×


Արաքսյա Մելիքյան. «Շատ կուզեի բարկացած ժամանակ կարողանալ «գոտկատեղից ներքեւ» հարված չհասցնել»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Գաբրիել Սունդուկյանի անվան զգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Կարողանում եմ վերանորոգել կենցաղային իրեր, աշխատել հոսանքի լարերի հետ (ծիծաղում է,-հեղ): Ասում են՝ լավ նկարում եմ եւ լավ կրակում:

- Արվեստի գործեր, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» փոխեց մարդուն զգալը, տեսնելը, հասկանալն ու սիրելը: Հրանտ Մաթեւոսյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները: Նա օգնեց տեսնել իմ սիրած հային ու հայ ռամիկին: Վարդգես Պետրոսյանը. այդքան պարզ, բայց ոչ՝ պարզունակ, այդքան հուզական, բայց ոչ՝ սենտիմենտալ, այդքան «քաղաքացի»: Կոմիտասի բացարձակ տաղանդի, հանճարի գիտակցումն ու գնահատումը: Իմ մշտապես փոփոխվող երաժշտական ճաշակում «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք օպերան՝ այդքան ֆանտաստիկ ու «գժոտ»: Միշտ «Queen»-ի «Բոհեմական ռապսոդիա»-ն ու խմբի գրեթե բոլոր գործերը: Ռեմբրանդի կտավները, դրանցում եղած հայացքները, ո՜նց է աչքերը պատկերում: Մոդիլիանին, վա՜յ, Տեր Աստված, այնքան շատ են տաղանդավոր գործերը, մի ամբողջ օր կխոսեմ ու կհիանամ:

Արաքսյա Մելիքյանը



- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:

- Որ ես բացարձակապես անգրագետ, նեւրոտիկ կին եմ, ով պարբերաբար ծեծի է ենթարկում իր երեխաներին: Շատ եմ ծիծաղել:

- Ամուսիններով դերասաններ լինելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Մասնագիտական կիքսերը, խնդիրներն ու բարդացումները բացատրելու կարիք չկա, ինչպես նաեւ նույն օբյեկտի նկատմամբ տածած սերն ապացուցելու (ծիծաղում է,-հեղ): Իսկ բարդությունը, թերեւս, միայն աշխատանքային ու թեմատիկ միանմանությունն է, որը տեղ-տեղ բերում է կանխատեսելիության եւ ձանձրույթի:

- Իրավիճակներ, որ կարող են պատահել միայն դերասանների տանը:

- Գուցե, երբ տեսարան եք փորձում, ոգեւորված ու կլանված պատմում մի բանի մասին, կողքից կարող է դիտվել կա՛մ սկանդալ, կա՛մ ոչ ադեկվատ խրախճանք: «Կամ»-երը շատ են (ծիծաղում է,-հեղ):

- Նոր կերպար ստանալու ամենահաճելի պահերը:

- Անվերապահ հույս եւ ոգեւորություն, որ սա է հենց այն դերը, որում լավագույնս կդրսեւորվես, կդառնա հենց այն, ինչին ձգտում ես քո գիտակից ստեղծագործական կյանքում:

- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:

- Հուզմունք, պատասխանատվություն, հաճույք ստանալու ազարտ:

- Ներկայացումներ, որ միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ եք խաղալու:

- «Իշամեղու», ավաղ, մնացածն այլեւս խաղացանկում չեն`«Բեռնարդա Ալբա», «Կայսր», «Կովկասե կավճե շրջան», «Պատվի համար»:


- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Ամենագեղեցիկին, ամենազգայունին, ամենաաներին դիպչելու հույսը...

- Ի՞նչն եք ամենաշատը սիրում հյուրախաղերի ժամանակ եւ ինչի՞ց եք մի քիչ հոգնում:

- Նոր տարածքներ ուսումնասիրելու եւ նոր մարդկանց հետ շփվելու զգացողությունը, իսկ չեմ սիրում օրգանիզմիս նոր միջավայրում հարմարվելու ընթացքը (ծիծաղում է,-հեղ):

- Ժամանակակից հայ թատրոնը՝ մի քանի բառով:  

- Անցումային, հեղհեղուկ, թացը չորին խառնված:

- Ո՞ւմ հետ դեմ չէինք լինի զրուցել:

- Ոչ միայն դեմ չէի լինի, այլ անհույս կերազեի՝ Դոստոեւսկի, Մայակովսկի, Մաթեւոսյան, Ստալին, Հիտլեր, Մերլին Մոնրո, Ջուլիա Ռոբերթս, Մերիլ Սթրիփ, Մեգգի Սմիթ, Ջուդ Լոու:

- Իսկ ի՞նչ հարց կտայիք:

- Պատկերացնելու բան չի, ամեն մեկի հետ մի դար խոսելու բան կա:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Պոզիտիվ մարդ (ծիծաղում է,-հեղ):

- Որակներ, որ Ձեր մեջ նկատել եք մայր դառնալուց հետո:

- Հանդուրժողականություն, ներողամտություն, անվերապահ եւ անքննելի սեր:


- Իսկ ի՞նչ եք սովորում Ձեր երեխաներից:

- Բարդ հարց է, երեւի, ամեն ինչ, բայց կան որակներ, որոնք ակնհայտ են երեխաներիս մեջ: Օրինակ՝ տղայիցս հրեշտակային, դեռ չմարդացած-չխամրած լուսավորություն, աղջկանիցս՝ «ոչ» ասելու կարողություն:

- Նրանց հետ ամենասիրելի զբաղմունքը:

- Նոր մուլտեր նայել, ճանապարհորդել, կիսվել մեր մյուս «երեխայի»՝ շնիկի արկածներով:

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Ինչ ուզել եմ, արել եմ, սովորել, թեկուզ մասամբ, բայց գոնե ծանոթացել եմ:

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Մարինացված լոլիկի, ծծմբական թթվի եւ կանիֆոլի բույրերը (ծիծաղում է,-հեղ):

- Նշեք Ձեր բնավորության գծերից 3-ական, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնցից կուզեիք հրաժարվել:

- Աշխատասիրություն, լավատեսություն, խառնաշփոթ ու էքստրեմալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հատկություն, անգամ՝ բացասական ելքի դեպքում, որոշմանս տեր լինելու կարողություն: Կփոխեի ամեն բան իմ ուսերին վերցնելու եւ հսկողության տակ պահելու անհեթեթ հատկությունը, արժան-անարժանի կարծիքին թեկուզ եւ ականջ դնելու հիմարությունը, շատ կուզեի նաեւ բարկացած ժամանակ կարողանալ «գոտկատեղից ներքեւ» հարված չհասցնել ու շուրջս ամեն ինչ չավիրել:

Արաքսյա Մելիքյանը


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Քանի որ անտանելի բոցավառվող ու տպավորվող մարդ եմ, ինձ դժվար է տարվա կտրվածքով ամփոփում անել (ծիծաղում է,-հեղ):

- Երեւանի թաքնված ու Ձեզ հարազատ տեղերը:

- Թաքնված չեն՝ մեր տան հարակից այգին, մորս շիրիմը:

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ընթացք է՝ չմասնակցել խոսակցությունների, որոնք ինձ հաճելի չեն, եւ չամաչել ասել, թե ինչու: Չգնալ միջոցառումների, որոնց իրոք չեմ ուզում, եթե անգամ պարտադիր է: Բարձրաձայնել իմ ցանկությունների կամ դժգոհությունների մասին, եթե դա հնարավոր է:

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:

- Անընդհատ լինում է (ծիծաղում է,-հեղ):

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Չեմ կարող նկար տրամադրել, որովհետեւ հոգեվիճակ է, երբ տղաս խոր քնի մեջ էր, ու ես զգուշավոր սենյակ մտա, մի ակնթարթ նկատեցի, հասկացա, հիացա, հպարտացա, թե որքան մեծ տղա է, որքան գեղեցիկ: Երանի իմ տեսածին ու զգացածին:

Արաքսյա Մելիքյանը


- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

- Ոչինչ, երբ հարցը վերաբերում է ինձ ու իմ անձին, ներդաշնակ եմ ինձ հետ, բայց չափազանց շատ բան, երբ հասկանում եմ՝ որտեղ եմ ապրում ու աշխատում:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Շնորհակալ եմ ծնողներիս՝ իմ առաջին ընտանիքի համար, շնորհակալ եմ ներկայիս մեր ստեղծած ընտանիքի համար, շնորհակալ եմ աշխարհում «արվեստ» կոչված ընտանիքի մաս կազմելու համար, շնորհակալ եմ Աստծուն՝ այս ֆանտաստիկ կյանքը զգայուն ապրելու կարողության ու հնարավորության համար: Շնորհակալ եմ ինձ չհավատացող ու չսիրող մարդկանց, որոնք չեն թողնում արբել կյանքի գեղեցկության ու վայելքի մեջ: Շնորհակալ եմ պարզապես անծանոթ այն մարդուց՝ անշահախնդիր, անմիջական, ինքնաբուխ օրհնության ու շնորհակալության համար:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Ինչից էլ վախեցել եմ, ի վերջո, արել եմ: Վախկոտությունն ու ալարկոտությունն ինձ համար բոլոր մեղքերից առաջինն են: Ավելի լավ է մեկ անգամ վառվեմ, քան ամբողջ  կյանքում վախենամ, թե միգուցե կարող է այրվեմ:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Մեռնում եմ այս ասույթի համար. «Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին», ուստի, շրջանցում եմ այս հարցը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW