«Մենք»-ի նպատակն ազգային ոգին ավանդական, ժողովրդական պարերի միջոցով արթուն պահելն է: Սկզբում եղել է միայն «Մենք» պարային խումբը, իսկ 10 տարի անց ձեւավորվել է նաեւ համանուն կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։
«Ես պարել եմ «Կարին»-ում, որը 2010-2011 թվականներին նոր խմբեր ստեղծելու նախագծեր ուներ: Նպատակը «Կարին»-ի գործունեությունն ընդլայնելն էր։ «Մենքը» ստեղծված առաջին խմբերից մեկն է»,- ասում է «Մենք»-ի գործադիր տնօրեն Ստեփան Թորոյանը:
«Մենք»-ի գործադիր տնօրեն Ստեփան Թորոյանը
«Մենք»-ի թիմում ընդգրկված են «հին» կազմը, ովքեր 6-10 տարի է՝ հաճախում են, աջակից անդամները, որ «Մենք»-ում պարել եւ դուրս են եկել, եւ «Իրական դպրոցի» 30 սաները։ Նրանցից են նաեւ Սոֆի Մելիքսեթյանը եւ Սուսաննա Հովհաննիսյանը:
«Մեծ ուշադրություն ենք դարձնում հատկապես ազգայինին եւ այն տարածելուն: Ունենք նաեւ լիքը «քյառթու» տղաներ, ովքեր գալիս, ասում են. «Մենք պարել չգիտենք», բայց չորրորդ կուրսում դառնում են հիանալի յարխուշտա պարողներ»,- ասում է Սուսաննան:
«Նույնիսկ իրենք են գալիս, երկար ընդմիջման ընթացքում միացնում են երգերը եւ պարում»,- ավելացնում է Սոֆի Մելիքսեթյանը:
«Մենքը» մարդկանց օտարումն ազգային արժեքներից կանխելու համար Երեւանի դպրոցներում իրականացնում է պարուսուցումներ, որոնք սկսել էին անցած տարի, վերջին պարուսուցումը եղել էր մայիսին։ Հիմա վերսկսել են: Սա չեն ընկալում որպես հիմնական աշխատանք. դպրոցում կատարում են իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ դպրոցից դուրս ծավալում իրենց մշակութային գործունեությունը։ Սովորեցնում են միայն ազգային պարեր՝ յարխուշտա, քոչարի, խամխամա, թամզարա...
«Մենքը»
«Հիմա դպրոցներում անցնում են ազգային երգ եւ պար, եւ ի սկզբանե մեր նպատակը եղել է այդ առարկայի դասավանդմանը նպաստելը։ Շատ լավ հասկանում ենք՝ ուսուցիչների համար որքան դժվար է լինում այս առարկան սովորեցնելը»,- ասում է հարգելի Ստեփանը (ուսուցիչներին դպրոցում «հարգելի»-ով են դիմում,-հեղ.):
Առարկան, սակայն, հնարավոր է՝ դառնա արվեստի դաս, որի մեջ մտնելու են ընդամենն ազգային պարերի երկու-երեք «ճանաչողական» դաս: Սա Ստեփան Թորոյանի համար ցավալի է, որովհետեւ մեծ ջանքերի գնով է այն մտել դպրոց:
Թումոյի այգում անցկացրած պարուսուցումից
Մարզերի դպրոցներում նույնպես պարուսուցումներ անցկացնելու ցանկություն ունեն, բայց չունեն ժամանակային եւ նյութական ռեսուրսներ։
«Մարզեր կկարողանանք գնալ, երբ նախագիծն ավելի ընդլայնվի։ Երբ մի լավ բան ես ուզում անել, քեզ պետք է նաեւ հասարակության աջակցությունը: Հիմա հասարակության կողմից հետաքրքրություն կա նախագծի նկատմամբ, իսկ դա շատ կարեւոր է, եւ բավականաչափ աջակցության դեպքում հնարավոր է նախագիծն ընդլայնել»,- ասում է Թորոյանը:
Պարուսուցումների օգտակարությունն արդեն նկատում են. երբ երեխաները տեսնում են, որ իրենք մենակ չեն սովորում այս առարկան, եւ մեծերն էլ են պարում, ոգեւորվում են:
«Եթե առաջ ուսուցիչը միայնակ էր փորձում հաղթահարել մշակութային պատնեշները եւ ազգային մշակույթ սերմանել երեխաների մեջ, հիմա մենք գնում եւ իրեն թեւ ու թիկունք ենք լինում մեր մոտ 10 հոգանոց խմբով»,- ասում է նա:
Երեխաների եւ ազգային արժեքների միջեւ ընկած պատվարը փորձում են հաղթահարել՝ ազգայինի կղզին շրջապատող օվկիանոսում մեծ չափաբաժիններով հող լցնելով եւ այն թերակղզի դարձնելով, մանավանդ որ, Ստեփանի խոսքով, այդ հատվածը ծանծաղ է, եւ կարող են ճանապարհ ստեղծել։
«Պատկերացրեք՝ ֆիզիկայի ժամին Նյուտոնն, իր ընկերներով, գա եւ ֆիզիկայից խոսի։ Երեխաների վրա ազդեցությունն ուրիշ կլինի, քան եթե միայն ուսուցիչը լինի»,- պարզաբանում է Ստեփանը։
Երեխաները սկզբում ընդդիմանում են, բայց ընթացքում սովորում են: Դա մեկ այցի ընթացքում չի լինում։ «Մենքը» կատարում է կրկնակի, եռակի այցեր։
«Լինում են երեխաներ, որ առաջին այցից հետո սիրահարվում են ազգային պարին, մյուսները հակվում են դեպի պարը, իսկ չսիրողներն ազգային պարի նկատմամբ դառնում են տոլերանտ։ Դպրոցի աշխատակազմում էլ կարծես նկատում են, որ տվյալ առարկան «տեր» ունի. կան մարդիկ, պարային խմբեր, որ հետեւում են այդ առարկայի իրականացմանը։ Իհարկե, հիմնական աշխատանքն առարկայի ուսուցիչն է իրականացնում. շաբաթական 2 օր «ճակատամարտում» է դասարանի դեմ, բայց զգում է, որ թիկունք ունի եւ մենակ չէ, ինչը նաեւ հնարավորություն է տալիս ուսուցիչներին սերն ազգայինի նկատմամբ վերացականից դարձնել հողեղեն եւ շոշափելի»,- ասում է Ստեփան Թորոյանը։
Մինչեւ հիմա «Մենքը» շուրջ 500 սան է ունեցել: Հիմա ունեն 10 հոգանոց մեծ, 18 հոգանոց հիմնական, 17 հոգանոց փոքրիկների եւ 13 հոգանոց նորեկների խմբեր, որոնց անդամները սովորում են հայ ազգային ավանդական պարերը, մասնակցում տարբեր նախագծերի եւ միջոցառումների իրականցմանը։ Ուսումնասիրում են նաեւ ազգային երգը։
«Մենք մշտապես իրականացրել ենք պարուսուցման նման սոցիալական ծրագրեր: Ընթացքում սկսել էինք նաեւ պարերի գրառման նախագիծ»,- ասում է «Մենք»-ի նախագծերի համակարգող Աշխեն Օհանջանյանը:
Աշխեն Օհանջանյանը
«Մենք»-ի հիմնական աշխատող կենսական օղակը պարի խումբն է: Սիրողական խմբերից բացի, ձեւավորելու են նաեւ առողջարարական եւ ռազմամարզական խմբեր:
«Ռազմամարզականը նախատեսված է լինելու տղամարդկանց համար: Այստեղ չենք ուսուցանելու միայն պար. լինելու են նաեւ ֆիզիկական մարզումներ եւ թեմատիկ զրույցներ, որոնց ընթացքում ծանոթացնելու ենք մեր պարային մշակույթին»,- պարզաբանում է Օհանջանյանը:
«Նստակյաց աշխատանքից հետո հատկապես կարող են գալ, պարել, թեթեւանալ, մարզվել եւ ունենալ ակտիվ հանգիստ»,- ասում է Թորոյանը:
Աշխենի խոսքով՝ ռազմապարերը նախկինում միշտ պարել են մարտերից առաջ: Առողջարարական խումբ մինչեւ «Մենք»-ի ԿՄՀԿ դառնալն արդեն ունեցել են: Սա էլ հատուկ կանանց համար ձեւավորված խումբ էր:
«Հիմա նորից հավաքում ենք առողջարարարական խումբ, որն այն կանանց համար է, ովքեր չեն աշխատում, նստակյաց կյանք են վարում, տնային տնտեսուհիներ են: Այստեղ նրանք կարող են բավարարել իրենց ֆիզիկական ակտիվության պահանջը պարի միջոցով»,- բացատրում է Աշխեն Օհանջանյանը:
«Ինքնութեան պայքար» խորագրով համերգին
Պարի խումբն ամեն տարի ունենում է երկու համերգ: Մեկը փոքրիկների հաշվետու համերգն է, մյուսը՝ հիմնական խմբի մեծ համերգը, որը տեղի է ունենում նոյեմբերին: Իրականացնում են նաեւ պարերի գրառում:
«Առաջին քայլով դեռ գնացել ենք մի համայնք, որտեղ գրառել ենք մոտ 15 պար մի տատիկից, ով խորհրդային տարիներին պարել է ազգային պարի խմբում: Մեզ հետ տանում ենք նաեւ մեր երաժիշտներին, որ տեղում իրենք պատկերացնեն պարեղանակը, ինչը պարը գրառելուց հետո վերականգնում եւ ձայնագրում ենք: Հետագայում նպատակ ունենք նաեւ այդ պարերի համար ուսուցողական հոլովակներ նկարահանել, իսկ հանրահռչակումը կիրականացնենք մեր համերգների եւ պարուսուցումների միջոցով»,- ասում է նախագծերի համակարգողը:
«Մենք»-ի առանցքային նախագծերից է նաեւ «ՃամբարուՄենքը»: Սա մշակութային միջավայրով ճամբար է, որի մեկնարկը տրվել է 2023 թ.-ի ամռանը:
««Արվեստ» ճամբար է, այսինքն՝ արվեստի շատ բաղադրիչներ ունի՝ ազգային պար, երգ, ասեղնագործություն, արտ թերապիա»,- ասում է Թորոյանը։
Առաջիկայում պատրաստվում են մասնակցել Դուբայում կայանալիք ազգային, էթնիկ պարերի միջազգային փառատոնին։ Նպատակ ունեն ապագայում միջազգային եւ ներքին մանկական փառատոններ կազմակերպել նաեւ Հայաստանում։
«Ներքին փառատոնի օրինակ ունեցել ենք, որ կազմակերպվել էր Գյումրիում եւ կոչվում էր «Պարն ու մանուկը»։ Հաջորդ տարի փորձելու ենք այդ նախագիծը նորից կյանքի կոչել, որպեսզի երեխաները միմյանց հետ մրցելու ասպարեզ ունենան»,- ասում է Ստեփան Թորոյանը:
Երջանիկ Հարությունյան
Լուսանկարները՝ «Մենք»-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: