×


Նորովի բացահայտելով Արթուր Աբրահամին. տոն պարգեւող զավակները, ոգեշնչող արվեստը եւ ծնոտի ռենտգեն լուսանկարը

Այս անգամ BRAVO.am-ի նոր շարքի համար զրուցել ենք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF եւ WBO վարկածներով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Չգիտեմ՝ բացահայտում է, թե ոչ, բայց շատ եմ սիրում մշակույթն ու արվեստը, հաճույքով հաճախում եմ թանգարաններ, ուսումնասիրում հուշարձանները: Սիրում եմ լսել ոչ միայն փոփ ժանրի, այլ նաեւ դասական երաժշտություն ու ներկա եմ լինում համերգների: Սիրում եմ գեղանկարչություն, կերպարվեստ, բնություն, ծով ու կենդանիներ:  

- Մարզիկ լինելու 3 առավելություն:

- Առաջինն այն է, որ կարիերայի ընթացքում ու հետո առողջ ապրելակերպ ես վարում եւ միշտ լավ մարզավիճակում մնում: Առողջությանը վնասող վատ սովորություններ չես ունենում՝ չես ծխում կամ ալկոհոլ օգտագործում: Իմ դեպքում այսպես է: Եվ վերջինն այն է, որ ամեն հաղթանակից հետո եղած ադրենալինի քանակը, ուրախությունը եւ բերկրանքն էլ ուրիշ ոչնչից չես կարող ստանալ:  

Արթուր Աբրահամը


- 3 ամենակարեւոր հաղթանակները Ձեր կարիերայում:

- 2003թ. օգոստոսի 16-ին պրոֆեսիոնալ ռինգում իմ առաջին մենամարտն անցկացրի, մրցակիցս գերմանացի Ֆրենկ Կարի Ռոտն էր: 3-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց պայքարն, ու իմ առաջին հաղթանակը տարա ժամանակից շուտ: 2005 թ. դեկտեմբերի 10-ին նոկաուտի ենթարկելով նիգերիացի Կինգսլի Իկեկին՝ նվաճեցի IBF վարկածով միջին քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը: 3-րդ կարեւոր հաղթանակս 2006 թ. սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում էր: Այդ երեկո կոլումբացի Էդիսոն Միրանդային հաղթեցի ծնոտիս կրկնակի կոտրվածքով:

Արթուր Աբրահամի ծնոտի ռենտգենն է՝ մենամարտից հետո մետաղներով հավաքած


- Իսկ ցավալի պարտություննե՞րը:

- 2010 թվականին «Super Six» մրցաշարում Կառլ Ֆրոչին եւ Անդրե Ուորդին պարտվելը, 2013-ին ռեւանշ մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին զիջելը: Իմ հոնքի պատռվածքի եւ այտուցված աչքի պատճառով մենամարտը 4-րդ ռաունդից չշարունակվեց:

- Մերօրյա 3 ամենաուժեղ հայ մարզիկները:

- Հայ մարզիկներն իրոք ուժեղ են, միշտ հիանում եմ նրանցով, երեքից շատ են, բայց կնշեմ Հենրիխ Մխիթարյանին, Լեւոն Արոնյանին եւ Էրիկ Իսրայելյանին:

- Արվեստի երեք գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Այդպիսիք շատ-շատ են, կառանձնացնեմ Միքելանջելոյի Դավթի մարմարե արձանը՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, Քրիստոսին ու նրա աշակերտներին պատկերող «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որը Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեի վանքի սեղանատան պատին, Դրեզդենի պատկերասրահի Կանաչ պահոցում գտնվող կանաչ ադամանդը:

Արթուր Աբրահամը՝ Միքելանջելոյի Դավթի արձանի մոտ


- Այս տարի ամենաշատը տպավորած 3 իրադարձություն:

- Անընդհատ տպավորվում եմ իմ երեք զավակներով, օրինակ, այս տարի փոքր աղջիկս սկսեց բառեր ասել, որդիս՝ գերմաներեն խոսել: Երեխաներն ամենօրյա տոն են ինձ համար:

- Երեք բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ինչպես նշեցի, առողջությունը վնասող վատ սովորություններ չունեմ, հետեւաբար, հրաժարվելու խնդիր էլ չի առաջանում:

- 3 կարեւոր բառ:

- Ընտանիք, մայր, հայրենիք: Կարծում եմ՝ դրանցով ամեն ինչ ասված է:

- 3 անհրաժեշտ մարդկային որակ:

- Ազնվությունը, առանց որի հնարավոր չէ կառուցել առողջ հարաբերություններ: Բարությունը, առանց որի դժվար թե որեւէ մեկը կարողանա իրականացնել հանրօգուտ գործեր: Աշխատասիրությունը, որի շնորհիվ մարդու ուժերը բազմապատկվում են եւ հաջողություններ է ունենում:

Արթուր Աբրահամը


- 3 ոգեշնչող հանգամանք:

- Ոգեշնչվում եմ, երբ ընտանիքում բոլորն առողջ են, ունեն բարձր տրամադրություն, երկինքը խաղաղ է ու լավ լուրեր եմ լսում:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Օրեր առաջ հայրիկիս ու իմ մարզչին՝ Ուլլի Վեգներին, հրավիրեցի միջոցառման Օդերի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ լավ ժամանակ անցկացրինք: Ինձ համար մարզիչս հոր պես է: Ուրախանում եմ, որ կարողանում եմ իմ կյանքի կարեւոր մարդկանց հաճելի պահեր մատուցել:

Արթուր Աբրահամը՝ մարզչի եւ հայրիկի հետ


- Առաջինն ի՞նչ կասեն մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Կասեն՝ բռնցքամարտիկ է, մնացածն ինձ էլ է հետաքրքիր, հարցրեք, տեսնենք՝ ինչ կասեն (ծիծաղում է,- հեղ.):

- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

- Անձամբ ինձ ոչինչ չի պակասում: Բայց անանձնական ուրախություններ կան, որ պակասում են՝ կցանկանամ, որ խաղաղություն լինի, մարդիկ անհոգ, առողջ եւ երջանիկ ապրեն:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Մեծ ափսոսանքներ չունեմ, ամեն դեպքում ափսոսում եմ, եթե ժամանակի անիմաստ կորուստ եմ ունենում. այն անգին գանձ է:


- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Վախեցե՞լ եմ, չի եղել նման բան: Եթե ունեմ որեւէ բանի հասնելու ցանկություն, էլ ի՞նչ վախենալ: Իմ բոլոր երազանքները ցանկությունների եմ վերածում ու իրականացնում դրանք:

Արթուր Աբրահամը՝ Ներքին Չարբախի իր կառուցած այգում


- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելիքների ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- 2023-ի հետ կապված Հայաստանում ու Գերմանիայում բազմաթիվ անելիքներ ունեմ, դրանց մասին կհայտարարեմ իրականացնելուց հետո: Այս տարի արդեն հասցրել եմ ավարտին հասցնել մեր հայրական տան վերակառուցումն իմ ծննդավայր Ներքին Չարբախում:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արթուր Աբրահամի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW