×


Նոր մոտեցումներ եւ հնարավորություններ. Հայաստանում անցկացվեց SUMMEET ժամանակակից պարի 3-րդ փառատոնը

Հայաստանում ժամանակակից պարի ոլորտի ստեղծագործողների համար զարգացման հարթակ ծառայելու նպատակով արդեն երրորդ անգամ անցկացվեց SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։ Օգոստոսի 20-ից 28-ը Երեւանում եւ Գյումրիում ստեղծագործական մթնոլորտ էր՝ պարային ներկայացումներ, վարպետության դասեր ու կուլիսային քննարկումներ։

«Մեր նպատակն է, որ Հայաստանը դառնա ժամանակակից պարի համաշխարհային քարտեզի մասնիկը։ Այսօր աշխարհում շատ պահանջված է ժամանակակից պարը. ոչ մի մեծ օպերային թատրոն չեք գտնի, որ չունենա ժամանակակից պարի խումբ։ Փառատոնը ստեղծվել է այն նպատակով, որ ցույց տա հայ պարողներին աշխարհին, ինչպես նաեւ աշխարհի լավագույններին՝ այստեղ»,- նշեց փառատոնի գլխավոր պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռեւազովան։


Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնի ղեկավար, Kannon պարի թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովը, որը SUMMEET-ի միջազգային պրոդյուսերն է, նկատեց՝ փառատոնը կնպաստի Հայաստանում ժամանակակից պարարվեստի զարգացմանը. «Երիտասարդները պետք է հնարավորություն ունենան հավաքվել ու ստեղծագործել։ Այս փառատոնը ապագայի համար է, որ գտնվեն լավ մասնագետներ»։


Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ նվիրվեց Armenian Showcase ծրագրին. ցուցադրվեցին հայ պարուսույցների եւ ժամանակակից պարերի ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ եւ գնահատմամբ:


Փառատոնի համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան նշեց, որ այս տարվա վարպետության դասերի հայտերը հարյուրից ավելի են եղել, ընդլայնվել է նաեւ հանդիսատեսի շրջանակը. «Սա մեզ համար մեկ քայլ առաջ է։ Բացի այդ, կարեւոր է, որ ունեցանք ավելի քանի 30 մասնակից Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մակեդոնիայից եւ առաջին անգամ նաեւ Միացյալ Նահանգներից»։


Օգոստոսի 26-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում ԱՄՆ-ից Gaspard & Dancers պարախումբը ներկայացրեց 5 վառ պարային բեմադրություն՝ Noula, 27, Tota Pulchra Es, Sodo եւ L’esprit (պարուսույց՝ Գասպար Լյուիս):


Armenian showcase-ը SUMMEET փառատոնի առանցքային ծրագիրն է: Գալա երեկոյին ներկայացվեցին հայ անվանի պարուսույցների ստեղծագործություններ, դեբյուտային բեմադրություններ, ինչպես նաեւ երկու հայ-արտասահմանյան պրեմիերաներ:


Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը եւ Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW