×


«Պատասխանատու էր ելույթ ունենալ Խաչատրյանի գործերն անգիր իմացող հանդիսատեսի առջեւ»․ Ջասմին Չոյ

«Արամ Խաչատրյան» համերգասրահը երեկ ողողվել էր ֆլեյտայի հնչյուններով: Խաչատրյանական ծրագրով հանդես եկան ֆլեյտահար Ջասմին Չոյը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված երեկոն նախաձեռնել էր «Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Հարավկորեացի «Ֆլետայի թագուհին» առաջին անգամ էր Հայաստանում, իսկ դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն, սերտ կապերով կապված է Հայաստանի հետ եւ բազում առիթներ է ունեցել կատարելու Խաչատրյանի ստեղծագործությունները։


40-ամյա ֆլեյտահարին երեւանյան հանդիսատեսը ընդունեց ջերմ եւ բարձր ծափողջույններով, իսկ Չոյը փայլեց իր գեղեցիկ կատարմամբ։ Նրա հետ զրուցեցինք համերգից հետո, խոստովանեց՝ սկզբում լարվածությունը մեծ էր, քանի որ ելույթ է ունենում հանդիսատեսի առջեւ, որն անգիր գիտի մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները:


«Շատ ուրախ էի տեսնել լեփ-լեցուն դահլիճը. բոլորը շատ ոգեւորված էին։ Համերգի առաջին մասից հետո արժանացա ծափահարությունների, ինչը չափազանց ոգեշնչեց եւ վստահություն հաղորդեց. ինձ լավ էի զգում»,- ասաց Ջասմին Չոյը:


Ֆլեյտահարը Խաչատրյանի ստեղծագործությունները սկսել է սովորել այս տարվա հունվարից եւ շուրջ հինգ համերգի ընթացքում այլ երկրներում առիթ է ունեցել կատարել դրանք. «Արտասահմանյան երաժիշտներին ես պատմում էի Խաչատրյանի ոճի, տրամադրության, հայկական մշակույթի ու պատմության մասին։ Իսկ երբ եկա Հայաստան, հասկացա՝ այստեղ պետք չէ որեւէ մեկին ինչ-որ բան բացատրել, ինձ մնում էր միայն լավ նվագել»։


Չոյին տպավորել է Հայաստանը, հայկական խոհանոցը, նշեց՝ հեռանում է հաճելի հուշերով:

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW