×


«Շատ պատմություններ կան, խոսե՞մ»․ Էմմին՝ ընտանիքի, Սիրուշոյի հետ հարաբերությունների եւ «Եվրատեսիլ»-ի մասին

Երգչուհի Էմմին հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարին եւ երկար դադարից հետո անկեղծ զրույց ունեցել:

Երաժշտական դադարի մասին

Իրականում երգելու ցանկությունը մեծ է, եւ երբ Հայաստանում եմ լինում, ելույթներ եմ ունենում: Կարելի է ասել՝ այդքանն ինձ հագեցնում է, որ կարողանամ մի քանի ամիս առանց երգելու մնալ (ժպտում է,- հեղ․)։ Ամեն դեպքում ինձ լավ եմ զգում, որովհետեւ լիարժեք արտիստ լինելու համար կյանքն ինձնից ավելի շատ ժամանակ կտանի, իսկ ես դրա ցանկությունն այնքան էլ չունեմ։ Ասեմ, որ երբեւիցե արգելք չի եղել բեմ բարձրանալու. ինքս եմ կանգնել այնտեղ, որտեղ հիմա եմ կանգնած։

Ծնողներին կորցնելու եւ դժվարությունները հաղթահարելու մասին

Ինձ շատ են հարցնում, թե ինչպես եմ դիմացել, եւ ինչքան առիթ լինում է, փորձում եմ հաղորդագրություն ուղարկել այն մարդկանց, ովքեր ունեն այդ ցավը, ուզում եմ նրանց ասել՝ կյանքում ամեն ինչ հաղթահարելի է։ Դժվար է, ժամանակատար է, բայց եթե ունեմ երեխաներ, նրանց համար պիտի այդ ամենը հաղթահարեի ու անեի այն, ինչ արեցի։ Այո, կարելի է ասել՝ երեխաներս ինձ փրկել են։ Իսկ Վահեն (ամուսինը,- հեղ․) երեւի աշխարհի ամենալուռ, ամենաբարի եւ զուսպ անձնավորությունն է, որն իմ ձեռքը բռնեց դժվարին պահին։ Ունեմ շատ լավ ընկերներ, ընտանիքի անդամներ, որոնք միշտ կողքիս են, մեջքիս կանգնած են, փորձում են այնպես անել, որ չզգամ ծնողների պակասը։ Բայց այդ պահին միայն Վահեն գիտեր իմ ապրումները, եւ նա ուղղակի շատ հանգիստ ձեռքս բռնեց, ու մենք միասին քայլեցինք այս ամենի միջով։

«Եվրատեսիլը» կոտրե՞ց

Ինձ ասացին՝ եթե չմասնակցեմ, Հայաստանը պիտի մեծ տույժ վճարի։ Այդ ժամանակ ռոբոտային ինչ-որ էներգիա ստացա եւ սկսեցի ուղղակի աշխատել, ծիծաղել, ժպտալ, նկարահանվել, պարել, ուրախանալ։ Եզրափակիչ փուլ չանցնելուց հետո երբ վերադարձա, «ձեռառնոցի» սկսվեց: Չգիտեմ, գուցե դա հումոր էր, ես էլ էի այդ ամենին հումորով մոտենում ու ավելի թեթեւ էի տանում, որովհետեւ ցավ կար իմ մեջ։ Բայց չէ՞ որ նման բաները մնում են. մարդկանց չի կարելի վիրավորել։ Կարծում եմ՝ այո, կոտրվեցի այդ ժամանակ, բայց չգիտեմ՝ պատճառը «Եվրատեսիլն» էր, թե այդ ժամանակահատվածը։

«Շատ պատմություններ կան, խոսե՞մ»

Ինձ չի կոտրել այն, երբ ես նկարահանվել եմ, հետո ինձ ասել են՝ չեմ լինելու եթերում, որովհետեւ իրենց այդպես են հրահանգել։ Ինձ դա չի կոտրել, ես էլի շարունակել եմ։ Երեւի ուրիշ մարդիկ պիտի ավելի շատ լինեին եթերում, դրա համար։ Ինձ չի կոտրել այն, որ երբեք լավագույն երգչուհու կոչում չունեցա։ Երեւի այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե «Եվրատեսիլն» է ինձ կոտրել։

Սիրուշոյի հետ հարաբերությունների մասին

Այդպիսի բաները շոու-բիզնեսում, բնականաբար, նորմալ են։ Մենք իրար հետ ենք մեծացել, մեր ծնողները շատ մտերիմ են եղել, մենք նրանց հետ ամեն տեղ միասին էինք գնում։ Մի օր ես էի նրանց տանը մնում, մի օր ինքն էր մեր տանը մնում, չէինք ուզում իրարից բաժանվել, շատ մտերիմ հարաբերություններ ենք ունեցել միշտ։ Մեր միջեւ ոչ մի վատ բան չի եղել։ Տարաձայնությունների մասին խոսակցությունները հիմնականում ստեղծվում էին նրա համար, որ երրորդ կողմն ինչ-որ պատմություններ էր հորինում։ Գուցե եւ դա ճիշտ էր, բայց երրորդ կողմը սխալ էր, չէ՞ որ այդ խոսակցությունները մեզ հասնում էին եւ լարվածություն էին ստեղծում։ Գուցե այդ լարվածությունը մեզ հեռացրեց իրարից, բայց որ ասեմ՝ հստակ որեւէ բան է եղել, որ կռվել ենք ու բաժանվել, ընկերություն չենք արել, չի եղել։ Երբ իրար տեսնում ենք, գրկում ենք, համբուրում, խոսում ենք մեր կյանքից։ Ուղղակի մարդիկ երբեմն մոռանում են, որ բոլոր խոսակցությունները միշտ ինչ-որ կերպ պտտվում են, հետ են գալիս ու հասնում հասցեատիրոջը։ Ավելի լավ է սուս մնալ։

«Այսօր ես երջանիկ եմ»

Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը։ Իմ կողքին չունենալով ծնողներիս՝ այսօր ես երջանիկ եմ, քանի որ տարիների ընթացքում նրանք ինձ այնքան սեր են տվել։ Դա կարեւոր է։ Երբ սեր ես ստանում, պիտի ինչ-որ մեկին էլ տաս։ Դրա շնորհիվ էլ երջանիկ եմ, որ այդ սերը ստացել եմ ու կարողանում եմ տալ իմ ընտանիքին։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW