×


Կադրը՝ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմից

Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը՝ AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում

Այս տարվա նոյեմբերին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ ռեժիսորների ստեղծած 6 նոր կարճամետրաժ ֆիլմ ցուցադրվել է Նյու Յորքի ամենամեծ եւ հեղինակավոր մշակույթի կենտրոնում՝ Lincoln Center-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միության ամենամյա «Armenians in Film» ցուցադրությունների շրջանակում։

Ցուցադրված ֆիլմերի թվում էր հայաստանաբնակ ռեժիսոր եւ սցենարիստ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը։ Ցուցադրություններին հաջորդեց պանելային քննարկում ցուցադրված ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, որը վարում էր բազմաթիվ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, ազգությամբ հայ ռեժիսոր եւ հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը։

«Ցեխը» ֆիլմի ռեժիսոր Վահան Գրիգորյանը (աջից)


««Ցեխն» իմ դեբյուտային ֆիլմն է։ Շատ հպարտ եմ, որ նյույորքյան եւ լոնդոնյան լսարանին կարողացա ներկայանալ հայկական ֆիլմով եւ ստանալ դրական արձագանք, ինչն ինձ համար որպես ստեղծագործողի շատ մոտիվացնող է: Այս հնարավորության համար երախտագիտությունս եմ հայտնում AGBU Arts-ին»,- նշեց ռեժիսոր եւ սցենարիստ Վահան Գրիգորյանը։

«Ցեխը» կատակերգական եւ դրամատիկ լուծումներով ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են գյուղում։ Ֆիլմում գլխավոր հերոսի կինը, տեսնելով իր բացակայության ընթացքում ամուսնու՝ գետնին թողած ցեխոտ կոշիկների հետքերն ու տուն մտած ճերմակ սագի փետուրները, կարծում է, թե իրենց տուն հրեշտակ է մտել։ Զավեշտն իր զարգացումն է ստանում եւ ունենում անսպասելի ավարտ։

Կադրը՝ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմից


Վահան Գրիգորյանի խոսքով՝ ֆիլմում առաջին հայացքից հայկական գյուղական պատմություն է ներկայացված, բայց նմանատիպ դեպքերի աշխարհի ցանկացած կետում կարող ենք հանդիպել՝ լինի գյուղ, թե քաղաք. «Այդպիսի զավեշտներ լինում են ամենուր, այն համամարդկային  պատմություն է, որում էլ ավելի համոզվեցի, երբ տեսա, թե ինչպիսի արձագանք ստացավ հայկական կոլորիտային ֆիլմը նյույորքյան լսարանի կողմից։ Հանդիսատեսն էմոցիոնալ էր արձագանքում հենց այն դրվագներում, որոնք առանցքային էին։ Հիմնական գաղափարը հետեւյալն է, թե ինչպես է պահում իրեն մարդը, երբ ընկնում է պատահականությունների շարունակական ծուղակի մեջ։ Նա տարբեր իրավիճակներում փորձում է որեւէ բացատրություն տալ, բայց, այդ բացատրություններին ի պատասխան, գալիս է հերթական պատահականությունը»։

Կադրը՝ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմից


Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, բեմադրող նկարիչը՝ Տիգրան Առաքելյանը:

AGBU Arts-ի տնօրեն Հայկ Արսենյանը նշեց, որ «Armenians in Film»-ին հաջողվել է իր գործունեության ութ տարիների ընթացքում բացահայտել եւ քաջալերել նորահայտ տաղանդների․ «Այս նախաձեռնության նպատակն է համաշխարհային լսարանին ծանոթացնելու մեր ֆիլմարվեստին, մեր մշակույթին, մտածելակերպին, պատմությանը, ինչպես նաեւ ստեղծել նոր համագործակցությունների հնարավորություններ։ Եվ բազմազան են այն ֆիլմերը, որոնք մենք ցուցադրում ենք՝ թե՛ իրենց ժանրով՝ անիմացիոն ֆիլմերից մինչեւ վավերագրական, գիտաֆանտաստիկ, թե՛ աշխարհագրությամբ, թե՛ փորձառությամբ՝ սկսնակներից մինչեւ պրոֆեսիոնալներ»։


Անդրադառնալով ցուցադրված ֆիլմերին՝ մրցանակակիր ռեժիսոր եւ հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը կիսվեց իր տպավորություններով. «Ֆիլմերի տեխնիկական որակն ու բովանդակությունը ստեղծողների երեւակայությունը, որոնք ընդգրկում են տարբեր ժանրեր եւ տարածաշրջաններ, բավական բարձր մակարդակի են։ Կարծում եմ, որ շնորհիվ համացանցի եւ միջազգային հեռարձակման ծառայությունների՝ ապագայում էլ ավելի շատ հայեր ներգրավված կլինեն ֆիլմարտադրության ոլորտում։ Ուզում եմ հատուկ նշել, որ իմ՝ կինոռեժիսոր դառնալու ճանապարհին եւս ՀԲԸՄ-ն շատ կարեւոր աջակցություն է ցուցաբերել»։

«Armenians in Film»  Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններին ներկայացված էին նաեւ  Քրիստինե Խանամիրյանի «Մայրամուտ»,  Տայանա Բուդակյանի «Դեհացի», Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով», Արման Այվազյանի «Քար» ֆիլմերն ու Շառլոտ Մոնտգոմերիի կողմից, «Զելա Մարկոսյան» կվինտետի մասնակցությամբ մեկուսացման եւ կապի մասին «Ճանապարհ» ֆիլմը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին