×


Դավիթ Հակոբյան. «Եթե ուսանողներիս գոնե կեսին բերեմ ազգային դաշտ, հսկայական աշխատանք արած կլինեմ»

Վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան համազգային եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանն այն արվեստագետներից է, որը մշտապես բարձրաձայնում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները: BRAVO.am-ի հետ զրուցում նա խոսել է իր անհանգստությունների, հնարավոր անելիքների եւ ժողովրդի հավաքական դառնալու անհրաժեշտության մասին:

- Պարոն Հակոբյան, անելանելի թվացող իրավիճակում ենք հայտնվել, որո՞նք են հնարավոր ելքերն ու ինչի՞ց է պետք սկսել՝ մեզ փրկելու համար։

- Միշտ ասում էի, որ մեր ապագան ոչ հին իշխանությունների, ոչ էլ սրանց հետ, որոնք կրկնակի հին դարձան, չեմ կապում։ Մենք պետք է նոր էլիտա ստեղծենք. հին ժամանակներում սերնդափոխությամբ այն ձեւավորվում էր 35-40 տարվա ընթացքում, դրան նպաստում էր կրթությունն ու աշխատանքն այդ ուղղությամբ։ Հիմա ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, բայց վախենում եմ նույնիսկ մտածել՝ արդյոք կհասցնե՞նք նոր էլիտա ստեղծել։

Հենց էլիտաների շնորհիվ վերջին 150 տարվա ընթացքում կոնկրետ գործողություններ եղան, իսկ նախորդ 700 տարվա ընթացքում, երբ պետականություն չունեինք, նորից նրանք պահպանեցին մեր ոգին, մշակույթը, լեզուն, գիրը, նույնիսկ համաշխարհային նշանակության գիտական մտքեր ծնեցինք։ Բայց հիմա էլիտա ստեղծելու համար պետք է գոնե ինչպես խորհրդային 70 տարիներին էր՝ կեղծ պետականություն ունենանք։ Վերջին հաշվով 20-րդ դարի մեր մշակութային, գիտական եւ տնտեսական կայացումը տեղի ունեցավ հենց այդ տարիներին։  

- Հիմա ինչպե՞ս է հնարավոր նախանշել մեր անելիքները եւ իրականացնել ապագայի ծրագրերը:

- Մենք կանգնած ենք շատ լուրջ գոյաբանական խնդրի առաջ։ Շատերը չեն գիտակցում այս ամենը, կարծում են՝ եթե Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում, այնտեղից տարհանենք ու փրկենք ժողովրդին, ապահովագրում ենք, այսպես կոչված, անկախությունը, բայց այդպես չէ։ Նախ այնտեղի մարդկանց է պետք փրկել, դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց Հայաստանի անկախության տապալումը սկսվեց այն պահին, երբ ազգովի ընդունեցինք, որ Արցախը մերը չէ։

Դավիթ Հակոբյանը


- Արդեն մի քանի օր է՝ մարդիկ ստիպված բռնի կերպով լքում են Արցախը՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար։ Անգամ նման պայմաններում շատերը դեռ չեն գիտակցում, թե նրանց այնտեղ ինչ է սպառնում ու կոչ են անում մնալ։

- Ցեղասպանության վտանգը չափազանց իրական է, այն կարող է մի օրում չլինել, այլ դանդաղ, բայց ընթացքը տրվել է. վառ ապացույցը վերջին հարձակումներն են։ Չեմ կարծում, որ Ռուսաստանին ձեռնտու է Արցախի ամբողջ հայաթափումը, բայց նրանք լիարժեք ապահովելո՞ւ են արցախահայերի անվտանգությունը, էլ չեմ ասում՝ անկախությունը։ Ազգովի Արցախի թիկունքին դաշույնով հարվածեցինք՝ մենք բոլորս։ Սա ասելիս գետինն եմ մտնում, վատ զգում, բայց չգիտեմ՝ ուրիշ ինչ բառ գտնեմ։ Հիմա եկել է պահը, որ այդ մասին վերջնականապես բացեիբաց խոսենք: Պետք է հստակ հասկանանք, որ այս պատերազմը սկսվել է դեռ 1917 թվականից, երբ ցարական իշխանությունը տապալվեց։ Մինչ այդ Արեւմտյան Հայաստանում կոտորածներ եղան, զարմանալի ձեւով Արեւելյան Հայաստանում չէին սկսվում, բայց հենց ցարական իշխանությունը տապալվեց, ռուսական զորքերը հետ քաշվեցին, կոտորածներն անմիջապես սկսվեցին. մեկ օր անգամ նույնիսկ չհամբերեցին։ Սկսվեցին Գանձակի, Շուշիի ու հայկական բնակչություն ունեցող մնացած բնակավայրերի կոտորածները։ Այդ ամենը մի քանի տարի տեւեց, մինչեւ ձեւավորվեց կայսրության նոր ձեւը՝ բոլշեւիկյան, այն նորից երկաթե զսպաշապիկ քաշեց ժողովուրդների վրա, թեեւ տեղային բախումները, միեւնույն է, չդադարեցին (մանրամասն պատմում է Հայաստանի խորհրդայնացման մասին ու թե ինչպես այն չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում,- հեղ.): Եվ սկսվեց, այսպես կոչված, մեր կեղծ անկախությունը, գուցե, իմաստուն ու հեռատես չեղանք. հիմա տարիների հեռվից հեշտ է վերլուծել։ Նորից նույն վիճակի մեջ ենք ու եկել է մի պահ, երբ Չարենցի ասած՝ «հավաքական չենք», չեմ ասում՝ միասնական, այդպիսի բան չի լինում, ինչ է, Չարենցը չգիտե՞ր այդ բառը, որ գրում էր. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Քանի՞ հոգի կա ձեր ընտանիքում։

- Չորս։

-Բոլորդ նույն հարցի շուրջ միասնակա՞ն եք, իհարկե՝ չէ, բայց ձեր տանիքը պահելու գաղափարի շուրջ հավաքական եք, սրա մասին է խոսքը։

- Հիմա ինչպե՞ս անենք, որ մեր ազգը հավաքենք մեկ գաղափարի շուրջ։

- Ազգ բառն արդեն վախենալով եմ արտասանում, ժողովուրդն էլ, որովհետեւ այն նշանակում է ժողովված, բայց մենք ժողովվա՞ծ ենք, ցավոք, այդպես չեմ կարծում։  Հիմա գերխնդրի գաղափարը չունենք, վերջին հաշվով ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ այդ գերխնդիրը կատարելու համար ռուսամետություն, ամերիկամետություն, թե եվրոպամետություն կլինի, որովհետեւ մեր առաջնային նպատակն արդեն ժողովրդի պահպանությունն է, գոյաբանական է խնդիրը։ Ինձ  համար որպես անհատ ու այս ժողովրդի ներկայացուցիչ՝ հեչ նշանակություն չունի՝ ինչամետությամբ կփրկենք մեր ժողովրդին։

Դավիթ Հակոբյանը


- Ձեր վերջին ելույթներից մեկում լավատեսորեն հավատում էիք, որ փրկվել հնարավոր է ու որ ցանկացած, անգամ ամենախոր փոսից ելք կա։

- Փրկություն հաստատ կա, բայց պետք է համախմբվենք այդ գաղափարի շուրջ, ոտքի ելնենք, հավաքական դառնանք։ Այդպիսի քայլեր դեռ չեմ տեսնում։

- Որեւէ մեկի շո՞ւրջ է պետք միավորվել, թե՞ միասին էլ կարող ենք ուժ դառնալ։

- Երբ հասկանանք, որ դա է մեր գերխնդիրը, այդ որեւէ մեկն ինքնիրեն կգա։ Անկախության առաջին օրվանից մեզ միշտ սրսկում էին, թե «Լավ, եթե Լեւոնը չէ, բա ո՞վ, եթե Քոչարյանը չէ, ո՞վ, եթե Սերժը չէ, հիմա էլ՝ եթե Նիկոլը չէ, բա ո՞վ»։ Ես Մասիս սարի գագաթից արդեն թքած ունեմ այս տեսակ խոսակցությունների վրա։ Այդ մեկն անպայման կգա։

- Պարոն Հակոբյան, որքան էլ փորձում ենք միասնական դառնալ, միեւնույն է՝ չի ստացվում։ Պատմության մեջ էլ միշտ շարժիչ ուժը մարդկանց քիչ հատվածն է եղել։ Ի՞նչ անենք, այս հարցն ամեն մեկս օրվա մեջ առնվազն մի քանի անգամ տալիս ենք ինքներս մեզ։

- Ազնիվ խոսք՝ չգիտեմ, բայց հասկանում եմ, որ հիմա պետք է համախմբվենք, ինչը չենք անում. մեկը սրան է ատում, մեկը՝ նրան։ Արցախից հազարավոր մարդիկ են արդեն դուրս եկել, որ փրկվեն, եւ տեսեք, թե մի կին ինչ ստոր գրառում էր արել համացանցում. «Բա ո՞ւր է ձեր հայրենասիրությունը, ինչո՞ւ եք լքում երկիրը»։ Այնքան կուզեմ՝ այդ գրողին իր ընտանիքով տանենք այնտեղ, գոնե 6 ժամ մնա, 2 ժամն էլ է հերիք, որ խելագարվի։ Խոսք կա, չէ՞. «Մի հիմար քարը գցեց ջրհորը, հազար խելոք չեն կարողանում հանել»։ Իհարկե, դժվար է լինելու, բայց անելու ենք, գիտեմ: Գուցե, ես չտեսնեմ, բայց ուզում եմ հավատալ, որ քո սերունդը տեսնելու է։ Որովհետեւ սա Հայաստանի ամենադաժան օրը չէ. հայ ժողովուրդը սրանից տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի ծանր օրեր է ապրել։

- Բա ինչի՞ շնորհիվ է հասել մեր օրեր, ինչպե՞ս է կարողացել այդ արհավիրքները հաղթահարել։

- Էլիտաներն են պահել, հիմա էլ, անկասկած, ունենք, բայց կուրացել ենք, չենք ուզում ոչ մեկին նկատել։ Հիմա գերխնդրից փախչելու հոգեբանությունն այն տեսակ է եռում, որ եթե Հովհաննես Թումանյանն էլ գա որեւէ ցույցի մասնակցի, կասեն. «Այ, ախպեր, դու ի՞նչ գործ ունես, գնա քո «Շունն ու կատուն» գրի»։ Այդ աստիճան կուրացած ու թմբիրի մեջ է ժողովուրդը, չի ուզում արթնանալ։

- Ի՞նչ կուզեք ասել ժողովրդին։

- Ուզում եմ, որ ժողովուրդը սթափվի, սառի, մոռանա միմյանց նկատմամբ այս ատելությունը. արցախցի, գյումրեցի, լիբանանահայ, վրացահայ, ֆրանսահայ, մինչեւ ե՞րբ ենք այս կորության մեջ ապրելու։ Ե՞րբ ենք գալու մեր տեսակին, ե՞րբ։

- Իսկ ինչպիսի՞ն էր այդ տեսակը, ի՞նչ նշաններով կարելի էր նրան զանազանել։

- Դա այն տեսակն է, որ մինչեւ հիմա մեզ պահել է երկրի վրա, թե չէ վաղուց ասորիների պես էինք դարձել։ Այդ տեսակին կրթությունն էր զանազանում, որը գալիս էր ոչ թե դպրոցից, այլ ընտանիքից, աստվածավախությունից, չեմ ասում՝ աստվածապաշտությունից. մենք Աստծուց էլ չենք վախենում։ Աստծուն էլ երկնքում տեսնելու կարիք չկա. ամեն մարդ իր խղճի ու հոգու մեջ պետք է նրան գտնի։

Դավիթ Հակոբյանը


- Որպես դերասան, արվեստագետ, դասախոս ու մարդ՝ Դուք ի՞նչ եք անելու, ինչի՞ց եք սկսելու գործելու ու համախմբելու գործընթացը։

- Անընդհատ դրանով եմ զբաղված, արդեն չէի ուզում որպես մանկավարժ աշխատել, բայց գիտակցաբար եմ շարունակում։ 28 ուսանող ունեմ ու էլ չեմ մտածում նրանց դերասան դարձնելու մասին, ձեռի հետ անում եմ, բայց եթե նրանցից գոնե 12-ին բերեմ ազգային դաշտ, հսկայական աշխատանք արած կլինեմ։ Հիսուսն ինչպե՞ս ժողովրդին բերեց իր դաշտ, հավաքեց ընդամենը 12 հոգի, դա տիեզերական թիվ է։  Այդ 12-ից ամեն մեկը հետագայում պետք է բերի եւս 12-ի հոգու, ուրիշ ճանապարհ չկա. կրթությունը սկսվում է ընտանիքից, որը գլոբալիստներն ուզում են խաթարել, վերացնել։ Նրանք շատ լավ են հասկանում, որ հենց ընտանիքը վերացնում են, մարդը դառնում է անկիրթ, նյութապաշտ, եսամոլ, փորապաշտ։

- Այս պարագայում մեզնից ամեն մեկի քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ է ամեն մարդուց կախված։

- Նույնը, ամեն մարդ իր շրջապատում պետք է համոզի ժողովրդին, որ չհամակերպվեն ստորացմանն ու ստրկացմանը, որովհետեւ ստրուկն ու համակերպվողը հայրենիքի զգացողություն չունեն, նրանք ընտրություն չունեն։ Ստրուկն ուրիշ երազանք չունի, բացի ստրկատեր դառնալը, բոմժի համար ի՞նչ տարբերություն, թե նա որտեղ է։ Գործարարների 90 տոկոսը հայրենիք չունի, թքած ունեն դրա վրա, եթե այստեղ պայմաններ չստեղծես, ամեն ինչ հավաքում են եւ անմիջապես ուրիշ տեղ սկսում։ Այնպես չի, որ բոլորն այսպիսին են. հայրենասեր գործարարների եմ ճանաչում, խոնարհվում եմ նրանց առաջ։

- Հիմա՝ մեր հույսի ու անելիքների մասին, փաստորեն հավատում եք, որ բոլորով է հնարավոր գտնել փրկության ելքը։

- Այո, պետք է համախմբվել, որքան հնարավոր է արագ, ու այս գահավիժումը եւ սողանքը կանգնեցնել, որովհետեւ եթե այն մեծ թափ ստանա, էլ դեմը չենք առնի. հաջորդը Սյունիքը կլինի, Տավուշը եւ Սեւանի ավազանը։ Ամեն մեկիցս շատ ավելի բան է կախված, քան որեւէ վարչապետից, ու ես հավատում եմ մեզ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW