×


«Բարի լույս, հրեշտակներս». Պատանի հանդիսատեսի թատրոնի տարեդարձը, ավագ սերունդն ու նոր ներկայացումը

«Բարի լույս, հրեշտակներս» ներկայացումը նվիրվում է ավագ սերնդին՝ այսպես է Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացած պրեմիերան բնորոշում բեմադրիչը՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը:

BRAVO.am-ին նա պատմեց, որ շատ երկար է այնպիսի պիես փնտրել, որում հնարավոր կլիներ ընդգրկել թատրոնի ավագ սերնդի 5 ներկայացուցիչներին ու վերջապես կարդացել է Պաոլո Կապպելլոնիի «Մեկ տեսնում եմ, մեկ չեմ տեսնում» գործը: Ներկայացման պրեմիերան համընկավ Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրման 94-ամյակի հետ:


«Բոլոր դերասաններն իրենց կյանքի մեծ մասը՝ շուրջ 50 տարի, նվիրել են այս թատրոնին, ուզում էի այնպիսի մի ներկայացում անել, որ հաճույքով աշխատեն։ Պիեսը կարդալուց հետո հասկացա, որ այն դերասանների կենսագրության հետ էլ կապ ունի, եւ այդ պատճառով իրենց էլ շատ հետաքրքրեց ու սիրեցին կերպարները: Դերասաններից ամեն մեկը մի թատրոն է, հաշվել եմ, որ այս բեմադրությունը մոտ 470 տարեկան է՝ բոլորիս փորձը գումարել եմ ու այդ թիվը ստացել»,- անկեղծացավ նա:

Թեեւ թատրոնի ավագ սերնդի դերասանները տարբեր ներկայացումներում ներգրավված են, սակայն առաջին անգամ էին միասին նույն բեմում: Նրանք ու Գասպարյանը գրեթե նույն ժամանակահատվածում են սովորել, ապա ծավալել իրենց գործունեությունը: Ստեղծագործելու ընթացքում մտովի վերադարձել են իրենց երիտասարդության տարիներն ու շատ երջանիկ պահեր վերապրել:


Իսկ ներկայացումը տարօրինակ կատակերգություն են անվանել՝ Իտալիայի շենքերից մեկի տանիքին տեղի ունեցող անսովոր միջադեպը միավորում է շենքի 4 բնակիչներին ու իրեն ցած նետել պատրաստվող տղամարդուն: Իրեն ջրմուղագործ անվանող Էդուարդոն (ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյան) ամուսնալուծվել է, կորցրել տունը, պարտքեր ունի եւ ստիպված է ալիմենտներ վճարել: Տանիքին էլ նրան հայտնաբերում է լվացքը փռել պատրաստվող Զիտան (Անահիտ Ղուկասյան), որը օգնության է կանչում ֆիլմերի մեծ սիրահար ու կյանքի ամեն իրավիճակի համար մեջբերում գտնելու պատրաստ Արմանդային (վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյան): Նրանց աղմուկի պատճառով հավաքվում են նաեւ հարեւանները՝ հաշվապահ Առոլդոն (վաստակավոր արտիստ Արա Մաթեւոսյան) եւ ամեն ինչ հետեւորդների հետ կիսող Մարիա Լուչեն (Մարիետտա Նազարյան):

Ի վերջո հաջողվում է Էդոյին, ինչպես կարճ նրան սիրում է անվանել Արմանդան, համոզել ինքնասպան չլինել եւ բնակվել քույրերի տանը, որոնցից ամեն մեկն իր հերթին, ինչպես նաեւ Մարիա Լուչեն փորձում են նրան գայթակղել: Իսկ անբան, ծույլ, թղթախաղի սիրահար ու կանանց փողերը կորզող Էդուարդոն օրերն անցկացնում է ոչինչ չանելով, մինչեւ որ..., իսկ այդ մասին կիմանաք ներկայացումը դիտելուց հետո:


Վառ ու հումորով «Բարի լույս, հրեշտակներս» ներկայացումը 2 ժամ ծիծաղ ու դրական լիցքեր պարգեւեց եւ բազմաթիվ ծափերի արժանացավ: Հաճելի եւ հուզիչ էր բեմում կողք կողքի տեսնել 8-րդ տասնամյակն ապրող դերասանների խաղը, ապրումները, վարպետությունն ու էներգիան:

«Աշխատանքի ընթացում մի հետաքրքիր լրջություն էր նկատվում, որը վաղուց թատրոններում չկա: Երբ երիտասարդներին որեւէ բան ես ասում, առանց առաջադրանքն իսկ հասկանալու «օքեյ» են պատասխանում: Իսկ ավագ սերունդը նախ մտածում է կերպարի ու խնդրի մասին, ինչը հիմա չկա: Ցույց տվեցինք, որ թատրոնն ուրիշ բնագավառ է եւ շոուի հետ ոչ մի կապ չունի։ Այս կազմի հետ աշխատելը հաճույք էր, քանի որ մենք միասին թատրոնի լեզվով էինք խոսում»,- ասաց Գասպարյանը:


Նա ընդգծեց, որ երեխաներից բացի, Պատանի հանդիսատեսի թատրոնում նաեւ նրանց ծնողներին են դաստիարակում, քանի որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես են փոխվել ընտանիքն ու այն պահող արժեքները. «Երեխաների համար հեռախոս կամ պլանշետ են գնում ու նրանցով չեն զբաղվում, ծնողներին թվում է՝ դա է դաստիարակությունը: Փոքր տարիքում մի անգամ ներքնազգեստով նստեցի ճաշի սեղանին, ինչից հետո տատիկս վեր կացավ ու գնաց: Դրանից հետո միայն հագուստով էի ճաշում: Երեխան փոքր տարիքից պետք է իմանա՝ ինչ է կարելի ու ինչ չի կարելի. ամեն ինչ է պետք սովորեցնել։ Նկատում եմ, որ խելոք երեխաներ են, բայց նրանց սխալ են դաստիարակում»:

Արմեն Սանթրոսյանը ներկայացումից հետո խոստովանեց, որ անչափ լավ է զգում իրեն, քանի որ 50 տարի միմյանց ճանաչելուց հետո վերջապես միասին հետաքրքիր ներկայացում են ստեղծել. «Նորից գնացինք մեր երիտասարդ տարիներն ու այն երջանիկ ժամանակները, Հրաչիկի հետ աշխատելիս նորից զգացինք թատրոնի հին համն ու հոտը։ Դրա համար էլ այս ներկայացման համար ոչինչ չխնայեցինք, քանի որ այն մեր հիշողությունների ու զգացողությունների մասին է»:

Իսկ անդրադառնալով իր դերին՝ Սանթրոսյանը նշեց, որ փորձում է զգուշացնել կանանց՝ հանկարծ իր կերպարի պես տղամարդկանց լարած որոգայթները չընկնեն։


Անահիտ Ղուկասյանն էլ անկեղծացավ, որ պատասխանատու եւ հաճելի էր բեմ դուրս գալ թատրոնի 94-ամյակին. «Մտել ենք այս թատրոն ու շատ լավ մարդկանց հետ ծանոթացել, այստեղ միշտ փառահեղ կոլեկտիվ է եղել: Մենք՝ մեծերս, պարտավոր ենք այնպես անել, որ հաջորդ սերունդը նույնպես լավ արտահայտվի թատրոնի եւ անձնակազմի մասին»,-անկեղծանում է Ղուկասյանը, որը գրեթե ամբողջ ներկայացման ընթացքում բեմի վրա է եղել, ու թեեւ հոգնած էր, բայց նաեւ՝ դրական լիցքերով լի:

Ամենավառ ու էներգիայով լի դերերից մեկը բաժին էր հասել Արեւ Սանթրոսյանին, որը խոստովանեց՝ իր պատանի սաների հետ աշխատելու շնորհիվ չի կորցնում եռանդն ու բեմից այն փոխանցում է հանդիսատեսին:


«Բոլորս քրտնաջան, նվիրումով ու մեծ սպասումով ենք աշխատել, եւ այսօրվա ներկայացումը մեր հաղթանակն էր: Ավագ սերնդով շատ լավ ենք ստեղծագործել, գնացել երիտասարդություն ու ամեն ինչ նորովի վերապրել: Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մեր թատրոնի օրն է՝ այստեղ իմ հայրիկն է աշխատել, նաեւ՝ եղբայրս, որի հետ նորից էինք բեմում։ Քիչ է ասել, որ թատրոնն ինձ համար աշխատանքի վայր է, հարազատ օջախ է, երեխայի պես ուրախանում եմ ամեն հաջողության համար եւ սրտանց տխրում, եթե որեւէ բան չի ստացվում»,- ասաց Սանթրոսյանը:


Արա Մաթեւոսյանն էլ ավելացրեց, որ իր սերնդի դերասանները միշտ չէ, որ ներգրավված են լինում ներկայացումներում. «Վերջապես Գասպարյանին հաջողվեց գտնել մի պիես, որտեղ միավորեց բոլոր մեծահասակ դերասաններին։ Ներկայացման շնորհիվ նորից թատրոնում եմ, կամ եւ քայլում եմ բեմի վրա։ Իսկ մեր ասելիքն այն է, որ, ցավոք, շատացել են ուրիշների հաշվին ապրել ցանկացող ալֆոնսները, զգուշացնում ենք կանանց խուսափել նրանցից»:


Մաթեւսոյանը նաեւ չթաքցրեց, որ անսպասելի միջադեպեր պրեմիերայի ընթացքում քիչ չեն եղել, սակայն կարողացել են հմտորեն շրջանցել դրանք՝ օգնել են միմյանց ու տեքստերը հուշել, որ հանդիսատեսը ոչինչ չզգա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW