Շագանակագույն աչքերն արտացոլում են ներքին լարվածությունը, բայց ինչեր չեն տեսել 19-ամյա աղջկա այս շագանակագույն աչքերը։ Մի պահ հանգստություն գտան աչքերը, ապա Նանան, հավաքելով մտքերը, սկսեց պատմել իր կյանքի 9-ամսյա պատմությունը, որը մեկ բառով ինքն անվանում է «երազ», իսկ խոսքն Արցախի շրջափակման մասին է, որին հաջորդեց բռնի տեղահանումը։
«Օրեցօր դժվարանում էր ամեն ինչ. վառելիքը սպառվեց, հոսանքը ժամով էին տալիս, դե, իսկ սնունդը երկար չբավարարեց։ Այդ օրերին ինձ ուժ էին տալիս ընտանիքս ու իմ մեծ նպատակը՝ համալսարան ընդունվել։ Ամեն օր գրեթե նույնն էր՝ աշխատանք, դաս, պարապմունքներ մինչ առավոտյան ժամը 5:00-ը, երկար ճանապարհ, որն անվերջ էր թվում։ Փորձում էինք մյուսների պես սնունդ հայթայթելով, ստեղծելով ապրել։ Անորոշություն էր, բայց բոլորս մեծ հավատ ունեինք, որ ամեն ինչ շուտով կավարտվի եւ կհարթվի, առաջվա պես կապրենք։ Ներկայի հետ համեմատելով՝ այդ ամենն ասես պայծառ ու անհոգ օրերի մասին հուշեր լինեն»:
Կյանքում ամենադժվարը կորցրածիդ հետ հաշտվելն է, բայց ավելի դժվար է, երբ կորցրածդ անգին է, եւ ամենաբարդը՝ նորից չես կարող նույնից ստեղծել։
«2020-ին, երբ վերադարձանք Արցախ, մայրիկիս հետ սկսեցինք մատնահարդարմամբ զբաղվել։ Նաեւ նկարում էի, ապա մայրիկիցս նվեր ստացա լուսանկարչական ապարատ եւ սկսեցի լուսանկարչությամբ էլ զբաղվել։ Կամաց-կամաց ուշքի եկանք պատերազմից, կորստից եւ բացեցինք մեր մատնահարդարման սրահը։ Այն Մարտակերտում մեր փոքրիկ անկյունն էր, որտեղ մոռանում էինք բոլոր խնդիրները։ Երբեմն մտքերը, որ այն վայրը, որտեղ անցել է մանկությունս, որտեղ ծնվել են նպատակներս, երազել եմ, ու որտեղ եղբորս հետ էի, այլեւս իմը չէ, խելագարության են հասցնում»։
Այժմ Նանան ընտանիքի հետ բնակվում է Երեւանում: Նա սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Ընտանիքին օգնելու համար զուգահեռ շարունակում է աշխատել որպես մատնահարդար եւ լուսանկարիչ։
«Աշխատանքս, ուսումս կապված են գույների հետ, բայց այդ գույներն էլ առաջվա պես փայլուն չեն, եւ, կարծես, ամեն ինչ աստիճանաբար անգույն է դառնում»։
Արցախին սիրահարված՝ ապրում էր Արցախով։ Ասում է՝ անկյուն չկար Արցախում, որ չնկարեր, այնքան սիրուն էր ամեն ինչ, որ չնկարել չէր կարողանում։ Պատմում ու նկարում էր, նկարում էր այժմյան երազանքը։
«Շաբաթը 2-3 անգամ անցնում էի «Տատիկ-պապիկի» կողքով, ինչքան էլ վատ եղանակ լիներ, մեկ է՝ գունավոր էին, ջերմ էին ու մերը։ Այժմ նկարում եմ, բայց նկարիս պես սեւով են պատվել, ողբում են ու մեզ են կանչում։ Մի օր, երբ վերադառնանք Արցախ, նկարներս, «Տատիկ ու պապիկս» էլի գույներ կստանան, կփայլեն»։
Մերի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Նանայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: