×


Երեւանյան բեմում արցախցիներն են՝ «Անմահների դիրքը» ներկայացմամբ

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կուլիսներում ենք, որտեղից լսելի է արցախյան քաղցրաշունչ բարբառը։ Արցախցիները պատրաստվում են առաջնախաղի։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 19-ից հետո առաջին անգամ երեւանյան բեմ է բարձրանում «Անմահների դիրքը» ներկայացմամբ։ Բեմադրության հիմքում Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսն է։ Ուղիղ մեկ տարի առաջ այն բեմադրվել է Ստեփանակերտում։ Ինչպես այն ժամանակ, այսօր էլ պիեսի ընտրությունը պատահական չէր, ասում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանը։

«Պիեսին ծանոթ եմ 2017-ից, նաեւ անձամբ ճանաչում եմ հեղինակին։ Եկել էր ժամանակը այս պիեսի մասին խոսելու եւ այս պիեսի միջոցով մարդկանց հետ խոսելու։ Բայց ինձ համար ցավալի է, որ մենք առաջնագծի կարեւորության մասին խոսում էինք Արցախում եւ այսօր նույն բանը խոսում ենք Երեւանում։ Իրականում կուզեի, որ այլ բանի մասին խոսեինք»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշում է ռեժիսորը:


Խաչատրյանը խոստովանում է՝ 10 տարի առաջ պետք է գնար Արցախ ու Արցախի կողքին կանգներ մշակութային ձեւաչափով. «Իսկ մենք պատերազմից պատերազմ գնացինք, փոխարենը մինչեւ դա պետք է գնայինք, որ կանխեինք պատերազմները։ Այսօր հոգեբանական առումով դժվար է դերասանների համար բեմ բարձրանալը։ Սակայն քրիստոնեական գաղափարախոսությունն ասում է․ «Ձեռքիդ ցավը սարքի՛ր զենք, ապրի՛ր․ եթե ցավդ զենք չես սարքում, ուրեմն՝ դու ոչինչ ես»։

«Անմահների դիրքը» ներկայացնում է «մի դիրքի պատմություն, որը չեն զիջում։ Մի դիրքի պատմություն, որ արյունով են պահում, մի դիրքի պատմություն, որ հայրենիք է կոչվում»։


«Մեր դիրքն ուղղակի դիրք չէ, ամբողջական հայրենիքի մտածելակերպ է։ Իսկ իմ հայրենիքը ծայրից ծայր դիրք է, այս պահին պարզապես եղել է հարկադրված նահանջ»,- ասում է բեմադրող ռեժիսորը։

Թատրոնի դերասանուհի Մարիա Սարգսյանը մարմնավորել է լրագրող Անահիտին, որ եկել էր դիրքերը նկարահանելու, բայց սկսվում է պատերազմն, ու նա հայտնվում է շրջափակման մեջ: Նրա կերպարը ներկայացման բանալին է. հենց այդ դիրքում է Անահիտը գիտակցում հայրենիքի կարեւորությունը։ Դերասանուհին խոստովանում է՝ այսօրվա իրավիճակում շատ դժվար էր բեմ բարձրանալ:

«Սկզբում անգամ մերժեցի, բայց հետո խաղացի։ Այս ներկայացումն 2020-ից հետո խաղալն էլ դժվար էր, բայց այն ժամանակ այլ էր. Արցախը պահելու կարեւորությունը, պայքարի ուժը շատ մեծ էր։ Շատ կարեւոր էր այդ հաղորդագրությունը փոխանցել ժողովրդին։ Իսկ հիմա առավել քան դժվար է, երբ ամեն ինչ կորցրել ենք»,-ասում է դերասանուհին։


Արցախի ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանի մարմնավորած հերոսն Արցախի գյուղերից մեկի բնակիչ է, որը մասնակցել է առաջին պատերազմին, նրա երկու զավակները զոհվել են հրադադարի օրոք դիպուկահարի կրակոցից հենց այն դիրքում, որն այժմ ինքն է պաշտպանում: Հայրը երդվում է իր զավակների պատիվը բարձր պահելու համար պահել այդ դիրքը։ Սակայն նա նույնպես զոհվում է այդ դիրքում։

Հատված ներկայացումում Հարությունյանի խոսքից. «Աստված գիտի, թե ինչքան ենք այսպես խրամատում ապրելու։ Սրանք ժողովուրդ չեն, բալա ջան, ժողովուրդը երես պետք է ունենա, պատիվ, խիղճ։ Սրանք հա՛մ անխիղճ են, հա՛մ վայրենի, սրանց երսին չպետք է «брат, брат» անես, տեսե՞լ ես, որ առյուծը բորենու հետ հաց կիսի»։


«Ցավոք, վերջին իրադարձություններից հետո մենք մնացինք լուսանցքից դուրս։ Իսկ արցախցիների համար սա ուղղակի ներկայացում չէ։ Երբ խաղում էինք Արցախում, այնտեղ կարծես թե հանդիսատես չկար, դերասաններն ու հանդիսատեսը շաղկապված էին միմյանց, քանի որ հանդիսատեսն իր կյանքն էր տեսնում բեմում։ Իսկ այսօր շատ դժվար է, մեղմ ասած, անտանելի, բայց բոլոր դեպքերում պետք է խաղանք։ Հանդիսատեսին չի հետաքրքրում իմ հոգեվիճակը. պետք կարողանաս բարձր որակ ցուցադրել»,- ասում է Քաջիկ Հարությունյանն ու հավելում՝ իր համար առավել քան դժվար է, քանի որ տարիներ շարունակ սովոր էր ամեն օր բեմ բարձրանալ։

Սամվել Սարգսյանը Բեգոյան Դավիթի կերպարն է մարմնավորում՝ դիրքի ավագն է։ Նա ծնվել ու մեծացել է արտերկրում, բայց վերադարձել է հայրենիք ու շարունակում է պահել իր դիրքը։


«Հենց այդ դիրքում սկսվում ու ավարտվում է նրա կյանքը։ Նա սրտացավ, միեւնույն պահին շատ կոպիտ է։ Հենց այդ կոպտության շնորհիվ են կարողանում դիրքը պահել, որ մարդիկ հանգիստ քնեն։ Այս ներկայացումը հիմա այլ տեսանկյունից եմ նայում՝ խաղի ժամանակ չեմ զգում, որ կորցրել եմ տունս, հայրենիքիս մի մեծ մասը։ Ներկայացման ավարտին քեզ արդեն պահում եւ ուժ է տալիս հավատն ու պայքարը»։

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն այսօր շարունակում է աշխատել առանց կարգավիճակի։ Տնօրեն Արմեն Հարությունյանն ասում է․ «Մենք պարզապես փորձում ենք գործով ապացուցել, որ արցախյան մշակույթն իրավունք ունի ապրելու։ Մեր ամբողջ ունեցվածքը մնացել է Արցախում, դեկորների ու ռեկվիզիտների հարց ունեինք, բայց կարողացանք լավ մարդկանց շնորհիվ լուծել։ Իսկ փորձեր ամեն անգամ տարբեր տեղերում ենք անում. լրիվ արցախցու ճակատագիր։ Փախստականի կարգավիճակով փորձում ենք աշխատել ու ասել, որ 92 տարվա թատրոնն իրավունք ունի գոյատեւելու»։


Ներկայացման պրոդյուսեր Կարո Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ Արցախի թատրոնի խաղը միշտ լինելու է. «Մենք իրականացնում ենք Արցախի մշակույթի պահպանման ծրագիր, ու այս ներկայացման թեման արդիական է։ Այն ցույց է տալիս, թե ինչ օրերի միջով են անցել արցախցիները, այստեղ կա ասելիք ու սթափեցնող կոչ։ Ներկայացման մեջ մի միտք կա՝ «Դուք ձեր ապրելով մեզ ապրեցրեք», հենց դա էլ փորձում ենք անել»։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին, 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնագաղթից հետո լուծարվել է։ Բայց, ինչպես փափազյանցիներն են ասում, թատրոնը ոչ թե բեմն է կամ կարգավիճակը, այլ բովանդակությունն ու գաղափարախոսությունը, որի շուրջ իրենք հավաքվել են։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW