×


Բացահայտում ենք Վան Եղիազարյանին. «Ստեղծագործող բոլոր խմբերն էլ երազողներ են»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Նեմրա» խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ։

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Անգամ մեկն եմ դժվարանում ասել, էլ ուր մնաց՝ միանգամից երեքը (ծիծաղում է): Իրականում, եթե ինչ-որ բանի մասին քչերը գիտեն, ուրեմն՝ ես եմ այդպես ցանկացել, բայց փորձեմ գտնել մի քանիսը... Օրինակ՝ փողոցների անունները, գրքերի վերնագրերն ու հեղինակներին, ֆիլմերի անուններն ու ռեժիսորներին չեմ հիշում. ուղեղիցս ջնջվում է այդ ինֆորմացիան: Նվերներ ընտրելը մեծ սթրես է. վատ եմ զգում, քանի որ միշտ չգիտեմ՝ դուր կգա, թե չէ, ու մտածում եմ՝ չհավանեց կամ իմ նվիրածի կարիքը չուներ (ծիծաղում է): Մեր «Daisy» երգը գրել եմ դաշնամուրով:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Վան Գոգի «Աստղալից գիշերը», Անտոնիո Վիվալդիի Կոնցերտ A մինոր, RV 522-ը, Ջոն Լենոնի «Imagine»-ը:

Վան Եղիազարյանը


- Երաժշտություն ստեղծելու ամենասիրելի կողմերը:

- Ստեղծագործելու բոլոր կողմերն էլ սիրելին են: Երբեմն երգ գրելիս շնչակտուր ես լինում էմոցիաներից, հենց դա էլ ամենասիրելի մասն է:

- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Դժվարը մինչեւ ստեղծագործելն է՝ ինչ-որ դժվար շրջան ապրելը, բայց այն պահին, երբ կարող ես դրա մասին գրել, դժվարություններն արդարացված ու ինչ-որ չափով հաղթահարված են:

- 3 պատճառ, թե ինչու է երաժշտությունն այդքան հոգեհարազատ Ձեզ:

- Երաժշտություն էլ կա, երաժշտություն էլ: Ինձ միայն ճաշակով երաժշտությունն է հոգեհարազատ ու մեկ պատճառ կա՝ ամբողջությամբ զգում եմ. այն օդ ու ջրի պես պետք է ինձ:

- Ձեր կատարմամբ 3 ամենասիրելի երգերը:

- «Daisy», «She’s Beautiful», «Hmm»:


- Մի քանի բնութագիր, որ հատուկ է գրեթե բոլոր խմբերին:

- Խմբերն ինձ համար երկու մասի են բաժանվում՝ ստեղծագործող եւ իրենց երգերն ու ձեռագիրն ունեցող, մյուս մասը cover խմբեր են, որոնք կատարում են հայտնի երգերը: Ստեղծագործող բոլոր խմբերն էլ երազողներ են: Նաեւ հիմնականում բոլորը կարծում են, որ հանճարեղ բան են ստեղծել ու զարմանում, թե ինչու մարդիկ չեն գնահատում այնպես, ինչպես պետք է:

- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն բեմում:

- Ոգեւորվածություն, հաճույք, քաոս:

- 3 երգ, որոնք շրջադարձային են եղել աշխարհում ու մեծ հետք թողել:

- Երեքից շատ պետք է ասեմ, բայց միեւնույն է՝ շատ ավելին են՝ The Beatles-ի Yesterday-ը, Էլվիս Փրեսլիի Jailhouse rock-ը, Led Zeppelin-ի Stairway to Heaven-ը, Queen-ի Բոհեմական ռապսոդիան, Ջոն Լենոնի Imagine-ը, System of A Down-ի Chop Suey-ը, Մայքլ Ջեքսոնի Billie Jean-ը, Էմինեմի Lose Yourself-ը:


- Խմբում հանդես գալու 3 առավելություն:

- Կախված է՝ ինչ խմբում ես հանդես գալիս (ծիծաղում է, -հեղ.)։ Բարեբախտաբար, մեր խմբում լինելը միայն առավելություն է, ամենակարեւորն՝ ունենք  անկախություն եւ ազատություն:

- Ժամանակակից հայ երաժշտությունը մի քանի բառով:  
 
- Աջափսանդալ:

-Արվեստագետ, որի հետ դեմ չէիք լինի զրուցել:
 
- Փոլ ՄաքՔարթնիի:

- Իսկ ի՞նչ հարց կտայիք նրան:

- Հավանո՞ւմ ես իմ գրած երգերը:

- 3 բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի երգ:

-Միտք, սիրտ, ոգեշնչում:

Վան Եղիազարյանը


- 3 վայր, որտեղ երգելն ամենահուզիչն է եղել Ձեզ համար:

- Ամենաէմոցիոնալներից կառանձնացնեմ Արցախի համերգը, Գյումրիի համերգներից մեկը եւ Սթարմուս փառատոնին մեր ելույթը:

-Երաժիշտներ, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել:

 -«The Beatles», «System of a Down», իսկ 3-րդ տեղում շուրջ 100 խումբ ու արտիստ կարող է լինել:

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Կուզեի շատ վարժ ձիավարել կարողանալ եւ լավ նկարել իմանալ:

-Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Կինդեր Սյուրպրիզի, յասամանի, Բիգ Բաբլ ծամոնի:

- Նշեք Ձեր բնավորության գծերից երեքական, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնից կուզեիք հրաժարվել:

-Եթե մի բան սկսեցի, մինչեւ վերջ գնում եմ, կարողանում եմ համբերատար սպասել, մինչեւ կհասնեմ ուզածիս, շատ հարցերի կարող եմ հումորով վերաբերվել եւ ինքս ինձ վրա ծիծաղել: Անկախ ինձնից՝ միշտ ուշանում եմ, բեմից բացի, մարդաշատ այլ վայրերում ինձ հաճելի չէ, կուզեի փոխվել: Թեյը եռման եմ խմում ու վառում եմ ճանապարհին հանդիպող ամեն ինչ:


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Լեո Մեսսին՝ Աշխարհի առաջնությունում, դերասան Բրենդեն Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմում, Հայաստանի հավաքականում հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի խաղը:

-Երեւանի թաքնված ու Ձեզ հարազատ տեղերը:

- Կառանձնացնեմ կոմպոզիտորների տունը, որտեղ ձայնագրվում ենք:

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

-Այս տարի հրաժարվել եմ բոլոր վիդեո եւ աուդիո հարցազրույցներից, հրաժարվել եմ դառնալ որեւէ քաղաքական ուժի անդամ, ինչպես նաեւ հրաժարվել եմ արտերկրից 2 տարբեր պրոդյուսերների առաջարկներից՝ սկզբունքային հարցերում անհամաձայնությունների պատճառով:

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:

-Անսպասելի հայտնվել եմ աֆրիկական պարերի երեկույթի:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

-Մեր 11 ամյակին նվիրված մենահամերգից է, որտեղ 3,5 ժամ շարունակ երգեցինք մեր համարյա բոլոր երգերը:


- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

-Խաղաղությունը մեր երկրում եւ աշխարհում:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

-Շնորհակալ եմ, որ ծնվել ու ապրում եմ:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

-Եթե մի բան իրոք ուզել եմ անել, ոչ մի բան ինձ չի խանգարել:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

-2023-ին նոր տեսահոլովակներ պետք է ներկայացնենք, «Look at birds»-ը վերջերս արել ենք, «Daisy»-ի երկրորդ մասը շուտով կլինի, նաեւ առաջիկայում կձայնագրենք մեր մյուս նոր երգերը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW