×


«Նոր ձայներ»-ից ձեւավորվել է «Երգ երգոց» նախագծի հիմնական կազմը

Մեկ տասնամյակից ավելի Առաջին ալիքով ցուցադրվող «Երգ երգոց»-ն այս տարի ձեւաչափային փոփոխության ենթարկվեց․ «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթի շրջանակում ժողովրդական երգի շուրջ 400 կատարող փորձեց իր ուժերը, արդյունքում ձեւավորվեց նախագծի նոր կազմը, որն էլ ամիսը մեկ անգամ համերգային ծրագրով կներկայանա հեռուստադիտողին: Օրեր առաջ տեղի ունեցած նկարահանմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Մրցույթին մասնակցած բավական շատ կատարողներից ժյուրին ընտրեց 12 արտիստի, ովքեր 4 ամսվա ընթացքում աշխատեցին կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի հետ եւ հիմա արդեն համարվում են այս նախագծի հիմնական կազմը։ Մեկ համերգին մեծ նվագախմբի հետ մանրակրկիտ պատրաստվում ենք շուրջ մեկ ամիս։ Այս եթերաշրջանում Արտեմ Խաչատուրը փորձում է ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք դեռ չեն կատարվել ժողովրդական գործիքների անսամբլի կողմից»,- ասել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը՝ հավելելով, որ մեր երաժշտական գանձարանն այնքան մեծ է, որ գրեթե մի կյանք կարելի է նման տարբերվող համերգներ նկարահանել:


Նրա գնահատմամբ՝ մրցույթի շնորհիվ հանդիսատեսը բացահայտեց ժողովրդական նոր կատարողների․ «Տաղանդավոր մարդիկ են, ովքեր իսկապես պատասխանատու են իրենց ընտրած ուղու համար։ Մենք էլ պետք է ջատագով լինենք, որ չստացվի այնպես, որ շեղվեն իրենց ուղուց, ժանրերի խառնուրդ չստացվի, մաքուր ժողովրդական երգիչներ մնան։ Այս ժանրում սերնդափոխություն եղավ։ Որպես հայ եւ ՀՀ քաղաքացի՝ ուրախ կլինեմ, որ այս ամենի հետեւորդները շատ լինեն»։


Համերգային առաջին թողարկման համար ընտրել են գուսան Շերամի երգերը, իսկ երկրորդին նվագախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը։

Հաղթողներից Նարեկ Հովեյանի գլխավոր ցանկությունը մեծ լսարանին հայկական երգը հասանելի դարձնելն է. «Սկսել եմ երգել 7 տարեկանից, այժմ էլ Երեւանի կոնսերվատորիայում եմ սովորում: Մրցույթին փորձեցի ցույց տալ իմ ուժերը, ձգտում էի հաղթել եւ ուրախ եմ, որ նախագծի հիմնական կազմում եմ»։


Դավիթ Հայրոյանի համար եւս նախագիծը հնարավորություն էր ներկայանալու ժողովրդական ոճում. «Սկզբում ընդհանրապես չէի մտածում, որ հաղթողներից մեկը կլինեմ։ Ժողովրդական երգը մեր ինքնությունն է, առանց դրա չեն լինի մեր մշակույթը եւ պատմությունը։ Ավելի կարեւոր է մերը ներկայացնենք հանրությանը, ոչ թե միայն տարածենք այլ ազգերի երգերն ու մշակույթը»։


Հաղթողներից Արուսյակ Պետրոսյանն ունի իրավաբանի կրթություն, բայց երգն իր համար առաջնային է. «Մանկուց շատ եմ սիրել ժողովրդական երգը, հայրիկիս հետ երգելով՝ այդ սերն ավելի է մեծացել ու ինձ բերել դեպի այս նախագիծ։ Ուրախ եմ, որ մշտական կազմում հնարավորություն ունեմ ներկայացնելու մեր ժողովրդական երգերը։ Ինձ համար սա երազանք էր, որ իրականություն դարձավ։ Կարծում եմ՝ հատկապես հիմա յուրաքանչյուրը պետք է պահպանի հայկականը, եւ երգը տարբերակներից մեկն է»։


«Երգոց» երաժշտական նախագծի մշտական կազմում հանդես են գալիս նաեւ Տիգրան Շահինյանը, Սիլվա Առաքելյանը, Հարություն Ազիզյանը, Արման Գրիգորյանը, Ֆերդինանտ Մսրյանը, Դավիթ Սեդրակյանը, Աշոտ Դավթյանը, Արման Գրիգորյանը եւ Ռազմիկ Միքայելյանը։ Համերգները կվարի Խորեն Լեւոնյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW