«Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ որոշեցի միախառնել իմ երկու սիրելի զբաղմունքները՝ պոեզիան եւ կավագործությունը»,- պատմում է Մանե Բրուտենցը: Արդեն 6 տարի է, ինչ նա զբաղվում է կավագործությամբ եւ ունի իր արհեստանոց-խանութը: Սկսել է ուսանողական տարիներից՝ Մոսկվայում:
Մանեն ոգեշնչվում է հայ գրողների գործերից եւ դրանց նոր շունչ է տալիս կավի միջոցով: Ասում է, որ դեռ 5-6 տարի առաջ նախընտրում էր իր սիրելի բանաստեղծություններից կամ երգերի տողերից հատվածներ վերցնել։ Գերակշռում էին Սահյանի բանաստեղծությունները, քանի որ շատ է սիրում սահյանական ոճը, կային հատվածներ Կոմիտասի «Կռունկ» երգից: Հիմա ցանկը բավական մեծ է․ օգտագործում է նաեւ Սեւակի, Չարենցի, Թումանյանի եւ այլ բանաստեղծների տողեր, ինչպես նաեւ հեղինակային գրվածքներ:
2020 թվականին արդեն վերջնականապես տեղափոխվել է Հայաստան եւ որոշել իր ապրանքանիշին կյանք տալ նաեւ այստեղ: Պատմում է, որ դեռ ուսանողական տարիներից նպատակ է ունեցել, որ հենց սկսի զբաղվել կավագործությամբ, անպայման Մոսկվայից տեղափոխվի Հայաստան՝ մշտական բնակության:
Որոշումը կայացնելուց հետո ծնողներին խնդրել է իր աշխատանքային գործիքները, վառարանը եւ այլ իրեր ուղարկել Հայաստան, որպեսզի սկսի այստեղ աշխատել: Ասում է՝ հիմնական նպատակն է ցույց տալ հայկական արվեստը եւ հայկական արտադրանք ստեղծել: 5 տարի աշխատել է միայնակ, այժմ համալրում է իր աշխատանքային թիմը:
Արվեստանոցում ծնվում են Մանեի եւ իր թիմի աշխատանքները, որոնք ցուցադրվում են նաեւ միջազգային հարթակներում: Արդեն հասցրել է իր աշխատանքները տարածել Երեւանի 7 խանութներում եւ Մատենադարանում: Մանեի խանութը մասնաճյուղ ունի նաեւ Լոնդոնում: Նշում է՝ երբ բրիտանացիները տեսնում են հայկական ձեռագրերը, զարմանում են եւ հետաքրքրությամբ լսում, թե ինչ է պատմում դրանց մասին: Հաջորդ կայանը Փարիզն է, որտեղ ծաղկամանների ամենամյա ցուցադրություններից մեկին Մանեն եւս մասնակցել է. «Իմ նպատակն է աշխարհին ներկայացնել հայկականը՝ սիրուն հայկականը»:
Զրուցակցիս հետ խոսեցինք նաեւ պատվերներն արտերկիր առաքելու դժվարությունների մասին: Մանեն ասում է, որ արդեն մի փոքր հեշտացել է արագ տեղափոխման իրականացումը Հայփոստի միջոցով։ Եվ նա հույս ունի, որ հայկական առաքման գործակալությունները կիջեցնեն սակագները:
Մանեն ունի առանձնացող ձեռագիր, աշխատանքներում գերակշռում է կապույտը: Ապրանքանիշը կոչվում է Brutents ceramics․ նրա պապերը բրուտագործներ են եղել Գորիսում, եւ այստեղից էլ անունը:
Իրինա Արեւշատյան
Լուսանկարները տրամադրել է Մանե Բրուտենցը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: