×


Րաֆֆի Գալստյան. «Վանուշ Խանամիրյանին մի բարեւի պատճառով բախտս փոխվեց»

Րաֆֆի Գալստյանը կարճ ժամանակում դարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից մեկը: BRAVO.am-ի հետ զրույցում Գալստյանը պատմել է հետաքրքիր ճանապարհի, Վանուշ Խանամիրյանի՝ իր կյանքը փոխած խորհրդի, իմպրովիզ անելու, առաջին անգամ օպերայի գեղեցիկ ջահը տեսնելու եւ ամերիկացի սիրելիի մասին:

- Րաֆֆի, ո՞րն է թատրոնում ամենասիրելի վայրը, որտեղ առանձնանում եք կամ բոլորից թաքնվում:  

- Ամենասիրելին բեմն է, բայց առանձնանալ սիրում եմ հանդերձարանում, որը կիսում եմ ընկերոջս՝ մենակատար Գրիգոր Գրիգորյանի հետ։ Հետաքրքիր թեմաներով զրուցում ենք, զբաղմունք գտնում ու լիցքաթափվում, որովհետեւ անընդհատ աշխատանքի մեջ լինելը ռոբոտացնում է:

- Իսկ ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը, երբ ներկայացում ունեք ու երեկոյան ազատ եք:

- Այսօր «Կարապի լճում» եմ պարելու: Օրս հանգիստ եմ սկսել, փորձում եմ ուժերս խնայել ու պատրաստվել, Ձեզնից էլ հիմա լիցքավորվում եմ։ Սովորաբար, մեր տանն անընդհատ հնչում է այդ օրվա ներկայացման երաժշտությունը, ինքս էլ չեմ նկատում, թե ինչպես է գալիս ու մտնում արյանս մեջ։ Ներկայացում խաղալը հեշտ չէ, մանավանդ, եթե ծանր թեմա է:

Րաֆֆի Գալստյանը


- Այսօրվանը որքանո՞վ է ծանր: Այն 35 տարվա ընդմիջումից հետո է մեզ մոտ նորից բեմ բարձրացել, Դուք արքայազն Զիգֆրիդի դերում եք:

- Բարդ է նրանով, որ մաքուր դասական բալետ է, վերջիվերջո սպիտակ տրիկո ես հագնում, ինչը գործդ բարդացնում է՝ ամեն մանրուք ու բացթողում ավելի է երեւում, պետք է դիրքերին եւ ոտքերիդ հետեւել: Դասական բալետը քեզ քառակուսու մեջ է դնում՝ 5-րդ դիրք կոչվածը պարտավոր ես առավելագույնս պահել։ Այսօր 3-րդ անգամ եմ խաղալու. պրեմիերային Մերի Հովհաննիսյանի հետ եմ պարել, ապա՝ Նինո Սամադաշվիլիի հետ. նա Թբիլիսիի թատրոնի առաջատար մենապարուհի է: Մեծ ու հետաքրքիր փորձ էր նրա հետ շփումն ու բեմը կիսելը, վարպետորեն ինձ օգնում էր, ես էլ՝ իրեն:

- Իսկ ինչպե՞ս եղավ, որ երբ տասը տարեկան էիք, Վանուշ Խանամիրյանը Ձեր մայրիկին խորհուրդ տվեց Ձեզ տանել պարարվեստի քոլեջ:

- Մայրս էլ պարուհի է եւ իր ստուդիան ունի, նրանք վաղուց էին ճանաչում իրար։ Վարպետն ընտանիքիս հետ շատ մտերիմ էր, հաճախ էր գալիս մեր տուն, միասին հաց էինք ուտում, շփվում: Շատ փոքր էի՝ 4-5 տարեկան, ու այդ տարիքից Վանուշ Խանամիրյանն ինձ Սպարտակ էր անվանում: Չէի հասկանում, թե ով է Սպարտակն ու այդ անունը չէի սիրում, պատասխանում էի. «Րաֆֆի է իմ անունը»: Իսկ 10-ամյակիս վարպետը եկավ ու մորս ասաց. «Եթե տղայիդ չտանես Երեւանի պարարվեստի պետական քոլեջ, ինձ էլ բարեւ չտաս»։ Մայրս էլ ճարահատյալ տարավ, քանի որ ուզում էր վարպետին բարեւել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Այդպես մի բարեւի պատճառով բախտս փոխվեց։

- Ո՞րն է պարի հետ կապված առաջին հիշողությունը։

- Ամբողջ կյանքս անցել է կուլիսներում եւ բեմում. մայրիկիս խմբի երեխաների ծնողների գրկում եմ մեծացել։ Բեմն է ինձ համար հարմարավետ գոտի, որովհետեւ ինչ աչքերս բացել եմ, դա եմ տեսել։

Րաֆֆի Գալստյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Հաճախ եք նշել, որ բալետային տվյալներ չեք ունեցել, աշխատելու արդյունքում եք կայացել, որքա՞ն էներգիա եւ ջանքեր են պետք եղել դրա համար:

- Պայմանական էին ընդունել քոլեջ, որ փորձեմ ինձ արդարացնել, եթե չստացվեր, պետք է տեղափոխվեի հայկական պարի բաժին կամ էլ հեռանայի: Բալետի համար անհրաժեշտ շատ տվյալներ էին բացակայում. միայն հասակ ունեի եւ տեսք:

- էլ ի՞նչ որակներ էին պետք, որոնք չկային:

- Օ՜, շատ բաներ՝ ճկունություն, թռիչք, թաթեր, ծնկներ, կոորդինացիա։ Եթե ընտրել ես այս մասնագիտությունը, պարտավոր ես այդ ամենը գտնել. նպատակին հասնելու այլ ճանապարհ չկա: Պարտավոր ես քեզ դնել գրտնակի տակ ու դարձնել այն մարդը, որին պատկերացնում ես։

- Ու շա՞տ տանջեցին Ձեզ, իսկ քննադատությունները մոտիվացնո՞ւմ էին, թե՞ նաեւ կոտրվում էիք։

- Բավական շատ «գրտնակեցին» (ժպտում է,-հեղ.): Հատկապես բալետում կարեւոր է ունենալ կոտոշներ, որ տնկես ու առաջ գնաս, այլապես քեզ կկոտրեն։ Պետք է պնդաճակատ լինել, որ ամեն հիասթափեցնող խոսքից մոտիվացիա ստանաս, ամեն օր քեզ տրամադրես, ինքդ քեզ հետ մտքում կամ հայելու դիմաց խոսես, ես երբեմն նաեւ մորս հետ եմ զրուցում։ Մի անգամ, երբ դեռ քոլեջում էի սովորում, նրան ասացի. «Էլ չեմ ուզում, հոգնել եմ»: Հանգիստ տոնով պատասխանեց. «Տղաս, եթե չես ուզում շարունակել, կարող ես գրասենյակում նստել համակարգչի դիմաց, կամ այլ գործ անել, որտեղ չկա ֆիզիկական ակտիվություն, երաժշտություն, պար»: Այդ խոսքերից հետո լռեցի ու էլ ոչինչ չասացի. առաջին ու վերջին նման խոսակցությունն էր։

Րաֆֆի Գալստյանը


- Ինչպիսի՞ն է Ձեր կայացման ընթացքը, եւ մեկ օրը կարո՞ղ է որեւէ բան փոխել, եթե որոշեք փորձը բաց թողնել:  

- Բալետում առաջնահերթն աշխատասիրությունն ու խելքն են: Իհարկե, կարող ենք մեկ օր չպարապել, բայց զգում ենք, որ թուլացել ենք, եթե 2 օր ենք բաց թողնում, արդեն դիմացինն է զգում։ Բալետում նաեւ քթածակ է պետք ունենալ, կողմնորոշվելու մեծ ունակություն, քանի որ բեմն ամենաանկանխատեսելի վայրն է, որտեղ ամեն ինչ կարող է լինել։ Ուսուցիչս ինձ ասում է. «Պիտի 150 տոկոսով պատրաստ լինես, քանի որ բեմը 50-ը խլում է»։

- Իսկ չի՞ պատահել, որ ակնհայտ սխալվեք, ու ելույթը նախատեսվածի պես չընթանա:

- Մեկ տարի առաջ հունվարի 2-ին «Մարդուկ-ջարդուկն» ունեինք: Ներկայացման ժամանակ այնպես ստացվեց, որ Մերիի հետ իրար չհասկացանք. պետք է նրան նետեի, ու ընկներ ձեռքերիս մեջ, բայց հայտնվեց հատակին, շատ արագ կողմնորոշվեցի, օգնեցի բարձրանալ, ու շարունակեցինք պարել։ Առաջին բանը, որ հարցրի. «Լա՞վ ես, կարո՞ղ ես շարունակել»։ Պարելու ընթացքում միշտ եմ խոսում, այնպիսի պահումներ կան, որ զուգընկերուհուդ հետ պիտի խոսեք ու հասկանաք իրար։ Խոսելը հեշտացնում է աշխատանքը։

- Ինչո՞ւ է մրցակցությունն ու կուլիսային աշխարհն այդքան դաժան համարվում բալետում, որ թշնամուն էլ չեն ցանկանա։ Միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությա՞ն պատճառով է այդպես, թե՞ նաեւ մրցակցության:  

- (Ծիծաղում է,-հեղ.), թշնամուն չցանկանալը նաեւ իմ խոսքն է։ Բալետը դժվար ասպարեզներից եւ գեղեցկագույն արվեստներից մեկն է։ Պարունակում է երաժշտություն, մնջախաղ, պար, մարմնամարզություն: Բայց եթե սպորտում մարզիկները կարող են էմոցիաներ ցույց տալ, բալետում արգելված է. պիտի ապահովես կերպարիդ եթերայնությունն ու թեթեւությունը։ Դժվար է նաեւ այն առումով, որ անդադար պարապում ես ու վնասվածքներ են լինում: Մեր թատրոնում լավ իմաստով առողջ մրցակցություն կա, ինչը միայն օգնում է աշխատանքին։ Որտեղ մրցակցություն չկա, այդ ասպարեզն արդեն մեռած է։

Րաֆֆի Գալստյանը


- Վնասվածքների մասին հիշատակեցիք, երբ գալիս էինք դահլիճ, տեսա, որ բռնեցիք Ձեր մեջքն ու անհանգիստ շարժումներ արեցիք:

- Վնասվածքների տարբեր աստիճաններ կան, իմոնք այնպիսին են, որ պիտի մինչ կարիերայիս ավարտը խաչի նման կրեմ: Ամբողջ մարմինս է ցավում, առողջ տեղ չունեմ (ծիծաղում է,-հեղ.), երբեմն անգամ դեմքս է ցավում (կատակում է,-հեղ.)։ Մեջքս այս երկու օրը շատ է անհանգստացնում, փորձերի առումով մի քիչ չարաշահել եմ, հիմա էլ  կապած է, որ կարողանամ ծանրաբեռնվածությանը դիմանալ։

- Ե՞րբ է վերջին անգամ եղել, որ որեւէ ցավող տեղ չունենաք:

- Անկեղծ՝ նման դեպք չեմ էլ հիշում: Դասատուս լավ խոսք ունի. «Եթե արթնանաս ու զգաս՝ մի տեղդ չի ցավում, ստուգիր, կարո՞ղ է մահացել ես»։ Միշտ որեւէ տեղդ պիտի ցավի, որ զգաս՝ այս երկրի վրա կանգնած ես ու բալետի արտիստ ես։

- Երիտասարդ տարիքում եք հայտնվել Օպերայի եւ բալետի թատրոնում ու 17-ում «Դիմակահանդես»-ում Զվեզդիչին մարմնավորել: Ի՞նչ եք հիշում այդ շրջանից ու եթե հիմա վերլուծեք Ձեր ելույթը, ի՞նչ կասեք:

- Հենց այսօր այդ ներկայացման տեսագրությունն եմ նայել, քանի որ Խնկո Ապոր անվան գրադարանում երեխաների հետ հանդիպում ունեմ ու պետք է ցուցադրելու համար կադրեր տրամադրեի: Նայեցի ու մտածեցի՝ վատ չէ (ծիծաղում է,-հեղ.)։ Ընդամենը 7 օր ունեի «Գայանե» բալետում Արմենի կերպարը մարմնավորելու համար, որը բավական անսպասելի ստացա: Մի լավ հատկանիշ ունեմ, երբ բալետում որեւէ տեսարան եմ դիտում, շատ շուտ եմ սովորում, ինձ փրկեց այն, որ ներկայացման 70 տոկոսը գիտեի, բայց իմանալն այլ է, կատարելը՝ մեկ այլ բան: Զվեզդիչին ուսանող տարիներին էլ էի մարմնավորել, երբ Խաչատրյանի 105-ամյակի առիթով նրա 3 ներկայացումներն էին բեմադրել:

- Բալետն անվերջ կատարելագործվելու ու սովորելու ասպարեզ է, հիմա ո՞ր աստիճանին եք ու ի՞նչ եք հասցրել ձեռք բերել:

- Բալետն անվերջության մասին է, նաեւ աճելու առումով: Հինգ տարին քիչ չէ, բայց շատ էլ չէ, քանի որ մեր մասնագիտությունը, սովորաբար, թիթեռի կյանք ունի, եւ այս ընթացքում ավելացել են վարպետությունը, բեմի փորձը, վստահությունը, էներգետիկան, շփումը հանդիսատեսի հետ՝ արդյոք կարողանո՞ւմ ես նրանց վերցնել քո ափի մեջ ու քո լեզվով պատմել ուզածդ։ Մարդիկ կարող են գալ ու ոչինչ չհասկանալ, եթե մատչելի չներկայացնես: Դիմախաղն եմ անչափ կարեւորում ու կերպարից կերպար փոխում: Բալետը միայն մարմնի մասին չէ. դեմքին են նայում եւ հասկանում՝ տխրում ես, ժպտում ես, ջղային ես, ապստամբում ես։

Րաֆֆի Գալստյանը


- Իսկ կա՞ն սիրելի կերպարներ, որոնց առանձնահատուկ եք սպասում կամ որոնց վրա անդադար շարունակում եք աշխատել:

- Միշտ պիտի որոնումների մեջ լինես, այլապես կլճանաս ու աճելու տեղ չես ունենա։ Ինձ համար կերպարանափոխվելը շատ կարեւոր է, որ դերերդ նույնը չլինեն՝ Սպարտակդ չպիտի նման լինի Արբենինին, նա էլ իր հերթին՝ Գիքոյին։ Ամեն դերում արտաքնապես եւ էներգետիկայով փորձում եմ տարբերվել: Ինձ շատ հոգեհարազատ են Սպարտակն ու Արբենինը, կառանձնացնեմ նաեւ «Գրավիտացիա»-ում աբեղային. այն կարեւոր ներկայացում է ինձ համար։

- Ժամանակի ընթացքում ի՞նչ եք բացահայտել բալետի մասին ու ինչպե՞ս ավելի լավ սկսել հասկանալ այն:

- Ամեն մարդ չի կարող հասկանալ ու զբաղվել բալետով, որ այն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ եւ ամենադժվար արվեստն է: Դեռ շատ բացահայտումներ եմ անելու։ Բեմն ամեն ինչին հաղթում է, այսօր ցավով եմ պարելու, բայց պիտի անեմ ու այնպես, որ հանդիսատեսն այդ մասին չիմանա եւ չնկատի:

- Մինչեւ որ կկարդան զրույցն ու կիմանան (ծիծաղում ենք,-հեղ.)։ Իմպրովիզներն արդյո՞ք թույլատրելի են բալետում եւ հիշենք «Չիպոլինո»-ում կոմս Բալի կերպարում լուսնային քայլվածքով բեմ մտնելը։  

- «Չիպոլինո»-ի համար նաեւ «Արտավազդ» մրցանակ եմ ստացել: Իմպրովիզներ ընդհանրապես չի կարելի անել, եթե նախատպես համաձայնեցված չեն։ Ներկայացման մեջ տեսարան կա, երբ Չիպոլինոյի հետ նրա հորը փախցնում ենք, ու երբ կորդեբալետը պտտվում է, պետք է վերադարձած լինեմ, սակայն այդ օրն ուշացանք, չգիտեմ էլ՝ մտքովս ինչ անցավ, որ որոշեցի լուսնային քայլվածքով գալ բեմ, եւ հանդիսատեսը ծիծաղեց։ Հասկացա, որ այս բալետում մանավանդ երեխաներին պետք է ուրախացնել: Շատ դրական էներգիայով բալետ է, ու բոլոր տոմսերը վաճառվում էին: Մարդկանց գիտեմ, որ իմ դերի համար եկել են ու 7-8 անգամ նայել ներկայացումը: Խաղարկային տեսարաններում միայն ինձ է թույլատրված իմպրովիզներ անել, քանի որ ապացուցել եմ՝ հանդիսատեսը սիրում է: Փորձում եմ չկրկնել ու նոր բան անել, թեեւ մի փոքր սպառվել եմ, ու էլ անելու ոչինչ չի մնացել:

Րաֆֆի Գալստյանը


- Արդյո՞ք տարբերակում եք հանդիսատեսի ծափերի տեսակները՝ իրական են, շնորհակալության, հիացմունքի կամ կեղծ:

- Բնականաբար, ծափերը շատ տարբեր են լինում, բայց դու ինքդ գիտես՝ ինչպես ելույթ ունեցար: Երբեք չեմ համարում, որ լավ եմ պարել, ու միշտ պիտի այդպես լինի, որ չկործանվես ու աճելու տեղ ունենաս։ Լինում է պասիվ հանդիսատես, շատ ակտիվ: Երբեմն ծափերն այնքան բուռն են լինում, որ թվում է՝ մարդիկ պատշգամբից հիմա կընկնեն:  

- Բեմից տեսնո՞ւմ եք հանդիսատեսին եւ առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում դերասանների հետ:

- (Ծիծաղում է,-հեղ.): Տեսնելու հետ կապված սեւ հումոր կա. իմ տեսողությունը - 5 է, մի քանի ամիս է՝ լինզաներ եմ կրում ու արդեն զանազանում եմ հանդիսատեսին, նախկինում ամբողջությամբ սեւ էր: Կուլիսներում ընկերներիս հարցնում էի. «Շա՞տ մարդ կա դահլիճում»։ «Սպարտակ»-ից 4 օր առաջ որոշեցի, որ լինզաներ եմ կրելու, արդեն խեղճանում էի տեսողությունից: Դուրս եկա բեմ՝ «Սպարտակ»-ի մենախոսությունն էր, քայլում եմ ու տեսնում՝ գույնզգույն շորերով մարդիկ են նստած, նկատում եմ, թե որքան գեղեցիկ է մեր Օպերային թատրոնի լեգենդար ջահը, մինչ այդ չէի զգացել (ծիծաղում ենք,-հեղ.)։

- Հիշվող ու անմոռանալի դարձած ելույթներից որո՞նք կառանձնացնեք:

- Փարիզի Կոնգրեսների պալատում «Դիմակահանդեսը» խաղալը, որտեղ մեծ պրեմիերաներ շատ են եղել, հանդես է եկել նաեւ Շառլ Ազնավուրը: Իսկապես պատիվ էր ելույթ ունենալ 5000 հոգանոց դահլիճում: Կառանձնացնեմ նաեւ Թումոյի այգում բացօթյա ներկայացումները, որոնք նվիրված էին Արամ Խաչատրյանի 120-ամյակին. 15 հազարից ավելի հանդիսատես կար, նման բան չէի տեսել ու այդպիսի ադրենալին ապրել:

- Այդքան էներգիա ու լիցքեր ստանալուց հետո կարողանո՞ւմ եք հանգիստ քնել:

- Մի քիչ ծիծաղելի սովորություն ունեմ՝ ամեն ներկայացումից հետո որեւէ «ֆասթ ֆուդ» եմ պատվիրում, ինչի մեծ սիրահար եմ, եւ վայելելում: Թեեւ գիրանալու հակում ունեմ, կարողանում եմ արագ նիհարել, մարմինս լավ եմ ճանաչում եւ ներկայացումից առաջ քիչ եմ ուտում:  

- Ինչպե՞ս է սկսվել այդ ավանդույթը:

- «Գայանե»-ից հետո ընկերջոս հետ էինք գնացել ուտելու եւ որոշեցինք՝ պիտի ավանդույթ դառնա: Հենց այդտեղ էլ հանդիպեցի իմ առաջին երկրպագուին. անսպասելի էր, երբ մատուցողը մոտեցավ եւ ասաց, որ ինձ ճանաչել են եւ դրսում սպասում են: Անսովոր էր, որ կարող են ինձնից ստորագրություն վերցնել կամ հետս նկարվել: Դրանից հետո շաբաթը մեկ պարում էի, ու կամաց-կամաց քաղաքում սկսեցին ճանաչել ինձ:

- Հյուսիսային պողոտայում Ձեզ կարելի է հանդիպել տարբեր հարցումներ անելիս, ինչպե՞ս է սկսվել բլոգերային կյանքն ու հաճա՞խ եք ինքնատիպ մարդկանց հանդիպում:

- Հրավեր ստացա, որը ստանդարտներից դուրս էր, դրա համար էլ ինձ հետաքրքրեց: Ուզում էի հաղորդավարություն սովորել: Փորձում ենք մարդկանց տրամադրությունը բարձրացրել, հետեւորդների թիվն աճել է ու նրանք նաեւ պահանջներ ունեն: Հետաքրքիր դեմքեր ու կերպարներ շատ են հանդիպում, բոլորին էլ հարգում եմ՝ անկախ նրանից, թե ինչ պատասխան կտան: Ոմանք կարող են չբարեւել ու անցնել, նայել դեմքիդ ու բղավել, դա ինձ օգնում է ճանաչել մարդկանց տեսակները:

Րաֆֆի Գալստյանը՝ սիրելիի հետ


- Րաֆֆի, Ձեր ապագա կինը՝ Դեզի Ուայթը, ամերիկուհի է ու եւս պարուհի: Կպատմե՞ք ծանոթության ու Հայաստան տեղափոխության մասին:

- Դեյզին թեեւ ամերիկուհի է, բայց սրտով եւ հոգով հայ է, ինչպես ինքն է ասում: Բավական լավ է խոսում հայերեն, սկսել է այստեղ մեքենա վարել, Հայաստանը շատ է սիրում: Առաջին անգամ 15 տարեկան է եղել, իրար փողոցում տեսել ենք ու մոռացել: Նա մտերիմ ընկերոջս կնոջ ընկերուհին է, այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում նրան հանդիպել են ընկերոջս ծնողներն ու խոսակցությունը հասել է Դեյզիի համար հայ ամուսին գտնելուն, այդ ժամանակ էլ ինձ են առաջարկել: Դեյզին դեմ չի եղել ու գրել է ինձ, սկսել ենք ընկերական շփվել, բայց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել է, մինչեւ որ ինքս որոշել եմ բացահայտել նրան: Անձնական կյանքումս խառը շրջան էր, ու թեեւ հեռավորության վրա հարաբերություններն այն ժամանակ անհնար էին թվում, քայլ արեցի: Հասկացանք, որ բնավորությամբ համապատասխանում ենք եւ մեր պատկերացումներն ընդհանուր են:

- Միասին պարում եք ու ինչո՞վ է տարբերվում, երբ բեմը սիրելիիդ հետ ես կիսում:

- Նույն բեմի վրա լինում ենք, բայց ոչ որպես մենակատարներ, քանի որ նա դեռ նոր պետք է փոքր քայլերով առաջ գնա: Հուսանք՝ միասին մեծ ապագա կունենաք: Տեսահոլովակում նկարվել ենք իրար հետ. կեսիդ հետ պարելը բոլորովին այլ է, քանի որ առաջին հերթին պիտի մտածես նրա մասին, հետո՝ քո: Բացի այդ էլ հարազատ հոգու հետ պարելու էներգետիկան է տարբերվում ու նույնիսկ տեսախցիկից փոխանցվում:



- Դուք նաեւ Նալա անունով շնիկ ունեք, ինչպե՞ս է նա հայտնվել ձեր տանը:

- Դեյզին ուզում էր շնիկ ունենալ, որոշել էի տարեդարձին նվեր անել, բայց այնքան էր խոսում այդ մասին, որ մի օր անսպասելի փոքրիկ արկղով բերեցի տուն: Մի թիզ էր՝ ձեռքիս մեջ տեղավորվում էր, հիմա մի քիչ մեծացել է: Անունը «Սիմբա»-ի մուլտֆիլմից ենք ընտրել:

- Րաֆֆի, Ձեր խաղացանկը բավական երկար ու հարուստ է, նշեմ կերպարների անունները, իսկ Դուք ասեք՝ նրանց հետ կապված առաջինն ինչ կգա մտքիդ: Արբենին՝ «Դիմակահանդես»-ից:

- Ֆրակ, հզոր երաժշտություն, խանդ, խստություն, տարիքով տղամարդ ու լիքը էմոցիա։

- Արմեն՝ «Գայանե»-ից:

- Արծիվ, թեթեւություն, գույներ, հզորություն, սեր։

- Սպարտակ:

- Ծանրություն, էլի հզորություն, ուժ, ապստամբ, տղամարդկություն, առյուծ։

- Արքայազն՝ «Մարդուկ-ջարդուկ»-ից:

- Էսթետիկա, գեղեցկություն, էլեգանտություն, մաքրություն։

- Ռոմեո՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ից:

- Խենթի պես սիրահարված երիտասարդ, որն ամեն ինչի պատրաստ է իր սիրելիի համար։ Մաքուր սեր, խելագարություն, խիզախություն եւ խելքի մի փոքր պակաս:

- Աբեղա՝  «Ձգողականություն»-ից։

- Բնական, բնություն, ցանկություն, բացահայտում։

Րաֆֆի Գալստյանը


- Իսկ հիմա՝ մի քանի արագ հարց. ի՞նչ եք ուզում սովորել:

- Ուզում եմ սովորել լինել լավ մարդ։

- Ե՞րբ եք վերջին անգամ շատ երջանիկ եղել։

- Ամեն օր։

- Որտե՞ղ եք Ձեզ ամենալավը զգում:

- Ամեն տեղ, բայց հատկապես՝ տանը։

- Ի՞նչ է հնարավոր արտահայտել պարով:

- Ամեն, ամեն ինչ: Այն, ինչ բառերով հնարավոր չէ ասել։

- Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ համար գեղեցիկ:

- Փորձում եմ ամենուր գեղեցիկը տեսնել:

- Ի՞նչ եք հիմա ամենաշատն ուզում։

- Շատ հաց ուտել եւ քնել, ամենայն լրջությամբ (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ի՞նչ կուտեիք:

- Հնդկաձավար՝ մածունով։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW