×


MOMENT of WHITE հարսանեկան բրենդի շնորհանդեսն ու մեծ ցուցադրությունը Ազգային պատկերասրահում

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես իմ հարսանիքի համար չէի կարողանում զգեստ գտնել Երեւանում. այն, ինչ տեսնում էի, ինձ դուր չէր գալիս։ Որոշեցի ինքս կարել իմ զգեստն ու հասկացա՝ կարոտել եմ այս ոլորտը եւ ասելիք ունեմ այդ ուղղությամբ»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմում է ռուս դիզայներ Ալյոնա Կոննովան՝ հիշելով, որ իր առաջին աշխատանքը եղել է հենց հարսանեկան զգեստների խանութում, երբ դեռ քսան տարեկան էր։ Այսօր արդեն նա հիմնադրել է հարսանեկան նորաձեւության իր ապրանքանիշը Երեւանում՝ «MOMENT of WHITE», որի շնորհանդեսն ու առաջին հավաքածուի ցուցադրությունը երեկ էր՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Դիզայներ Ալյոնա Կոննովան


2019 թվականին տեղափոխվելով Հայաստան եւ աշխատելով հայկական մի քանի ընկերությունների հետ որպես գլխավոր դիզայներ՝ Ալյոնան սիրահարվել է մեր երկրին ու տեղի մշակույթին, որոշել է մնալ, ապրել ու ստեղծագործել այստեղ։ Նույնիսկ հայերեն գրել ու կարդալ է սովորում, ցուցադրության ընթացքում էլ իր խոսքը նա հայերեն ընթերցեց։


Ռուսաստանյան եւ եվրոպական առաջատար բրենդների հետ 20-ամյա համատեղ աշխատանքային փորձից հետո (Ալեքսանդր Տերեխով, Ալյոնա Ախմադուլինա, Graviteight․․․) Ալյոնան ստեղծել է հարսանյաց զգեստների իր շարքը, որին բնորոշ է մինիմալիզմը, արդիականությունն ու նրբաճաշակությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել զգեստների ոչ միայն արտաքին, այլեւ ներքին զարդարանքի վրա: Կարերը եւ զգեստների ներսի հատվածները վերջնամշակվում եւ հարդարվում են ձեռքով։ Արդյունքում ստեղծվում են շքեղ սիլուետներ, որոնք ընդգծում են հարսնացուի անհատականությունը:


Հավաքածուն ներառում է նաեւ հարսանյաց վերարկու-զգեստ՝ հետեւի մասում շքեղ շղարշով՝ կարված «հեղուկ ոսկի» կոչվող կտորից, այնուհետեւ այն կարելի է փոխարինել մինիով՝ Յուբեր Ժիվանշիի ոգով, երբ նա ստեղծագործել է Օդրի Հեփբերնի համար: Կամ կարելի է ընտրել այլ կերպար եւ հայտնվել բաճկոնով կամ կորսետով՝ հստակ եւ զուսպ սիլուետով՝ ոգեշնչված Քրիստոբալ Բալենսիագայի կուտյուրային էսթետիկայից, որի վարպետության ու ոճի գաղտնիքները Ալյոնան սովորել է Իսպանիայի Museo Cristóbal Balenciaga-ի առընթեր դասընթացներին:


Ալյոնան խոստովանում է, որ իր այս նախաձեռնությունը դժվար թե կյանքի կոչեր, եթե չլիներ տեղի ներդրողների աջակցությունը։ Խնդիրն իր լուծումը գտել է Մարետա Գեւորկյանի նամակից, ապա՝ զանգից հետո։ Նրա այս նախաձեռնությունը մաս է կազմում մի նոր ու մեծ ծրագրի, որը նպատակ ունի աջակցել Հայաստան տեղափոխված մարդկանց փորձի ու գիտելիքների ներդրմանը մեր երկրում ու նոր ընկերությունների ստեղծմանը տարբեր ոլորտներում։ BRAVO.am-ի հետ զրույցում տիկին Գեւորկյանը նշեց, որ միտք ունեն MOMENT of WHITE-ը ճանաչելի ապրանքանիշ դարձնել ամբողջ աշխարհում։ Դրան զուգահեռ՝ նախատեսում են մշակել դասընթացների ծրագիր, որի շրջանակում Ալյոնան իր գիտելիքները կփոխանցի Հայաստանի երիտասարդ մասնագետներին:


«Այն, ինչ անում է Ալյոնան նորաձեւության ոլորտում, ինձ շատ հոգեհարազատ է, հատկապես մինիմալիզմը, որ ամենից շատ է բնորոշ նրա գործերին։ Իսկ երբ տեսա, թե որքան սիրահարված է նա Հայաստանին, հասկացա՝ մենք միասին ճանապարհ ունենք անցնելու։ Բացի այդ, երբ փոքր էի, երազում էի դիզայներ դառնալ, բայց քանի որ Հայաստանում սովորելու հնարավորություն չկար, եւ հասկանում էի՝ ծնողներս ինձ չեն թողնի արտասահման գնալ այդ նպատակով, կարծես տարիներ անց երազանքս այսպես վերադարձավ։ Մտածեցի՝ եթե իմ դեպքում չի ստացվել, ապա աջակցեմ, որ ուրիշ տաղանդավոր երեխաներ հնարավորություն ունենան իրենց նպատակներին հասնել։ Դրա համար էլ կարծում ենք՝ շատ մեծ ու կարեւոր գործ կանենք, եթե իրականացնենք դասավանդման մեր ծրագիրը»,- նկատեց բրենդի համահիմնադիրը։

Մարետա Գեւորկյանը


MOMENT of WHITE-ի ցուցադրության բացումը Լուսինե Թովմասյանին էր վստահված։ Ընդհանուր առմամբ, հավաքածուն 25 մոդել է ներառում։ Բոլորը հարսանեկան զգեստներ են՝ բացառությամբ երկու սեւ մոդելի, որոնք հուշում են՝ շուտով ապրանքանիշը կունենա նաեւ երեկոյան զգեստների հավաքածու։ «Alba Veste» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Համազասպյանը (ընկերությանն է պատկանում MOMENT of WHITE բրենդը) մեր զրույցում նշեց, որ նախատեսում են առաջիկայում այդ ուղղությամբ եւս զարգացնել արտադրությունը։ Իսկ մինչ այդ պատրաստվում են խանութ-սրահի բացմանը, որտեղ էլ ցուցադրված կլինեն բոլոր մոդելները։ Այժմ հնարավոր է իրականացնել նաեւ անհատական պատվերներ, այսինքն՝ դիզայները հարսնացուի հետ քննարկումների արդյունքում կստանա նրա երազելի զգեստը՝ նախընտրելի ոճով ու դետալներով։


«Զգեստի ստեղծման ընթացքում հարսնացուի հետ քննարկվում են նաեւ նրա կյանքի այն կարեւոր, հիշարժան պահերը, որոնք նա կցանկանար պսակադրության օրն իր հետ տանել դեպի նոր կյանք: Այդ պահերը «կարվում» են զգեստին՝ փոքրիկ դետալների տեսքով: Դա կարող է լինել, օրինակ, ասեղնագործած որեւէ արտահայտություն կամ ամսաթիվ, ինչպես նաեւ աստառի համար հնարավոր անհատական տպագրության մշակում եւ այլն»,- նշեց Զառա Համազասպյանը։

Ապրանքանիշի նորություններին կարող եք հետեւել Ինստագրամում կամ զանգահարելով (374) 11500135 հեռախոսահամարով: Ստուդիայի հասցեն է՝ Երեւան, Կիեւյան փողոց 1:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW