×


«Փողոցներում քայլելով լաց եմ եղել. օտար էր»․ Սարգիս Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում կյանքի, ծնողների եւ առաջին կնոջից դստեր մասին

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին ու անկեղծ խոսել ԱՄՆ տեղափոխվելու, դժվարությունները հաղթահարելու, ընտանիքի, կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ ամուր կապվածության, առաջին ամուսնությունից ծնված դստեր՝ Նարեի հետ հարաբերությունների, մանկության դժվարին շրջանի եւ այլ թեմաների մասին։

Կարոտն ու հիասթափությունը

Հայրենիքում նաեւ մարդիկ են, որոնք քեզ հոգեհարազատ են դարձնում այդ հող ու ջրի հետ։ Կարոտը կա, որովհետեւ այնտեղ մարդիկ եմ թողել, այնտեղ մամայի ու պապայի գերեզմաններն են, իմ հիշողություններն են, բայց շատերն էլ արդեն չկան որպես հիշողություն, որովհետեւ հիասթափությունը միայն քաղաքական ֆոնին չէր վերաբերում, այլ նաեւ որոշ մարդկանց, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել։

«Տեղափոխվելը ծայրահեղ քայլ էր»

Հայաստանում ամեն օր մի սենսացիա, մի սթրես լինում էր, անհնար էր ուղղակի այդքանը տանել։ Այդ էներգետիկան ինձ ներսից ու դրսից կործանում էր որպես մարդ։ Չէի կարողանում հաշտվել, ո՛չ կարողանում էի մտածել, ո՛չ ստեղծագործել, շատ էի չարացել, բամբասկոտ էի դարձել ահավոր։ Այդ ամենը, բնականաբար, նաեւ առողջությանդ է վնաս տալիս։ Շատ դժվար էր ինձ համար. կարող էի ընտանիք էլ կորցնել, որովհետեւ արդեն Մանոյի վրա շատ էի ջղայնանում, շատ էի նյարդային։ Այդպիսի տեսակը հաստատ դատապարտված է, ու ես չէի ուզում, որ այդպես լիներ։ Ու տեղափոխվելը, երեւի, ծայրահեղ քայլ էր, որովհետեւ երբեք չեմ ուզել Հայաստանից գնալ։

«Մանոն մի օր ասաց՝ «Լավ, դե, ուշքի արի...»»

Շատ դժվար էր այստեղ այն 4-5 ամիսը, երբ դեպրեսիայի մեջ էի։ Եղել են դեպքեր, որ ուղղակի փողոցներում քայլելով լաց եմ եղել. ամեն ինչ օտար էր ինձ համար։ Շատ էինք խոսում Մանոյի հետ։ Հետո հայտնվեցին ընկերներ, որոնք ինձ շատ օգնեցին, շրջապատ ստեղծվեց, հետո էլ, բնականաբար, տաշած քարը գետնին չի մնում, գլուխ չգովեմ (ժպտում է,- հեղ․), սկսեցի գնալ, դռներ թակել. չամաչեցի մարդկանց դիմել։ Իմ ընտանիքն ինձ թեւեր տվեց, ինչպես միշտ է տալիս։ Մանոն մի օր ասաց՝ «Լավ, դե, ուշքի արի...»։ Հազար ձեւի գործ եմ անում։ Երեւի նրանից է, որ ե՛ւ տասը դոլարին չէ չեմ ասում, ե՛ւ հազար դոլարին։ Այսինքն՝ գնահատում եմ յուրաքանչյուր գործ, որն ինձ գումար է բերում։

Մանկության դժվարին շրջանի ու ծնողների մասին

Մեր մեծ խնդիրները գալիս են մանկությունից եւ հետք են թողնում մեզ վրա: Փոքր Սարգիսը շատ խնդիրներ ուներ. դե, շատ դժվար էինք ապրում, պապան ու մաման սիրելով չեն ամուսնացել, տանն անընդհատ վեճեր են եղել։ Մաման ուզում էր, որ լավ լինի մեզ համար, պապան անընդհատ չէր հասցնում։ Շատ տեղերում անարդար էին վարվում ծնողներիս հետ աղքատ լինելու պատճառով, ու դա ինձ շատ ուժ էր տալիս հետագայի համար։

Մանոյի հետ ամուր կապի ու սիրո մասին

Ինքն իմ ընկերն է եղել։ Մարդիկ չգիտեն էլ՝ ես մի անգամ էլ նշանված եմ եղել մինչեւ ամուսնանալ-բաժանվելը։ Մանոն այդ ընթացքում ինձ ընկեր է եղել։ Թատերական ինստիտուտի տարիներին էր։ Երբ ամուսնացա, Մանոն չկար, որովհետեւ խանդի թեմաներ կարող էին լինել. միշտ ինձ կոռեկտ եմ պահել ընտանիքի հարցում։ Երբ բաժանվեցի, ինքն ինձ հետ բերեց ծայրահեղ բարդ հոգեվիճակից։ Գիտես, Աստված միշտ իրեն պահել է ինձ մոտ։

Ավագ դստեր մասին

Երբ բաժանվեցինք, դուստրս՝ Նարեն, 20 օրական էր։ 4-5 տարի չենք շփվել, պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց հետո էլի շփվեցինք, ու հետո նորից կապը կտրվեց։ Անընդհատ ինչ-որ խնդիր էր լինում։ Վերջում հասկացա, որ պետք է մի քիչ սպասել։ Ու մեր շփումը դարձավ ամուր իմ՝ ԱՄՆ գալուց մեկ օր առաջ։ Ի դեպ, շնորհակալ եմ Նարեի քեռուն՝ Տիգրանին, որը շատ մեծ դեր է ունեցել մեր շփման ու կապի վերականգնման հարցում։ Մենք մոտավորապես երկու-երեք ժամ շփվեցինք իրար հետ, խոսեցինք, ու սառույցը կոտրվեց:

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW