×


Անդրանիկ Զաքարյան. «Ծանր եմ տանում, երբ Արաքսյան ինձ որեւէ դերում չի հավանում»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Գաբրիել Սունդուկյանի անվան զգային ակադեմիական թատրոնի դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Քչերը գիտեն, որ շատ եմ սիրում հին իրեր եւ մեծ հավաքածու ունեմ, որն իր մեջ ներառում է նվագարկիչ, հեռուստացույց, սափորներ, կաթսաներ, ափսեներ: Ունեմ նաեւ հայտնի մարդկանց իրեր, օրինակ՝ Վարդուհի Վարդերեսյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ավետ Ավետիսյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի եւ ուրիշների: Քչերը գիտեն նաեւ, որ երաժիշտ եմ ու տանը մենակ մնալիս սիրում եմ շվի եւ դուդուկ նվագել: Նույնիսկ տնեցիներն այս մասին տեղյակ չեն (ծիծաղում է,-հեղ.), որովհետեւ իրենց ներկայությամբ չեմ նվագում: Եվ անպայման օրվա մեջ պիտի հասցնեմ հարեւաններիս հետ նարդի խաղալ (ծիծաղում է,-հեղ.):

- Արվեստի գործեր, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Հատկապես ազդել է Շառլ Ազնավուրի երաժշտությունը, որով տարված եմ եղել, սիրում եմ Արամ Խաչատրյանի գործերը, իսկ ֆիլմերից՝ «Մենք ենք, մեր սարերը»: Վերջերս Սանկտ Պետերբուրգում եմ եղել եւ անչափ տպավորվել եմ Էրմիտաժով. չափազանց հետաքրքիր էր, ինչպես նաեւ չեմ կարող չնշել Սերգեյ Փարաջանովի թանգարանը:

Անդրանիկ Զաքարյանը


- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:

- Հարեւաններից հարցրել են` արդյոք ես ու Արաքսյան (դերասանուհի Արաքսյա Մելիքյան,-հեղ.) բաժանվել ենք, քանի որ համացանցում են նման գրառումներ հանդիպել:

- Ամուսիններով դերասաններ լինելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Դժվարից սկսեմ՝ երբ ինչ-որ դեր եմ խաղում, ու Արաքսյան ինձ չի հավանում, ծանր եմ տանում: Բոլորի կարծիքն ինձ համար մի կողում է, նրանը՝ մեկ այլ, եւ տեղս չեմ գտնում  ու տվայտանքների մեջ եմ ընկնում, եթե կերպարս չի հավանում: Իսկ ամենահաճելին այն է, որ միասին աշխատելիս տեսնում եմ, թե որքան լավն է բեմում եւ իմ սրտով է խաղում: Անչափ դուր է գալիս, երբ ինքն էլ ինձ է հավանում:

- Իրավիճակներ, որ կարող են պատահել դերասանների տանը:

- Երեխաներն ինքնուրույն են մեծանում: Նրանք կա՛մ կուլիսներում են լինում, կա՛մ՝ դասերի: Շատ չենք հասցնում հետեւել, բայց դա չի նշանակում, որ վատ ծնողներ ենք, ամեն ինչ մանրակրկիտ պլանավորում ենք, թե ով պետք է նրանց դպրոցից տուն բերի, կերակրի:


- Նոր կերպար ստանալու ամենահաճելի պահերը:

- Կերպարս սկսում եմ սիրել այն ժամանակ, երբ վրան աշխատում եմ, այնպես չի, որ դերը ստանալուն պես ուրախանում եմ: Երբ զգում եմ՝ հետաքրքիր է ստացվում, կարողանում եմ լավ ներկայացնել, ընթացքը հաճելի է դառնում: Մեկ տարի առաջ Ստալինի դերը ստացա, շատ վախեցա՝ նույնիսկ արտաքնապես նրան ինձ չէի նմանեցնում, բայց գրիմն իրավիճակը փոխեց, ու սկսեցի հաճույք ստանալ, որ կարողանում եմ կերպարն իմ տեսանկյունից բացել:  

- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն բեմում:

- Ինքնամոռացություն, նույնիսկ իմ խաղից եմ ազդվում եւ հուզվում: Հնարավոր է՝ արդեն 100 անգամ խաղացել եմ այդ ներկայացումը, բայց հասնում եմ որեւէ դրամատիկ պահի ու նորից հուզվում, առհասարակ, վերջերս եմ այդպես հուզվող դարձել: Նաեւ հաճելի հոգնածություն է լինում, ինչը նշանակում է, որ աշխատանքից բավականություն ես ստացել:

- Ներկայացումներ, որ միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ եք խաղալու:

- Ունեմ մի շատ սիրելի ներկայացում, որն Արցախի մասին է, հաճույքով էի սպասում, բայց հիմա չեմ ուզում խաղանք, ասես թարմ վերքի վրա ցավ լինի՝ «Արծվաբույնն» է: Սպասում եմ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը, այն բավական հետաքրքիր է ու իմ դերակատարումն էլ դուրս գալիս է, ունենք նաեւ մի կոմերցիոն ներկայացում՝ «40 օր համբառնալուց առաջ», որին եւս միշտ սպասում եմ:

Անդրանիկ Զաքարյանը


- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Որ դու քեզնից ես արարում եւ ստեղծում: Որպես երաժիշտ՝ ուրիշների ստեղծագործությունները նվագում եմ, կարող եմ իմպրովիզներ անել, բայց դերասանի դեպքում ամեն ինչ ներսից է ծնվում:

- Ի՞նչն եք ամենաշատը սիրում հյուրախաղերի ժամանակ եւ ինչի՞ց եք մի քիչ հոգնում:

- Նոր մշակույթ ես տեսնում ու նոր մարդկանց հետ շփվում: Դերասանն ու արվեստագետը տարվա մեջ մի քանի անգամ պարտադիր պիտի դուրս գան, օտար երկրներ, մշակույթ ու մարդկանց ուսումնասիրեն: Իսկ հոգնում եմ, եթե Արաքսյայի հետ ենք ճանապարհորդում, քանի որ ստիպում է ամբողջ քաղաքում ոտքով շրջել: Անսպառ եռանդ ունի ու կարող է տանջելով ինձ հետը ման տալ, ես էլ ենթարկվում եմ, թեեւ ինձ էլ է դուր գալիս, բայց շատ եմ հոգնում:

- Ժամանակակից հայ թատրոնը՝ մի քանի բառով:  

- Տարբեր փառատոնների ընթացքում շատ երկրների ներկայացումներ եմ նայել, կուզեի՝ մեր թատրոնը դուրս չգար իր սահմաններից եւ չվազեր դեպի եվրոպական թատրոն: Մենք ավելի լավն ենք, հայ դերասանները հոգով եւ սրտաբաց են խաղում, եվրոպական թատրոնն ավելի սառն է ու հիմնվում է զուտ պլաստիկայի վրա: Սեփական թատրոնը պիտի պահենք հոգեւորի ու մեր արժեքների վրա: Ինձ համար նոր սերնդի խաղն է մեր թատրոնը ժամանակակից դարձնում:

Անդրանիկ Զաքարյանը


- Արվեստագետ, որի հետ դեմ չէինք լինի զրուցել:

- Շատ-շատերը կան, սովորաբար, դերասանների հետ այդքան էլ չեմ սիրում զրուցել, նախընտրում եմ երկար խոսել պատմաբանների կամ նկարիչների հետ, փորձել հասկանալ նրանց տրամաբանությունը: Իսկ կուզեի զրուցել Նժդեհի հետ, որի մտքերը շատ հետաքրքիր են ինձ համար, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի, թեեւ նա մեր տանը եղել է, բայց փոքր էի ու չեմ հասցրել հետը խոսել: Այ, հիմա շատ կուզեի Ֆրունզի հետ զրուցել:

- Իսկ կա՞ մի ընդհանուր հարց, որ բոլորին կուզեիք տալ:

- Գիտե՞ն արդյոք, թե ինչի համար են եկել այս աշխարհ: Ամեն մարդ առաքելություն ունի եւ պետք է իմանա իրենը: Նրանցից կիմանայի, թե բավարարվա՞ծ են եղել իրենց արածով ու գո՞հ են մնացել աշխարհին տվածով:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Շատերը կասեն՝ չափից շուտ է բռնկվում, մյուսները կնշեն, որ ընկերասեր է, մի մասն էլ, որ բարի եմ եւ սիրտս մաքուր է:


- Որակներ, որ Ձեր մեջ նկատել եք հայր դառնալուց հետո:

- Պատասխանատվության զգացումն է շատ մեծացել: Մեր կյանքում հայտնվել են մարդիկ, որոնց պարտավոր ենք հետեւելու, ուշադիր լինելու, սեր տալու, որպեսզի հետո չզղջանք նրանց հետ քիչ ժամանակ անցկացնելու համար:

- Իսկ ի՞նչ եք սովորում Ձեր երեխաներից:

- Երեխաներից անընդհատ կարելի է սովորել: Անմիջականություն, մաքրություն, ազնվություն եմ սովորել: Մեծերս սովորաբար մեզ արդարացնելու համար շրջանցում ենք նրանց հարցերը, բայց նրանց մաքրությունն ու ազնվությունը մեզ ստիպում է սովորել նրանց պես լինել: Մեծանալով՝ այդ որակները կորցնում ենք, իսկ երեխաները նորից մեզ են վերադարձնում:

- Նրանց հետ ամենասիրելի զբաղմունքը:

- Մեր սիրելի զբաղմունքները շատ են: Սիրում եմ, երբ ընտանիքով քաղաքից դուրս ենք գնում եւ անորոշ ուղղությամբ: Հստակ չենք որոշում, թե ուր ենք գնում, պարզապես չորսով մեքենայով դուրս ենք գալիս, ծառերի տակ նստում, խաղեր կազմակերպում, սնվում, ման գալիս, սար բարձրանում: Ընտանեկան այդ ժամանցն ինձ հաճույք է պարգեւում:


- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Ինձ միշտ թվացել է, որ մի օր շատ լավ նկարելու եմ, բայց մի ուղիղ գիծ չեմ կարողանում գծել (ծիծաղում է,-հեղ.): Հավատացել եմ, որ լավ նկարիչ եմ դառնալու, բայց ինչքան փորձում եմ, չի ստացվում, սովորաբար, տեքստերիս վրա խաչեր եմ նկարում, այդքանով եմ բավարարվում (ծիծաղում է,-հեղ.):

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Մայրիկիս ճաշերի, խմորեղենի բույրը: Իր պատրաստած ամեն ինչն է ինձ տանում մանկություն:

- Նշեք Ձեր բնավորության գծերից 3-ական, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնցից կուզեիք հրաժարվել:

- Ուրախության առիթներ եմ շատ սիրում եւ ընկերներիս շրջապատում լինել, երբեք նման հավաքույթներից չեմ հոգնում: Մեկ-մեկ դուրս գալիս է, որ ինչ-որ բանից ամաչում եմ եւ չեմ կորցրել այդ հատկությունս, մտածում եմ՝ ինչ լավ է, որ դեռ ունակ եմ ամաչելու: Ինչ-որ գործ ձեռնարկելիս սարսափելի շատ եմ ծանրութեթեւ անում. ռիսկի քիչ եմ դիմում: Սկզբում միշտ վատն եմ մտածում, հետո նոր՝ լավը: Չգիտեմ՝ որքանով է դա վատ, բայց այդպիսին եմ:

Անդրանիկ Զաքարյանը


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Ինձ տպավորել են մեր զինվոր հերոսների քայլերը, մտածել եմ մի՞թե մարդիկ կարող են նման զոհաբերության գնալ:

- Երեւանի թաքնված ու Ձեզ համար հարազատ տեղերը:

- Ամենասիրելի, հարազատ վայրը Մարտիրոս Սարյանի այգին է, քանի որ մանկությունս դրա հարեւանությամբ է անցել: Այնտեղ հանգստություն եմ ձեռք բերում, կարող եմ մի քանի ժամ միայնակ քայլել:

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Չկան այդպիսիք:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Պետերբուրգում հյուրախաղերի էինք ու տպավորիչ կադր ունենք Բացվող կամուրջի մոտ: Մեկն էլ կառանձնացնեմ Սյունիքից՝ Տաթեւի վանք չէի գնացել, այս տարի առաջին անգամ այցելեցի: Մինչեւ վանք հասնելը մի բարձունք կա, որտեղ ասում են՝ Գարեգին Նժդեհն է կանգնել, Հայաստանն այնտեղից ասես ձեռքերիդ մեջ լինի:


- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

- Քաղաքում մարդկանց ջերմության եւ տաքության պակաս կա: Պարտություններ ունեցանք, եւ անհոգ մարդկանց հազվադեպ կտեսնես. ոչ ոք լիաթոք չի ծիծաղում եւ ի սրտե ուրախանում:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Շնորհակալ եմ ու երջանիկ եմ, որ ես ու կինս լավ դաստիարակություն ենք ստացել ու հիմա նման ընտանիք ունենք: Շնորհակալ եմ, որ երկուսս էլ մեր սիրելի գործով ենք զբաղվում, ինչն ամենակարեւոր բաներից է, որովհետեւ շատ մարդիկ տառապելով ու չսիրած գործով են գումար աշխատում:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Բնավորությանս պատճառով անսահման շատ բաներ եմ վախեցել անել, անընդհատ վախեցել եմ ռիսկի դիմել: Բայց ամենաշատն ափսոսում եմ, որ չշարունակեցի ֆիլմեր նկարել: Երկուսն արել եմ՝ վավերագրական եւ գեղարվեստական, բայց դրանցով բավարարվեցի, գուցե, մի օր նորից կանեմ:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Ես ու կինս ամեն Նոր տարուն մտածում ենք, թե մեր տանն ինչ ենք ավելացրել: Երբ ամուսնացել ենք, ամեն ինչ չէ, որ ունեցել ենք, դրա համար համատեղ ամեն ձեռքբերման համար ուրախանում ենք: Գուցե ծիծաղելի կամ նյութական թվա, բայց մեզ համար այդ ամենը կարեւոր է: Այս տարի էլ կարողացել ենք հանգստի գնալ ու տանն էլ շատ ավելացրած բաներ ունենք: Տարվա մնացած հատվածի հետ կապված մեծ սպասելիքներ չունեմ. այնքան դատարկություն է իմ կյանքում, Արցախի կորուստն այնքան է ազդել ինձ վրա: Գուցե, հիմա սպասում եմ նոր դերի, բայց դա հնարավոր է՝ հաջորդ տարի լինի: Նաեւ միշտ սպասել եմ լավ ֆիլմում նկարվելու առաջարկի, չեմ հուսահատվում եւ հավատում եմ, որ դեռ կստացվի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW