×


«Նրան տեսնելուց 30 րոպե հետո գիտեի, որ կինս է լինելու». Նարինե Պետրոսյանի եւ Վահագն Գեւորգյանի ընտանիքը

Դերասանուհի Նարինե Պետրոսյանի եւ գինեգործ Վահագն Գեւորգյանի հետ Bravo.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար մեր զրույցը ծավալվեց գինու բաժակների շուրջ: Թեեւ չգինովցանք, բայց անկեղծացանք, քննարկեցինք նրանց աշխատանքների նմանությունը, խոսեցինք միմյանց ոգեշնչելու եւ իրար օգնելու, յուրահատուկ ծանոթության եւ հուսալի ընտանիք ստեղծելու սեփական գաղտնիքների եւ երեք դստեր ծնող լինելու մասին:

Թատրոնն ու գինին

- Ինչպես մեր այս շարքի ամեն զրույց, սկսենք աշխատանքային հարցերից. ինչպե՞ս սիրեցիք ու ընտրեցիք ձեր մասնագիտությունները:

Նարինե. Դեռ պատանի տարիքից եմ կողմնորոշվել. խմբակ էի հաճախում եւ բեմում ելույթներ ունենում, մոդելային ու նկարչական ցուցադրությունների մասնակցում: Ընտանիքում շատ է կարեւորվել արվեստի շնչով մեծանալը, որովհետեւ այդ դեպքում երեխաներն ավելի լայնախոհ են լինում եւ բարձր արժեքներ ունենում։

Վահագն. Չէի նախատեսել, որ գինեգործ կդառնամ, կյանքը բերեց դրան։ Սկզբում շշեր էի արտադրում ու ցանկացա՝ հայկական խորհրդանիշով էլ լինի. նռան տեսքով արեցի ու արտոնագրեցի դիզայներական լուծումը: Դրանից հետո պետք էր այդ շիշն ինչ-որ բանով լցնել (ծիծաղում ենք,-հեղ.), ու 2006 թ.-ից սկսեցի զբաղվել գինեգործությամբ։ 2008-09 թվականներին գինեգործություն եմ ուսումնասիրել Իտալիայում՝ Կոնելյանոյի գինու դպրոցում։ Հետագայում գիտելիքներս ավելացրել եմ կարդալով, ուսումնասիրելով եւ սեփական փորձով։

Վահագն Գեւորգյանը եւ Նարինե Պետրոսյանը


- Նարինե, ինչպե՞ս եղավ, որ ավարտելուց անմիջապես հետո սկսեցիք աշխատել Դրամատիկական թատրոնում, եւ ո՞նց կայացաք այնտեղ:

-  Ինստիտուտի տարիներին բավական ակտիվ էի. ֆիլմերում եւ տեսահոլովակներում էի նկարվում: Արմեն Մազմանյանի արվեստանոցում էի ու «Գոյ» թատրոնում նրա բեմադրություններին եւ նախագծերին էի մասնակցում։ Այդ շրջանում նաեւ Տիկնիկային թատրոնում եմ ներկայացումներ ունեցել, տարբեր փառատոնների մասնակցել: Դրամատիկանում առաջարկեցին մեր երիտասարդ դերասանուհիներից մեկին փոխարինել. «Կանգ առ, երկրագունդ»-ում Սոնայի դերում էի։ Հետո գլխավոր դեր եմ ստացել «Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ» ներկայացման մեջ։

- Վահագն, ի՞նչ բացահայտեցիք Իտալիայում գինիների մասին ու ինչպե՞ս հասկացաք, որ ցանկանում եք հենց դրանով զբաղվել:

- Խորհրդային տարիներին Հայաստանում կոնյակագործությունն է զարգացել, իսկ գինեգործությունը՝ հետին պլան մղվել. մինչեւ 2000-ականները մեր երկրում բարձր որակի գինիներ չկային։ Գինու խորությունը, համային զգացումն ու թե որքան հետաքրքիր կարող են լինել, իրապես Իտալիայում եմ հասկացել։ Երբ փոքր էի, պապիկիս մառանից գինի էի գողանում եւ փորձում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Վանից ենք, գաղթելուց հետո մերոնք Արարատյան դաշտավայրում Վանաշեն գյուղն են հիմնել: Պապիկիս անունը Նշան էր ու գյուղում նրա գինին եւ օղին «Նշանով» էին կոչում։

- Նարինե, իսկ Դուք ի՞նչ գիտեք գինու արտադրության մասին, ի՞նչ եք հասցրել սովորել համատեղ  կյանքի ընթացքում։

- Մինչ ամուսնանալը ոչ մի առնչություն չեմ ունեցել այս ոլորտի հետ: Բայց համատեղ 16 տարիների ընթացքում գինեգործարանի ստեղծմանն եմ ականատես եղել, շատ բաներ արդեն հասկանում եմ, փորձելիս համային տարբեր երանգներ զգում։ Հետաքրքիր ու էլի անվերջանալի աշխարհ է՝ կարող ես նոր բաներ գտնել եւ ստեղծագործել։ Նոր գինի ստեղծելը նման է օծանելիք ստանալուն:  

Վահագն. Նոր կտավ ես նկարում, նախ պետք է այն գլխիդ մեջ պատկերացնես, հետո սկսես նկարել։ Գինեգործությունը խոհարարությանը շատ մոտ է. պիտի գտնել, թե որ համերը կարող են իրար հետ համահունչ լինել:

Նարինե. Ու նկարի պես՝ տարիներ անց գինու արժեքն էլ ավելի է բարձրանում։

Նարինե Պետրոսյանը


- Երկուսիդ մասնագիտության հիմքում էլ ստեղծագործելն է, ինչպե՞ս եք կարողանում օգնել իրար:

Նարինե. Ամուսինս երբեմն ներկայացումից հետո այնպիսի խորհուրդ է տալիս, որը շատ սթափեցնող ու հետաքրքիր է լինում։ Նույնն էլ իմ դեպքում է. հաճախ ենք միասին ցուցահանդեսների մասնակցում, որտեղ համաշխարհային գինիներ են ներկայացվում, իմ երեւակայական միտքը եւ հայացքն էլ այդ ամենն է ավելի հետաքրքիր ձեւով տեսնում:

Վահագն. Մեր գործում ոգեշնչում է պետք։ Մուսան պետք է գա, որ կարողանաս ավելի ստեղծագործ լինել, որպես կանոն՝ ամուսինները միշտ իրարով են ոգեշնչվում։

- Իսկ եղե՞լ են պահեր, երբ մեկիդ աշխատանքն այնքան էլ հաջող չի ընթացել եւ միասին եք կարողացել հաղթահարել խնդիրները:

Նարինե. Միշտ էլ այդպիսի շրջաններ լինում են։

Վահագն. Դա բնավորության ու ներքին աշխարհի հետ է կապված: Ընտանիքի դեպքում մեկը մյուսի ձեռքը պետք է բռնի ու օգնի առաջ գնալ: Եթե նման մոտեցում չկա, ընտանիքը խարխուլ կլինի։

- Նարինեի ներկայացումներին հաճա՞խ եք լինում եւ ո՞ր գործերն են հատկապես տպավորել Ձեզ։

Վահագն. Այո, բավական հաճախ, պրեմիերաներին անպայման լինում եմ, ինչից հետո կարծիքս ասում եմ։

Նարինե. Պատասխանատու է, երբ պրեմիերա է ու գիտես՝ ամենահարազատ մարդիկ՝ ամուսինդ, երեխաներդ, մայրդ, ուսուցիչներդ գալու են նայելու, հետո ավելի հանգիստ ես դառնում:

Վահագն. Սիրում եմ Նարինեին բեմում տեսնել, երբ ինքն իրեն ընդհանրապես նման չէ. ինձ հենց դա է դուր գալիս ու բավականություն պարգեւում, որ կարողանում է լիովին ուրիշ մարդ դառնալ: Տեսնում եմ՝ ինչքան մասնագիտացած է, որ կարողանում է այդքան վերափոխվել։ Ինձ «Հոլիվուդ» ներկայացումն է շատ դուր գալիս, պրեմիերային անգամ մի քիչ արտասվել եմ։ Ի դեպ, պրեմիերաներին ես էլ եմ շատ անհանգիստ լինում (ծիծաղում ենք,-հեղ.), զգում եմ, երբ խաղում լարվածություն է լինում, կամ որեւէ տեղ կարող էր ավելի ճկուն ու լավը լինել, ռեժիսորն ինչ է ուզել իրենից ստանալ։ Կարողանում եմ ճիշտ գնահատական տալ, թե որ դերն է ստացված ու երբ է իրեն լիովին դրսեւորել։

- Իսկ տանը խոսո՞ւմ եք թատրոնից, թե՞ Ձեր էմոցիոնալ վիճակից ու տրամադրության փոփոխությունից են ամեն ինչ հասկանում։

Նարինե. Չեմ պատմում, բայց տրամադրությունից զգում են, թե ինչ վիճակում եմ  (ծիծաղում է,-հեղ.)։

Վահագն. Կան ներկայացումներ, որոնցից հետո ուղղակի անտանելի է դառնում (Նարինեն ծիծաղում է-հեղ.), իր հետ շփվել չի լինում, բայց դա բնական է, որովհետեւ այն աստիճան է մտնում դերի մեջ, որ դուրս գալը դժվար է դառնում: Փորձում եմ նման դեպքերում մի երկու օր չշփվել հետը, մինչեւ անցնի:

Նարինե. Որոշակի դերերից հետո երբեմն լրիվ քամվում եմ։ Այդպիսիններից էր Հրաչյա Հարությունայի բեմադրած «Օրնիֆլը». նախ նախապատրաստվելը երկար տեւեց, բացի այդ էլ, մեր ընտրած լուծումն ինձնից շատ ավելի աշխատանք էր պահանջում, քան մնացածից։ Կան դերեր, որ չես կարող ամբողջությամբ չտրվել, այլապես էմոցիոնալ առումով չես բացվի ու չես կարողանա մարդկանց հուզել կամ ինչ-որ բան հասկացնել: Իսկ դրան հասնելու համար վերջում ինքդ ես սպառվում։

Նարինե Պետրոսյանը եւ Վահագն Գեւորգյանը


- Որո՞նք են երկուսիդ աշխատանքի չերեւացող ու սիրուն կողմերը, որ Ձեզ առավել շատ են դուր գալիս։

Նարինե. Շատ լավ հարց է: Դուր է գալիս այն պահը, երբ ինձ առաջարկ են անում ու զգում եմ՝ կկարողանամ այնպիսի մի բան ստանալ, որը դեռ չեմ արել։ Սկսում եմ փնտրել ու նորը ստեղծել: Առաջին 10-20 ներկայացումները սիրում եմ, բայց երբ նույն բանը 5-10 տարի խաղում ես, էլ հետաքրքիր չի լինում, փոփոխություն ես ուզում, դրա համար նորը ստանալու պահն եմ սիրում։ Մեր նյարդային համակարգի հետ ենք աշխատում ու չենք կարող մշտապես լարվածության մեջ լինել, հաճույք ստանալն էլ կարեւոր է:

Վահագն. Գինեգործությունը որպես արտադրություն չեմ ընդունում, այն ինձ համար կյանքում ավելի բարձր արժեքների հասնելու ընթացք է։ Գերնպատակս է ստեղծել բացառիկ գինի, որն աշխարհի լավագույնների շարքում կլինի։ Բավարարվում եմ որակով ու համահոտային հատկանիշներով, դրանցով ավելի շատ եմ երջանկանում, քան՝ ֆինանսական ցուցանիշներով։ Բայց մի սկզբունք կա՝ երբ սիրելի գործով ես զբաղվում, գումար էլ վաստակում ես:

- Նարինե, իսկ հիմա կա՞ որեւէ աշխատանք, որ հաճույքով ու հետաքրքրությամբ եք անում:

- Այս պահին թատրոնից որոշ ժամանակով դուրս եմ եկել. միայն «Օրնիֆլ»-ում եմ խաղում։ Իմ ներքին պրոցեսները դրան տարան, այսպես ինձ համար ավելի լավ է: Վերջերս Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմում եմ նկարահանվել, էլի հետաքրքիր կինոառաջարկ ունեմ:

- Ինչի՞ մասին եք սիրում խոսել գինու բաժակի շուրջ եւ որքանո՞վ է այն օգնում ավելի անկեղծանալ:

Վահագն. Գինովնալ բառն արդեն ամեն ինչ ասում է (ծիծաղում ենք,-հեղ.):

Նարինե. Մեր նպատակների մասին ենք խոսում, որոնք կապված են երեխաների ապագայի հետ, ինչը մեր ընտանիքում կարեւոր է։ Ամեն մի գործողություն միտված է դրան:  

Ամուսնուն միանգամից գերած Նարինեն

- Քանի որ զրույցը բերեցիք դեպի ընտանիքը, ճիշտ ժամանակն է իմանալու, թե ինչպես է տեղի ունեցել Ձեր ծանոթությունը։

Նարինե. Ես չեմ եղել ծանոթության պատճառը։

Վահագն. Նախաձեռնողը ես եմ եղել, որովհետեւ իմ կյանքի բոլոր փուլերը նախապես պլանավորում եմ. եկել էր ընտանիք կազմելու ժամանակն ու նպատակաուղղված զբաղվում էի դրանով (ծիծաղում է,-հեղ.): Նարինեին հանկարծակի տեսա ու մոտ 30 րոպե ուսումնասիրելուց հետո այն զգացումն ունեցա, որ իմ կինն է լինելու։

Նարինե. Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում սրճարան կար, այդ տարածքում հիմա եկեղեցի են կառուցել, առաջին հանդիպումն այդտեղ է եղել։

Վահագն. Այդ պահին միանգամից հասկացա, որ կնոջս եմ տեսել, նույնիսկ կողքիս ընկերոջ մեջքին խփեցի ու ասացի. «Նայիր, ապագա կինս է»։

Նարինե. Ես չէի էլ նկատել իրեն (ծիծաղում ենք,-հեղ.): Հետո սկսեց ուղիներ փնտրել ու փորձել տարբեր մարդկանց միջոցով ծանոթանալ հետս:

Վահագն. Առաջին հանդիպմանը Նարինեն շատ լուրջ դեմքով ասաց. «Ես դերասանուհի եմ, արդեն ֆիլմում եմ նկարահանվել» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ինձ համար էմոցիոնալ շոկ էր, երեւի, մի 3 օր մտածել եմ այդ մասին (Նարինեն ծիծաղում է,-հեղ.), չեմ զանգել, ուզում էի հասկանալ, թե արդյոք պատրաստ եմ, որ կինս դերասանուհի լինի։ Հետո որոշեցի՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի, ու զանգեցի։

Նարինե. Քանի որ մեր միջեւ տարիքային տարբերություն կար, ինքը ուզում էր հարաբերությունները լրջացնել, իսկ ես դեռ նոր էի ինստիտուտն ավարտել, բուռն շրջան էր՝ փորձեր, ներկայացումներ, ընդհանրապես չէի պատկերացնում, որ պիտի ամուսնանամ: Ուզում էի վայելել ամեն օրն ու իմ աշխատանքը, ստացածս գիտելիքները կիրառել, մտածում էի 7-8 տարի հետո նոր ընտանիք կկազմեմ:

Վահագն Գեւորգյանը եւ Նարինե Պետրոսյանը


- Իսկ ինչպե՞ս Վահագնին հաջողվեց Ձեզ գերել ու հակառակ մտքին բերել։

Վահագն. Պարկը վերցրի ու…  (ծիծաղում ենք,-հեղ.):

Նարինե. Մոտ երկու տարի հանդիպել ենք։

Վահագն. Ծնողների հետ ինձ շատ են տանջել, որովհետեւ չէին ուզում վաղ ամուսնանա։ Բայց քանի որ շատ նպատակասլաց եմ, ստացվեց համոզել։

Նարինե. Եթե չլիներ ամուսնուս ավելի հասուն ու համառ բնավորությունը, չէի համարձակվի այդ քայլն անել։ Սեր, համակրանք ու կիրք կար, ամեն ինչ լավ էր, պարզապես պատրաստ չէի պատասխանատվություն վերցնել ինձ վրա:

- Իսկ ինչպե՞ս եղավ ամուսնության առաջարկությունն ու հարսանիքը ո՞նց անցկացրիք։

Նարինե. Հարսանիքը շատ արագ կազմակերպեցինք՝ մի քանի ամսում: Հարազատներ կային, որոնք պետք է երկրից մեկնեին, իսկ առանց նրանց ներկայության չէի ուզում ամուսնանալ:

Վահագն. Բացի այդ էլ, Նարինեն նկարահանումներ ուներ:

Նարինե. Ու ամեն ինչ մի երկու շաբաթում կազմակերպեցինք։ Շատ հետաքրքիր անցավ հարսանիքը. «Ոչինչ չի մնա» ֆիլմում էի նկարվում, մի հատվածում դեռ մինչեւ ամուսնությունն եմ, հետո արդեն՝ ամուսնացած։ Հարսանիքից մոտ 2 շաբաթ անց «Գոյ» թատրոնի հետ մեկնեցինք Եգիպտոս, քանի որ Կահիրեում պետք է ներկայացում խաղայինք:

Վահագն. Ու ես «Գոյ» թատրոնի հետ գնացի մեղրամսի, որպեսզի պատկերացնեք (ծիծաղում ենք,-հեղ.):

Նարինե. Իմ ուսուցիչ Արմեն Մազմանյանն ասաց. «Այդքան աշխատանք ես տարել, դու էլ գլխավոր դերակատարներից մեկն ես, ափսոս կլինի, որ առանց քեզ գնանք», դրա համար համատեղեցինք։ Ներկայացումը խաղացինք, մի քանի օր առանձնացանք ու մեր մեղրամիսն անցկացրինք, շատ հետաքրքիր էր։

- Իսկ ինչպե՞ս փոխվեցիք, երբ ծնվեցին երեխաներն ու ծնող դարձաք:

Նարինե. Բնականոն ձեւով քո մեջ ինչ-որ բան փոխվում է, ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես: Զգացողություններդ են շատանում, ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում, բայց եւ՝ պատասխանատու։

Վահագն. Կյանքի նկատմամբ վերաբերմունքը հաստատ փոխվում է: Առաջին երեխայից հետո միանգամից շատ բան փոխվեց, կածում եմ՝ Նարինեի մեջ՝ երկրորդից հետո, առաջինի ժամանակ դեռ բավական փոքր էր՝ 22 տարեկան:

Նարինե. Հա՞, ինչ-որ բան ես նկատել:

Վահագն. Այո: Ամբողջ կյանքում անվախ եմ եղել, առաջին վախի զգացումն ունեցել եմ երեխայի ծնունդից հետո։ Ժամանակի ընթացքում չեմ կարողացել դրա հետ պայքարել, որովհետեւ երբ մի բան կապված է քո երեխայի հետ, անհնար է չանհանգստանալ:

Նարինե Պետրոսյանը եւ Վահագն Գեւորգյանը


- Դաստիարակության հարցերով ինչպե՞ս եք զբաղվում ու ո՞վ է ավելի շատ ներգրավված դրանում։

Վահագն. Ամբողջությամբ Նարինեն է զբաղվում, որովհետեւ ես ժամանակի մեծ մասն աշխատանքի եմ լինում, երեկոյան եմ երեխաներին տեսնում։ Դպրոց, տարբեր խմբակների, սպորտի Նարինեն է տանում, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան։ Բայց հիմնական ռազմավարական ուղղություններն ու նպատակները, մտքերը ես եմ տալիս։ Ծիլը դնում եմ երեխաների մեջ ու տեսնում, թե ինչ լավ զարգացումներ է տալիս:

Նարինե. Աղջիկները հայրիկի հետ շատ են կապված։

- Ձեր ավագ դուստրը նորաձեւությամբ է տարված ու հագուստի դիզայնով է զբաղվում: Ի՞նչ հետաքրքրություններ ունեն աղջիկները։  

Նարինե. Փոքր տարիքից նրանց տարբեր խմբակներ ենք տանում, ներկայացումներ, թանգարաններ, կենտրոններ, որպեսզի կյանքն ամբողջությամբ պատկերացնեն ու հասկանան, թե ինչ են ուզում։ Մեր մեծ աղջիկը՝ Անին, կարող է ժամերով էսքիզներ նկարել։ Մի քանի օր առաջ մեր հին արխիվներն էինք նայում ու տեսանյութ գտանք, որում Անին մոտ 3 տարեկանում հին ծածկոց էր վերցրել, կապել որպես կիսաշրջազգեստ ու ման էր գալիս։ Մի քանի նկար գտանք, թե ինչպես է տարբեր կտորներով փորձարկումներ արել։ Ձեռքի շնորհք ունի եւ սիրում է գեղեցիկը ստեղծել։

Վահագն. Ամենակարեւորն այն է, որ արդեն կողմնորոշվել է մասնագիտության հարցում, ինչը մեզ համար մեծ հաջողություն է։

Նարինե. Միջնեկ աղջիկս՝ Աելիտան, 12 տարեկան է, ավելի շարժուն է, էներգիայի կծիկ է, գեղարվեստական մարմնամարզության է հաճախում, մրցաշարերի մասնակցում, նա էլ բնույթով արարող է, սիրում է տան մակետներ սարքել:

Վահագն. Տասը տարեկանից առավոտից իրիկուն խմորեղեն է պատրաստում:

Նարինե. Ու ամեն անգամ երբ որեւէ բան է թխում, ուտելու համար չի անում, ընթացքից է հաճույք ստանում, որ որեւէ բան է ստեղծում: Ուզում է խոհարարական դասընթացների գրանցենք:

Վահագն. Կարեւորն այն է, որ երեխաների մեջ սերմանենք՝ բացառիկ մարդիկ են դառնալու, մասնագիտության մեջ ամենալավն են լինելու, դրանով ոգեշնչված կմեծանան ու իրենց կհավատան: Կապ չունի՝ դպրոցում ոնց կսովորեն ու ինչ կհասցնեն, դրանք արդեն երկրորդական են: Փոքրը՝ Ադելն էլ կրակի կտոր է, շատ աշխույժ է, ինչ էլ դառնա, հաստատ հաջողության է հասնելու։

Նարինե. Որպես կանոն՝ երրորդ երեխաներն ամենախելացին ու ճկունն են լինում, որովհետեւ սթափ տեսնում են իրավիճակն ու արագ կողմնորոշվում։

Նարինե Պետրոսյանը եւ Վահագն Գեւորգյանը


- Նորից վերադառնանք ձեզ, ի՞նչն է ներդաշնակ, գեղեցիկ ու իրար սիրող ընտանիքի հիմքում։

Վահագն. Հիմնական մեխը մեկը մյուսին հասկանալն է, կյանքի ճանապարհին իրար ձեռք բռնելն ու չհակառակվելը, պետք է միմյանց խնդիրները հասկանաք ու լուծում տաք: Երջանիկ է այն ընտանիքը, երբ երկուսն էլ իրար լավ են զգում, համահունչ են իրենց հոգու եւ մտքի հետ, ներդաշնակության մեջ են։ Նման ընտանիքներում երջանկություն է տիրում: Պարզ է, որ ամեն ընտանիքում էլ վեճեր եւ անհամաձայնություններ լինում են, բայց կարեւոր է այդ ամենին խոհեմ մոտենալ, փորձել շտկել եւ իրար ոգեւորել։ Ամեն խնդիր էլ լուծում ունի, միայն մարդու կորուստն է, որ շտկել չես կարող:

Նարինե. Բայց կարեւորն այն է, որ այդ ամենն անելու ցանկություն ունենաս։ Հիմա շատ ենք բաժանությունների ականատես լինում, մարդիկ այնքան եսակենտրոն են ու չկողմնորոշված, որ ամուսնանում են ու բաժանվում, որովհետեւ ընտանիքը չեն կարեւորում ու ամեն ինչ չեն անում այն պահպանելու համար:

Վահագն. Այդ ամենի մեջ նաեւ 100 տոկոսանոց ազատություն պետք է լինի. խանդն ընդհանրապես հիվանդություն եմ համարում, եթե հանկարծ նման մի բան եմ զգում, ինձ մեղադրում եմ։

- Իրար կարճ ու դիպուկ ինչպե՞ս կբնութագրեք:

Վահագն. Բայց շատ անձնական հարց եք տալիս (ծիծաղում է,-հեղ.)։ Կարեւոր է վստահելի լինել, կինս իմ կեսն է ու դա ինձ լիարժեք վստահություն է տալիս։

Նարինե. Հոգատար ու պաշտպանող է, իր կողքին ապահով եմ զգում, տեսակով է այդպիսին ու բոլորի նկատմամբ՝ գործի, մարդկանց, կենդանիների:

- Ի՞նչ կմաղթեք միմյանց ու ինչպիսի՞ն կուզեք ձեր ընտանիքը լինի տարիներ անց։

Վահագն. Կնոջս կմաղթեմ, որ բոլոր ստեղծագործական նպատակներն իրականան ու իրեն ավելի ինքնաբավ զգա: Այդ դեպքում ես էլ ինձ ավելի երջանիկ կզգամ, քանի որ կլինեմ երջանիկ մարդու կողքին։

Նարինե. Ուզում եմ, որ ինչպես եւ պլանավորել ենք, մեր ընտանիքը շարունակի առաջ գնալ: Ամուսինս ինքնաբավ լինի իր գործում, տեսնի իր ջանքերի արդյունքը, հոգեպես եւ մնացած առումներով գոհ լինի:  

Վահագն Գեւորգյանը եւ Նարինե Պետրոսյանը


«Լավագույն ընտրությունն եմ կատարել»

Վահագն. Ինձ համար կողակից ընտրելը դժվար էր, միշտ շատ շփվող եմ եղել ու լավ հասկացել մարդուն, պատկերացրել կնոջը: Ուշ եմ ամուսնացել՝ 30-ում, մեր ժամանակ այդպես էր համարվում: Սկզբից էլ վստահ եմ եղել որոշմանս հարցում ու մինչեւ հիմա համարում եմ՝ լավագույն ընտրությունն եմ կատարել՝ ոչ միայն Հայաստանով, այլ աշխարհով մեկ: Փորձում եմ այնպես անել, որ Նարինեն օրեցօր իրեն ավելի ու ավելի երջանիկ զգա։

«Իր կողքին պաշտպանված եմ զգում»

Նարինե. Թեեւ հանգիստ եմ թվում, բայց ինձ համառ տեսակ եմ համարում: Հասկացա՝ Վահագն ինձնից շատ ավելի համառ է, հանձնվեցի ու որոշեցի ամուսնանալ: Ինձնից ավելի ուժեղ է ու իր կողքին պաշտպանված եմ զգում:  

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW