Միջանցքի վերջում վառվող կարմիր լույս, երաժշտություն եւ հազիվ նշմարվող դեմքեր. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն այսպես էր դիմավորում «Շան սիրտը» ներկայացման հյուրերին: Միխայիլ Բուլգակովի՝ Խորհրդային Միությունում երկար ժամանակ արգելված վեպը ներկայացման է վերածել Տաթեւիկ Մելքոնյանը:
Ինտրիգը պահում են նաեւ բեմում՝ դահլիճում սպասվածից երկար է տեւում համատարած մթությունը, մինչեւ տեղի է ունենում գլխավոր կերպարներից մեկի՝ շան (դերում՝ Նարեկ Բաղդասարյան) հետ ծանոթությունը: Նա հայտնվում է ցրտին՝ ցավից կաղկանձելով ու տաք ջրից խաշված կողով: Անցորդները նրան Շարիկ, այսինքն՝ գնդլիկ են անվանում, մինչդեռ, իր իսկ խոսքով, ընդամենը լողլող, փրչոտ շուն է, որի բախտը, սակայն, մի անգամ բերում է. անցորդներից մեկը երշիկ է հյուրասիրում եւ իր տուն տանում: «Այս ո՞ւր ինձ հասցրեց իմ շան բախտը»,- մտածում է Շարիկն ու չի էլ պատկերացնում, թե գլխին ինչ փորձանքներ են գալու։
Նրան փորձարկումների համար իր բնակարան էր տարել համաշխարհային մեծության պրոֆեսոր Ֆիլիպ Պրեոբրոժենսկին (Արամ Կարախանյան), որը Շարիկի կարծիքով՝ իր «շնային հեքիաթն» իրականացնողն է: Մինչդեռ պրոֆեսորի նպատակը բժիշկ Իվան Բորմենտալի (Հայկ Պետրոսյան) հետ Եվրոպայում առաջին փոխպատվաստման վիրահատությունն անելն է, որի արդյունքում կկարողանա երիտասարդացման աննախադեպ արդյունքի հասնել։ Բայց վիրահատությունը հակառակ ազդեցությունն է ունենում՝ 25-ամյա հարբեցող երիտասարդի օրգանները Շարիկին սարսափելի մարդու են վերածում։
Լաբորատորային այդ նոր արարածը սկսում է խոսել՝ տիրապետելով բոլոր հնարավոր հայհոյանքներին, ծխում, մեծ, կարմիր փողկապ կրում ու իր համար ընտրում Պոլիգրաֆ Շարիկով անունը: Նա անգամ դառնում է քաղաքի թափառական կենդանիների մաքրման բաժնի վարիչ ու որոշում ամուսնանալ մեքենագրուհու հետ:
Վիրահատության արդյունքում բոլորի կյանքում չնախատեսված փոփոխություններ են սկսվում, իսկ թե ինչպես են հերոսները գտնում ելքն ու ռեժիսորն ինչ լուծումներ է տվել բուլգակովյան մտահղացմանը, կիմանաք ներկայացումը դիտելուց հետո:
Իսկ մինչ այդ BRAVO.am-ը ներկայացման ստեղծման մասին խոսել է Տաթեւիկ Մելքոնյանի եւ դերասանների հետ։
Նարեկ Բաղդասարյանի կարծիքով` «Շան սիրտը» համաշխարհային գրականության ինքնատիպ գործերից է ու կարեւոր ուղերձներ ունի. «Ամենակարեւորն ինձ համար այն է, որ ընդհանրապես չի կարելի խառնվել բնության եւ Աստծո գործերին։ Միջամտելու արդյունքում, ինչպես եւ մեր ներկայացման մեջ է, խառնաշփոթ է առաջանում։ Հենց որ տիեզերքին դեմ ես գնում, ամեն ինչ խախտվում է»։
Բաղդասարյանին դուր են գալիս մետամորֆոզի ենթարկվող դերերը, ինչպես Շարիկ-Շարիկովինը, որոնք գրավիչ են լինում հանդիսատեսի համար։ Խոստովանում է՝ նոր ռեժիսորի ու խաղընկերոջ հետ աշխատելը հետաքրքիր էր եւ օգնել է իրեն ուժերը նորովի փորձել։
Իսկ մինչ մենք զրուցում ենք դերասանի հետ, նրան մոտենում եւ շնորհավորում են գործընկերները: Տաթեւ Ղազարյանը հետեւյալն է նշում. «Ես պետք է այս հրապարակման մեջ լինեմ ու ասեմ, թե որքան հանճարեղ դերասան է Նարեկը», ապա նրա մայրիկը՝ Արեւ Սանթրոսյանն է միանում մեզ. «Ջերմ շնորհավորանքներս, իմ տղա ու ճանապարհի ընկեր, ապրես, ճակատդ պաչելու է»։
Արամ Կարախանյանը երիտասարդ տարիքում արդեն խաղացել է «Շան սիրտը» ներկայացման մեջ, բայց այլ դերում։ Պատմում է՝ վախով է մարմնավորել պրոֆեսորին ու առաջիկա 10 ներկայացման ժամանակ էլ վախի զգացումը դեռ չի լքի իրեն. «Ժամանակ է պետք, որ ինձ վստահ զգամ, քանի որ ռուսախոս եմ, հայերենով խաղալը բարդ է: Թեեւ Համազգային թատրոնում նորեկ եմ, բայց հենց սկզբից չափազանց հարմարավետ եմ ինձ զգացել, դրանում նաեւ փայլուն դերասանական կազմն է օգնել»։
Կարախանյանը պաշտպանում է իր կերպարին ու համարում, որ նման մի քիչ խելագար մարդանց շնորհիվ են աշխարհում հայտնագործություններ լինում. «Միայն այդպես է հնարավոր նոր բան ստեղծել։ Պրոֆեսորի պես մարդիկ են կյանքի շարժիչ ուժը, իհարկե, զոհեր էլ են լինում, ինչպես մեր պարագայում էր»։
Տաթեւիկ Մելքոնյանի խոսքով՝ Համազգայինի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է առաջարկել բեմադրել «Շան սիրտը», սկզբում մի քիչ մտավախություն է ունեցել, քանի որ Բուլգակովին բեմադրելու առումով մի քիչ վտանգավոր է համարում, թեեւ նրա գործերը շատ է սիրում։
«Վարպետս միշտ ասում է, որ հեղինակի հետ պիտի «դու»-ով լինես, ոչ՝ ավելին։ Աշխատելու ընթացքում փորձեցի մի քանի բան փոխել, բայց հասկացա, որ Բուլգակովն ինձ թույլ չի տալիս. երկխոսության մեջ էի նրա հետ, հետո՝ դերասանների ու ապա՝ ինքնս ինձ հետ։ Թեեւ նախկինում էլ տարբեր թատրոններում բեմադրություններ անելու փորձ ունեցել եմ, բայց միեւնույն է՝ ամեն անգամ նոր փորձություն է ինձ համար։ Միշտ պատրաստ եմ լինում, որ հաջողություն չեմ ունենա, բայց ընթացքում զգում եմ՝ կարծես այս անգամ էլ կստացվի»,- ընդգծում է նա։
Մելքոնյանն անկեղծանում է՝ Արամ Կարախանյանին պետք է երկար համոզել, որ համաձայնի խաղալ, առավել եւս՝ հայերեն տեքստի դեպքում։ Նրան այլընտրանք չի թողել ու գրեթե ստիպողաբար է ընդգրկել դերասանական կազմում. «Ասացի՝ ելք չունի, պետք է գա»։
Ապա անդրադառնում ենք ներկայացման ասելիքին, թե այս գործով ռեժիսորն ինչ է ցանկացել փոխանցել հանդիսատեսին. «Նպատակս էր ցույց տալ զոհի, որի հետ փորձարկումներ անելու արդյունքում անսպասելի ու բացասական հետեւանքներ են լինում: Մեր դեպքում բոլորն էին հայտնվել վատ վիճակում՝ շունը, պրոֆեսորը, բժիշկը։ Մարդը նաեւ սխալվելու իրավունք ունի, բայց ինձ համար առաջնային է, թե ինչպես է դրանից հետո իր վրա վերցնում պատասխանատվությունը»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: