×


Գրիգորի Բալասանյան. «Իմ երաժշտության միջոցով աշխարհին պատմում եմ Հայաստանի մասին»

19-ամյա երաժիշտ, կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը պատրաստվում է «Քարնեգի հոլ»-ում կայանալիք իր կյանքի ամենապատասխանատու համերգին: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է վաղ տարիքից երաժշտությամբ զբաղվելու եւ առաջին բալետի մասին, մեծ երազանքների, արցախցի ընտանիքի մասին գրած օպերայի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու նպատակի մասին:

- Գրիգորի, մարտին 3-ին Ձեզ կարեւոր համերգ է սպասվում Նյու Յորքի հեղինակավոր համերգասրահում: Պատմեք այն ստեղծագործությունների մասին, որոնք կատարելու եք:

- Համերգին ներկայացնելու եմ կամերային ստեղծագործություններ՝ գրված լարային քառյակի, դաշնամուրի եւ շեփորի համար։ Ամեն ստեղծագործություն անմիջական կապ ունի Հայաստանի հետ: «Կտեսնվենք, Երեւան»-ը կատարելու եմ իմ մանկության ընկեր, տաղանդաշատ շեփորահար Անտոնիո Դոնաթելի հետ: 2023-ի աշնանը հեղինակածս գործը կներկայացնի Բըրբենքի լարային քառյակը: Բոլոր ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն «Քարնեգի հոլ»-ում: Մինչ համերգն ինձ բավական հուզումնալից եւ լարված ամիս է սպասվում՝ լի բազմաժամ փորձերով:

- «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակում եք ելույթ ունենալու եւ կլինեք հայազգի ամենապատանի կոմպոզիտորը, ով կներկայանա այդ համերգասրահում: Ի՞նչ անհանգստություններ ունեք համերգից առաջ:

- «Քարնեգի հոլն» աշխարհի լավագույն դասական բեմերից է, որտեղ հանդես գալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է, հատկապես, որ ներկայանալու եմ «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակում ու կատարելու եմ արմատներիս մասին պատմող իմ ստեղծագործությունները։ Սա եւս մեկ առիթ է նման միջազգային հարթակից հնչեցնել Հայաստանի անունը։ Շատ ոգեւորված եմ սպասում համերգին։ Անչափ հաջողակ եմ այսպիսի տաղանդաշատ երաժիշտ ընկերներ ու գործընկերներ ունենալու համար, ովքեր կկատարեն ստեղծագործություններս։

Գրիգորի Բալասանյանը


- Ֆեյսբուքում հրապարակում էիք արել ընտանիքի հետ «Քարնեգի հոլ» այցելելու եւ այնտեղ համերգ ունենալու երազանքի մասին: Երբ հնարավոր դարձավ այն իրականություն դարձնել, ի՞նչ ապրումներ ունեիք:

- Կոնսերվատորիայի գրադարանում տնային աշխատանքներով էի զբաղված, երբ նամակ ստացա: Առաջին նախադասությունը կարդալուց հետո այնպիսի զարմացական ձայն հանեցի, որ ամբողջ գրադարանն անհանգստացած հավաքվեց շուրջս։ Միանգամից զանգահարեցի ծնողներիս, ապա ուսուցչիս, որպեսզի հայտնեմ լուրը։ Անչափ շնորհակալ եմ «Երաժշտական Հայաստան» ծրագրի ղեկավարներին եւ կոմիտեի անդամներին՝ ինձ ընտրելու ու այս պատվին արժանացնելու համար։

- Իսկ ովքե՞ր են Ձեզ օգնել այն իրականություն դարձնել եւ ո՞րն է հաջորդ մեծ երազանքը, որն ուզում եք իրագործել:

- Կյանքի բերումով ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում եմ գտնվել ու հանդիպել մարդկանց, ովքեր աջակցել են ինձ, որպեսզի բոլոր նպատակներս ու երազանքներս իրականանան։ Նման պատմություն կապված է իմ առաջին բալետի հետ: 14 տարեկան էի, երեկոյան «Թումո»-ից վերադառնում էի տուն, Դեմիրճյան փողոցում նկատեցի Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին, ներքին ձայնս հուշեց, որ պետք է ծանոթանալ: Ներկայացա որպես «փոքրիկ կոմպոզիտոր»՝ չնայած 180 սմ հասակիս (ծիծաղում է,-հեղ.)։ Մինչեւ հիմա ժպիտով եմ հիշում, թե ինչպես պարոն Սարգսյանն ինձ լուրջ հայացքով ոտքից գլուխ չափեց ու իրեն հատուկ հումորով հարցրեց. «Փոքրի՞կ»։ Հեռախոսահամարներով փոխանակվեցինք, ու հետագայում նրան փոխանցեցի իմ 2 ձայնասկավառակը։ Մեկ ամիս անց Նունե Սարգսյանից հանդիպման հրավեր ստացա. նա ինձ նվիրեց իր հեղինակած մանկական հեքիաթներն ու առաջարկեց որեւէ մեկի հիման վրա բալետ կամ օպերա գրել։ Այդ տարիքում այդպիսի անհավատալի ու բարդ գաղափարն իրականացնելն անհնար էր թվում, սակայն համառ աշխատանքի եւ ուսուցչիս՝ Դավիթ Գյոդակյանի շնորհիվ, ինչպես նաեւ ընտանիքիս հավատի, մեկ տարի անց բալետն արդեն ձայնագրվեց։

Տիկին Սարգսյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ էլ ծանոթացա Կոնստանտին Օրբելյանի հետ։ Մաեստրոյի, ինչպես նաեւ բարերար Նահում Գուզիկի եւ «Գուզիկ» հիմնադրամի աջակցությամբ էլ կարողացա ուսումս շարունակել Բոստոնի կոնսերվատորիայում։ Բակալավրի դիպլոմից հետո հաջորդ նպատակս է շարունակել ուսումս եւ մագիստրոսի աստիճան ստանալ, ապա՝ դոկտորի կոչում։ Իսկ երազում եմ մի օր հայկական ֆիլմի համար երաժշտություն գրել, որը կարժանանա «Օսկար»-ի: Նաեւ երազում եմ, որ մի օր արվեստի գործիչներն այլեւս անտեսված չլինեն, իմ կարծիքով՝ նրանք չեն ստանում այն ուշադրությունը, որին արժանի են։ Արվեստը հասարակությանը կրթելու հիմնասյուներից մեկն է։

- Ի՞նչ է, սովորաբար, Ձեզ հետ կատարվում կարեւոր համերգներից առաջ, ու երբ համերգն արդեն սկսվում է, ինչպե՞ս եք վայելում Ձեր ելույթը:

- Համերգից առաջ լարված եմ, բայց նաեւ՝ շատ ոգեւորված: Երբ դուրս եմ գալիս բեմ եւ նվագելիս փակում աչքերս, կարծես տանը նստած, ծնողներիս համար կատարեմ, ու ամբողջ լարվածությունը վերանում է։

- Ինչպե՞ս եք կարողանում զգալ դահլիճի էներգիան ու ի՞նչ եք ստանում հանդիսատեսից:

- Դահլիճի էներգիան մեծ նշանակություն ունի ցանկացած արտիստի կամ երաժշտի համար։ Միշտ մեծ պատիվ է, որ համերգներիս տարբեր մարդիկ են գալիս՝ ծանոթ, թե անծանոթ։ Նպատակս է դիպչել նրանց սրտերին ու պարգեւել այն ապրումները, որոնք ունեցել եմ ստեղծագործությունները գրելիս ու կատարելիս:


- Գրիգորի, ինչպե՞ս է ստացվել, որ 4 տարեկանից սկսել եք զբաղվել երաժշտությամբ:

- Փոքր տարիքից կակազում եմ, եւ լոգոպեդը ծնողներիս խորհուրդ տվեց ինձ տանել վոկալի դասերի։ Մինչ այսօր հիշում եմ՝ ինչպես տատիկս ու պապիկս ծնողներիս հետ ինձ տարան Նաիրա Գյուրջինյանի վոկալ ստուդիա։ Նա էլ խորհուրդ տվեց հաճախել երաժշտական դպրոց։  

- Ինչպիսի՞ն էին երաժշտություն գրելու առաջին փորձերն ու ե՞րբ հասկացաք, որ բավական լավ է ստացվում:

- Երաժշտություն սկսել եմ գրել 8 տարեկանից։ Ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց, երբ մի օր երաժշտական դպրոցում դաշնամուրի ստեղծագործություն գրելու առաջադրանք ստացանք։ Միշտ նպատակներս իրականացնելու համար ինքս եմ ինձ մոտիվացրել։ Մի օր դաշնամուրի առջեւ նստած նայեցի պապիկներիս նկարներին ու գրեցի առաջին ստեղծագործությունս՝ «Մեղեդի»-ն, որը նաեւ առաջին ձայնասկավառակիս անվանումն է։

- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչները, որոնք ուղղորդել են Ձեզ, քաջալերել ու օգնել կայացման ճանապարհին:

- Միշտ հաջողակ եմ եղել, քանի որ սովորել եմ լավագույն ուսուցիչների մոտ։ Երբ Նաիրա Գյուրջինյանի խորհրդով սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, դաշնամուրի դասատու եւ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանն ինձ ծանոթացրեց կոմպոզիտոր Դավիթ Գյոդակյանի հետ, ով դարձավ կոմպոզիցիայի իմ ուսուցիչը: Նրա շնորհիվ կարողացա շատ արագ բարձրացնել երաժշտական կրթական մակարդակս եւ ընդունվել աշխարհի լավագույն կոնսերվատորիաներից մեկը։ Չեմ կարող չնշել այլ հիանալի ուսուցիչներիս, ովքեր մանուկ հասակից ինձ միշտ օգնել եւ քաջալերել են՝ Անահիտ Միրզախանյան եւ Ռուզաննա Տատարյան (դաշնամուր), Ռուզաննա Գրիգորյան (սոլֆելջո)։

- Ե՞րբ եք առաջին ելույթն ունեցել Հայաստանից դուրս ու ի՞նչ հիշողություններ ունեք այդ օրվա հետ կապված:

- Հայաստանից դուրս առաջին համերգս 2021 թ.-ին Burbank Jazz Big Band-ի հետ է եղել: Արդեն բավական համերգային փորձ ունենալով՝ լիովին վայելեցի համերգը։ 2022 թ.-ից մինչ օրս ամենամսյա համերգներ ունեմ Բոստոնում: Հանդիսատեսի շարքերում միշտ ունեմ ինձ աջակցող ընկերներ եւ ընտանիքի անդամներ, որոնցից շատ շնորհակալ եմ։

- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործել, ի՞նչ ապրումների ու հույզերի դեպքում եք կարողանում զգացածը վերածել երաժշտության:

- Հիմնականում ստեղծագործություններս կապում եմ Հայաստանի ու աշխարհի մասշտաբով ներկայիս կամ պատմական տարբեր իրադարձությունների հետ։ Կարծում եմ՝ լավագույն գործերս գրվել են զայրույթի, տագնապի, տխրության կամ սիրո զգացումներ ունենալու պահերին: Գրել եմ նաեւ ֆիլմերի եւ մուլտֆիլմների համար, նման դեպքերում սցենարի կամ պատմվածքի միջոցով ավելի հեշտ է անհրաժեշտ զգացմունքներն արթնացնել։

- Ինչպիսի՞ն են սովորաբար լինում դեռ վաղ մանկությունից երաժշտության հետ կյանքը կապած մարդու առօրյան ու դժվարությունները, որոնց առնչվել եք նաեւ Դուք:

- Առաջինն ընկերներ ձեռք բերելու խնդիրն է: Երբ շատ մանուկ հասակից զբաղվում ես երաժշտությամբ, ժամանակի մեծ մասը պետք է ծախսես պարապելու եւ քո նվագի տեխնիկական ունակությունները կատարելագործելու վրա։ Ես դեռ այն սերնդից եմ, երբ երեխաները բակում խաղում էին, բայց, ցավոք, շատ ժամանակ չեմ ունեցել նրանց միանալու համար: Երբ մոտ 13 տարեկանից սկսեցի համագործակցել հասակակից ու ինձնից մեծ երաժիշտների հետ, ընկերներ ձեռք բերեցի, նրանցից մեկի հետ հիմա ուսանում եմ Բոստոնում։

- Ընտանիքում Ձեզնից բացի, երաժիշտներ կա՞ն ու ինչպե՞ս են ընտանիքի անդամներն օգնում ու աջակցում Ձեզ:

- Ընտանիքում երաժիշտ չենք ունեցել, ինչը, կարծում եմ, լավ է։ Մեծացել եմ շատ սիրված եւ ինձ միշտ աջակցող ընտանիքում, որն ամեն պահի կողքիս է եղել: Ընտանիքի աջակցությունն ինձ համար աննկարագրելի կարեւոր է։ Ցանկացած երեխա ծնվում է որեւէ տաղանդով, եւ ծնողների պարտականությունն է օգնել այդ երազանքն իրականացնել: Ունեմ նաեւ տարբեր երկրներում ապրող ու ինձ աջակցող բարեկամներ, որոնից եւս անչափ շնորհակալ եմ։

Գրիգորի Բալասանյանը եւ Նունե Սարգսյանը


- 15 տարեկանում բալետ եք գրել Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա, որը ձայնագրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Պատմեք բալետ գրելու յուրահատկությունների ու ստեղծագործական ընթացքի մասին:

- Երբեք սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործություն չէի գրել, ինչը բավական բարդ առաջադրանք է 14-ամյա կոմպոզիտորի համար։ Կոմպոզիտոր եւ կոնտրաբասահար Դավիթ Գյոդակյանի հետ կոմպոզիցիայի դասեր վերցնելու, ինչպես նաեւ կոնսերվատորիայի մակարդակի հարմոնիայի եւ գործիքավորման գրքերի շնորհիվ սովորեցի ստեղծագործել նվագախմբի բոլոր գործիքների համար։ Զուգահեռ նաեւ աշխատում էի պարտիտուրայի վրա, որը մոտավորապես 7-8 ամսում վերջացրի ու հանձնեցի դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։

- Ինչպե՞ս եղավ, որ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ավատելուց հետո որոշեցիք սովորել Բոստոնի կոնսերվատորիայում եւ ինչպե՞ս է այն օգնում կատարելագործել Ձեր հմտությունները:

- Բոստոնի կոնսերվատորիայում սովորելը երազանք ու նպատակ էր դարձել դեռեւս 10 տարեկանում։ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց եւ երաժշտական պորտֆոլիոն կատարելագործելուց հետո ընդունվեցի համալսարան։ Կոնսերվատորիան աներեւակայելի հնարավորություններ է տալիս կոմպոզիտոր ուսանողներին։ Ուսումը լի է ամենամսյա համերգներով, որտեղ կատարվում, ապա ձայնագրվում էին ստեղծագործություններս։ Նաեւ անցկացվում են ամենամսյա դասընթացներ ԱՄՆ-ի կամ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եւ կոմպոզիտորների կողմից, հրավիրվում են նվագախմբեր, որոնք կատարում են մեր ստեղծագործությունները։

- Ի՞նչ եք արդեն հասցրել սովորել այդտեղ ու ինչպիսի՞ն են Հայաստանում ու ԱՄՆ-ում երաժշտության ոլորտում դասավանդման հիմնական տարբերությունները:

- Հայաստանում հիանալի կրթության շնորհիվ մասնագիտական բազմաթիվ առարկաներ հաղթահարեցի եւ բակալավրիս դիպլոմը նախատեսվածից շուտ եմ ստանալու։ Հիմնական տարբերությունը կոնսերվատորիաների ռեսուրսների եւ հնարավորությունների մեջ է։ Իհարկե, երաժշտական մասնագիտական դասերում տարբերությունն այդքան շատ չէ, սակայն Հայաստանի երաժշտական կրթական ոլորտում պրակտիկայի բացակայությունն է առկա:

- Պատմեք նաեւ Ձեր օպերայի մասին, որը գրել եք 3 պատերազմի ականատես դարձած Արցախի մի ընտանիքի մասին: Ինչպե՞ս առաջացավ մտահղացումն ու ի՞նչ էիք ցանկանում պատմել այդ գործով:

- Օպերա գրելու մտահղացումը դեռեւս 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ժամանակ էր առաջացել, երբ Երեւանի պարեն հավաքելու կենտրոններից մեկում հանդիպեցի արցախցի մայրերի, տատիկների ու երեխանների հետ։ Օպերան պատմում է մի ընտանիքի մասին, որի հայրը զոհվել է պատերազմի ժամանակ, իսկ մայրն ու աղջիկն աղետի առջեւ միայնակ են մնացել: Ըստ սյուժեի՝ հերթական տագնապի ժամանակ հակառակորդի ռումբը ընկում է տան վրա ու խլում մոր կյանքը: Օպերայի երկրորդ հատվածը պատմում է Արցախի հայաթափման պատմությունը եւ ցույց տալիս Արցախից Հայաստան այդ աղջկա անցած ճանապարհը, որը լի էր փորձություններով։ Օպերան 2023-ին կատարել է Բոստոնի «Հորիզոն» նվագախումբը: Փորձում եմ իմ երաժշտության միջոցով ամերիկյան հանդիսատեսին ծանոթացնել հայկական մշակույթի, պատմության, ներկայի ու անցյալի խնդիրներին։

Գրիգորի Բալասանյանը


- Անձամբ Ձեզ վրա պատերազմն ու դրա հետեւանքներն ի՞նչ ազդեցություն են թողել:

- Արցախյան պատերազմն աննկարագրելի ցավ է ցանկացած հայ մարդու համար։ Կորցրինք բազմաթիվ հերոսներ, ապագա հայրեր ու մայրեր։ 4 ընկերներիս կորուստը, բնականաբար, որպես մարդ ու կոմպոզիտոր ինձ վրա ծանր ազդեցություն ունեցավ։ Այդ օրերին ամբողջ ընտանիքով լարված որեւէ լուրի էինք սպասում իմ քեռիից, ով արցախյան պատերազմի հերոս է ու որպես կամավոր՝ նույնիսկ պատերազմի ավարտից հետո մինչեւ վերջ մնաց զինվորների շարքում։ Աշխատանքիս շնորհիվ փորձում եմ բոլոր անմահացած հերոսների հիշատակը վառ պահել։ Որպես երաժիշտ ամենաքիչը, որ կարող եմ անել, կատարելագործվելն է իմ ոլորտում՝ ժողովրդիս ու հայրենիքս ներկայացնելով արտերկրում։

- Օպերայի պրեմիերան 2023-ին Բոստոնում է կայացել, ի՞նչ գնահատականների եւ կարծիքների արժանացաք:

- Օպերայի պրեմիերան լավ գնահատականի արժանացավ Բոստոնի հանրության կողմից։ Բազմաթիվ մարդիկ անձնական նամակներով խնդրեցին իրենց պատմել Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին, ինչը հսկայական պատիվ է եւ ամբողջ գործունեությանս նպատակն ու իմաստը։ Մի հետաքրքիր պատմության կա օպերայի պրեմիերայի հետ կապված՝ այն կայացավ Բոստոնի ամենամեծ եկեղեցիներից մեկում։ Համերգից հետո ինձ մի տատիկ մոտեցավ, գրկեց ու պատմեց, որ Հայաստանից այցելության է եկել ԱՄՆ եւ ուղղակի անցնում էր եկեղեցու կողքով, երբ մի «աննկարագրելի ուժ» իրեն հուշեց, որ պետք է ներս մտնի։ Այդ օրվա ամենաէմոցիոնալ մասն էր։  

- Ինչպիսի՞ն եք Ձեզ տեսնում ապագայում ու ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:

- Կենտրոնացած եմ ուսմանս վրա, քանի որ այն լավ ապագա ունենալու գրավականներից մեկն է։ Դոկտորի կոչումը ստանալուց հետո ցանկանում եմ երաժշտություն դասավանդել՝ գիտելիքներս եւ փորձս փոխանցելով ուրիշներին, հատկապես՝ Հայաստանի երաժշտական կրթական ոլորտում գործունեություն ծավալելով։ Քաջ գիտակցում եմ, որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներ կան, ովքեր արտերկրում սովորելու հնարավորություն չունեն։ Ցանկանում եմ ստեղծել մի հարթակ, որի շրջանակներում կկարողանամ լավագույն մասնագետներին բերել Հայաստան՝ այդ երիտասարդների համար դասընթացներ եւ սեմինարներ անցկացնելու։ Այդ հարթակը նաեւ կարող է յուրահատուկ միջավայր հանդիսանալ, որտեղ կհամադրվեն արտերկրից տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, փորձը եւ գիտելիքները, տաղանդավոր հայ երիտասարդ ռեժիսորներն ու երաժիշտները կգտնեն միմյանց, նոր կյանք կտան հայկական ժամանակակից ֆիլմարվեստին, թատրոնին, կստեղծեն ու կբեմադրեն նոր օպերաներ, պիեսներ ու բալետներ, որոնք, վստահաբար, կարող են նաեւ ներկայացնել Հայաստանն արտերկրում:  

- Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում ու ի՞նչն եք ամենաշատը կարոտում երկար բացակայության ժամանակ:

- Հայաստանում վերջին անգամ եղել եմ 2020-ի դեկտեմբերին։ Կարոտս աննկարագրելի է ընտանիքիս անդամների, ընկերներիս ու Երեւան քաղաքիս հանդեպ։ Կարոտել եմ փողոցները, ծանոթ ու անծանոթ երեւանյան դեմքերին։

- Ձեզ կարծիքով՝ որո՞նք են երբեւէ գրված լավագույն երաժշտական գործերը:

- Միշտ բարդ է գտնել այս հարցի պատասխանը։ Սրանք այն 10 ստեղծագործություններն են, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա՝ Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան, Սերգեյ Պրոկոֆիեւի դաշնամուրի 3-րդ կոնցերտը, Քշիշտոֆ Պենդերեցկիի «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը, Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան, Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները, Բախի «Ich ruf zu dir, Herr Jesu Christ, BWV 177»-ը, Դմիտրի Շոստակովիչ 5-րդ սիմֆոնիան, «Լարային քառյակ թիվ 8»-ը, Չարլզ Այվսի «Unanswered Question»-ը, Սթիվ Ռայխի «Come Out»-ը:

Գրիգորի Բալասանյանը


- Իսկ ովքե՞ր են ամենայուրահատուկ կոմպոզիտորները:

- Երաժշտական ամեն դարաշրջան իր յուրահատուկ կոմպոզիտորներն ունի։ Կարող եմ առանձնացնել մի քանիսին, որոնք նույնպես մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա՝ Մոնտեվերդի, Բախ, Փրսել, Բրամս, Ստրավինսկի, Խաչատրյան, Շոստակովիչ, Պրոկոֆեւ, Տերտերյան, Ռավել, Պենդերեցկի, Լերա Ավերբախ եւ այլք: Վստահ եմ, որ այս ցանկը տարիների ընթացքում կփոխվի։

- Ի՞նչ է մեկ նախադասությամբ երաժշտությունը Ձեզ համար:

- Երաժշտությունն անմահ լեզու է, որը հյուսում է խոսքերը, հույզերն ու մտքերը մի ներդաշնակ աշխարհում, որը խոսում է մարդկային փորձի եւ կյանքի էության մասին։

- Ինչո՞ւմ է մարդկանց վրա ներգործելու ու հուզելու նրա բացառիկ յուրահատկությունը:

- Երաժշտությունը կարող է առաջացնել զգացմունքների լայն շարան՝ ուրախությունից եւ հուզմունքից մինչեւ տխրություն ու կարոտ: Ունկնդիրը երաժշտական ստեղծագործությունների հետ միշտ կապում է իր սեփական փորձը։ Ես երաժշտական նյութերը դիտարկում եմ նաեւ որպես պատմական փաստաթղթեր։ Չէ՞ որ երաժշտական նյութերի շատ ուսումնասիրություններ անմիջական կապ ունեն այդ ժամանակաշրջանի պատմական տարբեր իրադարձությունների հետ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգորի Բալասանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին