×


«Կուզեմ՝ իմ երաժշտությունը դեպի լավն ուղղորդի»․ Գոռ Սուջյան

Երգիչ, երգահան Գոռ Սուջյանը հաճախ է համերգներ տալիս Հայաստանում, իսկ անցած տարին նրա համար ճամփորդական էր. գարնանը եւ ամռանը հանդես եկավ եվրոպական մի շարք քաղաքներում. Փարիզում նախատեսված մեկ համերգին հաջորդեցին եւս մի քանիսը, տարվա վերջում էլ ելույթ ունեցավ Լոս Անջելեսում: Նա մեզ պատմել է իր գործունեության, ոճի, ընտանիք կազմելուց հետո փոխված կյանքի եւ որդու մասին, նաեւ ասել, թե ինչու հաճախ հարցազրույց չի տալիս։

- Ինչպե՞ս ստացվեց, որ ավելացրիք Եվրոպայում համերգների քանակը:

- Ֆրանսիայում մի շարք համերգներ ունեցա «Si’Note Production»-ի հրավերով: Փարիզում ելույթներիս պաստառները տեսնելով՝ առաջարկներ եղան նաեւ Բելգիայից եւ Շվեյցարիայից։ Առաջին անգամ էի Եվրոպայում նման մեծ համերգային շրջագայություն ունենում։

- Արտերկրում շատ եք հանդես եկել, կա՞ որեւէ տարբերություն ունկնդիրների միջեւ։

- Մեծ տարբերություն չկա, բայց արտերկրում ավելի կարոտած են: Համերգին մասնակցելով՝ կարծես կարոտն առնեն։ Սփյուռքի հայերը Երեւանում էլ հաճախ գալիս են մեր համերգներին:


- Հիմա, կարծես, արտիստների համար սահմաններն ավելի բաց են, նաեւ ինտերնետային հարթակների միջոցով կարողանում եք լսարանն ընդլայնել:

- Սփյուռքից բացի, այլազգի հանդիսատեսին իմ արվեստը ներկայացնելու նախագծեր ունենք եւ այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք:  

- Արդյո՞ք որոշ չափով դրան է ուղղված Ձեր՝ այլ լեզուներով հաճախ երգելը։

- Դե, ես ի սկզբանե եմ երգում տարբեր լեզուներով, նույնիսկ երբ փոքր էի, գերակշռում էին անգլերեն երգերը։ Իսկ հիմա «Project LA»-ի շրջանակում գերակշռում են հայերեն ստեղծագործությունները։

- Ձեզ հաճախ ներկայացնում են որպես ռոք երգիչ, բայց Ձեր երգերը բազմազան են։ Ձեր ոճն ինչպե՞ս կբնութագրեք։

- Ոճերով կարծես խմբավորեն երգերը, ինչպես մարդկանց են աստղակերպի նշաններով խմբավորում։ Բայց ինձ համար յուրաքանչյուրն անհատականություն է, դրա համար երաժշտությանն էլ ոճերով չեմ վերաբերվում։ Գուցե ունկնդրին պետք են այդ ոճերը, որպեսզի կարողանան իրենց համար «փլեյլիստ» կազմել։ Ինձ երբեք ռոք երգիչ չեմ համարել. այն, ինչ անում էի «Դորիանս»-ում, չէի ասի՝ դասական ռոք էր, կային ռոքային տարրեր։ Ընդհանրապես սիրում եմ երաժշտությունն՝ անկախ ոճերից։

- Մի շարք գործիքներ եք նվագում, բայց երաժշտական կրթություն չունեք։ Արդյո՞ք ցանկանում եք այդ բացը լրացնել։

- Ուզում եմ, բայց առայժմ չի ստացվում։ Գալիս է ժամանակ, որ ինքնուս լինելը բավարար չէ։

- Իսկ Ձեր մտքում ո՞ր գործիքն է։

-Երեւի դաշնամուրը, դրա հետ մեկտեղ սոլֆեջո կսովորեմ։

- Ստեղծագործելու համար դաշնամուրն ավելի հարմար է։

- Այո, ավելի հարմար է, բայց ես սկսել եմ հարվածային գործիքներից եւ շատ եմ սիրում։


- Իսկ ո՞ւր կդիմեիք, Կոնսերվատորիա՞։

- Կարծում եմ՝ կընտրեմ անհատական պարապմունքներ։

- Երկար շրջագայության ժամանակ ի՞նչն եք կարոտում Հայաստանում, Երեւանում կամ Ձեր տանը։

- Հայաստանն իմ տունն է եւ երբեք լքելու մտադրություն չեմ ունեցել։ Արտերկրում գտնվելիս էլ հայերով շրջապատված եմ լինում։

- Փարիզ ընտանիքով էիք մեկնել, ի՞նչ հասցրիք անել։

- Տեսարժան վայրեր այցելեցինք. ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Միշտ նոր բացահայտումներ կարելի է անել:

- Ինչպիսի՞ վայրեր եք նախընտրում այցելել։

- Երեւի, ավելի պատմական տեղեր գնալն է հետաքրքիր եւ հատկապես՝ բնություն եմ սիրում։

- Իսկ Ձեր տղային ի՞նչը դուր եկավ։

- Փարիզի Դիսնեյլենդը։


- Ի՞նչ նախասիրություններ ունի Ձեր տղան, պատրաստվո՞ւմ է երգել։

- Երգել՝ չգիտեմ, բայց դաշնամուր է նվագում, իրեն այս շրջագայությունները շատ հետաքրքիր են: Երբ մենք 9 տարեկան էինք, այսքան բան չէինք տեսնում։

- Պատկերացնո՞ւմ եք իրեն որպես երաժիշտ։

- Ուզում եմ իրեն ազատ թողնել: Օրինակ, սպորտ է շատ սիրում։ Միանշանակ երաժշտական տաղանդ ունի, բայց սերը դեպի սպորտն ավելի եմ զգացել. ֆուտբոլի երկրպագու է, Մեսսիին է սիրում։ Գնում է մարմնամարզության դասերի:

- Թեեւ ակտիվ եք ոլորտում, այլ արտիստների համեմատ մի տեսակ խաղաղ եք, շատ աչքի ընկնել չեք ձգտում, եթե, իհարկե, ճիշտ եմ նկատել:

- Այո, երեւի բնավորությունից է. ամեն ինչ չեմ սիրում հանրայնացնել։ Սոցցանցերում գուցե գերակտիվ չեմ, բայց ներկայացնում եմ այն, ինչն իմ կարծիքով հետաքրքիր կլինի։

- Կյանքում էլ կարծես չեք սիրում մեծ խնջույքներ, հավաքներ։

- Ժամանակին երեւի հավեսս հանել եմ (ժպտում է,- հեղ.)։ 15-16 տարի առաջ, երբ, այսպես ասած, ռոքեր էի, ավելի ճիշտ՝ ռոք խմբում էի հանդես գալիս, ավելի ակտիվ էի, խմել էի սիրում եւ այլն, բայց հիմա՝ չէ. ընտանիք կազմելուց հետո փոխվեց:

- Իսկ ո՞րն է ոճային փոփոխությունների պատճառը:

- Մեծ փոփոխություններ չեմ արել. կախված է պահից։ Ինքս իմ անձի վրա չեմ կենտրոնանում: Կենտրոնանում եմ կյանքի, երաժշտության վրա, բայց ոչ՝ հատուկ ինձ վրա։

- Դրանի՞ց է, որ հարցազրույցներ շատ չեք տալիս։

- Չեմ տալիս, որովհետեւ ամեն ինչ շատ է քաղաքականացվում։ Երաժշտությունն էլ է քաղաքականություն, բայց մարդկանց դեպի լավը տանող։ Իհարկե, լավ երաժշտության մասին է խոսքը, համենայն դեպս, ես կուզեմ, որ իմ երաժշտությունը նպաստի եւ դեպի լավն ուղղորդի։

- Իսկ Դուք ո՞ւմ երաժշտությունն եք լսում։

- Պատմեմ մեկի մասին, որի համերգին ներկա գտնվելու պատիվ եմ ունեցել անցած տարի. Սթիվի Ուանդերն է, որի երկրպագուն եմ փոքրուց, բայց, իհարկե, չեմ կարող միայն իրեն առանձնացնել. շատ-շատ են։


- Զրույցի ընթացքում ասացիք, որ վերջին տարիներին Հայաստանում ուրախանլու շատ առիթներ չկան։

- Այդպես է, եւ պետք է մտածել մեր երկիրն այս ճահճից դուրս հանելու մասին, ինչն ամեն մեկիցս է կախված՝ թե՛ սփյուռքահայերից, թե՛ հայաստանաբնակներից։

- Քանի որ հարցազրույցը որոշ չափով «ճամփորդական» էր, Հայաստան ի՞նչ եք բերել, ի՞նչ հավանեցիք Եվրոպայում:

- Դժվարանում եմ որեւէ բան առանձնացնել։ Մրգերն ու բանջարեղենը՝ միայն Հայաստանինը, իսկ, օրինակ, Շվեյցարիայից՝ շոկոլադները. քաղցրակեր եմ։

- Իսկ Հայաստանից ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ։

- Հայաստանի ջուրն անգերազանցելի է, ճիշտ չէ, որ ասում են՝ Շվեյցարիայինն ամենալավ ջուրն է։

- Ի՞նչ կուզեիք ավելացնել։

- Երեւանում արդեն հասկացել էի, բայց Սփյուռքում ավելի լավ հասկացա, որ մենք հայ բառի կողքին միշտ մի բան ավելացնում ենք՝ սփյուռքահայ, արցախահայ եւ այլն, ինչը դրական ազդեցություն չի ունենում մեզ վրա, բաժանում է, եւ գուցե հենց միասնության պակասից են առաջանում մեր խնդիրները։ Միաբանությունը պետք է լինի, կենացներից պետք է անցնենք գործերի։

Զրույցը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Հերմինե Գինոսյանի եւ Գոռ Սուջյանի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW