Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը մշտապես պահում է կապը հայրենիքի հետ, գործունեություն ծավալում ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Հայաստանում, նաեւ հաճախ իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանի եւ Արցախի խնդիրների մասին։ Այս անգամ էլ ցավալի իրականությունը մեզ ստիպեց ավելի շատ հայրենիքի խնդիրներից խոսել, քան՝ արվեստից։
- Պարոն Ավետիքյան, շատ կուզեի Ձեզ հետ մշակութային հարցեր քննարկել, բայց, վստահաբար, Ձեզ էլ հիմա ազգային խնդիրներն են հուզում: Հնարավոր է, որ Դուք էլ այս պահին լավատեսություն չունենաք:
- Բանակցությունները պետք է լինեն ավելի պարզ, որ ժողովուրդը հասկանա, թե ինչ է իր գլխին գալու։ Սա է ինձ վրդովեցնում: Մենք, կարծես, լինենք հանդիսատես՝ անզոր եւ առանց հենակետի։ Հայաստանի, նաեւ Սփյուռքի խնդիրներից մեկն է սա. պետք է հասկանալ, թե ինչպես դիմադրել միասին։
Ինչքան էլ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը շատ բարդ է, դրությունն առավել ողբերգական է, որովհետեւ մարդիկ չգիտեն՝ ինչ անել, ինչպես օգտակար լինել, ինչպես մասնակցել ընդդիմության կամ պայքարի։ Սա է ինձ համար ամենամեծ դժբախտությունը, մնացածը պարզ է. Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն ու անելիքները պարզ են, դու քո աչքերով ես տեսնում, ուրեմն՝ պետք է զինվես, գտնես քո դաշնակիցներին, ուրիշ ճար չունես, չես կարող ասել. «Մակրոնի հետ կխոսեմ եւ կստացվի»։
- Հատկապես Ֆրանսիայից միշտ մեծ են լինում սպասելիքները։
- Այսօր կա նավթի հարցը, կաշառքի հարցը. Ադրբեջանն իր մեծ գումարներով գնում է Եվրոպական խորհրդարանի մարդկանց։ Մակրոնն ասել է՝ Ադրբեջանին պատժելու ժամանակը չէ… Բայց նաեւ Հայաստան ուղարկեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին, որ գա, ասի՝ մեզ հետ են, թեեւ զենք տրամադրելու հարցում կոնկրետ որեւէ քայլ չկա:
Հայաստանն ու Սփյուռքը պետք է համատեղ քայլեր անեն եւ հույսը սեփական ուժերի վրա դնեն՝ հաջողելու համար։ Մենք չենք մարսել մեր պատմությունը. պետք է նորից Րաֆֆի կարդալ՝ հասկանալու համար, որ պաթոլոգիական շատ հարցեր չեն լուծվել։
- Իսկ ինչո՞ւ չենք կարողանում մարսել՝ ըստ Ձեզ։
- Կարծես թե պատասխանը գիտեմ. մեր պատմությունը լիովին ընդունված չէ: Մենք, ասես, մի չորս վագոն հետ ենք։ Իհարկե, երկրներն ընդունեցին, որ Ցեղասպանություն է եղել, ռուսները թույլատրեցին Ծիծեռնակաբերդ կառուցել։ Խորհրդային Հայաստանում եմ ծնվել եւ տեսել եմ, թե ինչպես դա եղավ, եւ մենք գոհ էինք, բայց գործընթացը կիսատ մնաց. չի ընդունվել Միացյալ Նահանգների, Իսրայելի կողմից: Վերջինն իր դրոնները վաճառում է Ադրբեջանին: Գիտենք, որ ամերիկացիները հաճախ երկկողմանի խաղ են խաղում. այսօր կասեն՝ այո, վաղը դուրս կգան, որովհետեւ դա իրենց խնդիրը չէ։ Գիտենք, որ ռուսները կպատժեն հայերին եւ այլն, բայց պետք է հասկանալ, եթե այդ ամենն իսկապես տեղի ունենա, ի՞նչ ենք անելու։ Մենք ունեցել ենք շախմատի չեմպիոններ, բայց կարծես թե այս «շախմատը» խաղալ չգիտենք։
- Պատճառներից մեկը դիվանագիտության պակա՞սն է:
- Այո, դիվանագիտության պակասը եւ մի քիչ իմպրովիզացիայով լիքը հարցեր։ Քաղաքական գործիչ լինելը փորձ եւ գործ է, ոչ թե ընդդիմություն է, որ փողոցի միջոցով կարող է հասնել մի տեղ։ Հետո քեզ կդարձնեն խամաճիկ, որի հետ կխաղան, եւ դու ստիպված կլինես այսօր սա ասել, վաղն՝ ուրիշ բան, հետո հասկանալ, որ դա սխալ է: Իսկ ամեն մի սխալ այսպիսի փոքր երկրի համար շատ մեծ կորուստ է։ Սա ժողովրդավարություն չէ:
- Իսկ ի՞նչ կարելի է անել։
- Ցավալի հարցերը շարունակում են խեղդել, եւ թշնամու նպատակն էլ դա է, որ մենք միշտ մնանք փահլեւանի պես հավասարակշռություն փնտրելով եւ չկարողանանք կողմնորոշվել։ Կշարունակեն չթողնել, որ ազգը շնչի, ժամանակ ունենա մտածել, կողմնորոշվել եւ այլն։
Պետք է անպայման լուծել Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ հարցը, ոչ թե միայն դժբախտության մեջ միանալ։ Իմիջիայլոց, Ֆրանսիայում հայկական սփյուռքը շատ է «շարժվում»։ Պետք է, որ շատ վաղուցվանից մի սեղանի շուրջ լինեին եւ խոսեին, թե ինչպես «խորամանկ» եւ խելացի ձեւով կարող են աշխատել միասին։ Թշնամին գիտի, որ ցրված ազգ ես, սփռված ես, իսկ այդ պարագայում ինչ ուզեն, կանեն քեզ հետ։
- Տարածաշրջանում համերաշխության մասին է խոսվում։
- Թուրքիային երբ ասում են՝ սահմանները բացում ենք, կարող եք հանգիստ գալ, առեւտուր անել եւ այլն, հասկանո՞ւմ են, որ այդ մի քայլով թույլ են տալիս, որ Ցեղասպանությունն այլեւս երբեք չընդունվի նրա կողմից: Երկրորդ՝ Թուրքիան իր կազմակերպությունների եւ առեւտրականների հետ՝ ինչպես Վրաստանում արեցին, քո երկրի երկու/երրորդ մասը գնելու է օրինավոր ձեւով։ Արդեն իսկ վաճառվել են մեծ բաներ ռուսներին, իսկ հիմա եթե շատ ոլորտներ վաճառվեն թուրքերին, մեզ ի՞նչ է մնում՝ ոչինչ։ Ուրեմն՝ դու քո տանը չես, մենակ անունն է մնալու։ Սա է իմ մտահոգությունը, որ իբրեւ համերաշխություն՝ ամեն ինչ թույլատրում են։
- Համերաշխության համար նաեւ պետք է հավասարություն լինի, սակայն մենք միշտ զոհողության ենք գնում: Դիմացինը եւս պիտի խաղաղություն ուզի, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը ցույց չեն տալիս, թե խաղաղություն են ուզում։
- Չէ, իրենք խաղաղություն չեն ուզում՝ մեզ են ուզում։ Ուզում են մեզ նվաստացնել, մեր միջոցով իրենց ամեն ինչն ապահովել։ Սա պարզ երեւում է, չէ՞, ուրեմն՝ պետք է պայքարելու միջոց ու համախոհներ գտնես: Ողբերգություն է՝ մեր մի սերնդի մեծ մասը հեռացավ այս աշխարհից։ Բայց չպիտի նստենք քարին ու լաց լինենք, անհրաժեշտ է մտածել, պայքարել, բանակցել, ելքեր գտնել, ուրիշ ձեւ չկա։ Մնալ այս դիրքում՝ ապուշություն է. Հայաստանն ու Սփյուռքը միասին խոսք պիտի ասեն, որ տեղ հասնի։
Ես այսօր շատ եմ տառապում բռնի տեղահանված մեր հայրենակիցների եւ երիտասարդների համար, գիտեմ՝ շատերը Հայաստանում չեն մնալու. կգնան ուրիշ երկրներ, էլի կցրվեն։ Տարածքային կորուստը մեծ դժբախտություն է։
Բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղված չեն միայն գումար վաստակելով եւ իրենց համբավով, այլեւ ազգի եւ պատմության համար են մտահոգ, անհնար է անտարբեր լինեն: Թատրոնում եմ խաղում, բայց ամբողջ օրը կարդում ու խոսում եմ այս թեմաներով, եւ դա ինձնից խլում է ամենամեծ էներգիան։ Ինչո՞ւ պետք է այսպես լիներ, ինչո՞ւ:
Արդեն 3-րդ տարին է՝ կա «Դրամատիկական երկլեզու արվեստանոցը» եւ հաջող ընթացք ունի. զգում եմ, թե ինչքան լավ է նրանց համար շփվել ուրիշ մշակույթի, թատրոնի հետ։ Հարց տվեցի այն 25 ուսանողին, որոնք ներգրավված են հիմա, ասացի՝ այս իրավիճակում պատրաստ են տրամադրել իրենց էներգիան եւ ժամանակը ֆրանսերեն լեզվին եւ այն արտիստներին, ովքեր համաձայն են գալ Հայաստան՝ իրենց հետ աշխատելու։ Բոլորը պատասխանեցին, որ պատրաստ են, որովհետեւ սա էլ է «չզինաթափվելը»։ Եվ ես, իհարկե, որոշեցի շարունակել գործը. հոկտեմբերի 15-ին մեկնարկել է դասընթացը։
- Իսկ նախատեսո՞ւմ եք հաջորդ անգամ Արցախից երիտասարդների ընդգրկել այս ծրագրում։
- Այո: Տեղահանվածներից այն երիտասարդները, որոնք որոշ չափով մոտ են թատրոնին կամ կուզեին մասնակցել, կներգրավենք, իհարկե։ Այս տարի Գավառից, Գյումրիից երիտասարդներ կան։
- Արցախից տեղահանվածներն ապրեցին այս մեծ ողբերգությունը, բայց պետք է ուժ գտնեն իրենց մեջ եւ Հայաստանում շարունակեն իրենց կյանքը, ոգեւորիչ ի՞նչ խոսք կարող եք ասել՝ որպես մտավորական։
- Շատ դժվար է ինչ-որ բան ասել, որովհետեւ իրենք այնպիսի դրության մեջ են, որ խորհուրդ տալն էլ է ավելորդ։ Կցանկանայի, որ Հայաստանում մնան, բայց գիտեմ՝ հարցն այդքան էլ հեշտ չէ։ Այնքան դժվար է կորցնել տուն, թաղ, ընկերներ եւ կրկին ամեն ինչ սկսել։ Իրենք ունեն այդ ուժը վերականգնվելու եւ վերածնվելու, իրենց երեխաներին ուժ տալու, որպեսզի նորակառուցվեն։
- Հայտնի արտահայտություն կա՝ երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են։ Վերջին տարիներին մեզ մոտ միայն թնդանոթների ձայնն է լսվում, բայց պետք է նաեւ ինչ-որ կերպ կարողանանք մեր մշակույթին տեր կանգնել: Ինչպե՞ս կարող ենք այս նեղ իրավիճակում մշակույթը բարձր պահել։
- Խորհրդային տարիներին մենք՝ երեխեքս, կարողանում էինք Շիրազ կարդալ, հասկանալ, որ անհրաժեշտ է ոտքի կանգնել, պայքարել՝ լեզու եւ մշակույթ պահելու համար։ Հիմա էլ արվեստագետները պետք է կարողանան ոգեշնչել, նույնիսկ հումոր անել, իհարկե, ոչ թե ցինիկ ձեւով, այլ՝ խելամտորեն: Խորհուրդ եմ տալիս տխրությունը, ողբերգությունը դարձնել կտավ, բեմադրություն, պոեզիա, ֆիլմ։ Կինոն հարկավոր է ժողովրդին, ինչպիսին էլ լինի վիճակը։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, բացօթյա ֆիլմեր էինք նայում եւ ուղերձներն ընկալում։ Արվեստը շատ կարեւոր է. այն կարողանում է բոլորի սրտերին հասնել:
Զրուցեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Սուրեն Թադեւոսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: