×


«Իմ ամենասիրելի գործիքներից դուդուկը ձերն է, ինչը հրաշալի է». Գորան Բրեգովիչի համերգը Երեւանում

«Ջութակի դասերի էի հաճախում, երբ նկատեցի, որ աղջիկները կիթառահարներին ավելի շատ են սիրում։ Խնդրեցի մայրիկիս ինձ համար կիթառ գնել. ուզում էի աղջիկներին դուր գալ։ Որոշ ժամանակ անց հասկացա՝ կիթառն է իմ երաժշտական գործիքը»,- հիշում է բոսնիացի անվանի երաժիշտ Գորան Բրեգովիչը։

Արտիստը հատկապես հայտնի դարձավ Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի համար գրած երաժշտության շնորհիվ: Նրանք ծանոթացել են դեռ այն ժամանակ, երբ Էմիրը ֆիլմեր չէր նկարում ու միայն կիթառ էր նվագում: Արագ մտերմացել են եւ որոշել միասին աշխատել: Համատեղ առաջին աշխատանքը 1980-ականների վերջին նկարահանված «Գնչուների ժամանակը» ֆիլմն էր, հաջորդեցին «Արիզոնյան երազանք», «Ընդհատակ», «Սեւ կատու, սպիտակ կատու» եւ մյուս ֆիլմերը:


Բրեգովիչն իր «Հարսանիքի եւ թաղման» նվագախմբով արդեն չորրորդ անգամ ներկայացավ Հայաստանում: Արտիստն Անգլիական այգում երեւանյան հանդիսատեսին մատուցեց տաք ու ջերմ համերգային երեկո. հնչեցին ինչպես հին ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր:

«Հայ հանդիսատեսը սովոր է լավ երաժշտության. հաճելի է նման լսարանի համար նվագելը: Կարծում եմ՝ մարդկանց դուր է եկել այն, ինչ տեսել են իմ նախորդ համերգների ժամանակ»,- նշում է երաժիշտը:


Բրեգովիչի կապը Հայաստանի հետ նա եղել են Ազնավուրի երգերով, հետո էլ այստեղ կայացած իր հյուրախաղերն են շատ լավ տպավորություն թողել. «Հաջորդ անգամ, երեւի, կձայնագրեմ Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից մեկը: Բոլորն են սիրում Հայաստանը. արդեն ինքնաթիռում, երբ տեսնում ես Արարատը, անմիջապես սիրահարվում ես»,- ասում է արտիստը։


Արտիստը սիրում է համատեղել մշակույթները, եւ այս համերգն էլ բացառություն չէր։ «Դուդուկն իմ ամենասիրելի գործիքներից է. այն ձերն է, ինչը հրաշալի է»,- BRAVO.am-ին պատմեց երաժիշտը:


«Բելա չաո»-ի կատարման ժամանակ այս անգամ Բրեգովիչի խմբին միացավ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ յուրահատուկ հնչողություն տալով երգին:


«Ընդամենը մեկ անգամ էինք փորձել, ինչպես ասում են՝ պրոֆեսիոնալներին մեկ րոպե է պետք իրար հասկանալու համար։ Ես պարբերաբար լսում եմ Բրեգովիչի գործերը. նրա երաժշտության մեջ շեփորների խաղիկներ կան, որ շատ եմ սիրում», - ասաց դուդուկահարը։

Համերգը կազմակերպել էին Mezzo Production-ը եւ Hin Areni Vineyards-ը։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW