×


«Երբ հիշում եմ՝ ինչպես եմ հավատացել ստերին ու տարածել, լացս գալիս է». Մարտա Կիրակոսյան

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն արդեն մի քանի տարի է՝ ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում: Երկու որդիների մայր է։ Ավագը 4 տարեկան Նեոն է, իսկ կրտսեր տղան՝ Մայքը, երկու տարեկան է: Մարտայի հետ զրուցել ենք բեմական դադարի, երեխաների, ուսուցիչների մասին։

- Մարտա, արտաքինդ տարիքիդ հետ փոխվել է, բայց շատերը քեզ հիշում են քո մազափնջով։

- Մինչեւ այսօր էլ կան մարդիկ, որ ասում են՝ «Այնքան նման ես էն «չոլկայով» երեխուն», ինչ խոսք, շատ հաճելի։ Երբեք աչքի չեմ ընկել ակտիվությամբ։ Հաճախ էլ այն ամենն, ինչ ուզում եմ իրագործել, մեծ ֆինանսների հետ է կապված: Թեեւ քիչ գումարով էլ կարելի է ճաշակով աշխատանք ստեղծել: Հիմա լռելուս պատճառն, իհարկե, երեխաներն են, նաեւ հոգեպես դեռ պատրաստ չեմ երգելու:

Մարտա Կիրակոսյան


- Ակտիվ չես եղել, բայց միշտ բեմում ես եղել։

- Այո, շատ փոքր տարիքից։ Արթուր Գրիգորիչը մի անգամ ասաց՝ «Այս երեխան չհասցրեց մանկություն ունենալ. ծնողները պարզապես նրան շպրտել են բեմ»։ Ավելացնում էր՝ «Դու խաղալիքի երես չես տեսել, միանգամից բեմ ես բարձրացել»։ Վերջին շրջանում ներկայացման մեջ եմ խաղում, նաեւ սկսել եմ կրկին դասավանդել. հասկացա՝ շատ էի կարոտել:

Հիշում եմ՝ Գրիգորիչը հարցրեց՝ ուզում եմ դասավանդել, զարմացա՝ «Ե՞ս»։ Ասաց՝ եթե մի վայրկյան կասկածեր, չէր առաջարկի: Մտածեցի՝ ուրեմն կկարողանամ, քանի որ նա շռայլ չէր իր խոսքերում: 30 տարիս շատ բուռն է անցել՝ համերգներ, մրցույթներ, հեռուստահաղորդում էի վարում Նադեժդա Սարգսյանի հետ։ Երեքուկես տարեկանից մայրս ձեռքս բռնած տարել է «Արեւիկ», «Դո, ռե, մի», Երգի պետական թատրոն։ Տղաս հիմա 3,5 տարեկան է, ու պատկերացնում եմ՝ ես իրեն տանեի:


- Շատերը կարծում էին՝ քեզ հետ դիզայներ է աշխատում:

- Միշտ առանձնացել եմ իմ հագուկապով, եւ, իհարկե, այդ ամենի «մեղավորը» մայրս էր։ Նորաձեւությանը երբեք չեմ հետեւել, բրենդամոլ չեմ, հայտնի շատ անուններ էլ չգիտեմ։ Ուղղակի միշտ հագել եմ այն, ինչ ինձ դուր է եկել։ Նախկինում մայրիկիս, հիմա էլ ամուսնուս հետ եմ խորհրդակցում:

- Իսկ ի՞նչը քեզ բերեց Միացյալ Նահանգներ։

- Շատ պատահական ստացվեց: Բնակարան էինք ձեռք բերել Երեւանում ու հասկացանք՝ նվազագույն աշխատավարձով հնարավոր չէ պարտքերը փակել. պետք է արտերկրում աշխատել։ Բայց անկեղծ պետք է ասեմ՝ իմ մանկության երազանքն էր այստեղ ապրել, թեեւ շատ թերություններ ու բացթողումներ կան։


- Հայրենիքում ապրելիս այն այլ կերպ ես ընկալում, նրա սահմաններից դուրս սկսում ես շատ բաներ արժեւորել, նկատել։

- Վերջին պատերազմներից, հայրենազրկումից հետո ադեկվատ մարդը չի կարող առաջվա նման ապրել։ Ամեն անգամ, երբ խմում են զինվորների կենացը, խոսում նրանց մասին, մեղքի զգացում եմ ունենում՝ դու ապրում ես, բայց քեզնից երիտասարդները՝ ոչ։ Ու ամեն անգամ մտածում եմ՝ ինչու այդպես եղավ։ Այս տխրությունը չի անցնի՝ ինչքան էլ առօրյայով ապրենք։ Ամեն ինչ փուլ եկավ, կոտրվեց... Հիմա, երբ Ֆեյսբուքը հիշեցնում է, թե ոնց եմ շատ լուրջ հավատացել մարդկանց ստերին ու տարածել, որ հաղթում ենք եւ այլն, լացս գալիս է։ Մայրս միշտ ասում էր․ «Ո՞նց կարող ես ամեն բառի հավատալ»։ Մի անգամ նույնիսկ վիճեցինք այդ պատճառով: Իսկ  հիմա... Ո՞նց կարելի է այսքան շուտ այդ ամենը մոռանալ։

Արցախն ինձ համար այլ խորհուրդ ունի։ Առաջին անգամ այնտեղ էի «Ընծա» մրցանակաբաշխության ժամանակ՝ Արթուր Գրիգորիչի հետ։ Նա ուղղակի ուսուցիչ չի եղել, շատ ավելին էր. չի լինում համակերպվել, չեմ էլ ուզում մտածել, որ ինքը չկա։ Դեռ չեմ պատկերացնում, չեմ գնացել թատրոն ու չեմ տեսել, որ ինքն այլեւս սենյակում չէ։

Նադեժդա Սարգսյանի հետ էլ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ չեն եղել։ Ճիշտ է՝ «Դո, ռե, մի»-ից կոնֆլիկտով եմ հեռացել, բայց դա անցյալ է, հիշաչար չեմ։ Երբ իմացա, որ Նադյան հիվանդ է, մի րոպե ժամանակ չեմ կորցրել, վազել եմ մոտը։ Չէ՞ որ հաց ենք կիսել, գեղեցիկ օրեր անցկացրել։ Երգի թատրոնում էլ են եղել պահեր, որ նեղացել եմ, հեռացել։ Տարիներ անց ներողություն եմ խնդրել ու հետ եկել։ Այն ժամանակ մտածում էի՝ մեծ կոնֆլիկտ է, հիմա հիշում եմ ու ծիծաղս է գալիս։


- Ժամանակին ասել էիր՝ հեռանում ես ոլորտից։

- Հավանաբար, դա եղել է այն ժամանակ, երբ աշխատում էի ակումբներում եւ ոչ այնքան հաճելի վերաբերմունքի արժանանում. չնչին՝ 10-15 հազար դրամ էին վճարում, ինչը խայտառակություն էր: Բայց ես ո՞նց կարող եմ չերգել։

- 6/8-ին երբեք չմոտեցար:

- 6/8-ի ներքո կարող եմ պարել, ուրախանալ, բայց երգել չեմ կարող: Առհասարակ,  ավելի լավ է երգել լավ 6/8, քան՝ վատ ջազ, սոուլ: Ես երգում եմ այն, ինչ կարող եմ ու սիրում եմ։

Մի երգ պետք է ձայնագրեմ. Էլվինա Մակարյանի երգերից է, նվեր եմ ստացել Արման Աղաջանյանից, բառերը գրում է Ավետ Բարսեղյանը։ Ամուսինս ինձնից շատ է ուզում, որ երգեմ, միշտ կողքիս է ու ոգեւորում է։


- Մայրանալուց հետո առաջարկ ստացար խաղալ «Իմ Այբբենարան» մյուզիքլում:

- Նախկինում էլ մանկական ներկայացումներում խաղացել եմ, բայց երբեք բարի փերի չեմ եղել: Որդիս ինձ առաջին անգամ բեմում տեսավ հենց այդ կերպարում: Ու կրկնակի էի հուզվել, որ տղաս դահլիճում է։ Նա էլ սկզբից չէր հասկացել, որ ես եմ, հետո երբ մոտեցա, խառնվեց իրար: Ամեն ինչ անում եմ, որ իմ երեխաները որպես ամերիկացի չմեծանան՝ հայ մնան: Տանը միայն հայերեն ենք խոսում։ Նեոն շատ խաղաղ երեխա է, իսկ Մայքն ավազակ է. ապրում է բոլորի կյանքով։

- Հերթը բլից հարցերինն է. ինչի՞ց ես վախենում:

- Հարազատ մարդկանց կորստից:

- Ափսոսո՞ւմ:

- Եթե որեւէ մի բան չեմ արել, ուրեմն՝ լավ եմ արել:

- Թույլ կողմերդ:

- Շա՜տ էմոցիանալ եմ, չնայած՝ շատերը զարմանում են:

- Ուժեղ կողմերդ:

- Կարող եմ ներողություն խնդրել, ատամներով պահել հարազատիս՝ սխալ լինի, թե՝ ոչ:

- Հարց, որ նյարդայնացնում է:

- Ամուսիդն ինչո՞վ է զբաղվում այստեղ: Ֆելոյի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք (Ֆելիքս Խաչատրյանը Մարտայի ամուսնու եղբայրն է,-խմբ․):

- Հավատո՞ւմ ես:

- Հավատում եմ Աստծուն, ապրում եմ մամայովս, ու այս հեռավորությունը սպանում է։

Հ․Գ. Հարցազրույցն արվել է մի քանի ամիս առաջ։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ Մարտա Կիրակոսյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW