Այսօր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել դերասանուհի Էվելինա Շաhիրյանի եւ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի պսակադրության արարողությունը: BRAVO.am-ը զույգի համար այս կարեւոր օրվանից առաջ հասցրել է զրուցել նրանց հետ ու հետաքրքիր մանրամասներ իմանալ հարսանիքի մասին:
- Մի քիչ պատմեք նախապատրաստական աշխատանքներից, ինչպե՞ս եք ամեն ինչ հասցրել:
Հովհաննես. Սկսել էինք դեռ մայիսից, երբ նոր էի ամուսնության առաջարկություն արել եւ գնացել իրենց տուն՝ պաշտոնապես «ուզելու»։ Որոշել էինք հարսանիքն անել հոկտեմբերի 3-ին՝ 30-ամյակիս օրը։ Ճոխ բաներ չէինք պլանավորում. ուսանողական տարիներին հարյուրավոր հարսանիքներ եմ մոնտաժել, այնքան եմ հոգնած ու զզված այդ ամենից, ոչինչ էլ չի զարմացնում ինձ: Թող ինձ ներեն մեծ հարսանիքներ անողները, բայց չարժե այդքան անիմաստ գումար ծախսել: Լուսանկարիչ եղբայրս գեղեցիկ նկարահանում է իրականացրել, որը հարսանիքի ժամանակ կցուցադրենք: Ամենաբարդը ռեստորանի ընտրությունն էր, քանի որ ընդհանրապես ազատ տեղ չկար:
Էվելինա. Չէի կարող պատկերացնել, որ նախապատրաստական աշխատանքներն այդքան ծավալուն ու բարդ են, բայց սիրում եմ ամեն ինչ նախօրոք կազմակերպել: Այդ հարցում ինձ ընտանիքս ու ընկերուհիներս են շատ օգնել, առանց նրանց ամեն բան հասցնելը դժվար կլիներ։
- Ինչպիսի՞ հարսանիք եք ուզել կազմակերպել եւ ովքե՞ր են այդ կարեւոր օրը ձեր կողքին լինելու։
Հովհաննես. Հարսանիք չէի էլ անի, եթե Էվելինան չլիներ, նա, ինչպես յուրաքանչյուր աղջիկ, փոքր տարիքից ցանկացել է հարսի շոր հագնել։ Նախաձեռնողն ինքն է եղել, ինձ համար առաջնայինն այն էր, որ ընտանիք կազմենք: Հյուրերից շատերը մեր ոլորտից են լինելու՝ տարիների ընթացքում ընկեր դարձած մարդիկ, բարեկամները: Իսրայելից իմ ընկեր Ափո Սահակյանն է եկել ու իր բենդով կնվագի. խելառ վիճակներ են լինելու։
Էվելինա. Մեր կողքին կլինեն հարազատ մարդիկ՝ բարեկամները, ընկերները, գործընկերներն ու կուրսեցիները։
- Նաեւ եկեղեցու ընտրությանն անդրադառնանք, ինչո՞ւ եք Սուրբ Սարգիսն ընտրել:
Էվելինա. Այդ եկեղեցին շատ եմ սիրում, Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել ու ցանկանում էի, որ իմ պսակադրությունն էլ այնտեղ լինի։
- Հովհաննես, քանի որ Գյումրիից եք, չե՞ք մտածել հարսանիքը Ձեր քաղաքում անելու մասին։
Հովհաննես. Եթե փոքր հարսանիք անեինք, բնականաբար, Գյումրիում կլիներ, բայց մոտ 300 մարդ է հրավիրված, անխղճություն կլիներ բոլորին տանել այնտեղ։ Նաեւ զուգահեռ աշխատում ենք, պետք է կարողանայինք ամեն ինչ հասցնել։ Անգամ երեկ նկարահանման եմ եղել, գիշերն եմ գնացել վարսավիր ընկերներիցս մեկի մոտ, որ հարսանիքին պատշաճ ներկայանամ:
Էվելինա. Հոկտեմբերի 3-ն սպասվող արարողությունից առաջ շատ ոգեւորված էի, երբ հարսանիքը հետաձգվեց, երկար ժամանակ մտավախություն ունեի, որ էլի որեւէ բան կարող է տեղի ունենալ:
- Կարեւոր է ամուր ու սիրով լի ընտանիքների ստեղծումը մեր երկրում։
Հովհաննես. Շատ կարեւոր է, որովհետեւ այդ ընտանիքներից են դուրս գալիս հասարակությանը պիտանի մարդիկ։ Ոչ կայուն, իրար վրա մուննաթ եկող, բռնություններով լի ընտանիքներում նորմալ մարդիկ հազվադեպ են լինում։ Երեխան սպունգի նման է՝ ինչ տեսնում, այն էլ քաշում է։ Եղբորս երեխան փոքր տարիքից տեսել է, թե ինչպես եմ կիթառ նվագում ու ինքն էլ սիրել է: Եթե մանկուց սեր են ստանում, հետո իրենք էլ այն տարածելու են:
Էվելինա. Ընտանիքը պետության հիմքն է եւ ամուր ընտանիքը, վստահաբար, կօգնի մեր երկրի զարգացմանը: Լավ առիթները ժողովրդին պետք են այս ճգնաժամային եւ տխուր վիճակից դուրս գալու համար։
- Հարսանիքին հյուրերի համար հետաքրքիր անակնկալներ լինելո՞ւ են. պատմեք՝ առանց շատ բացահայտումներ անելու:
Հովհաննես. Լինելու են անակնկալ հյուրեր, երգիչ, բենդեր։ Հենց սկզբից մտածել եմ, որ մեկ դիջեյ կլինի՝ իմ ընկեր Լիպոն: Հարսանիքն առանց թամադա է անցնելու, կենացները բաժանել եմ հյուրերի միջեւ. ամեն մեկն իր հետ նոր գույն է բերելու: Մնացած անակնկալների մասին չեմ պատմի:
- Ի՞նչ եք զգում այդ կարեւոր օրվանից առաջ, ի՞նչ ապրումներ ու անհանգստություններ ունեք։
Հովհաննես. Անկեղծ, դեռ ոչինչ չեմ զգում, այնքան խառն եմ գործերով, ինչը մի կողմից լավ է: Նկատել եմ, որ ընկերներս հարսանիքից առաջ, սովորաբար, դողում էին, խառնված էին, գործն ինձ փրկում է: Իրար սիրում ենք, եւ եկել է պահը, որ էլ չեմ ուզում Էվելինային տուն ճանապարհել, այլ որ միասին մեր տուն վերադառնանք, գիշերները կինո նայենք, առավոտյան արթնանամ ու նրան տեսնեմ։
Էվելինա. Հուզված եմ, լարված, բայց վստահ, որ շատ սիրուն, պայծառ եւ լուսավոր օր է լինելու։
- Ո՞րն է հայկական հարսանիքներում ձեր ամենասիրելի եւ հուզիչ պահը։
Հովհաննես. Երեւի, հենց հարսի ու փեսայի առաջին պարը, որովհետեւ այդ ժամանակ այնքան անկեղծ են, ու միանգամից երեւում է՝ իրար սիրում են, թե չէ:
Էվելինա. Ինձ համար էլ ամենահուզիչը եկեղեցում տեղի ունեցող արարողությունն է, որից հետո հարսի ու հայրիկի պարն է։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: