Երգչուհի Նարե Գրիգորյանն այն հայտնիներից է, ովքեր բնակություն են հաստատել ԱՄՆ–ում։ Նարեն Նահանգներում հաստատվել է ընտանիք կազմելուց հետո։ Նրան ճանաչողներն ասում էին, որ, եթե ընտանիքը չլիներ, նա երբեք Հայաստանից չէր մեկնի։ Նարեի հետ հարցազրույցը սկսում եմ արդեն ավանդական դարձած հարցից՝ «հիմնակա՞ն ես մնալու այստեղ»։
- Կցանկանայի հարցին հստակ պատասխանել, բայց իրականում որևէ հստակ պատասխան չունեմ։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ հայտնվել այստեղ, որքան կմնամ։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ, որ կրկին հայտնվեմ իմ սիրելի Երևանում։
Իրականում ամուսինս անհետաձգելի գործեր ուներ ԱՄՆ-ում ու չէր կարող ապրել Երևանում։ Նա գնաց Ամերիկա ու մենք մեկ տարի իրարից առանձին ապրեցինք։ Իմ մասին չեմ էլ ուզում խոսել, բայց երեխաս ուղղակի չէր դիմանում հոր կարոտին։ Այն աստիճան էր կարոտել, որ, երբ անծանոթ տղամարդու էր տեսնում, որն ինչ-որ չափով նման էր իր հայրիկին, ասում էր՝ պապա։ Դա ինձ արդեն սարսափեցնում էր ու հենց դա էլ պատճառ դարձավ, որ ինքս իմ դեմ գնալով՝ եկա ԱՄՆ։ Բայց հույս ունեմ, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Տարուց ավելի է անցել, ու այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ իմ պես են մտածում, գուցե չհարմարվեն էլ երբեք այստեղի կյանքին։
- Հետևաբար ի՞նչն է ձգում բոլորին, որ ձգտում են գալ ԱՄՆ։
- Ամերիակն ինձ երբեք չի ձգել։ 10 տարի առաջ Երգի պետական թատրոնի հետ համերգներով եկանք այստեղ։ Դե, մեզ համար նորություն էր ամեն ինչ, հետաքրքիր էր, այդքանը․․․ Շրջագայեցինք ու վերադարձանք։ 10 տարի անց կրկին եկա այստեղ ու հասկացա, որ անժամկետ եմ գալիս․․․ Չսիրեցի այս երկիրը։ Իհարկե, հանգամանքներն էլ դրան նպաստեցին։ Եկած օրվանից ընկա բժիշկների դռները։ Այստեղ շատ տարօրինակ բաներ կարող ես տեսնել։ Օրինակ, եթե ձեռքի կոտրվածք ունես, գնում ես մասնագետի մոտ, քեզ թվում է, թե նայելու են ամբողջ ձեռքդ, բայց ասում են՝ կներեք, մենք միայն մատի մասնագետ ենք․․․ Կամ երեք ամիս պետք է սպասես, մինչև քո հերթը հասնի, թեկուզ ձեռքդ կարող է կոտրված լինի։
Նարե Գրիգորյանը` որդու հետ
- Նարե, փոքր տարիքում քեզ միշտ կարող էինք տեսնել հորաքրոջդ՝ երգչուհի Արմինե Գրիգորյանի կողքին, անգամ տեսահոլովակ էիք նկարել։ Քեզ ճանաչում էին որպես երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստր։ Դու էլ ժամանակ առ ժամանակ երգելու հայտ էիր ներկայացնում, բայց լռում էիր։ Ի՞նչ խանգարող հանգամանքներ կային։
- Ուրիշն իմ փոխարեն լիներ, այլ կերպ կվարվեր՝ օգտվելով այդ լայն հնարավորությունից։ Բոլորը գիտեն, որ ես երբեք առիթից օգտվող չեմ։ Իհարկե, դա չխանգարեց, որ մարդիկ շատ վատ մեկնաբանություններ գրեն այն ժամանակ, երբ ես մասնակցում էի «Հայաստանի ձայնը» նախագծին։ Ու վատ մեկնաբանություններ գրում էին ոչ թե երգելուս հետ կապված, այլ որ ես Սամվել Գրիգորյանի աղջիկն եմ ու, բնականաբար, պետք է այդ նախագծում երգեմ։ Բայց «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելը կարևոր քայլ էր իմ կյանքում։ Առաջին անգամ հանդիսատեսը տեսավ մեներգչուհի ու արդեն մեծացած Նարեին, չնայած 9 տարեկանից երգում էի ու արդեն հայրիկիս ու հորաքրոջս հետ դուետներ ունեի։
Սկզբնական շրջանում մտածում էի, որ կտեսնեն ու կգնահատեն իմ կարողությունները։ Բայց, ցավոք, սպասելիքներս չարդարացան։ Երբ պատրաստվում էի մասնակցության հայտ ներկայացնել ու քննարկում էի դա Արթուր Գրիգորիչի հետ, նա ասաց․ «Դու չե՞ս վախենում, պատրա՞ստ ես ամեն տեսակ խոսակցությունների»։ Ասացի՝ Գրիգորիչ, ինչի՞ց պետք է վախենամ, ոնց որ ուրիշներն են մասնակցում, այնպես էլ ես։ Ասաց․ «Նարե դո՛ւ հասկանո՞ւմ ես՝ ինչի մեջ ես մտնելու»։
Ու իսկապես՝ չէի պատկերացնում, թե ինչ է սպասվում։ 21 տարեկան աղջնակ բազմաթիվ երազանքներով, ուղեղս պայթում էր այդ երազանքներից ու չգիտեի արդեն՝ ուր եմ հասնում։ Դա լավ էր և վատ։ Լավ էր, որ ես շատ-շատ կոփվեցի։ Շփվեցի, աշխատեցի պրոֆեսիոնալների հետ։ Բայց ամենակարևորը՝ իմ սիրելի Հայկոյի հետ, ով իմ մարզիչն էր ու նրա խորհուրդները միշտ կհիշեմ։
Հիշում եմ առաջին հաղորդումը, երբ հեռարձակվեց, ու բոլորը իմացան, որ ես Սամվել Գրիգորյանի աղջիկն եմ։ Մեկնաբանությունների տեղատարափ սկսվեց։ Երկու օր սենյակիցս դուրս չէի գալիս, կարդում էին բոլոր քոմենթները։ Ու գրում էին այն մարդիկ, որոնց երեխաները դուրս էին մնացել նախագծից։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ էդ նամակները շատ խոցեցին հոգիս ու քայլերս դարձան ոչ հստակ։ Հետո եկավ Հայկոն ու ասաց․ «Նարե, երբ մասնակցում էի Եվրատեսիլին, անթիվ- անհամար նամակներ էի կարդում։ Հրաչ Քեշիշյանը մի օր արգելեց դրանք կարդալ։ Դա ինձ օգնեց, ես ոչ մի կերպ չվերաբերվեցի այդ նամակներին, դու էլ պիտի այդպես անես։ Այլապես այս ոլորտում չես դիմանա։ Բայց ես այնքան էի հիասթափվել այդ ոլորտից, որ աշխատանքի ընդունվեցի օդանավակայանում եւ բացարձակ կապ չունեի երգի հետ:
- Մի ընտանիքում ես ծնվել ու մեծացել, որը միշտ հասարակության ուշադրության կենտրոնում է եղել։ Այսինքն, այդ վիճակները պետք է որ քեզ ծանոթ լինեին։ Ինչո՞ւ ես այդքան սուր ընկալել։
-Ինձ շատ հեռու են պահել այդ ամենի ինչից։ Հայրս ամեն անգամ ասում էր․ «Չեմ ուզում, որ դու իմ ուղին ընտրես»։ Ես չէի հասկանում, թե ինչու։ Ախր այդ ամենն ես այնքան գունավոր էի տեսնում, այնքան սիրուն էր ամեն ինչ։ Ու չէի պատկերացնում, որ կգա մի օր, երբ նման հարվածներ կստանամ։ Մի օր էլ մի լուր հրապարակվեց, որտեղ ասվում էր․ «Սամվել Գրիգորյանը հաշիվ է պահանջել Հայկոյից իր դստեր հետ նման կերպ վարվելու համար»։ Հայկոն այդ ժամանակ Գերմանիայում բուժվում էր, իսկ հայրս Մոսկվայում էր։ Ու շատ ծիծաղելի էր ամեն ինչ, նրանք լավ ընկերներ էին ու նման բան չէր կարող լինել։ Հայկոն մեր թիմի բոլոր անդամներին վերաբերվում էր հարազատի պես։ Մի ժամանակահատված կար, երբ նախագիծը ավարտվել էր, բայց նա իր թիմին իր հետ տանում էր ամեն տեղ։ Եվ մենք սկսեցինք ընկերություն անել։
Արամ Շամիլյանի եւ Նարե Գրիգորյանի հարսանիքին
- Իսկ ի՞նչ եղավ նախագծից հետո։
- Ես շարունակում էի Երգի թատրոնում աշխատել, գնացի Գրիգորչի մոտ, ասաց՝ հիշո՞ւմ ես՝ ի՞նչ էի քեզ ասում»։ Պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ պատրաստ չէի հանդիսատեսի կողմից նման արձագանքի։ Ես թատրոնի 4-րդ սերնդից էի։ Բայց մինչ այնտեղ ընդունվելը 2009 թ–ին ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան, որ երաժշտական աշխարհից բացի ունենամ մեկ այլ մասնագիտություն եւս։ Ընտանիքիս անդամներին չէի ասել, որ ուզում եմ Երգի թատրոն ընդունվել։ Ընդունելությանը սովորականի պես երգեցի ու եկա տուն՝ սպասելով պատասխանի։ Գալիս եմ թատրոն ցուցակները նայելու ու իմ անունը չեմ գտնում։ Նեղվեցի մի քիչ, բայց ներքուստ ուրախացա, որ մամայենց չեմ ասել․․․ Սակայն պարզվեց, որ սխալմամբ հաղորդավարների ցուցակն եմ նայել։ Մի խոսքով, իմ անունը կար այդ բաղձալի ցուցակում։ Գրիգորիչը հետո իմացավ, որ ես Սամվել Գրիգորյանի աղջիկն եմ, ու մի օր էլ մեկ այլ բաղձալի զանգ ստացա։ Ինձ առաջարկեցին ընդգրկվել թատրոնի հիմնական կազմում։
- Հետո ամուսնացար ու վերջ դրեցի՞ր բեմական կյանքիդ։
- Ոչ, քանի որ ամուսինս երբեք դեմ չի եղել իմ կարիերային։ Ընդհակառակը, ինձ միշտ ոգևորել է, որ երգեմ։ Մենք ծանոթացել ենք հենց համերգի ժամանակ։ Մտերիմ ընկերուհիս՝ Լուսինե Փիրոյանը համերգ էր կազմակերպել։ Ապագա ամուսինս Լուսինեի զարմիկն է ու մի ամսով եկել էր Հայաստան։ Մենք ծանոթացանք այդ համերգի ժամանակ ու իմ կյանքում սկսվեց հետաքրքիր ու նոր փուլ։
Ոճային շատ լուրջ փոփոխություն եղավ էստրադայում։ Բոլորը դարձան միանման՝ կորցնելով իրենց առանձնահատկությունն ու յուրահատկությունը։ Այսօր դիմագիծ ունեցող երգիչները շատ քիչ են։ Երգի թատրոնի տարիներին ու դրանից հետո էլ միշտ ականջիս մեջ Գրիգորի չի ձայն էր, թե եթե լսի, ինչ կասի։ Նա բոլորի գործունեությանը հետևում էր, բոլորից տեղյակ էր՝ հարցազրույցներից սկսած մինչև որտեղ են աշխատում ու ինչ են երգում։ Մենք չէինք կարող շեղվել, միեւնույն է՝ բռնվելու էինք։ Ու չգիտեինք՝ ինչ երգենք՝ երգ, որ կլսի 10 հոգի, թե մի բան, որ լայն լսարան կունենա, բայց դա քո հոգու երգը չի լինի։ Հիմա էլ առավել քան այդ փնտրտուքների մեջ եմ։ Բայց երգելու եմ, թեկուզ ժամանցային վայրերում, իհարկե, իմ ռեպերտուարով։
Նարե Գրիգորյանը եւ հայրը՝ Սամվել Գրիգորյանը
- Վերադառնանք ընտանիքին․ մեծ ընտանիք ես հարս եկել։ Ինչպե՞ս ընդունեցին երգչուհի-հարս Նարեին։
- Այո, մեծ հայկական ընտանիք՝ սկեսուր, սկեսրայր, տալ, տալի աղջիկ։ Ես մարդկանց հետ շփվում եմ ոչ որպես երգչուհի, այլ որպես անհատ։ Ես Նարեն եմ՝ պարզ մարդ, որ բաց է գրքի պես։ Ինձ ընդունեցին այնպես, ինչպես կամ։ Սկեսուրիս մայրիկ եմ ասում ու ոչ ձևական։ Երբ դիմացինը լավ վերաբերմունք է ցուցաբերում, ի՞նչն է խանգարում չասել։ Փոքրիկս էլ 3 տարեկան է, երբեք չի լսել իմ երգերը։ Ինձ ոչնչով նման չի, հայրիկին է նման շատ։
- Հերթը բլից հարցաշարինն է։ Վախենում ես․․․
- Մենակությունից
- Ափսոսում ես․․․
- Որ շատ եմ հաշվի առել դիմացինի կարծիքը։
- Թույլ կողմերդ։
- Իմ վախերը։
Նարե Գրիգորյանը
- Ուժեղ կողմերդ։
- Այսքանից հետո զենքերս վայր չդնելը։ 30 տարեկան եմ, բայց մի քիչ այլ կերպ ու հասուն ձևով եմ նայում ամեն ինչին։ Ծնողներս երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեցան։ Ես չէի գիտակցում՝ դրանք ինչ հիվանդություններ են։ Սկզբում հարցնում էի ուսուցիչներիս՝ ինչ է քաղցկեղը։ Բարդ շրջան էր։ Տան անդամներն այդ մասին չէին խոսում, մի օր էլ թաքուն նրանց խոսակցությունը լսեցի ու, կարելի է ասել, հենց այդ օրը մեծացա։ Իմ խնդիրները չդարձան՝ ո՞ւր գնալ,ի՞նչ հագնել, որտե՞ղ ընկերներին հանդիպել և այլն։ Ուղեղս այլ բանով էր զբաղված։ Դա էլ մի փուլ էր, որ ինձ հասուն դարձրեց։ Ու այդ ժամանակ իմ կարևորագույն խնդիրներն այլ դարձան։ Առավոտից երեկո աղոթում էի։ Ամեն երեկո կարդում էի Նարեկացի ու հետո սկսում էի աղոթել, որ ծնողներս առողջանան։ Աստված լսեց աղոթքներս․ հայրս առողջացավ, մայրս դեռևս պայքարում է այդ հիվանդության դեմ։ Երազում էի, որ մայրս ու հայրս տեսնեն իմ հարսանիքը։ Ու փառք Աստծո՝ տեսան։ Երբեք չեմ խոսել այս մասին, առաջին անգամ եմ անկեղծանում։
- Հարց, որ քեզ միշտ նյարդայնացրել է․․․
- Անձնական թեմաներով ցանկացած հարց՝ մինչև ամուսնանալը։
- Արարք, որ չես ների երբեք։
- Սուտն ու դավաճանությունը։
- Դեպք, որ կուզենայիր ջնջել հիշողությունից։
- Ծնողներիս առողջական թեման։ Իսկ գլոբալ առումով չէի ցանկանա տեսնել ու հասկանալ պատերազմ բառի իրական նշանակությունը։ Միայն գրքերի մեջ կարդայի։
- Հավատում ես․․․
- Աստծուն։
Զրուցեց Արմինե Գեւորգյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: