×


Նարինե Դովլաթյանի նոր երգը, ամուսնու՝ Հայկ Ամիրյանի՝ 14 տարեկանում իրեն գրած նամակն ու դստեր առաջին բառերը

Երգչուհի Նարինե Դովլաթյանը նոր երգ է թողարկել՝ Վահան Տերյանի բառերով։ Ու Տերյանին պատահական չի ընտրել։ Բացի այն, որ իր սիրելի պոետն է, մեկ ընդհանրություն էլ ունեն. երկուսն էլ ծնվել են հունվարին։ BRAVO.am-ի հետ զրույցում Նարինեն խոստովանել է, որ այս երգն իր համար նոր փորձառություն է:

- Ինչպիսի՞ն էր նոր աշխատանքի ստեղծման ընթացքը:

- Սովորաբար, ստեղծագործելիս գրում եմ երաժշտությունը, հետո բառերը: Իսկ ավելի հաճախ ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ բառերը միասին են ծնվում: Մայրս էր միշտ ասում՝ այնքան գեղեցիկ ստեղծագործություններ ունեն հայ բանաստեղծները, մեկը վերցնեմ եւ երաժշտություն գրեմ: Ես էլ միշտ պատասխանում էի՝ չէ՜, այդպես չի լինի. առաջինը երաժշտությունը պետք է գրեմ, բայց ստացվեց։

Տերյանն ու Սեւակն իմ գրողներն են ու պարբերաբար նրանց կարդում եմ։ Մի օր էլ սկսեցի թերթել Տերյանի ժողովածուն ու հասա իմ ամենասիրելի գործերից մեկին՝ «Երբ կյանքը սուր փշերով»։ Գիրքը դրեցի դաշնամուրի մոտ, սկսեցի նվագել եւ կարդալով երգել: Բանաստեղծությունը միանգամից ոգեշնչեց, ու երաժշտությունը միանգամից եկավ: Վերջերս էլ նկատեցի ու շատ ուրախացա, որ ընդհանուր բան ունեմ երկուսի հետ էլ՝ ես, Տերյանն ու Սեւակը ծնվել ենք հունվարին (ժպտում է,-խմբ.):



- Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիր, որ ալբոմ ես թողարկելու, բայց տեւական ժամանակ է անցել, նորություն դեռ չկա։

- Պատճառը բալիկս է: Հասկացա, որ մամա լինելն աշխարհում ամենադժվար, բայց միեւնույն ժամանակ ամենահրաշք կոչումներից է: Աննկարագրելի զգացողություն է ու ոչ մի բանի հետ չի համեմատվի։ Սակայն ինչքան էլ դժվար է, այս ընթացքում աշխատել եմ, երկու ամսից կթողարկվի ալբոմս, ու միանգամից շատ երգեր կլսի իմ ունկնդիրը: Հույս ունեմ՝ այն, ինչ արել եմ այս ընթացքում, նրանց դուր կգա:

- Երգչուհիները մայրանալուց հետո երգ են նվիրում իրենց բալիկին: Սա, ասես, չգրված օրենք լինի, որը խախտեցիր. առաջին երգդ չեղավ օրորոցային:

- Հենց օրորոցային չէ, բայց նոր ալբոմումս «Մամա» երգ կա: Շատ հուզական երգ է, որ ձայնագրել եմ հղի ժամանակ:

Նարինե Դովլաթյանը


- Նարինե, ասում են՝ լռելուդ պատճառը ոչ թե մայրանալդ է, այլ ամուսինդ՝ Հայկ Ամիրյանը, չի ցանկանում, որ ասպարեզում լինես: Նաեւ ընտանեկան լուսանկարներ չեք հրապարակում:

- Պարզապես երկուսս էլ չենք սիրում անձնականը հանրայնացնել։ Իսկ Հայկն ինձ աջակցում է բոլոր հարցերում՝ ընտանեկանից մինչեւ մասնագիտական։ Ձայնագրությունների գնում ենք միասին. մինչ ես ձայնագրվում եմ, երեխային բակում զբաղեցնում է։ Ամեն ինչ միասին ենք անում: Ամուսինս գիտի, որ մանկուց եմ այս ոլորտում: Երաժշտությունն ի ծնե է, Աստծուց տրված պարգեւ է, չօգտագործելը մեղք կլինի: Ես մինչեւ հիմա հիշում եմ իր նամակի բովանդակությունը, որ ինձ գրել է 14 տարեկանում, երբ միասին մանկական հաղորդում էինք վարում. «Ուզում եմ ու կնպաստեմ, որ հասնես այն հաջողությանը, որ տրված է քեզ ի վերուստ: Հավատա հաջողությանդ»:

- Իսկ երաժշտակա՞ն երեխա է։

- Վայ՜, երգել շատ է սիրում: Երբ երգում եմ, գալիս է ու սկսում ձայնակցել։ Շատ սիրում է Բիլլի Ջոել, Բիլ Ուայթերս: Ուրախանում եմ, որ այս տարիքից նրան նման երգեր են դուր գալիս։ Արդեն առաջին բառերն է ասում՝ «մամա, պապա, հացիկ, պապիկ»։

- Իսկ հավակնո՞ւմ ես բազմազավակ մայրիկի կոչմանն, ինչպես մայրդ է։

- Երբ փոքր էի, մայրիկիս շատ էի ասում, որ իր պես 7 երեխա եմ ունենալու: Իհարկե, հրաշք է, որ 7-ն ենք, եւ եթե ավելին լինեինք, էլի լավ կլիներ, բայց շատ դժվար է, ու չգիտեմ՝ մայրս ոնց է արել։ Մամաս հերոս է։ Ես էլ շատ եմ սիրում երեխաներ, բայց չգիտեմ՝ կյանքն ինչպես կստացվի։ Ամեն դեպքում այնքան երեխա կունենամ, որքան Աստված կամենա, ու նաեւ որքան ուժերս ներեն։ Ինձ համար կարեւոր է, որ շատ ժամանակ անցկացնեմ երեխաների հետ։ Չեմ կարող թողնել դայակների մոտ, կամ մեկ տարեկանից պարտեզ տալ ու գնալ աշխատելու։ Ոչ ոք չի կարող ինձ պես հոգ տանել իմ երեխաների մասին։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Դովլաթյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW