×


Նարինե Գրիգորյան. «Պիտի մեզ թափ տանք, տեր կանգնենք հայրենիքին եւ իրար, որովհետեւ հետո կարող է շատ ուշ լինել»

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը չափազանց ծանր է տանում Արցախի կորուստը: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է մեր սխալների, շատ արագ սթափվելու եւ գործի անցնելու անհրաժեշտության, արցախցիների ուժի ու նորից հայրենիք վերադառնալու հույսի մասին:

- Նարինե, ինչի՞ մասին են Ձեր մտորումները:

- Երջանկություն էր ազատ ու անկախ Հայաստան ժառանգություն ստանալը, որը կարող էինք աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնել, բայց ի՞նչ ենք արել ու ի՞նչ ենք անում: Վերջերս ինձ հարցնում էին, թե ով է մեր երկրի միջին վիճակագրական քաղաքացին ու ինչպես կբնութագրեմ նրան, անկեղծ՝ չգիտեմ, թե ով է նա: Երբ սկսեցինք անկեղծ գրառումներ անել, հանկարծ շատ տգեղ երեւույթներ ու անդաստիարակ արտահայտվողների բացահայտեցինք։ Այդ գռեհիկ մեկնաբանությունների արդյունքում երեւաց, թե կրթությունը որքան է պակասել, մարդու մեջ քչացել դաստիարակությունն ու մշակույթը։ Դա այնքան մեծ բացթողում է, որ այսօր ամեն ինչ պետք է զրոյից սկսել։

- Ինչպե՞ս փորձել Ձեր նշած թերությունները շտկել:  

- Պետք է սկսել կրթությունից: Իրար հետ շփվելու մշակույթը, էթիկետը, թվում է՝ փոքր բաներ են, բայց հայրենիք սիրելը հենց դրանցից է սկսվում՝ իրար բարեւելուց, աղբը չնետելուց։ Անգամ բանակցելու մշակույթին է պետք տիրապետել. հիմա մարդիկ միմյանց հետ չհամաձայնելու դեպքում քիչ է մնում իրար սպանեն: Համարում եմ, որ այս ամենին հայրենիքի ու իրար նկատմամբ սիրո պակասն է հանգեցրել. սպառողի հոգեբանությամբ ենք ապրում, ոչ թե տվողի, իսկ հայրենիքը ստանալ է ուզում ու անմնացորդ սեր:

- Սե՞ր էլ է հնարավոր սովորեցնել տալ, եւ ինչպե՞ս սիրո պակասը լրացնել:

- Պետք է գիտակցենք, թե որքան ենք բոլորս կապված իրար, կապ չունի՝ Հայաստանում ենք ապրում, թե արտերկրում: Ցավը նույն կերպ ենք զգում ու խելագարվում, բայց եւ հասկանում, որ պետք է հավաքվել ու ելքեր փնտրել: Իրականում դեռ ցավից ու անզորությունից տեղս չեմ կարողանում գտնել, հաճախ ոչինչ չեմ կարողանում անել, թեեւ գիտեմ, որ շատ արագ է պետք սկսել գործել: Մարսելն ու ուշքի գալը բարդ է, բայց մարտահրավերներն անընդհատ գալիս են, ու պարտավոր ենք դրանց պատրաստ լինել:

Նարինե Գրիգորյանը


- Բոլորս հիմնականում խոսում ենք, բայց քիչ գործում: Ինչի՞ց ենք պարտավոր սկսել, օրինակ, Դուք՝ որպես դերասան ու ռեժիսոր, ի՞նչ եք մտադիր անել:  

- «Սոդոմ եւ Գոմոր»-ում Աստված խոստանում է 100 հավատավոր մարդ լինելու դեպքում փրկել կործանվող քաղաքը, հետո անգամ 10 հոգուն է համաձայնում: Այսինքն՝ պարզվում է, որ անգամ 10 իրապես հավատով մարդիկ կարող են ամբողջ քաղաքը փրկել: Դրա համար մտածում եմ՝ ոտքի կանգնենք ու սկսենք իրար առողջությամբ վարակել։

Փարիզում Շառլ Ազնավուրի մասին ֆիլմի նկարահանումների էի ու այնտեղից հետս շատ ժամանակակից պիեսներ եմ բերել, որոնք նոր մոտեցում ու ձեւ ունեն: Կեսն արդեն նույնիսկ թարգմանել ենք, բայց որոշեցի, որ ծրագրերը, ելնելով իրավիճակից, պետք է փոխել: Ժամանակ անցավ, ու հասկացա՝ ամենամեծ վտանգը չզարգանալն է, հակառակը՝ պետք է սկսենք նրանից, ինչը մեզ առաջ է տանում ու նոր միտք բերում, թույլ է տալիս քո սահմաններից դուրս գալ։ Չի կարելի առաջընթացին խանգարել, անհրաժեշտ է ինչքան հնարավոր է գործել ու նորին ձեռք մեկնել, բայց նաեւ ազգայինի մասին չմոռանալ։

Երեկ էլ այդ մասին ուսանողներիս հետ էինք խոսում. նրանց հետ Կոմիտաս ու Թումանյան ենք բեմադրում: Հանձնարարել եմ «Կիկոսի մահը» տարբեր ժանրերով անել ու տեսնել, թե նույն ստեղծագործությունը մյուզիքլի կամ ողբերգության դեպքում ինչպես կփոխվի: Համարում են, որ մյուզիքլը չի ստացվում՝ շատ հայկական է լինում: Իսկ ինչո՞ւ կարծրատիպ ունենք, որ հայկականն անպայման գյուղականն է՝ տրեխներով, ինչո՞ւ ենք այդքան սահմանափակել մեզ։ Եթե մտքով ու սրտով բացենք մեր հորիզոնը, ապագան էլ այլ կերպ կլինի:

- Իսկ Համազգային թատրոնում հայ հեղինակներից կամ ազգային թեմաներով ի՞նչ բեմադրություններ եք պատրաստվում անել։

- «Սասնա ծռեր» էպոսն ենք ուզում բեմադրել: Դերասանները զգում են, որ շատ կոտրված եմ ու ոչինչ չեմ կարողանում անել, երկար նստում ենք ու զրուցում: Գիտակցում եմ, որ պիտի փորձեմ ոգին վերադարձնել, բայց դա անելու համար նախ ինքս եմ պարտավոր առողջ լինել, որպեսզի մյուսներին էլ փոխանցեմ: Միասին կարդում ենք ու տեսնում, որ էպոսում մեր ազգի կոդն է դրված, հանկարծ հասկանում ենք, որ մեր մեջ քնած Դավիթ ու Սանասար կան, հենց որ արթնացրինք, հեյ-հե՜յ... Այնքան մարդասիրական ու հումորով էպոս է, ամբողջը մեր ազգի մասին է: Այդ մարդասիրությունն է, որ մեզ միամտություն է տալիս, գուցե, Արցախի հետ կապված էլ միամիտ էինք ու բավական դիվանագետ չգտնվեցինք: Պիտի արթնացնենք մեր լեզվի ու մշակույթի ուժը, այդ դեպքում հնարավոր է՝ մեր Մհերն ու Դավիթն էլ արթնանան: 

- Նարինե, Արցախից եք ու Ձեր մանկությունն այնտեղ է անցել, անձամբ Ձեզ համար այդ կորուստն ինչպիսի՞ ցավ էր:

- Բոլորս նույն զգացողությունն ունենք: Շատ-շատ ցավոտ է, հիմա էլ չեմ կարողանում խոսել այդ մասին. ասես քո ունեցած ամենաքաղցր բանը կորցնես: Մի բան եմ մտածել, որ անպայման բեմադրելու եմ՝ իմ երազանքի աշխարհում ճամփորդում եմ դեպի իմ Արցախ: Միտքը դեռ մեջս եփվում է, բայց ուզում եմ այն իրական աշխարհ դառնա:

Նարինե Գրիգորյանը


- Ձեր բարեկամներն էլ բռնի տեղահանվել են իրենց տներից ու հայրենիքից: Ինչպե՞ս են այստեղ հարմարվում նոր իրականությանը:

- Այո, ստիպված եկել են: Զգացողություններն ամեն օր տարբեր են լինում, բայց միանգամից գործի լծվեցին: Ասում են՝ ինչ ուժեղ են արցախցիները, չեն նստում ու լացում: Արցախցու ուժի մասին, դե, միշտ էլ խոսվել է: Օրեր առաջ Գյումրիում «Հրաշագործը» ներկայացում էինք խաղում, մի մարդ հարցրեց. «Նարինե Գրիգորյա՞նն էր բեմում», զարմացել էր՝ ոնց եմ այս ծանր շրջանում ուժ գտել ու խաղացել։ Հենց դա է առաջնային, որ դարդին չպիտի տրվես, այլապես քեզ շատ կխանգարի։ Մի լավ պատմություն կա, թե ովքեր են վերապրել գերմանացիների համակենտրոնացման ճամբարները: Առաջինը մահացել են նրանք, ովքեր մտածում էին՝ «ամեն ինչ ավելի վատ է լինելու», ապա նրանք, ովքեր կարծում էին՝ «շուտով լավ է լինելու», որովհետեւ ժամանակի ընթացքում հուսախաբ էին լինում, ու ողջ են մնացել միայն նրանք, ովքեր գործել են։ Պիտի թույլ չտանք մեզ մատների վրա խաղացնել:

Մերոնց մի մասն էլ տուն է վերանորոգում ու ասում՝ ոնց որ բանաստեղծության ծիծեռնակը լինեն.

«Ծիծեռնակը բույն է շինում,
Ե՛վ շինում է, ե՛ւ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն է հիշում»:

Հաճախ նաեւ թեւաթափ են լինում, բայց շարունակում են գործել: Քեռիս ու եղբայրս համոզված են, որ միեւնույն է՝ վերադառնալու են Արցախ:

- Իսկ ինչպե՞ս են պատկերացնում վերադարձն ու դրա համար ի՞նչ հիմքեր են տեսնում:

- Ես էլ չգիտեմ, բայց իրենց հասկանում ու հավատում եմ: Պապս 90 տարեկանում ասում էր՝ երբ բահը վերցնում է, էլի 18 տարեկան է դառնում։ Ու այդ տարիքում այգուց որքա՜ն կարտոֆիլ, դդում, լոբի, գինի էր ստանում։ Իմ ամբողջ գենն այդ հողի հետ է աշխատել, առանց դրա չեն կարողանում ապրել: Նորագյուղում են մեր պապենական տները, ծնողներս էլ մեր տունն այնտեղ են կառուցել, հող ու այգի ունեցել, բոլոր բարեկամներս հողի հետ են աշխատել, հիմա չեն դիմանում, ուզում են գնալ ու այն նորից մշակել:

Նարինե Գրիգորյանը


- Մշակույթն ու արվեստը կարո՞ղ են այս իրավիճակում մարդկանց մի քիչ օգնել ու կյանք վերադարձնել, եւ արդյոք դրանք որոշակի փոփոխությունների չպիտի՞ ենթարկվեն ու նոր ուղղություն որդեգրեն։

- Նախ պիտի հիշենք՝ ով ենք որպես ազգ, ու մեր հարստությունը զգանք: Հիմա անգամ մեր պատմությունն են աղճատում. տեսեք, թե դպրոցական դասագրքերում ինչեր են ներկայացնում: Այդ դասագրքերը վերանայել է պետք, կրթությունը ամուր հիմքերի վրա դնել, անպայման մշակույթը պիտի հային հիշեցնի իր ինքնությունը, ախր մենք ապուշ սերիալներում եղած մարդիկ չենք, որոնք նման կենցաղով ու մտքերով են ապրում: Այդ սերիալները պիտի պետական մակարդակով վերացնել ու ամեն ինչ հայրենիքի շուրջը ստեղծել: Դա չի նշանակում փակվել մեր մեջ, նաեւ պարտավոր ենք տեղյակ լինել ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ողջ հոսքին։

Իրար հետ ունեցած ընդհանրությունն ենք կորցրել, չենք գիտակցում, որ նույն կաթսայում ենք եփվում: Ինքներս մեզնից հիասթափված ենք, ինչը շատ վտանգավոր է, ու մշակույթը պիտի մեզ հիշեցնի սեփական արմատների մասին, թե ինչպիսի արժեք ու գիտություն ենք ունեցել: Մեր հողի վրա որտեղ ոտք ես դնում, մեծ պատմություն, խոր ու շատ անուշ արժեքներ կան, որոնց մասին ինքներս էլ չգիտենք: Դրանց մասին հիշեցնել է պետք, ոչ թե ապուշ սերիալներ նկարել: Ինչո՞ւ Քարահունջի, կարեւոր պատմական իրադարձության կամ իմաստուն թագավորի մասին սերիալներ չեն նկարահանում:

- Նարինե, ի՞նչ կուզեք ասել մարդկանց ու փորձել նրանց մի քիչ լավատեսություն փոխանցել:  

- Էլի Արցախի մասին եմ ասելու. եկեք այնպես անենք, որ այն էլ Կարսի, Նախիջեւանի ու այլ վայրերի պես երգերում մնացած հայրենիք չդառնա: Այսօր տեր կանգնենք մեր ճակատագրին ու Արցախը նորից իրականություն դարձնենք, ոչ թե խամաճիկ լինենք: Ցավը դեռ շատ մեծ է, դժվար է որեւէ բան ասել, բայց պիտի մեզ թափ տանք ու տեր կանգնենք մեր հայրենիքին եւ իրար, որովհետեւ վաղը կարող է շատ ուշ լինել։

Զրույցը ՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW