Օպերային թատրոն չհասած՝ ջազի հնչյուններ են լսվում։ «Ուլիխանյան» ակումբում Արցախի պետական ջազ նվագախումբը համերգից առաջ վերջին փորձն է անում։
Նվագախումբը ղեկավարում է Տիգրան Սուչյանը։ Խմբի 18 անդամից 15-ը Արցախից բռնի տեղահանված երիտասարդներն են։ Հիմա խումբը համալրել են երեւանյան երաժիշտները։ Ղեկավար Տիգրան Սուչյանի խոսքով՝ ոգեւորվում է, երբ տեսնում է, թե ինչպես են տեղացի ու Արցախից եկած երաժիշտները միավորվել, միասին նվագում։
Նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը
Բեմում հիմնականում երիտասարդ տղաներ են։ Խոսափողին 14-ամյա Անի Հայրապետյանն է մոտենում ու իր ձայնով «կոտրում» տղաների նվագը։
«Արցախում էի, Անին եկավ ու շատ համարձակ ասաց, որ ուզում է երգել նվագախմբում։ Ասացի՝ «Երգիր, տեսնեմ՝ ինչ ես երգում»։ Սկսեց Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ»-ը երգել։ Ճիշտ ու ուղիղ ձայն ուներ, իրեն շատ սիրեցինք, ու միացավ մեզ»,- պատմում է Տիգրան Սուչյանը։
Դեկտեմբերի 12-ին Տիգրան Սուչյանը Արցախ գնալու ճանապարհին էր, բայց Ադրբեջանն արգելափակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 10 ամիս տեւած շրջափակման ժամանակ ղեկավարն ու նվագախումբը բաժանված են եղել, բայց աշխատելուն դա չի խանգարել։
«Ղեկավարը կարեւոր է, բոլորը սպասում են, որ նա ցուցումներ տա, առաջնորդի, բայց նվագախմբի ամեն անդամ պետք է զգա, որ իրենից մեծ բան է կախված։ Շղթան գլխավոր օղակ չունի, բոլորը հավասար են, ու եթե մի օղակը չլինի, շղթան կմասնատվի։ Մեր դեպքում շղթայի ամրությունը սերն ու նվիրվածությունն է երաժշտության նկատմամբ»,- ասում է Տիգրան Սուչյանը։
Արցախի պետական ջազ նվագախումբը ստեղծվել է 2004-2005 թվականներին։ Մինչ շրջափակումը նվագախումբը համերգներ է ունեցել ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում։ Բայց շրջափակման ընթացքում էլ չեն դադարել աշխատել, փորձեր անել։
Անի Հայապետյանը
«Բլոկադան բոլորի վրա էր բացասաբար ազդում։ Դժվար էր, բայց մեր բախտն այնքանով էր բերել, որ երաժշտությամբ կարող ես զբաղվել՝ անկախ պայմաններից. ոչ մի նյութ չի սպառվում։ Մշտական էլեկտրաէներգիա չունենալն, իհարկե, խնդիր էր ստեղծում, բայց փորձի ժամերը հարմարեցնում էինք ու շարունակում աշխատել»,- պատմում է Անի Հայրապետյանը։
Ջազի միջազգային օրը՝ Ստեփանակերտում
Արցախի պետական ջազ նվագախումբը ջազի միջազգային օրն՝ ապրիլի 30-ին, մեծ համերգ է ունեցել Ստեփանակերտում։ «Ապրելու ենք» խորագրով համերգին մոտ 1500 մարդ է ներկա եղել։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Արցախից բռնի տեղահանվածները մեկ ճամպրուկում տեղավորում էին իրենց ապրած ողջ կյանքը:
«Պատերազմ էր, յուրաքանյուրը փրկվելու խնդիր ուներ։ Համարձակություն ունեցա սոցցանցով դիմելու մարդկանց, որ օգնեն գործիքները տեղափոխել Հայաստան։ Բեռնատարների թափքում, ուրիշ բան թողնելով, կարողացանք գործիքները(որոշներն՝ առանց պատյանի) հասցնել Երեւան»,- ասում է Տիգարան Սուչյանը։
Վոկալին զուգահեռ Անին մոտ ինը տարի դաշնամուր է նվագել։ Դաշնամուր չի ունեցել, մեկ տարի առաջ էին գնել:
- Մենք համեմատաբար ուշ դուրս եկանք։ Երկար մտածում էինք՝ ինչը վերցնենք, ինչը թողնենք։ Անընդհատ քանդում-դասավորում էինք ճամպրուկը… Դաշնամուրս թողեցինք։
- Ի՞նչ ես բերել։
- Ձայնալարերս։
Անիի՝ Արցախում թողած դաշնամուրը
Գործիքների մեծ մասը կարողացել են հասցնել Հայաստան։ Հոկտեմբերի 5-ին խմբի առաջին համերգն էր։
«Երեւան մեկ ժամ առաջ էինք հասել, ու Տիգրանից զանգ ստացա։ Համերգի մասին ասաց, շատ ուրախացա։ Ես երաժշտությամբ եմ ապրում»,- ասում է Անին։
9-րդ դասարանում է սովորում, որոշել է երաժշտական քոլեջ ընդունվել։
«Մարդիկ կան, որ հարցնում են՝ ի՞նչ սրտով եք հիմա նվագում։ Մեկ բան եմ ասում՝ կլինի՞ դուք չաշխատեք։ Չաշխատել չի կարելի։ Արվեստը պետք չէ խառնել քեֆ-ուրախության հետ։ Արվեստն իրավունք չունի դժվար պահերին կանգ առնել, ընդհակառակը՝ պետք է կրկնակի ուժով առաջ գնալ»։
Տիգրան Սուչյանի գնահատմամբ՝ թիմին հիմա ամենաշատը պետական աջակցությունն է պակասում։
Երգացանկում ինչպես հեղինակային, այնպես էլ դասական ջազային ստեղծագործություններ են։ Երկրորդ ստեղծագործությունը բալլադ է, որը Տիգրան Սուչյանը պապիկին էր նվիրել։ Հիմա մինչեւ կատարելը ներկաներին խնդրում է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինվորների հիշատակը ու բալլադը նվիրում է զինվորներին։
Հոկտեմբերի 10-ին «Ուլիխանյան» ակումբում վերջին համերգն էր։ Ղեկավարը վստահեցնում է, որ շարունակելու են ստեղծագործել, առաջիկայում նոր համերգներ կունենան։
Անիին հարցնում եմ.
- Ո՞րն է համերգի ասելիքը։
- Մենք դեռ կանք, ապրում ենք ու միշտ էլ ապրելու ենք։
Հեղինակ՝ Ժաննա Բեքիրյան
Լուսանկարները՝ Արցախի պետական ջազ նվագախմբի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: