×


Գոհար Մնացականյանը

Սեւանի «Բոհեմը» եւ դրա «բնակիչները»

- Սայաթ-Նովա - Խանջյան խաչմերուկում եմ, «Բոհեմ» ինչպե՞ս հասնեմ։

- Նախ պետք է նստեք Սեւան եկող ավտոբուս, հետո հասնեք Սայաթ-Նովա փողոց ու գաք «Բոհեմ» արվեստանոց-թեյարան։

Գոհար Մնացականյանն ամեն օր նույն համբերությամբ պատասխանում է զանգերին ու ասում, որ իր «Բոհեմը» Սեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում է։

Սեւան այցելուներ տանելը ստեղծման հիմքում է եղել։ «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկատիրություն է. «Մեր իմացած նույն բիզնեսն է, բայց նաեւ լուծում է սոցիալական որեւէ խնդիր»,- բացատրում է Գոհարը։

Սեւանի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը


«Բոհեմի» նպատակը Սեւանում մշակութային միջավայր ստեղծելն է, ստեղծագործողների համար ինքնաարտահայտման եւ ինքնաիրացման հարթակ դառնալը։

Գոհար Մնացականյանը Սեւանում է ծնվել, հետո տեղափոխվել է Երեւան, սովորել Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում:

«Պետք է ասպիրանտուրա գնայի, բայց փոշմանեցի ու որոշեցի վերադառնալ Սեւան։ Բոլորն ասում էին՝ էնտեղ անելու բան չկա, շուտ հետ կգաս։ Մեծ հաշվով ճիշտ էին, բայց ես էլ էի ճիշտ, որ համառեցի։ Քո միջավայրը դու ես ստեղծում։ Գերադասեցի իմ միջավայրը Սեւանում ստեղծել ու ստեղծեցի»,- ասում է նա։

Գոհարը ««Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության անդամ է։ Մինչեւ «Բոհեմն» էլ մշակութային միջոցառումներ, ծրագրեր էին իրականացնում. «Միջավայրում փոփոխություններ անելու համար սոցիալական ձեռնարկատիրությունը լավ գործիք է։ Սեւան վերադառնալուց ի վեր երազում էի արվեստագետների համար բաց հարթակ ստեղծել, որտեղ կկարողանայինք իրար հետ շփվել, հանդիպել, ստեղծագործել։ Առանց այն էլ երեկոները հանդիպում էինք, նվագում, երգում, նկարում, որոշեցինք մեր դռները բացել նաեւ մյուսների համար»։

«Բոհեմը»՝ ներսից


«Բոհեմը» գործունեությունը սկսել է 2017 թվականի հուլիսից։ Արվեստանոց-թեյարանն իր շահույթի մի մասն ուղղում է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը, օրինակ՝ հոգում է Սեւանի երաժշտական փառատոնի ծախսերի մի մասը։


Թեյարանում կան երաժշտական գործիքներ, նկարելու անկյուն, վաճառքի են ներկայացված կտավներ, խեցեղեն եւ զարդեր։ Անցած տարի 28 երաժշտական միջոցառում են անցկացրել. համերգներ, նկարելու օրեր, վարպետաց դասեր, հանդիպում-քննարկումներ եւ այլն։

«Կարծրատիպ կար, որ Սեւանում բիզնեսները սեզոնային կարող են աշխատել։ Առաջին տարին վնաս կրեցինք, բայց քանի որ մեր գաղափարն այլ էր, չփակվեցինք, հիմա արդեն կարողանում ենք նաեւ ձմռանը եկամուտ ստանալ։ Կարծրատիպային էր աղջիկների սրճարան գալը, ինչը եւս հաղթահարեցինք: Սկզբում չէինք կարողանում մատուցողուհիներ գտնել, հիմա նորմալիզացվել է աղջիկների մատուցող աշխատելը»,- ասում է թեյարանի հիմնադիրը։


Թեյարանի առաստաղը գոտիավորված է. մի հատվածում անվանի գրողներ են, մյուսում՝ նկարիչներ, երաժիշտներ, կինոգործիչներ եւ այլք. «Ուզում էի, որ սուրճի պատրաստմանը սպասելիս հաճախորդները նայեն, մտածեն, մշակութային մի բան տանեն իրենց հետ»։

«Բոհեմը» Երեւան բերելու կամ տարածքն ընդլայնելու մտադրություն Գոհարը չունի։ Ասում է՝ ինչի համար ստեղծել էին, իրեն արդարացրեց։ Հիմա թափոնների վերամշակմամբ է հետաքրքրվում եւ առաջիկա պլանները կապում դրա հետ. դարձյալ հիմքում սոցիալական խնդրի լուծումն է։

Տեքստը՝ Ժաննա Բեքիրյանի
Լուսանկարները՝ Գոհար Մնացականյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW