×


«Գրավիտացիա»-ի պրեմիերան եւ Մկրտիչ Արզումանյանի՝ հայրենասեր ֆիզիկոսի կերպարը

Նյուտոնն աշխարհը փոխեց՝ բացահայտելով ձգողականության ուժը, բայց նա չասաց՝ ինչ անել անցանկալի անկման ժամանակ, եւ երբ ազգերն ու պետություններն են սկսում անկում ապրել, ո՞րն է պատճառը, ինչպե՞ս բարձրանալ նորից։ Այս հարցերի պատասխանները գտնելու հետքերով միավորվել են դերասան Մկրտիչ Արզումանյանը, ռեժիսոր Կարո Բալյանը եւ սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը: Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Գրավիտացիա» ներկայացման պրեմիերան էր:

«Յուրաքանչյուր արարք իրեն արժանի հետեւանքն է բերում՝ այսպիսին է ձգողականության օրենքը: Ազգի պատմությունը ներկայացնում ենք այս տեսության տեսանկյունից: Շատ կցանկանանք՝ ներկայացման մեջ բարձրացված խնդիրները մի օր լուծվեն»,- ասաց Բալյանը:  


Ռեժիսորի խոսքով՝ նոր ներկայացումը մի քանի ժանրի սինթեզ է.«Իր մեջ ներառում է թե՛ սթենդափ, թե՛ մեկ մարդու թատրոն, եւ թե՛ մոնո: Մկրտիչը փայլում է իր խաղով: Սովորական մոնոներկայացում չէ, երբ մեկ դերասան ու աթոռ է բեմում. փորձել ենք մեծ ներկայացման ծավալներ հաղորդել՝ լուսաձայնային էֆեկտներից մինչեւ դեկորացիա»:


Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գեւորգ Համբարձումյանն է, որն արժանացել է Նյուտոնի անվան համաշխարհային մրցանակին՝ «Ոսկե խնձորին»: Եվ նա ունի ընդամենը 20 վայրկյան, որպեսզի ասի այն, ինչ մտածում է: Նա ունի իր բազմաթիվ հարցերի պատասխանները, բայց անկարող է փոխել իր անկումը։ Նա փորձելու է բացահայտել գրավիտացիայի անմիջական ազդեցությունը մեր անցյալի եւ ապագայի վրա:

Ֆիզիկոսի դերում Մկրտիչ Արզումանյանն է: Հայրենասեր գիտնականի կերպարը դերասանի համար շատ արագ է հարազատ դարձել, նշում է՝ շատ ասելիք ունի, իսկ տրագիկոմեդիան իր սիրելի ժանրերից է։


«Կարեւոր ուղերձներ կան, որ հարկավոր է հասցնել հանդիսատեսին: Դեռ աշխատանքներ կան անելու. դե, այնպիսի պիես է, որ անընդհատ կարող է թարմացվել, հղկվել։ Ինձ հատկապես դուր է գալիս ավտոբուսի դրվագը, որը դերասանական առումով բազմաշերտ հնարավորություններ է պահանջում եւ դինամիկ է: Առաջին հայացքից ինչ-որ բան փոխվեց ներկաների մեջ, եւ հենց դա է շատ կարեւոր ու ուրախալի»,- պրեմիերայից հետո ասաց Արզումանյանը։


Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ են քննադատության, քանզի քաղաքական թեմաներով հատվածները շատ են, Արզումանյանն ասաց. «Ինչո՞ւ անհանգստանամ, նախ եւ առաջ որպես քաղաքացի՝ իմ կարծիքն եմ ասում, կիսվում եմ մեր ընդհանուր գաղափարով, ներկայացնում մեր անցյալը, ներկան ու թե ինչ կլինի ապագայում, եթե չվերարժեքավորենք մեր կյանքը, չհասկանանք՝ որտեղ ենք եւ մեզ ինչ է պետք գլոբալ խնդիրներից խուսափելու համար»:

Մկրտիչ Արզումանյանը եւ Կարո Բալյանը


Պիեսի բեմադրող նկարիչն Արեւ Պետրոսյանն է, կոմպոզիտորն՝ Անահիտ Մնացականյանը, հագուստի նկարիչը Յուլիա Ֆինկն է, պաստառը՝ Արվին Քոչարյանի, նախագծի հեղինակն եւ պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին