությունն ու հարմարավետությունը միայն այդկերպ են հնարավոր։ Եթե այդ քիմիան չլինի, երբեք չեմ ամուսնանա:

- Երեւի շատ են ասել, որ տարբերվող արտաքին ունեք՝ էդրիանբրուդիական, այն որպես դերասան ինչպե՞ս եք ի շահ Ձեզ ծառայեցնում։

- Միանշանակ, ի շահ ինձ է, բայց վերջին շրջանում է այդպես: Տարիքի հետ եմ գտել այն տեսքը, որն ավելի հարմար ու նպատակային է աշխատանքի մեջ: Դերասանների դեպքում արտաքինը պետք է ծառայի մասնագիտությանը։ Լյուդվիգ Հարությունյանն է կոտրել այն կարծրատիպը, որ մեծ քթով տղան էլ կարող է գլխավոր հերոսի մարմնավորել:  

- Կա՞ որեւէ խաղընկեր, որի հետ յուրահատուկ կապ ունեք բեմում եւ անհամբեր սպասում եք համատեղ ներկայացմանը։

- Գրեթե բոլորին էլ շատ եմ սիրում ու հաճույքով աշխատում, բայց կա մի դերասանուհի, ով իսկապես ֆենոմենալ է ու վերջին շրջանում դրանում վերջնական եմ համոզվել ՝ Նառա Սանթոյանը։ Մեր երկրի ամենալավ դերասանուհիներից է, տաղանդի չափը չեմ կարող նկարագրել, պարզապես պետք է հետը խաղալ: Անկրկնելի ստեղծագործող է ու նրանից շատ բան եմ սովորել, այդ առումով նաեւ Տիգրան Գաբոյանից եմ քաղել: Նրա Արշիլ Գորկու դերակատարումից հասկացել եմ, թե ինչպես է պետք կերպարը ստանալ՝ այդ ամիսների ընթացքում ուղեղն անջատում էր, մոռանում ամեն ինչ ու ապրում դերով, դրա համար էլ փայլուն է մարմնավորում։

- Ձեր աշխատանքն ինչ-որ առումով օգնում է կյանքն ավելի հեշտ ապրել, չտեսնել կենցաղային խնդիրները, կամ գոնե չկենտրոնանալ դրանց վրա:

- Միանշանակ, այդպես է, բայց ճշմարիտ ու իրեն հարգող ստեղծագործողը կյանքում երբեք չի խաղում: Իմ ու ընկերներիս օրինակով ասեմ՝ փորձում ենք աննկատ մնալ ու ամեն տեղ չհայտնվել։ Մի այսպիսի բարդույթ ունեմ՝ ինձ թվում է որեւէ տեղ հայտնվելիս կմտածեն, որ դիտավորյալ եմ արել: Նույնն էլ խոնարհման դեպքում է, երբ ներկայացման ավարտից հետո մոտենում եմ հանդիսատեսին, շատ արագ եմ հետ գնում, որ մի երկու վայրկյան երկար մնալու դեպքում չմտածեն՝ ուզում եմ երկար ծափահարեն։

Արսեն Սաղաթելյանը


- Թատրոնից անցում կատարենք Ձեզ․ ինչպիսի՞ն է Ձեր տունն ու Դուք այնտեղ:

- Ցավոք սրտի, 2017 թվականից միայնակ եմ ապրում, 2016-ին դժբախտ պատահարի արդյունքում մահացավ հայրս, իսկ մեկ տարի անց՝ հիվանդությունից մայրս: Քույրս ամուսնացած է եւ Գյումրիում չի բնակվում։ Երբ ճակատագրի բերումով ամեն ինչ այդպես ստացվեց, նոր հասկացա, որ ցանկացած մարդ կյանքում գոնե ինչ-որ ժամանակաշրջան պետք է միայնակ ապրի։ Ինչքան կարեւոր է, որ արտերկրում չափահաս դառնալուց հետո ծնողները երեխաներին միայնակ են թողնում: Սկսում ես ինքդ քեզ բացահայտել, հասկանալ, թե ինչ ես ունակ անել եւ ով ես դու։ Միշտ մայրս է զբաղվել կենցաղային վճարումներով ու գնումներով եւ ինձ թվացել է, որ երբեք գլուխ չեմ հանի, բայց սխալվում էի:

- Ձեր ընկերներից իմացել եմ, որ շատ բծախնդիր ու մաքրասեր եք։

- Չափազանց, կոկիկ ապրող ու թաթերի վրա քայլող չեմ, ինքս էլ սիրում եմ քանդել ու ավիրել, բայց այդ ամենը հետո մաքրել ու հավաքել է պետք (ծիծաղում է,-հեղ.): Շատ եմ սիրում աման լվանալ, բայց, այ, արդուկել որեւէ կերպ չի ստացվում:

- Իսկ ո՞վ է այդ դեպքում արդուկում Ձեր հագուստները:

- Հիմնականում ընկերներս՝ Ջեմման (դերասանուհի Ջեմմա Ադամյանն է,-հեղ.) ու Ամալյան (Թումասյան) են իմ հագուստներով զբաղվում, նաեւ մեր քաղաքում ապրող տատիկ ունեմ, նա միշտ օգնում է տան մաքրության հարցերով: Պատրաստել ընդհանրապես չեմ կարողանում, ամեն ինչ միայն խաշել գիտեմ։ Սիրում եմ, որ ամեն ինչ իր տեղում լինի։ Երբ քույրս է երեխաների հետ գալիս, թափթփվածությունից չեմ նեղվում: Երբ ընկերներով հավաքվում ենք, նրանք ամեն ինչ լվանում ու հավաքում են, բայց վերջում անպայման ինքս եմ դասավորում, որ հետո ժամերով ման չգամ։ Որեւէ բան չգտնելու դեպքում մոտս հիստերիա է սկսվում:

Արսեն Սաղաթելյանը


- Անդրադարձանք միայնակ ապրելու կենցաղային կողմերին, բայց ոչ կորուստներին, որոնք կյանքում մեծ հետք են թողնում ու երբեք հեշտ չեն լինում: Ո՞նց հաղթահարեցիք դրանք։

- Չեմ խոսի այն մասին, թե երեխայի համար որքան ծանր է ծնող կորցնելը, մանավանդ նման տարիքում՝ 27, երբ սկսում ես մտածել ընտանիք կազմելու մասին։ Մի բանում համոզված եմ ու վերջնական հասկացել եմ, որ ցանկացած խելացի նորմալ մարդ իրավունք չունի ոչ մի բանի ազդեցության տակ մնալու: Ոչ մեկ չգիտի, թե ծնողների կորստից հետո ամեն անգամ գլուխս բարձին դնելիս ինչ ապրումներ եմ ունենում։ Ընկերներիս շնորհիվ եմ հաղթահարել ամեն ինչ, այդ ժամանակ եմ հասկացել, թե ինչքան լավ բան է կողքիս նման մարդիկ ունենալ: Շոկային վիճակ էր, ոչինչ չէի գիտակցում, բազմաթիվ հարցեր կային լուծելու, բոլորով նրանք են զբաղվել: Այդ ամենը երկար տարիների անաչառ ընկերության շնորհիվ է եղել։ Մեկ էլ հասկացել եմ, որ առանց լավ ընկեր կարելի է նույնիսկ չապրել։

- Ձեր տարեդարձին Տաթեւ Ղազարյանը գրել է. «Իմ Փոլ Շելդոն: Քեզ գրում է քո Էննի Ուիլքսը: Թող կատարվեն քեզ հետ կապված իմ բոլոր երազանքները»: Այդ ի՞նչ երազանքներ են:

- Շատ չի էլ բացահայտել դրանց բովանդակությունը, բայց միշտ ասում է. «Դու չես պատկերացնում, թե դեռ ինչեր ես անելու»։ Տաթեւ Ղազարյանի պես մարդիկ կան, որոնց հետ դեռ կարճ ժամանակ եք շփվում, բայց հասկանում եք, որ նա ամբողջ կյանքի համար է։ Վստահ եմ՝ ինձ հետ կապված նրա ցանկացած երազանք ու ցանկություն չի կարող որեւէ վատ նշույլ պարունակել:

- Ի՞նչ եք ուզում հիմա ու այստեղ:

- Զրույցից առաջ սարսափելի լարված ու վախեցած էի (ծիծաղում ենք,-հեղ.), որովհետեւ գիտեի, թե որքան խորն ու իմաստալից են հարցերդ: Դրա համար էլ անհանգստանում էի. «Հասմիկի հետ պետք է սիրուն ու ճիշտ խոսել»։ Չնայած ներկայացման եմ շտապում, բայց ինձ համար էլ կարեւոր չէ, որ կուշանամ։ Ուզում եմ, որ այս զրույցը չվերջանա:

Արսեն Սաղաթելյանը


- Ովքե՞ր են Ձեր մարդիկ:

- Իմ ընկերները։

- Վայրերը:

- Իմ ննջասենյակը:

- Ուտելիքները:

- Խաղողի թփով տոլման։

- Գրքերը:

- Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւություն»-ը եւ Ցվայգի «Շախմատային նովել»-ը:

- Բառերը:

- «Կյանքս» եմ շատ ասում։

- Անելիքները։

- Ամբողջությամբ կապված են մասնագիտության հետ: Կենտրոնացած եմ Հարությունյանի նոր բեմադրության վրա, դեր կա, որն ուզում եմ խաղալ, այդ մասին գիտի եւ միգուցե փորձի ինձ:

- Ինչի՞ մասին է Ձեր լռությունը:

- Միշտ լռում եմ, երբ իմ տանն եմ: Սիրում եմ միայնակ մնալ, որովհետեւ կարող եմ չխոսել ու մտածել ամեն ինչի մասին:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի։
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի։
Նկարահանման վայրը՝ Art Kvartal

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW