×


Մի ամբողջ կյանք միմյանց սիրող ու գնահատող Մերիլ Սթրիփը եւ Դոն Գամերը

Արդեն 45 տարի է 74-ամյա Մերիլ Սթրիփը եւ 75-ամյա Դոն Գամերն ամուսնացած են ու միմյանց շարունակում են նայել սիրահարված աչքերով: Նրանք 4 երեխա ունեն, կայացել են որպես մասնագետներ ու, ամենակարեւորը, չեն դադարել գնահատել ու սիրել միմյանց: BRAVO.am-ը պատմում է մերօրյա ամենահայտնի դերասանուհիներից մեկի կյանքի ու ընտանիքի մասին:

Կարիերայի սկիզբը

Մերի Լուիզա Սթրիփի վրա մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհի մայրը: Նա մանկուց է դստերը ծանոթացրել արվեստին ու 12 տարեկանում նրա համար երգի ուսուցչուհի վարձել: Դպրոցն ավարտելուց հետո Սթրիփը միանգամից է որոշել, թե ինչով է ցանկանում զբաղվել:

Նա քոլեջում դերասանի վարպետություն է սովորել, ապա շահել Եյլի համալսարանի դրամատիկ դպրոցում 3 տարի անվճար սովորելու դրամաշնորհ: Ավարտելուց հետո ստացել է արվեստի մագիստրոսի կոչում ու ընտրել Մերիլ Սթրիփ անունը: Իր տաղանդի շնորհիվ Բրոդվեյում դերեր է ստացել Շեքսպիրի, Միլլերի, Ուիլյամսի պիեսներում, «Թոնի» թատերական մրցանակի արժանացել, չնայած այդ հաջողությանը՝ կինոյում մեծ դերեր քիչ էին բաժին հասնում՝ համաձայնվում էր եղած առաջարկություններին: Առաջընթաց եղավ «Եղնիկների որսորդը» ֆիլմից հետո, որում նա գլխավոր դեր մարմնավորեց ու առաջին անգամ առաջադրվեց Օսկարի:


Գտած ու կորցրած սերը

Կարիերային զուգահեռ բուռն կերպով զարգանում էին նրա հարաբերությունները դերասան Ջոն Կազալեի հետ, ծանոթացել էին 1976 թվականին ներկայացման փորձերի ժամանակ: Հենց նա է Մերիլին օգնել հայտնվել իր առաջին՝ «Ջուլիա» ֆիլմում: Շատերի համար 40-ամյա դերասանի ու երիտասարդ Սթրիփի սիրավեպը հանելուկ էր, մինչդեռ Մերիլը սիրում էր սիրալիր ու մի քիչ ցրված Ջոնին, որը հավատում էր նրա հաջողություններին:

1978թ. նա Մերիլին համոզեց մեկնել «Հոլոքոստ» սերիալի նկարահանումներին, արդեն իմացել էր որ անբուժելի հիվանդ է եւ չէր ցանկանում, որ դերասանուհին խնամի իրեն: Սթրիփը մեկնեց Ավստրիա ու վերադառնալուց հետո իմացավ, որ սիրելին ի վիճակի չէ վեր կենալ անկողնուց: Կազալեի կյանքի վերջին 3 ամիսների ամեն օրը հիվանդանոցում էր անցկացնում:

Նրա մահից կես տարի անց դերասանուհու կյանքում հայտնվեց նոր երկրպագու՝ քանդակագործ Դոն Գամերը, որը նրա եղբոր ընկերներից էր: Իմանալով Մերիլի ծանր դրության մասին (Կազալեի մահից հետո Մերիլ ապրելու տեղ չուներ), առաջարկեց իր բնակարանը, քանի որ պատրաստվում էր 6 ամսով մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության:


Մինչ նա բացակայում էր, Մերիլը որպես շնորհակալություն երկար նամակներ էր գրում, որտեղ էլ գտնվելիս լիներ, Դոնը միշտ պատասխանում էր: Երբ վերջապես Գամերը վերադարձավ Նյու Յորք, երկուսն էլ չէին կասկածում, որ ստեղծված են միմյանց համար: 1978 թվականի աշնանը կայացավ նրանց ոչ մեծ հարսանիքը: Դերասանուհուն շատերն էին քննադատում այդ որոշման համար ու նշում, որ երկար չեն ապրի միասին, բայց, ինչպես տեսնում ենք, բոլորն էլ սխալվել են:

Քանի որ Սթրիփն արդեն մեծ ճանաչում էր ձեռք բերում, նորապսակները որոշեցին Տակոնիկ գյուղակում հիփոթեքով բնակարան գնել, որպեսզի խուսափեն ուշադրությունից: Հենց այնտեղ էլ նրանք մեծացրին իրենց 4 երեխաներին՝ Հենրիին, Մերիին, Գրեյսին ու Լուիզային:

Օսկարները

Ընտանեկան երջանկությունն ու ներդաշնակությունը չխանգարեցին Սթրիփին կայանալ որպես դերասանուհի: 1979-ին «Քրամերն ընդդեմ Քրամերի» ֆիլմի համար նա ստացավ իր առաջին Օսկարը: Այդ ֆիլմում մարմնավորել է կնոջ, որի ճակատագիրը վախենում էր կրկնել՝ Ջոանան թողնում է ամուսնուն ու որդուն, որպեսզի կայանա կարիերայում, եւ շատ ուշ է հասկանում, որ իր կյանքում ամենակարեւորն ընտանիքն էր:


Դրանից 3 տարի անց նորից է ստանում բաղձալի արձանիկը՝ այս անգամ «Սոֆիի ընտրությունը» ֆիլմի համար:

«Վախենում էի, որ 40 տարեկանից հետո դեր չեմ ստանա, բոլորը բաժին կհասնեն երիտասարդներին: Բայց ժամանակի ընթացքում հանգստացա»,- խոստովանել է նա:

Մայրիկ Սթրիփը

1979-ին Սթրիփն ու Գամերն որդի ունեցան ու նրան Հենրի անունը տվեցին: Դերասանուհին արդեն մտահոգվում էր ոչ միայն ԶԼՄ-ից հեռու պահել իր անձնական կյանքը, այլ նաեւ մտերիմների առողջությունը: Նա տեղացիների հետ փոքրիկ շարժում սկսեց, որի նպատակը տեղական սուպերմարկետներում հայտնված սննդի որակն էր: Այդպես դարձավ մաքուր ու կանաչ մոլորակի պաշտպան:

Տարիներ անց՝ 2012-ին «Երկաթե լեդի» ֆիլմի համար Օսկար ստանալիս՝ Սթրիփն եկել էր վերամշակված պլաստիկ շշերից ստացված զգեստով: Ելույթը նա հումորով սկսեց ու առաջին հերթին ամուսնուն շնորհակալություն հայտնեց. «Երբ անունս կարդացին, զգացում ունեի, որ Ամերիկայի կեսն ասաց. «Ինչքան կարելի է, նորից նա»: Նախ ուզում եմ ամուսնուս շնորհակալություն հայտնել, որովհետեւ սովորաբար երբ անցնում ենք ելույթների այս հատվածին, երաժշտությունը մեզ խլացնում է: Ուզում եմ, որ իմանա՝ այս կյանքում ամեն ինչի հասել եմ նրա օգնության շնորհիվ»:


Դերասանուհուն հաջողվեց համատեղել կարիերան ու դստրերի ծնունդը: Նրանցից երկուսը՝ Մերին եւ Գրեյսը դերասանուհիներ են, որդին՝ երաժիշտ, որը հանդես է գալիս Հենրի Վուլֆ բեմական անունով: 2019 թվականի փետրվարին Սթրիփը տատիկ է դարձել:

Խորհուրդներ Սթրիփից. ներողություն մի խնդրեք  

Դերասանուհին պատմել է, որ տնեցիների համար հաճախ է ուտելիք պատրաստում: Այդկերպ փորձում է լիցքաթափվել ու իրեն մի քիչ էլ տնային տնտեսուհի զգալ: Բայց միշտ չէ, որ ուտելիքները համեղ ու լավ են ստացվում:

«Անկախ ամեն ինչից, Դոնը միշտ ուրախ է, որ պատրաստում եմ: Եթե անգամ որեւէ բան լավ չի ստացվում, ներողություն չեմ խնդրում: Եթե որեւէ մեկը բան չի ասել, շարունակեք լռել»,- կատակել է նա:  

Իմաստուն եղեք

Ինչպես եւ ամեն ընտանիքում, նրանք էլ են վեճեր ունենում: Փորձը դերասանուհուն սովորեցրել է էմոցիոնալ պահերին ավելորդ բառեր չասել: Նախընտրում է լռել ու երբեմն էլ գնալ փոխզիջումների:


«Երջանիկ ընտանիք ունենալու իմ գաղտնիքն է ժամանակին կարողանալ բերանը փակել: Գոնե երբեմն»:

Լավագույն ընկերները

Կողակցի հետ զրույցները երկար ու երջանիկ ընտանեկան կյանքի կարեւոր բաղադրիչն են: Մերիլը խոստովանել է, որ առանց միմյանցից նեղանալու խնդիրները քննարկել միանգամից չեն սովորել: Անգամ ամենաներդաշնակ հարաբերությունները պահպանելու համար երկուստեք աշխատանք է պետք կատարել:

«Թվում է, թե հեշտ է սովորել լսել ու հասկանալ միմյանց, իրականում շատ բարդ է, բայց առանց դրա ոչինչ չի ստացվի: Պետք է տեղյակ լինեք ձեր ամուսնու խնդիրների մասին, լսեք նրա փաստերն ու ընդունեք ձեր սխալները: Զրույցը առողջ հարաբերությունների բանալին է: Անգամ, եթե դրանք ոչ էական են թվում»:


Պահպանել ռոմանտիկան

Սթրիփը չի համարում, որ տարիքը պետք է ազդի հարաբերությունների վրա: Նրա համար առաջնայինն ամուսնու կյանքը նրբությամբ ու սիրով լցնելն է: Գտնում է, որ ամուսնության ամեն փուլն անկախ ամեն ինչից պետք է ռոմանտիկա պարունակի:

«Ընտանիքի կառուցումը ճարտարապետական նախագիծ չէ: Այն ստեղծվում է կապվածության ու նրբության շնորհիվ: Մի անգամ ինձ ասել են, որ կյանքի գաղտնիքն ամեն պահը վայելելն է, այդպես էլ անում եմ: Պարզապես ուրախ եմ, որ ապրում եմ այստեղ, հիմա, անում եմ այն, ինչ սիրում եմ: Ուրախ եմ, որ դեռ դերերի առաջարկներ ունեմ: Նախկինում իմ տարիքի կանայք մեկ ոտքով ծերանոցում էին»:

Սթրիփ

«Անգամ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես ենք այսքան տարիներ միասին ապրել: Շատերն են ասում, թե դժվար է դերասանուհու ամուսին լինել, բայց պատկերացրեք, թե որքան բարդ է նկարչի կին լինել: Լավն այն է, որ նա էլ արվեստի հետ կապ ունի ու հասկանում է աշխատանքիս հետ նման կապվածությունը: Վատ տրամադրություն ունենալիս կարիք չկա ասելու. «Քեզ հետ այս ամենը կապ չունի, նոր դերիս պատճառով եմ խելագարվում»:

Միմյանց ապրելու ու շնչելու տարածություն ենք տալիս: Ես թատրոն եմ հաճախակի գնում, իսկ Դոնը սիրում է գոլֆ խաղալ:


«ոնը հենց այն է, ինչ ինձ պետք է: Չգիտեմ էլ, թե առանց նրա ինչ կանեի, համենայն դեպս, էմոցիոնալ առումով կմեռնեի: Չեմ էլ ուզում պատկերացնել, որ մեր ուղիները կարող էին չհատվել: Նա հանճարեղ է:

Ընտանիքն ինձ համար ամենակարեւոր արժեքն է: Դերեր ընտրելիս էլ մտածում եմ. «Ախր, ես երեխաներ ունեմ»: Հրաժարվում եմ այն աշխատանքներից, որոնց պատճառով երեխաներից երկար ժամանակ հեռու կլինեմ: Իմ Գամերների ավազակախմբի համար ես դերասանուհի չեմ, այլ սովորական աշխատող մայրիկ, որը գալիս է տուն ու ընթրիք պատրաստում»:

Գամեր

«Երբ տարիներ առաջ նրան բնակարանս առաջարկեցի, անգամ մտքումս ռոմատիկ միտումներ չունեի: Պարզապես ուզում էի օգնել Մերիլին, որը ծանր ժամանակներ էր ապրում, շատ էր կոտրված: Բայց երկուսիս սրտերն էլ այլ ընտրություն կատարեցին: Ինքներս էլ չզգացինք, թե ինչպես սիրեցինք իրար ու արդեն մի ամբողջ կյանք է միասին ենք»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW