×


«Էվելինայի տատիկն ասաց. «Դասը լավ չեք սովորել, հաջորդ օրը եկեք աղջիկ ուզելու»». ռեժիսորի եւ դերասանուհու ապագա ընտանիքը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը մեկ ամիս է՝ նշանվել են: BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար երիտասարդ զույգը պատմել է ծանոթանալու հետաքրքիր պատմության, իրար շատ սիրելու, միասին աշխատելու ու սպասվող հարսանիքի մասին:

- Էվելինա եւ Հովհաննես, մի քիչ պատմեք Ձեր ընտանիքների մասին ու թե ինչպիսի միջավայրում եք մեծացել:

Էվելինա. Մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, սիրել եմ թատրոնն ու փոքր տարիքից եղել տատիկի եւ հորաքրոջս ներկայացումներին ու փորձերին: Երբեմն մինչեւ պրեմիերան անգիր գիտեի ներկայացումը: Այդ մթնոլորտը վարակիչ եղավ, որպեսզի ես էլ ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Ունեցել եմ շատ լավ, պայծառ եւ ուրախ մանկություն, երեւի թե վերջին սերունդներից եմ, որ առավոտից երեկո բակում խաղալով է անցկացրել:

Հովհաննես. Մեր ընտանիքում արվեստագետներ ընդհանրապես չեն եղել. Գյումրիի ամենաքյարթու թաղամասերից համարվող Գերցենից եմ: Հորեղբորս ընտանիքի հետ նույն բակում ենք ապրել ու մեծացել 4 եղբայրներով: Կինոներ շատ եմ նայել, ես էլ սյուժեներ էի մտածում ու բեմադրում խաղալիքներով. այնպես էի անում, որ սերիան ավարտվի, իսկ հաջորդ օրը շարունակում էի նույն տեղից: Տեսարանին համապատասխան էլ երգ էի միացնում: Հետագայում ռեժիսուրան ընտրեցի, իսկ եղբայրս՝ լուսանկարչությունը:


- Իսկ ե՞րբ հասկացաք, որ դառնալու եք հենց դերասան ու ռեժիսոր:

Հովհաննես. Առաջին դասարանում ցանկացել եմ տիեզերագնաց դառնալ, երկրորդում՝ իրավաբան: Հայրս Հովհաննես անունով քննիչ ընկեր ուներ, որը թղթապանակը թեւի տակ դրած գալիս էր մեր տուն, դրա համար էլ ուզում էի մեծանալ ու նրա պես դառնալ: Բայց չորրորդ դասարանից արդեն հստակ գիտեի, որ կինոներ եմ նկարելու, մինչեւ իսկապես ընդունվեցի ինստիտուտ ու բոլորը զարմացան, թե ինչպես էի այդքան վաղ տարիքում կողմնորոշվել:   

Էվելինա. Գիտեի, որ դերասանուհի եմ դառնալու, բայց եղել է շրջան, որ մտածել եմ ուսուցչուհի եւ տնտեսագետ լինելու մասին: Դպրոցում քիմիա շատ էի սիրում, ու մայրս համոզում էր բժշկությունն ընտրել: Բոլոր հարազատներս դեմ էին, որ դերասանուհի լինեմ, բայց չեն էլ խոչընդոտել, պարզապես նրանց տառապանքը փորձ ուներ (ծիծաղում ենք,-հեղ.): Ուրախ եմ, որ լսեցի սրտիս ձայնն ու ընտրեցի իմ ուզածը, որովհետեւ եթե մի գործ չես սիրում, լավ մասնագետ դառնալ չես կարող:  

- Ձեր տատիկը դերասանուհի Էվելինա Շահիրյանն է, ի՞նչ խորհուրդներ է Ձեզ տալիս:

Էվելինա. Տատիկը հիմնականում գոհ է լինում, ինչն ինձ երջանկացնում է (ծիծաղում է,-հեղ.): Եղբայրս՝ Արման Մարգարյանը, պատմում է, որ ամեն եթերից հետո տատիկը զանգում է ու ասում. «Արման ջան, ամեն ինչ շատ լավ էր, բայց սա, բայց նա, բայց…»: Նա ճիշտ խորհուրդներ է տալիս: Տատիկը գալիս էր իմ ուսանողական ներկայացումները նայելու, դիպլոմայինի ժամանակ էլ ասաց, որ ձեռքերս չպետք է խաչեի, քանի որ այն բնորոշ չէր կերպարին, այլ դիտողություն չարեց, ինչն ինձ ուրախացրեց:

- Ո՞ր գործը համոզեց՝ ճիշտ ընտրություն եք կատարել ու ինքներդ էլ հաճույք ստացաք ձեր արածից:

Հովհաննես. Սովորելու տարիներին հաշմանդամության թեմայով սոցիալական գովազդ էի նկարել, թեեւ դեռ միտք չունեի ռեժիսուրայով զբաղվել: Այն փառատոնում մրցանակ ստացավ ու ամեն ինչի սկիզբը դրեց: Իսկ բնության աղտոտվածության թեմայով գործս ինձ համարձակություն տվեց, որ ամեն ինչ կստացվի: Այն ռուսական «Ընտրիր կյանքը» փառատոնում 3-րդ տեղը գրավեց:

4 կարճամետրաժ ունեմ՝ «Հրաշք», «Ես եկել եմ», «Շղթա» ու «Happy Bday 2U», բոլորն էլ ցուցադրվել են կինոթատրոններում: Միշտ ազդագրերից հետո կադրեր եմ թողնում, սիրում եմ այդ հնարքը, մինչեւ Marvel-ի կիրառելն եմ սկսել. հին կինոներից մեկում եմ տեսել ու հավանել:

Էվելինա. «Սերը տարիք չի հարցնում»-ն իմ առաջին գլխավոր դերով ներկայացումն էր թատրոնում, մի քանի ամիս անց դրան հաջորդեց «Անվերջ վերադարձը»: Մինչեւ ներկայացումն այնքան մտքեր ես ունենում՝ կստացվի՞, չի՞ ստացվի, բա որ ձախողե՞մ, բա որ չհավանե՞ն, եւ կարեւոր էր այն պահը, երբ զգացի, որ ամեն ինչ կարողացա հաղթահարել, իսկ կարծիքները դրական են:


- Հովհաննես, Դուք Գյումրիից եք, հե՞շտ հարմարվեցիք այստեղ:

- Երկու ընկերով 2017-ին տեղափոխվեցինք ու նույն տան մեջ էինք ապրում: Ինչքան գումար ունեի, հավաքել էի ու եկել, մեկ ամիս աշխատեցի, ինձ գործից հանեցին, ստիպված վերադարձա Գյումրի: 5 ամիս անց նույն տեղից էլի կանչեցին, ու այդ անգամ արդեն մնացի: Միշտ օրը 24 ժամ աշխատել եմ, հիմա էլ հենց մի քիչ ազատ եմ լինում, ամեն ինչ քանդվում է, դրա համար պետք է անդադար աշխատեմ: Սկզբում Երեւանում շատ դժվար էր, գործ չունեինք, տնեցիներին խաբում էինք, որ ամեն ինչ լավ է, բայց ամբողջ օրվա ընթացքում կարող էինք միայն մեկ թթվասեր ուտել:

Աջափնյակում բիստրո կար, որտեղ երեկոյան ժամը 21:00-ից հետո ուտելիքը կես գին էր դառնում, սպասում էինք՝ այդ ժամը լրանա, նոր գնումներ էինք անում: Այնտեղ միշտ հայ երգիչներից մեկի տեսահոլովակն էր միացրած լինում, տարիներ անց նրա հոլովակն ինքներս նկարեցինք: Այնպես ստացվեց, որ Աջափնյակում էինք, երբ առաջարկեց որեւէ տեղ հաց ուտել, ու գնացինք այդ բիստրո (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ծանոթացել եք «Հատուկ դասարան» սերիալի նկարահանումների ժամանակ, ինչպե՞ս էր միասին աշխատելը:

Էվելինա. Մինչ քասթինգը մեզ արդեն ծանոթացրել էին, բայց այդ մասին մոռացել էի, Հովհաննեսն է տպավորվել առաջին հանդիպումից. դե, ես հիշվող եմ (ծիծաղում ենք,-հեղ.): Այնպիսի կրթություն եմ ստացել, որ սերիալը վատ է ու փչացնում է դերասանին, բայց եկավ մի պահ, որ շատ էի ուզում նկարահանվել, թեեւ այլ աշխատանք ունեի: Քասթինգից հետո նաեւ թատրոնում փորձի եկա ու փետրվարից իմ կյանքում հեղաշրջում եղավ՝ ամեն ինչ փոխվեց դեպի լավը:

- Հովհաննես, երբ  քասթինգի եկավ այն աղջիկը, որին հիշում էինք, Ձեզ հետ ի՞նչ կատարվեց:

Հովհաննես. Նրա ներկայությունը հաճելի էր, որոշ ժամանակ անցավ ու զգացմունքներ առաջացան, բայց սառեցրի ու մի կողմ գցեցի՝ տարվելով միայն գործով: Արդեն 4 ամիս աշխատել էինք, երբ հասկացա, որ ամեն ինչ շատ լուրջ է ու որոշեցի հետը խոսել:


- Էվելինա, ինչո՞ւ եկաք հենց Դրամատիկականում աշխատելու եւ Հովհաննես, հաճա՞խ եք լինում նրա ներկայացումներին:

Էվելինա. Թատերական ինստիտուտ էի ընդունվել Դրամատիկականում աշխատելու համար. ուրիշ տեղում ինձ չէի պատկերացնում: Չէի ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե ինձ հանկարծ չընդունեին: Լսումներին այնքան լարված էի, բայց ամեն ինչ հաջող անցավ: Զանգեցի տատիկին ու ասացի, որ լավ եմ ներկայացել, արցունքներս հոսում էին:

Հովհաննես. Ներկայացումներ շատ-շատ եմ նայում, Գյումրիում էլ եմ լինում պրեմիերաներին: Էվելինայի բոլոր ներկայացումները նայել եմ, ամեն անգամ նա տարբեր է ու գիտակցում է, թե ինչ է անում, չի փորձում խաղալ, այլ վիճակի մեջ է մտնում ու կերտում կերպարները:

- Իսկ Դուք Հովհաննեսի մասնագիտական ո՞ր կողմերն եք հավանում:

Էվելինա. Իր գործը շատ-շատ է սիրում, նրա հաջողության գաղտնիքը հենց դրանում է, ամեն ինչին լուրջ է վերաբերվում, ոչինչ աչքաթող չի անում: Մտածում է բոլոր տեսարանների մասին ու նաեւ դերասաններին օգնում:

Ընկերությունից ծնված սերը

- Ինչպե՞ս համակրանքը վերածվեց սիրո ու Էվելինա, Հովհաննեսը ո՞նց կարողացավ գրավել Ձեզ:

Էվելիա. Հովհաննեսը դերասան Համլետ Ղազարյանի ընկերն է ու միասին հաճախ էին նկարներ հրապարակում, կարծել էի՝ եղբայրներ են: Երբ մի օր թատրոնում Մարիամ Ադամյանը մեզ ծանոթացրեց, ճանաչեցի՝ Համոյի եղբայրն է: Քասթինգի առաջին օրը շատ էր տպավորվել ու աշխատանքի վայրում ընկերոջս՝ Հովհաննեսին, պատմեցի, որ ռեժիսորը դուրս եկել է: Սոցցանցում գտա նրան ու ցույց տվեցի, Հովոն ընկերության հայտ ուղարկեց, վայրկենական հանեցի՝ մտածելով, որ տեսած չի լինի:

Հովհաննես. Իսկ ես տեսել էի ու չուզեցի միանգամից ընդունել, մի քիչ սպասեցի, իսկ երբ ուզում էի ընդունել, այնպես ստացվեց՝ ինքս ուղարկեցի (ծիծաղում ենք,-հեղ.):

Էվելինա. Պատկերացրեք իմ վիճակը, երբ հայտը տեսա: Ամաչում էի քասթինգի հաջորդ փուլին գնալ, իսկ երբ նրան տեսա, չէի կարողանում դեմքին նայել: Հետո շատ լավ ընկերներ դարձանք. նախ դերասաններով մտերմացանք, ապա նրան էլ մեր ջրերը գցեցինք: Շատերն ասում էին՝ երբ նախագիծն ավարտվի, կտեսնենք, որ ոչ էլ մտերիմ ենք եղել, բայց ոչինչ չի փոխվել՝ 2 օր առաջ էլ միասին Կասկադում էինք: Ամիսներ անց արդեն մեր Հովոն էր ու սկսեցի զգալ, որ իր վերաբերմունքն այլ է:


- Հովհաննես, մի քիչ վախենալո՞ւ չէր խոսել զգացմունքների մասին, փոխադարձ չլինելու դեպքում ամեն ինչ կարող էիք փչացնել:

Հովհաննես. Այդ մասին մտածել եմ, բայց պատկերացրի, թե ինչ կլինի հետս, եթե որեւէ տղայի ձեռքը բռնած գա ու մեզ ծանոթացնի: Դրա համար որոշեցի քայլ անել, ինքն էլ Ինստագրամով գրեց. «Քեզ ընկերոջ պես եմ սիրում»:

Էվելինա. Հասկացել էի ամեն ինչ ու ինձ մեղավոր էի զգում, ուզում էի մեր ընկերական շփումը շարունակվի:

Հովհաննես. Զանգեցի ու ասացի, թե ինչու է թեմա բացում, այն էլ՝ Ինստայով: Նման բաների մասին խոսելիս պետք է նայել մարդու դեմքին, լսել ձայնը: Դրանից մի 2 օր անց՝ հուլիսի 1-ին, մեր ընկերներից մեկի տանը սուշի էինք ուտում, հետը խոսեցի ու ամեն ինչ ասացի:

Էվելինա. Էլի մերժվեց, բայց պնդեցի, որ ընկերներ մնանք:

Հովհաննես. Շարունակում էինք տեսնվել:

Էվելինա. Ամեն անգամ առիթ էր ստեղծում, որ ինձ տուն ճանապարհի:

- Իսկ ինչպե՞ս եղավ, որ ընկերներից վերածվեցիք իրար սիրող մարդկանց, ո՞նց հալեցրեց Ձեր սիրտը:

Էվելինա. Ես էլ չհասկացա:

Հովհաննես. Հուլիսի կեսերից եղավ, բավական արագ էլ հալվեց:

- Երեւի արդեն շատ շոգ էր ու չդիմացավ (ծիծաղում ենք,-հեղ.): Ամուսնության առաջարկությունն անակնկալ կերպով արեցիք «Լավ Էլի»-ի համերգին:

Հովհաննես. Էվելինայի պապայի ծննդյան օրն էր: Նախ զանգեցի մամայիս ու պատմեցի, թե ինչ եմ մտածել: Նա խորհուրդ տվեց նախ նրա ծնողների հետ խոսել, համերգին 1,5 ժամ էր մնացել, երբ բավական արագ մատանին գնեցի ու դրեցի Kinder-ի մեջ: Վերնաշապիկիս գրպանում էի տեղավորել, իսկ Էվելինան անդադար պնդում էր, որ այն մեքենայի մեջ թողնեմ, քանի որ խանգարելու է: Հազիվ հասցրի հանել ու գաղտնի տալ ընկերոջս, որ թաքցնի իր պայուսակում:

Էվելինա. Պապան ասել էր, որ սկզբում խոսեն, նոր անի առաջարկությունը, բայց քանի որ տարեդարձն էր նշում ընկերների հետ, չհասցրին: Հաջորդ օրը Հովհաննեսը դաժան զրույց ունեցավ (ծիծաղում ենք,-հեղ.):

Հովհաննես. Այդքան էլ դաժան չէր:


- Էվելինա, ինչպե՞ս էր ամուսնության անակնկալ առաջարկություն ստանալը:

Էվելինա. Հուզիչ էր, բայց նշանվելուց հետո մեր շփումը նույնն է մնացել, թեեւ մատանին ամեն ինչ պաշտոնական է դարձել ուրիշների աչքերում: Պետք է բեմում աներ առաջարկությունը, բայց էմոցիաների ազդեցության տակ չդիմացավ:

Հովհաննես. Առաջարկություն արեցի «Գտա քեզ երկնքում» երգի ներքո: Խմբի հետ մտերիմ ենք. «Մեր հանդիպման օր»-ի տեսահոլովակը ես եմ նկարել, Մհերի հետ պայմանավորվել էի, որ բեմ կբարձրանամ, գրող Էդգար Կոստանդյանն էլ խոստացել էր ծաղիկները բերել: Բայց համերգի կեսերին առաջարկությունն արեցի, հազիվ հասցրին հեռախոսները միացնել ու նկարել: Ինձ համար միեւնույն էր, թե ով կնկարեր, անսպասելիությունն էր կարեւոր ու իրական էմոցիաները:

Էվելինա. Դրա համար էլ ոչ մի նորմալ տեսանյութ չունենք այդ պահից:

Հովհաննես. Էդոն հետո ասաց, որ մեր պայմանավորվածությունը փչացրի:

Էվելինա. Երբ ռեժիսորն ու սցենարիստն իրար սխալ են հասկանում, այդպես է լինում  (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ընտանքի անդամների հետ ինչպե՞ս է անցել պաշտոնական մասը:

Հովհաննես. Մեկ շաբաթ հետո գնացինք ու ընտանեկան միջավայրում նշեցինք: Սկզբում չգիտեինք՝ ինչ անել, մի 5 րոպե պարզապես նստած էինք: Էվելինայի տատիկն էլ կատակով ասաց. «Դասը լավ չեք սովորել, հաջորդ օրը եկեք աղջիկ ուզելու»: Պարզապես հուզված էինք... Եղբայրս հարսանեկան լուսանկարիչ է, բոլոր ադաթները գիտի ու ամեն ինչ կազմակերպեց (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ե՞րբ եք պլանավորում հարսանիքն անել:

Էվելինա. Այս տարվա ընթացքում ուզում ենք ավանդական ու մեծ հարսանիք անել. իմ բարեկամներն ու ընկերները շատ են, փոքր լինել չի կարող: Փոքրուց երազել եմ հարսանիքի մասին:


- Եվ «Խոսեց սերը» շարքում առաջին զույգն եք, որը դեռ ամուսնացած չէ, ինչպի՞սն եք ուզում, որ լինեն համատեղ տարիները:

Էվելինա. Երջանիկ ու անհոգ, թեեւ գիտեմ, որ միայն այդպիսին չեն կարող լինել:

Հովհանենս. Ուզում եմ, որ թեթեւ լինեն, որեւէ խնդիր պատմություն չդառնա:

Էվելինա. Մեր վեճերն այնքան քիչ են: Մի քանի օր առաջ ինչ-որ բան սրտովս չէր, զարմացավ, թե ինչու եմ այդպես արձագանքում: «Դե, վեճեր չեն լինում, թող գոնե մեկ օր մուննաթ գամ ու հեռախոսն անջատեմ»,-ասացի (ծիծաղում ենք,-հեղ.):

Հովհաննես. Փողով երջանկություն չես գնի: Նա իմ կողքին է եղել, երբ գործերս շատ լավ են եղել, համ էլ՝ շատ վատ. ամենաթանկ սրճարանում էլ ենք եղել, Կասկադի աստիճաներին էլ սուրճ խմել ու նույն բանը զգացել: Բայց եթե կարող ենք լավ տեղ գնալ, այդպես էլ պիտի անենք: Կփորձենք միասին աշխատել ու զիջող լինել:

- Ի՞նչ է սերն ամեն մեկիդ համար:

Էվելինա. Չգիտեմ:

Հովհաննես. Տարբեր զգացողությունների փաթեթ է՝ փոխադարձ հարգանք, վստահություն, գրավչություն: Մարդիկ ֆիզիկապես ու հոգեպես պետք է մի ամբողջություն լինեն:

- Իրար 3 բառով ո՞նց կբնութագրեք:

Հովհաննես. Սկյուռիկ, հավատարիմ, հոգատար:

Էվելինա. Հավատարիմ, հանդուրժող ու բարի:

- Միմյանց ո՞ր գծերն եք սիրում:

Էվելինա. Որ ինձ այդքան հասկանում է:

Հովհաննես. Որ սխալ է լինում, միանգամից ընդունում է:

Էվելինա Շահիրյանը


- Իրարից ի՞նչ եք սովորում:

Հովհաննես. Սովորել եմ, որ ֆիլմային սերը միայն էկրաններին չի լինում, իրական կյանքում էլ կա: Մարդիկ կարող են առանց սպասելիքներ ունենալու իրար սիրել ու չկարողանալ ապրել առանձին: Այսքան ժամանակ 2 օրից ավելի չի եղել, որ չտեսնվենք: 4 օրով Սոչի եմ մեկնելու, առաջին անգամ երկար ժամանակով կբաժանվենք:

Էվելինա. Նրանից սովորել եմ, որ ոչ մի պարագայում չպետք է հանձնվես, այլ քո մեջ ուժ գտնես ու պայքարես: Նա պայքարող ու նպատակների հասնող մարդու լավագույն օրինակ է, ինձ դուր է գալիս, որ կյանքում ունեցած դժվարություններից հետո, միեւնույն է, հոգում երեխա է մնացել:  

- Իրար ի՞նչ կմաղթեք:

Հովհաննես. Որ մասնագիտության մեջ հասնի իր ուզածին, ստիպված չլինի փողի համար ուրիշ գործով զբաղվել ու որ իմ հանդեպ զգացմունքները մնան այնպիսին, ինչպիսին կան: Անձնական երջանկությունն էլ ես կտամ նրան:

Էվելինա. Կուզեմ իր մասնագիտական ցանկություններն իրականան՝ նկարի իր ուզած ֆիլմերն ու մասնակցի կարեւոր փառատոնների:  

- Համատեղ ի՞նչ երազանք ունեք:

Հովհաննես. Մեր տունն ունենանք ու միասին նախագիծ անենք:


«Հոգեպես տրվում է բոլոր մարդկանց»

Էվելինա. Հովհաննեսը շատ էմոցիոնալ ու լավ մարդ է, այնքան եմ ուզում մեր շրջապատում այդպիսինները շատ լինեն: Հոգեպես տրվում է իր կյանքում ներկա բոլոր մարդկանց, երջանիկ է իր շրջապատով, շատ եմ ուզում, որ համարժեք վերաբերմունք ստանա:

«Շատ զգացմունքային է ու նրան խոցելը հեշտ է»

Հովհաննես. Էվելինան հավատարիմ ու հոգատար է, զույգեր կան, որ տարիներով ապրում են իրար հետ, բայց այդ նույն ջերմությունն ու հոգատարությունը չկա նրանց միջեւ: Էվելինան զգացմունքային է ու նրան խոցելը շատ հեշտ է, դրա համար պետք է ճիշտ մարդանցով շրջապատված լինի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին