×


65 տարեկանում նոր սեր գտած ու կյանքի գեղեցկությունը ճաշակող Էնթոնի Հոփքինսը

Էնթոնի Հոփքինսի 85-ամյա կյանքը լի է դերերով, մրցանակներով, սիրով, հիասթափություններով ու դեպրեսիայով: Բայց նա կարողացել է բոլորից միայն լավը վերցնել ու հասուն տարիքում գտնել երջանկության իրական բանաձեւը: Դրանում նրան օգնում է կինը, որի հետ ծանոթացել է 65-ում, ու սեփական փիլիսոփայությունը՝ ապրել կյանքը՝ նրան հարցեր չտալով: Հենց այդ մասին է այսօր պատմելու BRAVO.am-ը:

Նախորդ ամուսնությունները

Էնթոնի Հոփքինսն առաջին անգամ ամուսնացել է 1966 թվականին բրիտանացի դերասանուհի Պետրոնելե Բարքերի հետ: 1968-ին նրանք աղջիկ են ունեցել՝ Էբիգեյլը, որը հետագայում երգչուհի ու երգերի հեղինակ է դարձել: Աստղային ընտանիքը միասին ապրել է 7 տարի ու ամուսնալուծվել:

1973-ին դերասանը նորից է ընտանիք կազմել պրոդյուսերի օգնական Ջենիֆեր Լինթոնի հետ, միասին ապրել են 29 տարի: 2000 թվականին պաշտոնապես հայտնել են բաժանվելու մասին:

«Իմ կյանքով եմ ապրում ու չեմ կարողանում մյուսների հետ լեզու գտնել: Ինձ համար բարդ է նույն մարդու կողքին երկար ժամանակ ապրել»,- բաժանումն այսպես է մեկնաբանել դերասանը:


65 տարեկանում՝ կյանքի նոր փուլը

2001 թվականը Հոփքինսի համար բավական բարդ դասավորվեց, նա չէր էլ կարող պատկերացնել, թե կյանքն ինչպիսի անակնկալ է պատրաստում նրա համար: Լոս Անջելեսի հնաոճ իրերի խանութներից մեկում նա ծանոթացավ Ստելլա Արոյավեի հետ, որին էլ այն պատկանում էր: Դերասանը պատմել է, որ դա սեր էր առաջին հայացքից:

«Երբ նա մոտենում էր ինձ, որպեսզի ողջունի, ասես ճախրելիս լինեի»,- հիշել է Հոփքինսը:

Ստելան Կոլումբիայից է ու Նյու Յորք է մեկնել դերասանուհի դառնալու համար, ապա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ բացել է խանութ ու նկարների ցուցասրահ Մալիբու շրջանում: Ստելլայի հետ հանդիպումը, որը դերասանից փոքր է 18 տարով, շրջել է նրա կյանքը: Մինչեւ նրա հետ ծանոթանալը պատրաստ չի եղել նոր հարաբերությունների. «Երբեք չեմ վստահել, մանավանդ՝ կանանց»:

2003 թվականին նրանք համեստ հարսանիք են ունեցել ու հրավիրել 25 հոգու, որոնց թվում են եղել Սթիվեն Սփիլբերգը, Վայնոնա Ռայդերը, Նիկոլ Քիդմանը, Քեթրին Զետա-Ջոնսը, Միքի Ռուրկը: Քանի որ 1993-ին Հոփքինսը ստացել է «սըր»-ի կոչում, նրա կինն էլ համարվում է լեդի Ստելա Հոփքինս․ ի դեպ, նա վերցրել է ամուսնու ազգանունը:


Փրկօղակ դարձած սերը

Հենց կինն է Հոփքինսին օգնել հաղթահարել ծանր օրերն ու դեպրեսիան.

«Կինս ինձ վարակում է իր անսպառ լավատեսությամբ: Նա միշտ արթնանում է լավ տրամադրությամբ ու անընդհատ հիշեցնում, թե որքան կարեւոր է թողնել բոլոր մտահոգություններն ու վայելել այս պահը: Ստելլան ինձ դուրս է քաշել անդունդի եզրից, ու դրանից հետո ամեն օրը ճակատագրի նվեր է»:

Կնոջ շնորհիվ նա հաղթահարել է աստղային կյանքի դժվարություններն ու դադարել մտածել մարդկանց կարծիքների մասին:

«Միեւնույն է, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին: Այնպիսին եմ, ինչպիսին կամ, եւ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Փոխարենը ոչինչ չեմ ակնկալում ու ընդունում եմ իրականությունը: Այսպիսի կյանքով ապրելն անհամեմատ հեշտ է»:

Կոլումբիան

Այդքանով դերասանի կյանքի փոփոխությունները չեն ավարտվել: Կոլումբիական ծագմամբ Ստելլան նրան կարողացել է ամուր կապել իր երկրի հետ:


«Էնթոնին սիրում է ավանդական կոլումբիական լոշիկներն ու համարյա ամեն օր համտեսում է նախաճաշին: Նաեւ սիրում ենք կոլումբիական երաժշտություն լսել: Իմ ներսում կրքոտ լատինական արյուն է հոսում, դրա համար էլ ամեն օր արթնանում եմ ժպիտը դեմքիս ու պարելու ցանկությամբ: Իսկ Էնթոնին լրիվ հակապատկերս է, նա շատ հանգիստ է: Իրար հիանալի ենք լրացնում»,- պատմել է կինը:

Հոփքինսը կնոջը նկարագրում է որպես «արտակարգ կին, որը դեմ չէ գումար ծախսել»: Սակայն դա բնավ էլ թերություն չի համարում, սիրում է, երբ նա գնումներ է կատարում: Ստելլան պատասխանատու է իր արարքների համար, ինչը դերասանի սիրտն ավելի է շահում. «Նա կարողանում է ինձ ժամանակին կանգնեցնել: Այսօր, օրինակ, խնդրել է դադարել ռեստորանում ճոճվել աթոռի վրա, քանի որ կարող էի ընկնել: Ես սովոր եմ չմտածված քայլեր անել, մտածելով, թե առաջվա պես 45 տարեկան եմ, իսկ Ստելլան ինձ վերադարձնում է իրականություն»,- խոստովանել է 85-ամյա դերասանը:


Կյանքը՝ պարելով

Երկար տարիներ ալկոհոլից կախվածություն ունենալուց հետո դերասանը վերջապես կարողացել է ձերբազատվել դրանից ու հաղթահարել դեպրեսիան: Հիմա նա կյանքը պարելով է անցկացնում ու վայելում սիրելի կոլումբիական ռիթմերը: Բնականաբար, դրանում մեծ է կնոջ դերը: Նրանք իրենց կյանքն ապրել են, հասուն տարիքում են ու ամեն առիթով չեն սիրում խոսել իրենց հարաբերությունների մասին, պարզապես գտել են երջանկությունն ու այն չեն պատրաստվում ձեռքներից բաց թողնել: Էնթոնին ու Ստելլան ցույց են տալիս, որ իրական սերն ոգեշնչում է ցանկացած տարիքում:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anthony Hopkins (@anthonyhopkins)





Հոփքինսի փիլիսոփայությունն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն օրինակ է շատերի համար, նա կիսվում է իր փորձով ու օգնում մարդկանց կյանքում տեսնել միայն լավն ու գեղեցիկը, վայելել ամեն պահն ու շնորհակալ լինել ապրած օրվա համար:

Նրա խոսքերը ձեզ կօգնեն ամեն պարագայում՝ երջանիկ եք, որոնումների ճանապարհին, հիասթափվել եք կյանքից, թե ուզում եք ճիշտ ուղի գտնել:

Խորհուրդները

«Տարիների ընթացքում սովորել եմ բոլորին չգոհացնել: Ավելի հանգիստ եմ դարձել: Երբեմն անհամբեր եմ, բայց փորձում եմ չդատել: Ինքս եմ ապրում ու մյուսներին էլ թույլ տալիս ապրել, չեմ վիճում, կարծիքս չեմ հայտնում: Երբ այդպես եք անում, զայրույթը վերածվում է ոգեշնչման:

Ախ, եթե երիտասարդ տարիքում իմանայի այն ամենն, ինչ հիմա գիտեմ: Երբ երիտասարդ ես, շուրջդ ամեն ինչ կարեւոր է թվում ու բուռն ես արձագանքում: Հիմա հետ եմ նայում ու մտածում. «Մի՞թե արժեր այդ ամենի համար այդքան աղմկել»:

Պետք է հետեւել սկզբունքների, հանուն որոնց ոչ աշխարհի, ոչ էլ ինքդ քեզ հետ չես գնա փոխզիջումների:

Միշտ ապրում եմ մշտական երջանիկ զարմանքի մեջ: Չէի մտածում, որ անգամ մինչեւ 40 տարեկանը կհասնեմ: Ու մինչեւ հիմա զարմանում եմ, որ ինձ դերեր են առաջարկում: Երբ հիշողությունս վատանա, ատամներս թափվեն ու սկսեմ ամբողջությամբ քանդվել, նոր միայն թոշակի կգնամ: Բայց դեռ առողջ եմ, գուցե մինչեւ 100 տարեկանն ապրեմ:


Ամբողջ կյանքում իմաստ եմ փնտրել: Ու միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, կորսված ժամանակն է, որպեսզի վերջապես հասկանայի՝ ճշմարտությունն այն է, որ ոչ մի ճշմարտություն էլ չկա: Ապրեք ու վայելեք կյանքը՝ նրան հարցեր չտալով:

Գիտեմ, որ ինձ ապրելու ավելի քիչ ժամանակ է մնացել, քան արդեն հասցրել եմ: Ինձ երեխա եմ զգում, որին կոնֆետների տուփ են տվել ու նա հաճույքով ուտում է, իսկ երբ տեսնում է, որ շատ քիչ է մնացել, դրանք առանձնահատուկ կերպով է վայելում:

Հասարակական դրվածքի մասին անվերջ դասախոսություններ կարդալու ժամանակ չունեմ, ինչպես նաեւ՝ հիմարների հետ վիճելու: Ժամանակ չկա նաեւ գորշության դեմ պայքարելու:

Ինձ անհանգստացնում են նախանձ մարդիկ որոնք փորձում են սեւացնել հատուկ ձիրք ունեցողներին, որպեսզի տիրանան նրանց հաջողություններին, տաղանդին ու ձեռքբերումներին:

Ժամանակ չունեմ, որ ամսագրերի վերնագրերը քննարկեմ, հոգիս շտապում է: Տուփի մեջ շատ քիչ կոնֆետ է մնացել:


Ինձ մարդկային ոգիներն են հետաքրքիր: Մարդիկ, որոնք կարողանում են ծիծաղել սեփական սխալների վրա, նրանք, ովքեր հաջողության են հասել, գիտեն իրենց առաքելությունն ու չեն խուսափում պատասխանատվությունից: Ովքեր պաշտպանում են մարդկային արժանապատվությունը եւ ուզում ճշմարտությունը պաշտպանել: Հենց հանուն նրանց է, որ արժե ապրել:

Ուզում եմ ինձ շրջապատել մարդկանցով, որոնք կարողանում են դիպչել մյուսների սրտերին: Ովքեր, չնայած կյանքի հարվածներին, կարողացել են ոտքի կանգնել ու պահպանել հոգու փափկությունը:

Այո, ես շտապում եմ, շտապում եմ ապրել: Կուտեմ մնացած բոլոր կոնֆետները, եւ նրանք ավելի համեղ կլինեն համտեսածներից: Իմ նպատակն է վերջաբանին հասնել ինքս ինձ հետ, հարազատներիս ու խղճիս հետ ներդաշնակ: Մտածել եմ, որ երկու կյանք ունեմ, բայց այն միայն մեկն է ու պետք է արժանիորեն ապրեմ»:



Հասմիկ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW