GQ ամսագիրը Քիմ Քարդաշյանին շնորհել է «Տարվա մարդ 2023» տիտղոսը: Նա լուսանկարվել է ամսագրի համար, պատմել, թե ինչ է սովորել հորից՝ Ռոբերտ Քարդաշյանից, եւ ինչպես է պատասխանում Քանյե Ուեսթից բաժանվելու մասին երեխաների հարցերին:
Քարդաշյանը հետաքրքրված է տղամարդկանց հագուստով հոր շնորհիվ, որը յուրահատուկ ոճ է ունեցել: Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, պատմել է՝ երբ 1970-ականներին սկսել են հանդիպել Ռոբերտի հետ, նա բացառապես Gucci-ի կոստյումներ է հագել: Քիմն էլ սիրում է հորն այդպես էլեգանտ հիշել, ոչ թե այն հագուստով, որով նա եղել է կյանքի վերջին օրերին՝ քաղցկեղի դեմ պայքարելու ժամանակ: Քարդաշյանը հաճախ է հիշում հոր վերջին խոսքերը. «Ես գիտեմ, որ քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու, կարծես ամեն ինչ նախապես տեսնում եմ, բայց հանուն ինձ հոգ տար քույրերիդ եւ եղբորդ մասին»:
Քարդաշյանն անկեղծացել է, որ այդ խոսքերը նրան ստիպել են ապագայում այլ կերպ որոշումներ կայացնել:
Երբ ծնողներն ամուսնալուծվել են, Քիմը 9 տարեկան է եղել, որքան հիմա նրա ավագ դուստր Նորթն է. «Հաճախ եմ մտածում, թե ինչպես են ծնողներս կարողացել այդ ամենը հաղթահարել՝ ունենալով 4 փոքր երեխա: Պարզապես հիշում եմ, որ նրանք շատ բաց են եղել մեզ հետ»:
Նմանատիպ իրավիճակում ինքն էլ է հայտնվել՝ Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո փորձել է երեխաներին օգնել հաղթահարել իրավիճակը:
«Կարեւոր է, որ նրանք զգան՝ իրենց լսում են ու սիրում: Պետք է զգոն լինեք, քանի որ փոքր են, իսկ բաժանման հետ ամեն տարիքում է բարդ համակերպվել»,- ընդգծել է Քարդաշյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: