Արվեստը գեղեցիկ է, երբ դրսեւորվում է տարբեր ժանրերի համաձուլվածքով։ Դրանցից մեկը գրաֆիտիի, թղթի ու ջազի համաձուլվածքն է, որի հիմնադիրը ամերիկացի արվեստագետ Ռոմար Բարդենն է։ Նրա հայտնագործած աշխարհում աֆրիկյան քանդակներն են՝ ամերիկյան եւ մեքսիկական ջազ-բլյուզով։ Ջազն անտարբեր չի անցել նաեւ Էլեն Դեմիրյանի կողքով, իրեն սիրել տվել ու, ինչպես մյուս նկարչի դեպքում, թողել իր երանգները։
Էլենը նկարչական ձիրքն իր հորից է ժառանգել, նա էլ իր հերթին՝ իր հորից: Չնայած գենետիկայի դոմինանտ լինելուն՝ մեծ է նաեւ տատիկի դերը։ Իզուր չէ, որ Էլենն իր պատմությունը սկսում է հենց նրանից, ում մասին խոսելիս վառվռում են աչքերը։
- Տատիկիս շատ եմ սիրում, ափսոսում եմ, որ հազվադեպ եմ այցելում։ Տատիկս միշտ պատմում էր, թե ինչպես էր հորս նկարչական դպրոց տանում։ Ամեն ինչ շատ սիրուն ու պատկերավոր ներկայացնելու արդյունքում սկսում եմ երազել տրոլեյբուս նստելու ու հենց նույն դպրոց գնալու մասին։
Տատիկը խնամքով պահում է յոգուրտի տարաներն ու դրանցով հետաքրքիր իրեր պատրաստում, «սովետական» ապակյա խաղալիքներից՝ բացիկներ, ծաղիկներ՝ գունավոր թղթերից, որոնք սիրով նվիրում էր թոռնիկներին։ Էլենի սերն արվեստի նկատմամբ միջավայրից է, որտեղ մեծացել է։ Աչքի առաջ օրինակները քիչ չեն եղել. տատիկն՝ իր ձեռագործությամբ, հայրը, քեռին, մայրը՝ ստեղծագործելու ձիրքով։
«Ա» տառի մասին
Վեց տարեկանում ինքն ու քույրը գրատախտակ են նվեր ստանում ծնողներից։ Էլենն «Ա» տառն է գրում դրա վրա, իսկ ծնողները տեսնում ու միանգամից որոշում են՝ վաղը նկարչական են տանում։
- Մեր ընտանիքում որեւէ որոշում կայացնում էին ու մոռանում դրա մասին օրերով, այս անգամ ուրիշ էր՝ հենց հաջորդ օրն էլ գնում ենք։
Իր նկարչական պարագաները երբեք մանկական չեն եղել. միշտ պրոֆեսիոնալ սեւ մատիտիներ ու ալբոմ են գնել։
- Մի ալբոմ եմ ունեցել մանկական, որի պատկերը մինչեւ հիմա հիշում եմ՝ «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմի հերոսներն էին, դա էլ շատ էինք շտապում, արագ մի բան էին ընտրել,- ծիծաղում է։
Էլենն իր ու քրոջ ձեռագրի մեջ տարբերություն է նկատում, երբ միասին մրգեր նկարելիս են լինում՝ իրենց բնավորությանը համապատասխան գործածելով մատիտն ու վրձինը։
- Ինքը միշտ մաքուր էր նկարում, իսկ ես՝ թափթփված, ու միշտ նեղվում էի։ Քույրս կոկիկ էր, սենյակն էլ՝ համեմատաբար ավելի հավաք, իսկ ես՝ նկարներիս պես։
Էլենը 5-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողների որոշմամբ տեղափոխվում է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց։ Տատիկի պատմությունների ու իր երազանքների դպրոցին մոտիկից ճանաչելու ժամանակն էր։
- Հիշում եմ՝ ինչ ոգեւորված էի։ Հենց դպրոց մտանք, առաջին բանը, որ նկատեցի, ջարդված լվացարանն էր՝ կաթկթացող ծորակով, ու քանդվող հատակը։ Բայց ինչպես ասում են՝ տեսքը խաբուսիկ է։ Սեպտեմբերի 1-ին ամեն ինչ ուրիշ էր. բակում ավագ դասարանների աշակերտներն էին, կիթառ էին նվագում, երգում։ Տարբեր էին հագուստներով ու մազերի կտրվածքով. կարմիր մազեր, մե՜ծ կոշիկներ։
Դրսում տիրող խառնաշփոթն Էլենին դուրեկան էր, ինքն իրեն հարազատ միջավայրում էր։ Տասներկու տարեկանից սկսում է հաճախել նաեւ «Թումո»։ Այստեղ հմտանում է թվային ոլորտում, եւ, ինչպես ինքն է ասում, թուղթ ու մատիտից անցումը գրաֆիկ դիզայինին սահուն էր:
- Դե, հայրս գրաֆիկ դիզայնով էր զբաղվում, աչքս տեսել էր արդեն, խորթ բան չկար։
Տասներեք տարեկանում մասնակցում է «Գրանշան» փառատոնին, որի ամենափոքր մասնակիցն էր:
- Մինչեւ մրցույթն ինն ամիս դասընթացերի պիտի մասնակցեինք, որ վերջնարդյունքը ներկայանալի լիներ։ Շատ վատ հաճախումներ ունեի, ու դասընթացավարս ասաց՝ էլ չգնամ դասի։ Անցնում է միառժամանակ, հասկանում եմ, որ մեծ բան կկորցնեմ, եթե չմասնակցեմ մրցույթին։ Երկու շաբաթ էր մնացել, երբ դասընթացավարիս խոսք եմ տալիս, որ ողջ այբուբենի նոր տառատեսակ կստեղծեմ։ Արեցի,- ծիծաղում է։
Ակադեմիական կրթական համակարգը չի սիրում, ասում է՝ այնտեղ թեւերդ կտրում են:
- Չեմ սիրում իրենց չոր վերաբերմունքը, երբեք չեն ասի՝ ինչն է մոտդ լավ ստացվում: Ինձ ամենափոքր դրական արձագանքն էլ օդերով է թռցնում։ Նույնը եղավ փառատոնի ժամանակ. երբ ասացին՝ հաղթել եմ, շատ էի ոգեւորվել։
Տեւական ժամանակ դադարում է նկարել ընտանեկան որոշ խնդիրների պատճառով։ Սկսում է աշխատել որպես գրաֆիկ դիզայներ 15 տարեկանից, ճիշտ է՝ տարիքով փոքր էր, բայց կարողություններն անտեսել էին տալիս դա։ Աշխատանքին զուգահեռ գծանկար է սկսում պարապել, որ համալսարան ընդունվի։ Ձանձրալի երեք ամիսներից մի գանգի գծանկար է հիշում:
View this post on Instagram
- Գնում-գալիս էի, ինչ-որ բաներ ավելացնում, պակասեցնում, բայց չէի հասկանում՝ լա՞վ է, վա՞տ է, առաջընթաց չէի նկատում: Հետո հարցնում են՝ չե՞մ մտածել, որ նկարչությունն իմը չէ... Դուրս եմ գալիս արվեստանոցից ու էլ երբեք հետ չեմ գնում։
Երաժիշտների, ջազմենների հետ է սկսում աշխատել։ Իրենց միջոցով ավելի է տարվում ջազով ու ծանոթանում Ռոմար Բարդենի գործերին։ Երկու տարի դադարից հետո իր դպրոցական տարիների ընկերուհին, որն իր հետ նաեւ համալսարան է ընդունվում, ինքնաբերաբար դրդում է նրան նկարելու։
- Ընկերուհիս գրախանութում սպիտակ թղթի գլանակներ է նկատում, հարցնում՝ կարող է վերցնել, թողնում են։ Բերեց համալսարան, ամրացրինք պատին ու առաջարկեցինք ամբողջ կուրսով նկարել, տեսա՝ մարդ չի մոտենում, սկսեցի ինքս նկարել։ Ու նկարում էի։
Ակադեմիան ժամը 16։00-ին փակվում է սովորաբար, իսկ Էլենը հաջորդ օրն առավոտյան ժամը 7-ին է համալսարան գնում՝ կիսատ նկարը շարունակելու։
- Այն բացում է նախկինում փակված դռներն, ու սկսում եմ մեծ խանդավառությամբ նկարել։ Դրանից հետո վեց ամիս էլի դադարում եմ նկարել, որովհետեւ երկու տարվա ողջ կուտակվածն արդեն հանել էի։ Մի քանի օր հետո տեսա, որ նկարիս վրա կարմիր սփրեյ են ցանել։
Էլենը դուրս է գալիս համալսարանից ու ամիսներ անց դիմում Հունաստանի համալսարաններից մեկը։
- Արվեստ զգացել եմ «Կոջոյան»-ում ու տատիկիս տանը՝ ուրիշ ոչ-մի տեղ։
Ակադեմիական կրթությունը քեզ կանոնավորում է, հիմք տալիս խախտելու ու սովորածդ կանոնները քեզ ենթարկեցնելու։
Տեքստը եւ լուսանկարները՝ Անահիտ Ամիրխանյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: